«Սասնա ծռեր» ազգային դյուցազներգությունը ի թիվս իր բանահյուսական, ազգագրական, գեղարվեստական առանձնահատկությունները, հայ միջնադարյան կյանքի յուրօրինակ հանրագիտարան է: Էպոսի բանավոր տարբերակներում կարելի է գտնել հայ միջնադարյան մշակույթի ու պատմության բազում արձագանքներ: Մասնավորապես էպոսի տարբերակներից մեկում հիշատակվում է «Ներսեսի աղոթք» անունով մի չափածո հատված, որը էպոսի հերոսներին ուժ տվող «Հացն ու գինին, Տեր կենդանին» հայտնի բանաձևի ընդլայնված տարբերակն է: Այլ պատումներում հերոսները կարևոր իրադարձություններից առաջ անպայման հիշում են Սուրբ Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքը: Այս և աղոթքների ու դրանց կիրառության հետ կապված այլ վկայություններ հնարավորություն են տալիս քննելու դրանց՝ էպոսում հայտնվելու ճանապարհները, անդրադառնալու բանավոր էպոսի ու գրական ավանդույթի հարաբերության հարցերին, ինչպես նաև Ներսես Շնորհալի հայրապետի ու Կիլիկիայի մշակույթի «Սասնա ծռերի» հետ ունեցած հնարավոր կապերի խնդիրներին:
Բանաձևը՝ երդում
Ավանդաբար մեզանում նմանատիպ համեմատական ուսումնասիրությունները՝ բանավոր ու գրքային ավանդույթները ներկայացնող երևույթների միջև, ենթադրում են միջնադարյան գրականության մեջ բանահյուսական ստեղծագործությունների, դրանց հերոսների, մոտիվների, արտահայտչամիջոցների փնտրտուք, այդ ստեղծագործությունների պատմականության որոշման նպատակով։ Մենք այլ նպատակ ունենք, մեզ համար կարևոր է, ոչ թե այն հարցը, թե ինչպե՞ս է Շնորհալու ստեղծագործությունը ազդվել կամ սնվել բանահյուսությունից, այլ ընդհակառակը, ինչպես է բանավոր ավանդույթն ազդվել գրքայինից[1]։
Էպոսի բազմաթիվ տարբերակներում հանդիպող «Հացն ու գինին․․․» սկսվածքով բանաձևը կազմված է հետևյալ հիմնական մասերից՝ «Հացն ու Գինին/Տեր Կենդանին/Մարութա Բարձրիկ Աստվածածին/Խաչ Պատարագին (Պատրաստին, Պատերազմին)/Դավթի աջ թևին»։
Այս բանաձևի բաղադրիչներ, թեև ակնհայտ քրիստոնեական բնույթ ունեն, սակայն նախկինում մեկնաբանվել են հին հեթանոսական-տոտեմիստական պատկերացումների տեսանկյունից[2]։ Չբացառելով նման ընկալման ու ընթերցման հնարավորությունը՝ մենք կփորձենք դրանք մեկնաբանել բուն քրիստոնեական խորհրդաբանությամբ։
Բանաձևը հիմնականում կիրառում է Սասունցի Դավիթը, որոշ դեպքերում Քեռի Թորոսը, ավելի հազվադեպ՝ մյուս հերոսները: Շատ պատումներում այն ընկալվում է և՛ որպես աղոթք, և՛ որպես երդում։ Պատումների ակադեմիական հրատարակության ծանոթագրություններում Մ․ Աբեղյանն ու Կ․ Մելիք Օհանջանյանը նշում են․ «Երդման և առհասարակ աղոթքի մի բանաձև, որ կրկնվում և, գլխավորապես, վեպի Մշու տիպի պատումներում: «Հաց ու գինին»,— դա քրիստոնեյական պատարագի «հաղորդություն» ասածն իսկ «տեր կենդանին» նույնն և, ինչ որ «աստված կենդանիս, ի հակադրություն կուռքերին, որոնք անկենդան են»[3]: Թեև այստեղ երկու ժանրերը՝ աղոթքն ու երդումը գրեթե նույնացվում են, սակայն կան հստակ տարբերություններ, որոնք ի հայտ են գալիս նաև էպոսում։
Որպես երդում այն հանդես է գալիս, օրինակ, առաջին ճյուղում, երբ Ադրամելիքը երդվում է տունը կառուցել հզոր ջրի ակունքին․
Ետեխ Ադնամելիք երթում երեց.
– Հացն ու գինին, Տեր կենդանին,
Եդ ջրի ագ որտեխ եղավ,
Մըր տուն ոնի կը շինիս[4]։
Երդվում է նաև Փոքր Մհերը, երբ կաղզվանցիներից վրեժ է լուծում հոր մահվան համար․
Ետեխ Մհեր երթում երեց, ըսեց.
«Հացն ու գինին, Տեր կենդանին.
Կաղզղվղնու կը կտրիմ,
Երթամ, ելնիմ հարի Սասուն» (ՍԾ, հատ․ Բ, պատ․ Ը, էջ 329)։
Մեկ այլ դեպքում՝ Դավիթը, երբ Չմշկիկ Սուլթանը կռիվ է ուզում և նա ցանկանում է հետաձգել այն․
Չմըշկե Սուլթան կ'ասի.– Դե՛, հերդում երա՝
«Խաց-գինին, Աստված կենդանին,
Մարութա Բանցրիկ Աստվածածին,
Խաչ Պատերազմին վիր Դավթի աջ թեվին,
Իրիք օրից սորա կը գամ խիտ քի կռիվ»(ՍԾ, հատ․ Ա, պատ․ ԻԳ, էջ 1019):
Որոշ պատումներում Դավիթը հիշում է միայն Խաչ Պատարագին կամ Պատերազմին, քանի որ խոսքն ուղեկցվում է որոշակի ծիսական գործողությամբ․ հերոսը ձեռքը դնում է Խաչին ու նոր երդվում։ Բանաձևի մյուս բաղադրիչներն այս դեպքում բացակայում են։
Այլ պատումներում Դավիթը երդվում է ապագա կնոջ՝ Խանդութի հետ հանդիպման միջադեպում, երբ վերջինս ապտակում է նրան՝ չթույլատրված համբույրի համար․
Ու երդում կերավ, ըսավ.
«Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մի հատ գուրզ պըտի զարգիմ»։
երդում կերավ, վերջացավ, պըտի զարգա (ՍԾ, հատ․ Բ, պատ․ Թ, էջ 400)։
Էպոսի առաջին գրառված՝ Տարոնցի Կրպոյի պատումում Քեռի Թորոսը երդվում է չխմել, մինչև Մսրում գերության մեջ գտնվող տղաներին չբերի Սասուն․
Մսրամելիքն իգա, տանի զմըր ճժեր.
ԶԱբամելիքի տղեկները գըրթըփե,
Յես նստիմ հոդա, կերուխում ենեմ,
Ամո չէ՞ մըզի...
Հաց գինի ու Տեր Կենդանի,
Քըն զըդ կըթխեն եվել խմած չեղնիմ.
Ելնեմ երթամ, իմ ճժերուն երեվան (ՍԾ, հատ․ Բ, պատ․ Ա, էջ 18)։
Եթե վիպասացը, այս բանաձևն ընկալում է որպես երդում, ինչպես վերևում բերված հատվածներում է, ապա այս դեպքում էականություն է ստանում, ոչ թե խոսքի բուն ազդեցությունը գործողությունների վրա, որքան պարտավորությունը կատարելու ինչ-որ բան։ Այս դեպքում բանաձևում թվարկվող համաքրիստոնեական և տեղային սրբությունները՝ «Հացն ու գինին», այսինքն՝ Սուրբ պատարագն ու Հաղորդության խորհուրդը, «Կենդանի տերը»՝ ենթադրաբար Հին Կտակարանի Հայր Աստված, ապա նաև սասունցիների ամենապաշտելի սուրբը՝ Մարութա սարի Սուրբ Աստվածածին եկեղեցին ու նրա պարգևած խաչը, գործողության կատարման երաշխավորներն են։
Այս բանաձևի երդման նշանակությունը փաստվում է ոչ միայն էպոսի հատվածներով, այլև Հին Կտակարանի հետ համեմատությամբ։ Այս խոսքի երկրորդ բաղադրիչը՝ «Տեր Կենդանին» կամ «Աստված Կենդանին» արտահայտությունը Հին Ուխտում ամենատարածված երդման ձևերից է և նշանակում է, որ Աստված ներկա է, վկա է խոսքին։ Նույնիսկ Հին Կտակարանի աշխարհաբար թարգմանություններում այն հաճախ փոխարինվում է «Աստված վկա է» արտահայտությամբ։
Օրինակ, Թագավորությունների առաջին գրքում․
«Պատասխանի ետ Դաւիթ եւ ասէ ցՅովնաթան` Գիտելով գիտէ հայր քո զի գտի շնորհս առաջի աչաց քոց, եւ ասէ թէ` Մի՛ գիտասցէ Յովնաթան, գուցէ ոչ կամիցի` այլ կենդանի է Տէր եւ կենդանի է անձն քո, զի որպէս ասացի` վճարեալ է ընդ իս եւ ընդ հայր քո մինչեւ ցմահ»:
Նույնը՝ «Էջմիածին» թարգմանության մեջ․
«Պատասխան տուեց Դաւիթը Յովնաթանին՝ ասելով. «Քո հայրը լաւ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո աչքում, եւ դրա համար էլ կը մտածի, թէ Յովնաթանն այդ մասին թող չիմանայ, թէ չէ դժգոհ կը լինի: Բայց վկայ է Տէրը, եւ վկայ ես դու, որ, ինչպէս ասացի, ինձ մի քայլ է բաժանում հօրդ նիւթած մահից»(Թագ․ 1, 20․3)։
Այս թարգմանությունը թեև հատվածի իմաստին ընդհանուր առմամբ համապատասխանում է, սակայն իրականում խամրում է Աստծո կենդանի ներկայության գաղափարը, ինչն էլ Աստվածաշնչում շեշտվում է անկենդան կուռքերի հետ հակադրության նպատակով։ Այս առիթով կարող ենք հիշել Հին Կտակարանի Դանիել մարգարեի գրքի այն հատվածը, որտեղ Բելին մատուցվող սննդի քանակը Աստիագես թագավորն ընկալում է, որպես նրա կենդանություն-ներկայության, նաև զորության նշան․ «Եւ էին կուռք մի Բաբելացւոց անուն Բէ՛լ. և ելանէր ի նմա ռոճիկ՝ աւուր միոջ, նաշիհ՝ երկոտասան արդու. և քառասուն ոչխար. և գինի վեց մար։ Եւ թագաւորն պաշտէր զնա. և երթայր հանապազ երկի՛ր պագանէր նմա։ Բայց Դանիէլ պագանէր երկիր Աստուծոյ իւրոյ. և ասէ զնա թագաւորն. Դու ընդէ՞ր ո՛չ երկիր պագանես Բելայ։ Եւ նա ասէ. Քանզի ո՛չ պաշտեմ զկուռս ձեռագործս, այլ զԱստուած կենդանի զԱրարիչն երկնի և երկրի, որ ունի իշխանութիւն ամենայն մարմնոյ։ Եւ ասէ զնա թագաւորն. Իսկ Բէլ ո՞չ թուի քեզ թէ իցէ Աստուած կենդանի. եթէ ո՞չ տեսիցես՝ որչափ ուտէ և ըմպէ հանապազ։ Եւ ասէ Դանիէլ ծիծաղելով. Մի՛ խաբիր արքայ, զի դա է ի ներքոյ կաւեա՛յ, և արտաքոյ պղնձի. ո՛չ կերեալ դորա երբէք՝ և ո՛չ արբեալ» (Դանիէլ ԺԴ 1-6)։
Թեև «Աստված Կենդանին» երդման հանգամանքով այս բաղադրիչը ավելի շատ Հին Կտակարանի հետ է կապվում, սակայն Աստծու, այս անգամ ոչ թե Հոր, այլ՝ Որդու կենդանության ու կենդանացնող զորության նշանակությունը, նաև հենց Սուրբ Հաղորդության խորհրդով գտնում ենք Նոր Կտակարանում՝ Հովհաննեսի Ավետարանում․
«Որպէս առաքեաց զիս կենդանին Հայր, եւ ես կենդանի եմ վասն Հօր. եւ որ ուտէն զիս` եւ նա կեցցէ վասն իմ» (Հովհ․ 6:58)։
Այս դեպքում «Հացն ու գինի, Տեր Կենդանին» արտահայտությունը մեկնաբանելի է Նոր Կտակարանի ու Սուրբ Հաղորդության խորհրդի համատեքստում։
Բանաձևը՝ աղոթք
Որպես աղոթք այս հմայական բանաձևը Էպոսի կենտրոնական հերոս Սասունցի Դավիթն հիմնականում արտաբերում է մենամարտից առաջ, Մսրա Մելիքի դավադրությամբ հորում հայտնվելու միջադեպում, երբ Ձենով Հովանը նրան հիշեցնում է այս տոհմական խոսքի մասին։ Հերոսն այն ասելուց հետո ուժ ստանալով՝ դուրս է գալիս հորից։ Այս բանաձևը Դավիթը կիրառում է նաև կռվին նախորդող փորձության՝ Պողպատի սյունը կիսելու միջադեպում, ապա նաև հենց Մելիքի հետ մենամարտի ժամանակ։
Հերոսին ուժ տալու, նեղ վիճակից դուրս բերելու գործառույթներով ժանրային առումով այս բանաձևը հստակորեն սահմանելի է որպես աղոթք: Այն կիրառվում է տոհմիկ կամ ազգային սրբությունների հետ կապը նորոգելու, դրանց միջոցով ուժ ու զորություն ստանալու նպատակով։ Օրինակ, ինչպես գավաշցի Համբարձում-Խապո Գրիգորյանի տարբերակում է, որտեղ Դավիթն աղոթքն ասում է Խանդութի թշնամիների հետ կռվելիս վտանգից ազատվելու համար.
Էն ժամանակին Ձենով Հովան կանչից.– Դա՛վի՜թ…
Դավիթ խասկըցավ՝ իր խորոխպոր ձեն էր։
Խորոխպեր ասաց.– Դա՛վի՜թ,
Հիշիր խաց-գինին, Աստված կենդանին,
Մարութա Բանցրիկ Աստվածածին,
Խաչ Պատերազմին վեր Դավթի աջ թևին։
Դավիթ հիշից։
Հիշելուն պես՝ Դավիթ կտրճացավ, զնջիլնիր կտրից (ՍԾ, հատ․Ա, պատ․ ԻԳ, էջ 116):
Եթե այս բանաձևը վիպասացը որպես աղոթք է ընկալում և ներկայացնում, ապա հերոսն ապավինում է թվարկված սրբություններին՝ Սուրբ Պատարագին ու Հաղորդությանը, Մարութա Սուրբ Բանցրիկ Աստվածածին եկեղեցուն և մեծ մասամբ այդ սրբավայրի միջոցով հերոսներին պարգևվված պահապան հմայիլին՝ Պատերազմի, Պատարագի կամ Պատրաստի թռչող խաչին։
Այս գործառույթով ու նշանակությամբ այս աղոթքը կապվում է հմայական բանավոր ու նաև գրավոր այլ բնագրերի հետ։ Եվ որոշ դեպքերում մենք տեսնում ենք բանավոր ու գրավոր աղոթքների ուշագրավ համադրություններ։
Օրինակ, Շատախցի Ռաշո Ջալոյանի պատումում.
Ըսաց.– Յա՜, Տեր Կենդանի՛ն,
Որդի՛ն Միածին,
Մարութա Պանցրիկ Աստվարածի՛ն,
Խա՛չ Պատրաստի վըր Տավթի աջ թիվին.
Հիշյա՛ զՏեր Որդին (ՍԾ, հատ․ Գ, պատ․Դ, էջ 144):
Գրաբարյան նախդիրների ու գրավոր աղոթքների արտահայտչաձևերի առկայությունը այս տարբերակում մատնանշում է եկեղեցական արարողությունների մեջ կիրառվող աղոթքների ազդեցություն: Ուշագրավ է սակայն, որ այս պատումը գրառվել է 1972 թ. Խորհրդային Հայաստանում՝ անաստված հասարակարգի պայմաններում։ Ընդ որում, այս նույն վիպասացից էպոս գրառվել է նաև 1933 թ., սակայն այնտեղ աղոթքի հատվածում գրաբարյան այս ձևերը բացակայում են: Վիպասաց Ռաշոն անգրագետ էր, հետևաբար այս ազդեցությունը գրքերից չի գալիս, այլ գուցե եկեղեցական արարողությունների մասնակցությունից: Ինչը նույնպես դժվար պատկերացնելի է սովետական իրականության պայմաններում։ Այն, որ գրավոր աղբյուրների ուղղակի կամ անուղղակի ազդեցությամբ բանավոր փոխանցված աղոթքները որոշ փոփոխությունների են ենթարկվում, փաստվում է բազմաթիվ պատումներով: Օրինակ, մեկ այլ՝ սասունցի Օհան Գասպարյանի 1919 թ. գրառված պատումում: Այստեղ թվարկվող կայուն սրբությունների շարքն համալրում է Սուրբ Սարգիսը.
- Հիշեցի զԱստվածածի՛ն,
Սուրբ Պատարագ խա՛չ վըր աջիկ փիջին,
Հա՛ցն ու գինին, Տե՛ր կենդանին,
Յա՛ մուրադատուր Սուրբ Սարգիս,
Հավարի՛ս հասնիս։
Մսրա Մելիք զուր գուրզ զարկե՛ց.
Օր զարկեց,
Սուրբ Սարգիս զԴավիթ թռո՛ւց ըդտեխեն,
Վե՛ր բանձրցուց (ՍԾ, հատ․ Դ, պատ․ Ա, էջ 108):
Ժողովրդի սիրելի Սուրբ Սարգիսը, կռվի պահին փաստորեն Դավթին բարձրացնում ու փրկում է Մելիքի հարվածներից: Էպոսի այլ տարբերակներում այս գործն անում են հրեշտակները։ Սուրբ Սարգսի կերպարը այլ պատումներում նույնպես հանդիպում է, ընդ որում, նշվում է, որ Սասնա ծռերը Սուրբ Սարգսի «փոքերն»(փոքրերն) են և օտար միջավայրում Սարգսի ընտանիքին պատկանելը համարվում է Ծռերի ինքնության նշում (ՍԾ, հատ․ Բ, պատ․ Բ, էջ 86-87): Սարգիսը պատումներում կոչվում է «Ծուռ Սրգո»։ Ընդ որում, Սուրբ Սարգիսը հանդես է գալիս հերոսների պահապան Խաչի հետ կապված միջադեպում, երբ Դավիթը մոտենում է, որ Սուրբ Սարգսին համբուրի, Սուրբն ասում է, որ նախ ինքը պետք է Դավթի Սուրբ Նշանը համբուրի: Բացի այդ՝ պատումներից մեկում հիշվում է որպես Ձենով Սարգիս (ՍԾ հատ․ Բ, պատ․ Է), որը Ձենով Հովանի եղբայրն է և Դավթի հորեղբայրը։
Բերված օրինակները փաստում են, որ ինչպես շատ այլ դեպքերում բանավոր տեքստի նույնիսկ ամենակայուն հատվածները, ինչպիսին, օրինակ, երգերն ու աղոթքներն են, տարբեր ազդեցություններով կարող են լեզվաոճական ու բովանդակային փոփոխություններ կրել, կորցնել որոշ բաղադրիչներ ու նոր հավելումներ ստանալ[5]: Բանավոր բնագրի փոփոխությունների այս ընթացքի մեկ այլ արտահայտություն գտնում ենք արդեն կապված Սուրբ Ներսես Շնորհալու հետ: Մոկացի Վարդանի պատումում՝ պողպատե սյունը կիսելու դրվագում այս աղոթքն ուղղակի փոխարինվում է «Հաւատով խոստովանիմ»-ի հիշատակությամբ.
Պողվըտե սուն ըռաստ եկավ.
Թուր Կեծակին քաշից, ասաց. «Խավատամ, խոստովանիմ»,
Թուր թալըց սան. թուր կեծակին ենե՛նց կտրից,
Մեկ-մեկից ընցավ, սուն կալամի վերեն կանգնավ (ՍԾ, հատ․ Ա, պատ․ Ը, էջ 355):
Ուշագրավ է, որ 1901 թ. գրառված այս պատումի գրառողը՝ Սարգիս Հայկունին վկայում է, որ վիպասացը «Հայր մերի»-ի պես անգիր է արել էպոսը, պատմելու ընթացքում աշխատում է ոչինչ չփոխել, քանի որ դա սրբապղծություն է համարում. «Նա Մոկաց գավառեն դուրս գալեն վերջը՝ բնակած է այնպիսի կղզիացած նահապետական գյուղեր, որ չէր կարող յուր գիտցածին վերա մի նախադասություն անգամ ավելացնել կամ կամ պակասեցնել. նա իբրև Աստուծմե շնորհյալ մի ավանդ կը պատմեր. շատ անգամ լրջաբար կզայրանար այն անձանց վերա, որ յուր գիտցածին ավելի կը պատմեն, և այդ ավելին հերյուրված, շինծու կը համարեր, հետևաբար ասելն ևս մեղք, քանի որ «Ողորմիներ» կան: Ինչ որ ավանդված է, այնպես ասելու է, -կասեր»(ՍԾ, հատ. Ա, էջ 329)։ Ըստ այդմ էլ՝ հնարավոր է ենթադրել, որ «Հաւատով խոստովանիմ»-ը «Հացն ու գինին, Տերը Կենդանին» աղոթքին փոխարինել է Վարդանից առաջ, նրա ուսուցիչ վիպասացների տարբերակներում։
Մեկ այլ տարբերակում Ներսես Շնորհալու աղոթքը Դավթին պաշտպանում է հենց կենտրոնական մենամարտի ժամանակ․
Մսրամելիք երեք սհաթի ճամբա մեկնավ
Ու իշտապով եկավ գուրզ մի զարկեց, ու ասեց.
– Հող ես, հող դառնաս։
Դավիթ ասեց.
– Հավատամ խոստովանիմ
Բարձրիկ Մարաթուկ սուրբ Նշան,
Յես հըմալ եմ՝ քընց կանաչ կարմիր չադրի տակ,
Բրընձ-փիլավ կ’ուտեմ։
Իրեք անգամ ըդ ավա
Գնաց, եկավ, զարկեց ու ասեց.
– Հող ես, հող դառնաս։
Դավիթ լե իրեք անգամ՝
«Հավատամ խոստովանիմ» ասեց (ՍԾ, հատ․ Բ, պատ․ Ա, էջ 29)։
Աղոթքի հեղինակն ու հիշեցնողը
Ո՞վ է աղոթքի հեղինակը կամ սովորեցնողը։ Էպոսում ավելի հաճախ աղոթքը հիշեցնում են։ Հիշեցնողների դերում են Դավթի հորեղբայր Ձենով Հովանը, հերոսի ձին՝ Քուռկիկ Ջալալին։ Բայց վկայություններ կան նաև սովորեցնողների մասին։ Օրինակ, Գավաշցի Համբարձում Խապո-Գրիգորյանի պատումում աղոթքը սովորեցնում է հերոսի երազում հայտնված Աստվածածինը.
Դարձավ ել մ' ել եկավ, քանավ։
Քնիլու մեջ երազ տեսավ՝
Մարութա Բանցրիկ Աստվածածին
Եկավ ենոր երազ, ասաց.
«Ի՛սն իմ Մարութա Բանցրիկ Աստվածածին,
Խաց-գինին, Աստված կենդանին,
Խաչ Պատերազմին վըր Դավթի աջ թևին»։
Խըլիսուն վիր ելավ, տիսավ,
Վոր Խաչ ինկիր ա վար թևին (ՍԾ, հատ Ա, պատ․ ԻԳ, էջ 999)։
Նույն պատումում Դավթին տոհմական աղոթքը հիշեցնում է Քուռկիկ Ջալալին Մելիքի զորքից նրա վախի միջադեպում․
Ենգախ Աստըծու խրամանաքով՝
Քուռկու Ջալալուն լիզու եկավ, ասաց.
– Դու ի՞նչ վախեցար, Դավի՛թ.
Քանի մ' դու կոտորիս։
Ենցկոմ իմ սիրտ կը կոտորա.
Քանի մ' դու կոտորիս,
Ենցկոմ իմ վոտքիրու առջեվ կը կոտորվին։
Հիշա խաց-գինին, Աստված կենդանին,
Մարութա Բանցրիկ Աստվածածին,
Խաչ Պատերազմին վեր Դավթի աջ թևին,
Քեշի Թուր կեծակին, ընկի մեջ ասքարին (ՍԾ, հատ․ Ա, պատ․ ԻԳ, էջ 1007-1008):
Տարբերակներից մեկում Դավթին աղոթքը հիշեցնող կինը հիշում է նաև Պարոն-Տեր Ներսեսին․
Առաջ կ'երթաս Յոթ-Ճող-Ծամ Գուհարին կ'ասես, որ քե ուսուցի Պարոն-Տեր Ներսեսի աղոթք։
Սանասարն ասաց.
– Ես են աղոթք կիտեմ, զաթի ինոր վերեն էլ ավելցուցեր ենք էս պան.
«Հիշի խացն ու կինին, Տեր կենդանին,
Մարութա Պանցր Ասպածածին,
Որ Խաչ Պատրաստին
Խաչվի Սանասարի աչ թիվին»։
– Խա, Սանասար, մկա կիտեմ, որ տու էդ աղոթքի շնոխքով պիտ աղթես քո թշնամուն։ Աման քե ասեմ, թե ի՞նչ անելու էս էնիկ աղթելուց վերջ (ՍԾ, հատ․ Բ, պատ․ ԺԶ, էջ 400)։
Այսինքն՝ Պարոն-Տեր Ներսեսի աղոթքը այս պատումում ընկալվում է որպես հերոսին ծանոթ առանձին միավոր, որի վրա էլ Ծռերը ավելացրել են իրենց աղոթքը: Այստեղ Պարոն Տեր-Ներսեսը առաջին ճյուղի երկվորյակ հերոսների պապն է, հերոսուհի Սանդուխի հայրը: Նրան ողորմի է տրվում պատումի սկզբում: Շարունակության մեջ հերոսները նրան միշտ հիշում են որպես ժառանգաբար փոխանցվող աղոթքի հեղինակ:
Այս հատվածում ուշադրության արժանի է, ոչ միայն աղոթքի հեղինակի հիշատակությունը, այլև նրա տիտղոսը՝ Պարոն-Տեր, որն առանձին քննության նյութ է։ Միջին դարերում հայոց մեջ տարածված այս տիտղոսը ներկայացնում էր հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միասնությունն ու սեփականության միասնական տնօրինությունը[6]։ Այս առումով Ներսես Շնորհալին՝ որպես Պահլավունիների իշխանական տան ներկայացուցիչ միավորում էր երկու իշխանությունները։ Էպոսի մի քանի պատումում Պարոն տիտղոսով հիշատակվում է նաև Սասունցի Դավիթը, երբ խնջույք է անում այն ժամանակ, երբ Կոզբադինը ավիրում է վանքը, կամ երբ վտանգի մեջ է․
«Հիշամ քեզ հերն ի կենդանին,
Մարութա Բանձր Աստվածածին,
Խաչն ը Պատարագին,
Դո՛ւ պահապան եղնիս պարոն Դավթին»(ՍԾ, հատ․ Բ, պատ․ Բ(Բ տարբերակ), էջ 78, ծնթ.)
Նույն պատումում արդեն Լուռա Համզա փահլևանների հետ կռվի ժամանակ Դավիթը իր աղոթքում հիշատակում է նաև «Հիսուս Որդուն»։
Առան իրար Դավիթն ու եդ երկու փահլիվան՝
Գուրզ ու քեվալով որ մի յար իրիկուն։
Դավիթ կանչեց.
«Յա՛ հավատամ խոստովանիմ,
Բանձրիկ Մարաթուկ սուրբ Նշան,
Հիսուս Որդի, դու օգնական» (ՍԾ, հատ․ Բ, պատ․ Ա, էջ 37)։
Հնարավոր է ենթադրել, որ Փրկչի ներկայացման այս ձևը կարող է կապված լինել Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» պոեմի հետ։
Միջնադարյան բազմաշնորհ հայրապետի՝ Ներսես Դ Կլայեցու անվան կամ ստեղծագործությունների հիշատակությունները պատահական չեն, քանի որ մասնավորապես «Հաւատով խոստովանիմ»-ը(1154) թերևս «Հայր մեր»-ից հետո ամենահայտնի ու տարածված աղոթքն է հավատացյալների շրջանում: Օրվա 24 ժամերին ասվելու համար նախատեսված, համապատասխան 24 տուն ունեցող այս զորավոր աղոթքը արդեն 15-րդ դարից ներմուծվել է Հայ առաքելական եկեղեցու ժամերգության մեջ, ապա նաև տեղ գտել ձեռագիր, ապա տպագիր Սաղմոսարաններում, Սուրբ Գիրգոր Նարեկացու «Մատեան...»-ից հատվածների ու Աստվածաշնչյան Դավիթ թագավորի սաղմոսների հետ միասին:
Այս աղոթքը՝ որպես պաշտպանիչ զորություն ունեցող հմայական բանաձև մեծ տարածում է գտել նաև հմայլիներում: Գալարաձև այս «մատյանները»՝ աղոթքներ, աղերսներ, հմայքներ, ժողովրդական դեղատոմսեր պարունակող ժողովածուներ էին, որոնք հմայիլի տերերը պահում էին իրենց մոտ ու ապավինում դրանց զորությանը: «Հաւատով խոստովանիմ»-ը հմայիլներում հանդիպում է Ներսես Շնորհալու մանրանկարի հետ միասին:
Հմայլիներն իրենց բովանդակությամբ ու բնույթով մոտենում են Սասնա հերոսիներին պաշտպանող Խաչ Պատերազմին կոչվող սուրբ նշանին: Այն ըստ էպոսի մսե խաչ է՝ նրանց աջ ձեռքի վրա, կամ հերոսների մոտ պահվող առարկայական խաչ, որն, ինչպես տեսանք, ոչ միայն պաշտպանում է հերոսներին, դուրս բերում ծանր իրավիճակներից, այլև ըստ էպոսի որոշ տարբերակների, ցույց տալիս հերոսների ազգային-կրոնական ինքնությունը այլադավան միջավայրում: Այսպես, Փոքր Մհերը հանդիպում է Կուպ Դևին և ասում է այս աղոթքը․
Դև ելաց, եսաց.– Տու հիշացիր խացն ի գինին,
Տու Բաղդասարի տղեն իս (ՍԾ, հատ․ Ա, պատ․ Ե, էջ 238)։
Ինչպես տեսանք վերևում այս աղոթքով ու Սուրբ Սարգսի հետ ազգակցությամբ հերոսները տարբերվում են օտար միջավայրում։ Նաև պետք է հիշենք, որ Խաչ Պատերազմին, այն նշանն է, որով կռվից հետո ընկածների դիակների մեջ Խանդութը պետք է փնտրի ու գտնի Դավթի մարմինը։
Ազգային կրոնական ինքնության հաստատման, այս դեպքում կրկին «Հացն ու գինին, Տեր կենդանին» բանաձևը իր գործառույթով մոտենում է Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքին։ Երկուսն էլ կրոնական ինքնության մասին հայտարարություն են, Հավատամք, համենայն դեպս, այդպես են ընկալվում։ Ըստ Ներսես Շնորհալու աղոթքի նախաբանի, այդպիսի գործառույթ ունի այդ աղոթքը․
«Ապայ թէ պղերգ ոք լինիցի եւ ծուլանայ զհինգ աղաւթսն կատարել, աղաւթեսցէ չորս անգամ, կամ գ., կամ բ. եւ կամ մի անգամ յաւուրն, որ միայն ճանաչի, թէ քրիստոնեայ է, եւ զինքն ծանիցէ, թէ արարած է Աստուծոյ եւ երկրպագու նորա»[7]։
Եթե աղոթքը դիտում ենք որպես Հավատամք, ապա կարող ենք այն զուգահեռել «Հայր, Որդի և Սուրբ Հոգի»՝ Սուրբ Երրորդության գաղափարին։ Այս դեպքում կտեսնենք՝ «Հացն ու Գինին»՝ Որդու խորհրդով, «Աստված Կենդանին»՝ Հոր նշանակությամբ, Թռչող խաչը՝ «Խաչ Պատարագին»-ը՝ Սուրբ Հոգի խորհրդով, հավելելով նաև տեղային սրբությունն ու տիրամոր պաշտամունքը՝ «Մարութա Սուրբ Բանցրիկ Աստվածածինը»։
Փրկչի սպասում
Անկախ իհարկե տարբեր կիրառություններից ու Սուրբ Ներսես Շնորհալու և նրա ստեղծագործությունների ուղղակի հիշատակություններից, հետաքրքիր է, արդյո՞ք կան արվեստի, լեզվի ու ոճի ընդհանրություններ։ Իհարկե, կարող ենք հիշել Սուրբ Ներսեսի էպիկական երկերը՝ «Վիպասանությունը», «Ողբ Եդեսիոն», առանձին գործերում հանդիպող էպոսի հետ ընդհանուր արտահայտչամիջոցներ և այլն, սակայն այստեղ կնշենք միայն գաղափարական հնարավոր ընդհանրությունների մասին։
Պատմաբան Հարություն Թուրշյանն իր «Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձություններն ու «Սասունցի Դավիթ էպոսը»[8] 1960-ական թվականերին գրված, բայց միայն 2013 թ. հրատարակված աշխատության մեջ էպոսի որոշ միջադեպեր մեկնաբանում է Եգիպտոսի հայ գաղութի, Պահլավունների իշխանական տան գործունեության և ընդհանրապես այդ դարաշրջանի իրադարձությունների հետ կապված։ Նա հակված է մտածել, որ մեր ազգային էպոսը Պահլավունների իշխանական տան տոհմիկ վիպասանությունն է և Ներսես Շնորհալու, ապա նաև նրան հաջորդող Պահլավունի իշխանների ու հոգևորականների հայրենասիրական գաղափարները, որոշակի ազդեցություն են ունեցել էպոսի թեմատիկ-բովանդակային առանցքի ձևավորման վրա։ Գրքի առանձին՝ «Ներսես Շնորհալի» ենթագլխում հեղինակը փորձում է ցույց տալ էպոսում նկարագրվող իրադարձությունների ու Շնորհալու ժամանակի, Գողիաթին Դավիթ թագավորի հաղթելու մասին պատմության ու հայոց մեջ այդպիսի առաջնորդի սպասումների միջև։ Սա տեսնում ենք հատկապես «Յիսուս Որդի» երկում։
Իհարկե, տեսականորեն հնարավոր է էպոսի որոշ մոտիվների տարբեր ժամանակներում կրկնության ու համապատասխանությունների առկայությունը, նաև իհարկե դժվար ժամանակներում Դավթին նմանվող փրկչի, առաջնորդի սպասումների մոտիվները համեմատել ու գտնել զուգահեռներ, սակայն դրանք որպես կանոն ընդհանրական երևույթներ են և դարաշրջանից-դարաշրջան կրկնվող։ Հատկապես մեր ազգային էպոսի պարագայում։ Այստեղ իրացվող շատ գաղափարներ, հատկապես առաջնորդի, փրկչի գալստյան սպասումները զարմանալի կենսունակությամբ վերստին բարձրանում են անցյալի փոշիներից ու ձգտում լուծել ներկայի խնդիրները[9]։ Այս դեպքում կարող ենք արձանագրել, որ Շնորհալու ապրած ժամանակաշրջանի, նրա երկերում իրացվող հայրենասիրական որոշ գաղափարներ, կարող էին արձանագրվել բանավոր էպոսում, սակայն, այդուհանդերձ. չենք կարող պնդել, որ «Սասնա ծռերը» Պահլավունիների տոհմիկ վիպասանությունն է, համենայն դեպս, առայժմ։ Քանի որ իր ծագմամբ, տեղագրությամբ այն կապված է Արծրունիների ու Գնուների, որոշ մոտիվներով Բագրատունիների ու Մամիկոնյանների հետ, սակայն իհարկե, հիմնական կառուցվածքով ու առանցքային մոտիվներով, այն շատ հին արմատներ ունի։
Եզրակացություններ
«Հացն ու գինին, Տեր Կենդանին» բանաձևը էպոսի տարբերակներում երկակի կիրառություն ունի՝ որպես երդում և որպես աղոթք։ Առաջին դեպքում, այն ըստ մեզ մեկնաբանելի է Հին Կտակարանի հետ կապերով։
Որպես աղոթք այս բանաձևը կապեր է դրսևորում ժողովրդի մեջ տարածված գրավոր ու բանավոր աղոթքների հետ, համալրվում նոր սրբություններով ու կերպարներով։
Էպոսի տարբերակներում Ներսես Շնորհալու երկերի հիշատակությունը, հերոսների ուժ տվող, պահապան բանաձևի հետ համադրությունները կարող են պայմանավորված լինել մի քանի հանգամանքով՝
1․ Ժանրի ու գործառույթների նմանությամբ, այն է՝ պահպանիչ աղոթք, նաև հավատո հանգանակ ու կրոնական ինքնության մասին հայտարարություն։ Ինչպես և Շնորհալու աղոթքը, Ծռերի այս հմայական բանաձևը առաջին հերթին Հավատամք է, որը ունի մեկ այլ կարևոր գործառույթ՝ այլադավանների միջավայրում կրոնական ինքնության ընդգծումը։
2․ Սուրբ Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքի հռչակով ու տարածվածությամբ․ «Հաւատով խոստովանիմ»-ը ժողովրդական միջավայրում մեծ ազդեցություն ու հեղինակություն է ունեցել և հայտնի է եղել «Ներսեսի աղոթք» անունով։ Էպոսի ասացողները հավատում են, որ իրենց պապենական աղոթքի հեղինակը նույնպես Հայր Ներսեսն է, կամ իրենց աղոթքը կապված է այդ աղոթքի հետ։ Այս երևույթին ամենայն հավանականությամբ նպաստել է նաև այն հանգամանքը, որ 17-րդ դարից սկսյալ հրատարակվող աղոթագրքերում, սաղմոսարաններում, նմանատիպ այլ ժողովածուներում ու հմայլիներում Սուրբ Ներսեսի աղոթքը՝ «Հաւատով խոստովանիմ»-ը մշտապես ընդգրկվում է, ընդ որում մեծ մասամբ նախորդում է Դավթի սաղմոսներին։ Այս դեպքում հնարավոր է նաև որոշակի շփոթը՝ պայմանավորված թեմատիկ ընդհանրությամբ ու հերոսների անունների նույնությամբ։
3․ Եվ վերջապես, կան գաղափարական ընդհանրություններ․ Սասունցի Դավիթը, նրա որդի Փոքր Մհերը որոշ վիպասացների կողմից, նաև հետագա հավաքական մշակութային գիտակցության մեջ ընկալվում են որպես երկար սպասված փրկիչներ, Աստծո ընտրյալ թագավորներ, իսկ նմանատիպ սպասումներ ու գաղափարներ անտարակույս իրացվում են և Ներսես Շնորհալու ստեղծագործության մեջ։ Բացի այս և՛ էպոսում և՛ Շնորհալու ստեղծագործության մեջ կարևորագույն նշանակություն ունեն հավատի, տոհմական կամ ազգային արժանապատմության, ի վերջո ինքնության պահպանության գաղափարները:
[1] Բանավոր ու գրքային ավանդույթների հարաբերության մասին տե՛ս Հ. Համբարձումյան, Սասնա ծռեր. պատում, մոտիվ, գրքային ավանդույթ, Երևան, 2018, էջ 235-277:
[2] Մասնավորապես բանագետ Սարգիս Հարությունյանը նշում է․ «Հացի և գինու նախնական բնապաշտական ըմբռնումներն աղերսվել են երկրագործության արդյունքները պարգևող և հովանավորող` ոգիներին և աստվածությանը և, ըստ երևույթին, նույնացվել նրանց։ Նման ըմբռնման մի արձագանք է մեր նոր ժողովրդական վեպում հերոսների կողմից հաճախ վկայակոչվող «Հացն ու գի- նին, տեր կենդանին» բանաձևը, որ արտաբերում են վեպի հերոսները որևէ նախաձեռնություն սկսելուց առաջ, ապավինելով` բանաձևի սրբազան զորությանը: Հացի և գինու կենդանության կամ կենդանացնող Տիրոջ (իմա՝ աստծու) հետ այս նույնացումը, հարկավ, առաջին հայացքից կարող է քրիստոնեաբար ըմբռնվել, ինչպես պատարագի արարողության մեջ է ընդունված, սովորաբար։ Բայց հացին ու գինուն նախապատվություն տալն ու այն կենդանություն պարգևող ոգի ըմբռնելը վկայում է բանաձևի գաղափարախոսության հեթանոսական-տոտեմիստական բնույթը»։ Տե՛ս Ս․ Հարությունյան, Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ, Երևան, 1975, էջ 232:
[3] Սասնա ծռեր, հատոր Բ, մաս Բ, Երևան, 1944, էջ 849:
[4] Սասնա ծռեր, հատոր Բ, պատում Ը, Երևան, 1944, էջ 261։ Հետայսու էպոսի մեջբերումների հղումները կտրվեն տեղում՝ փակագծերի մեջ: Մեջբերումները կատարվում են հետևյալ հրատարակություններից. Սասնա ծռեր, հատ. Ա, 1936, հատ. Բ, մաս Ա, 1944, մաս Բ, 1951, հատ․ Գ, 1979, հատ․ Դ, 1999, Սասունցի Դավիթ, 1977:
[5] Աստվածաշնչային կերպարների էպոսի դիպաշարում ունեցած գործառույթների մասին տե՛ս Հ. Համբարձումյան, Սասնա ծռեր. պատում, մոտիվ, գրքային ավանդույթ, էջ 252-264:
[6] Պարոնտերության մասին տե՛ս Վ․ Թորոսյան, «Պարոնտերության ինստիտուտի ձևավորումն ու զարգացումը Հայաստանում (XI-XIV դդ.)», ԼՀԲ, 2011, 1-2, էջ 30-42:
[7] Մատենագիրք Հայոց, ԻԱ հատ․, գիրք Ա, Երևան, 2018, էջ 1204:
[8] Հ․ Թուրշյան, Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձություններն ու «Սասունցի Դավիթ» էպոսը, Երևան, 2013:
[9] Էպոսի արդիականացման, գրականության մեջ ու հանրային-քաղաքական դիսկուրսում նոր ընթերցումների ու կիրառությունների մասին տե՛ս Հ․ Համբարձումյան, Անկախության «Սասնա ծռերը»․ էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում, Երևան, 2021։
Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ «ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ (10-11 հունիսի, 2023 թ), Գավառի պետականհամալսարան, 2023 թ., էջ 85-107