Քենը երգիր, ո՛վ դիցուհի, Պելևսորդի Աքիլլեսի,
Քե՛նը դժխեմ, որ բյուրավոր ցավեր բերեց աքայացոց,
Հերոսների բազում խրոխտ հոգիները տարավ Հադես,
Մարմիններն էլ թռչունների ու շների առաջ նետեց,
Քանզի դա էր կամքը Զևսի, որ կատարվեց այն օրվանից,
Երբ սկիզբ առավ գժտությունը, և իրար դեմ թշնամացան
Արանց արքա Ատրիդեսը ու Աքիլլեսն աստվածազուն:
Աստվածներից ո՞վ էր արդյոք, որ պառակտեց այդ երկուսին.
Որդին Զևսի ու Լետոյի — արքայի դեմ լցված մաղձով՝
Ժանտախտ բերեց զորքի գլխին. մատնվեցին մարդիկ մահվան,
Անպատիվ էր, քանզի, արել Ատրևսյանը Քրիսես քրմին:
Աքիլեսի զայրույթի ու ցասման մասին պատմող այս հանրահայտ տողերով է սկսվում համաշխարհային գրականության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ հին հույն վիպասաց Հոմերոսի «Իլիական» պոեմը։ Դժվար է գտնել մեկ այլ գրական ստեղծագործություն, որն այդքան մեծ ազդեցություն թողած լինի եվրոպական մշակույթի վրա։ Բանահյուսություն ու գրականություն, երաժշտություն ու նկարչություն, քանդակ ու կինո․․․արվեստի գրեթե բոլոր տեսակներում «Իլիականը» թողել իր խորը հետքն ու նոր գեղարվեստական արտացոլումներ գտել, հասնելով մինչև մեր օրեր։ Քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ հոմերոսյան այս պոեմի մի քանի թարգմանություններով և ուրախալի է, որ «Իլիականը» ունի արդեն վեցերորդ, սակայն արևելահայերեն առաջին թարգմանությունը, որը կատարվել է բնագրից՝ հին հունարենից։ «Զանգակ» հրատարակչությունը իր անտիկ՝ գրականության մատենաշարով լույս է ընծայել Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի «Իլիականի» նոր թարգմանությունը։
Այս թարգմանությանը նախորդել են՝ 1843 թ. տպագրված Եղիա Թոմաճանի, 1864-ին՝ Արսեն Բագրատունու, 1911 թ․ հրատարակված Արսեն Ղազիկյանի արևմտահայերեն թարգմանությունները, ապա նաև Համազասպ Համբարձումյանի գրաբարից և և Մկրտիչ Խերանյանի ռուսերենից կատարած թարգմանությունները։ Նոր թարգմանության մեջ շտկվել են նախորդ թարգմանությունների իմաստային շեղումները, թյուրիմացությունները, վերականգնվել են բաց թողնված հատվածները, նորացվել է լեզուն ու չափը։ Հոմերոսյան պոեմների հեքսամետրը փոխարինվել է հայ էպիկական պոեզիայում ավանդական քառավանկ անդամներով չափով, ճշգրտորեն պահելով բնագրի տողերի քանակը։
Նոր թարգմանությունն ուղեկցվում է ծավալուն առաջաբանով ու ընդգրկուն ծանոթագրություններով, որոնց շնորհիվ ընթերցողը կկարողանա մուտք գործել անտիկ աշխարհի առինքնող ու լայնածավալ աշխարհ։ Հոմերոսյան վեհ ու գեղեցիկ ոճը, ողբերգական հերոսների պատկերասրահը, դիպաշարային անակնկալ զարգացումները, դետալիզացված պատումը և այս ամենի ճոխ հայերենով փոխանցումը, մեծ վայելք կպատճառեն ինչպես «Իլիականին» արդեն ծանոթ ընթերցողին, այնպես էլ առաջին անգամ համաշխարհային մշակույթի այս կոթողին ծանոթացողներին։ Art365-ը ներկայացնում է Հոմերոսի «Իլիականի» նոր թարգմանությունից մեկ հատված, որտեղ ականատեսը կլինենք պոեմի ամենաողբերգական դրվագին՝ Հեկտորի ու Աքիլլեսի հանդիպմանը, չստացված մենամարտին ու տրոյական փառապանծ հերոսի անփառունակ վախճանին․
Այսպես խորհում, սպասում էր նա, Աքիլլեսն էլ մոտիկ եկավ
Կորդակաճոճ զորականի Էնիալիոս Արեսի պես,
Աջ ուսից վեր սասանելով պելիոնյան իր հացենու
Նիզակն ահեղ, մինչ պղինձը պսպղում էր շուրջը նրա՝
Վառ կրակի կամ նորածագ արեգակի ցոլքի նման
Երբ Հեկտորը տեսավ նրան, սկսեց դողալ — չհանդգնեց
Մնալ տեղում, այլ, հետևում դուռը թողած, վախից փախավ,
Պելևսյանն էլ հետապնդեց՝ ժիր ոտքերին վստահելով։
Ինչպես բազեն, որ ամենից սրաթևն է թռչուններից,
Լեռներում է դյուրավ հասնում մի վեհերոտ աղունիկի,
Եվ մի կողմ է սա խույս տալիս, իսկ նա իր սուր կռնչոցով
Մոտիկից է նետվում կրկին, սիրտն էլ դրդում զոհին բռնել,
Այդպես թափով Աքիլլեսն էր վրա վազում, և Տրոյայի
Պարսպի տակ Հեկտորն ահից իր ծնկներն էր շարժում արագ։
Եվ բարձունքը ու հողմահար թզենին էլ անցան նրանք՝
Պատի տակով սլանալով անվերջ կառքի ճանապարհով,
Այնուհետև եկան-հասան գեղեցկահուս զույգ աղբյուրին —
Անդ բխում է երկու ակունքն ալեհորձան Սկամանդրոսի.
Տաք ջրով է այդ երկուսից մեկը հոսում, և նրանից
Գոլորշի է շուրջը ելնում, ինչպես ծուխը վառ կրակի:
Իսկ մյուսի հոսքն ամռանն էլ նմանվում է կամ սառը ձյան,
Կամ կարկուտի, կամ սառույցի, որ ջրից է առաջանում։
Մոտակայքում՝ դրանց կողքին, կան քարակերտ և գեղեցիկ
Ու ընդարձակ ավազաններ, ուր տրոյացոց սիրուն կանայք
Եվ դուստրերը լվացել են հագուստները իրենց շողուն։
Խաղաղության հին օրերում, մինչև գալուստն աքայորդոց:
Կողքով անցան, փախչում էր մեկն, իսկ մյուսը հետապնդում.
Խիզախ այր էր դեմից փախչում, շատ ավելի քաջն էլ՝ արագ
Հետապնդում՝ պայքարելով ոչ թե հանուն եզան կաշու,
Մատաղացու մի կենդանու, որ պարգևն են ժիր ոտքերի,
Այլ վազելով ձիամարզիկ Հեկտոր այրի կյանքի համար:
Եվ դափնեկիր միասմբակ ձիերի պես, որոնք սուրում,
Շրջանցում են նշաձողեր, երբ սպասում է ճոխ մրցանակ՝
Եռոտանի կամ էլ մի կին, ի մեծարում սպանված այրի,
Պրիամոսի քաղաքի շուրջն արագ վազքով երեք անգամ
Պտույտ եկան նրանք բոլոր աստվածների աչքի առաջ:
Աստվածների ու մարդկանց հայրն առաջինը սկսեց խոսել.
«Ա՜խ, տեսնում եմ ես իմ աչքով՝ ինչպես է այրն իմ սիրելի
Պատի շուրջը հետապնդվում, և Հեկտորի համար սիրտս
Լի է վշտով — նա իմ պատվին շատ է այրել եզան ազդրեր
Բազմահովիտ Իդա լեռան բարձունքներին, ուրիշ անգամ՝
Միջնաբերդում, իսկ դյուցազուն Աքիլլեսը ժիր ոտքերով
Հալածում է Պրիամոսի այս ոստանի շուրջը նրան:
Այժմ եկե՛ք, ո՛վ աստվածներ, խորհուրդ արեք ու որոշե՛ք —
Կա՛մ փրկում ենք նրան մահից, կամ էլ, թեև խիզախ է նա,
Թույլ ենք տալիս Պելևսորդի Աքիլլեսը նրան հաղթի»։
Աղբյուրը՝ Հոմերոս, Իլիական/հին հուն․ թարգմ․, առաջաբ․ և ծանոթագ․ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2022: