Աշունն, իհարկե, արվեստագետների՝ բանաստեղծներ, երաժիշտներ, նկարիչներ, ամենասիրելի եղանակն է։ Կյանքի մայրամուտը, սիրո կամ հարաբերությունների ավարտը, անորոշ սպասումներն ու կարոտները, ջերմության ու սիրո պակասը, տխրությունը, անցած հուշերը, կյանքի անդառնալիությունը և շատ այլ թեմաներ ու գաղափարներ ներկայացնելու լավագույն միջոցը թերևս աշնանային բնանկարն է։ Այս և հարակից այլ թեմաներ իրենց բանաստեղծական, մեղեդային գեղեցիկ արտահայտությունն են գտել Ռուբեն Հախվերդյանի երգերում։ Սիրված հեղինակային կատարողը իր ստեղծագործության վաղ շրջաններից սկսյալ անընդհատ վերադառնում է «աշնանային» թեմաներին, ինչը թերևս պատահական չէ, քանի որ նրա ամենաճանաչված երգը՝ «Մեր սիրո աշունն» է։ Հախվերդյանական աշնանային բնանկարում պոեզիայի ավանդական՝ դեղնած տերևների, անձրևի, տերևաթափ ծառուղու հետ միասին մշտապես ներկա է սիրելի Երևանը. քաղաքը այն ժամանակ, «երբ մեզ էր պատկանում», քանի որ կար սերը։ Աշունը մշտապես միաձուլված է անցյալին և ներկայանում է մեկ որպես հերոսի կողքին պտտվող ու պոչը շարժող միայնակ շուն, մեկ իբրև ծեր շրջմոլիկ, մեկ իբրև ծառուղում սպասող աղջիկ, մեկ իբրև անպետք իրերի աղբակույտ։ Այս բնանկարում ծխում են անցյալի հուշերը՝ քաղցր, տխուր, անդառնալի ժամանակների և վաղանցիկ երջանկության մասին։ Այստեղից էլ՝ էլեգիկ՝ եղերերգական ու ռեքվիեմային տրամադրությունները։
Եվ ուրախալի է, որ աշնանային՝ շատ-շատերին հոգեհարազատ մոտիվները ու հախվերդյանական պատումը շարունակվում են․ այս թեմայով է նաև Ռուբեն Հախվերդյանի առայժմ վերջին տեսահոլովակը՝ «Աշնանային էլեգիան»։ Երգը հրապարակվել է 2020-ի հոկտեմբերին։ Տեսահոլովակը նկարահանվել է «ArLeAM» ընկերության աջակցությամբ` 2022-ին, ռեժիսորը Հրանտ Վարդանյանն է: Գայթակաղություն է առաջանում հախվերդյանական` տարբեր ժամանակներում ստեղծված աշնանային երգերը դիտարկելու որպես մեկ ընդհանուր պատում: Եվ եթե միացնենք տարբեր տարիներին ստեղծված երգերի խոսքերի հատվածները կստացվի մի մեծ երգ աշնան մասին։ «Art365»-ը ներկայացնում է նոր տեսահոլովակն ու հիշեցնում Ռուբեն Հախվերդյանի «աշնանային» պատումի նախորդ դրվագները։
Աշնանային Էլեգիա
Իսկ Երևանում արդեն աշուն է
Տերևներն են ծառերից թափվում,
Այգում թափառող անտեր մի շուն է,
Պոչը շարժելով մեզ մոտենում։
Ես սիրում եմ երբ դու ծիծաղում ես,
Կամ էլ հենց էնպես շատախոսում,
Ես կարծես թե քեզ սիրահարվում եմ,
Միտքն այդ ինձ շատ է վախեցնում․․․
Մեր սիրո աշունը
Ո՞ւմ է պետք խոստովանանքդ,
Ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր
Ու գաղտնիք էր չբացված:
Դա գուցե աշնան կատակն էր,
Տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր
Մի աղջիկ՝ մենակ կանգնած:
Աշուն
Իմ այգում հիմա աշուն է,
Ես ու ծերացած իմ շունը
Հոտոտում ենք աղբակույտը անցյալի,
Շունս պոչն ուրախ շարժում է,
Աղբակույտից քաշում, հանում է
Հնացած իրեր, որ պետք չեն ոչ-ոքի:
Ռեքվիեմ
Հիմա ո՜ւշ աշուն է,
Ես քեզ դեռ հիշում եմ,
Քե՛զ, իմ վաղանցի՛կ երջանկություն:
Երբ որ սերը մերն էր,
Երբ որ նա մեր տերն էր,
Երբ քաղաքը մեզ էր պատկանում,
Մեր քաղաքը մեզ էր պատկանում:
Աշուն
խոսք՝ Հովհ․ Թումանյանի, երաժշտ․՝ Ա․ Մանուկյան, Ե․ Սարդարյան; Ռ․Մելիքյան
Ռուբեն Հախվերդյան, Լիլիթ Պիպոյան
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է, տանում
Տերևը դեղին։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան