Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։
Ղազարոս Աղայան, Մանուկ-խան
Մանկություն չունեցող երեխաներ
Մարդկության պատմության մեջ և մշակույթում երեխան բավական ուշ է սկսվում ընկալվել, որպես հոգեմտավոր յուրահատուկ էություն ունեցող անհատականություն: Հին ժամանակներում, միջնադարում, մինչև նոր ժամանակներ երեխաներն առավելապես մեծահասկաներից տարբերակվում էին միայն իրենց ֆիզիկական չափերով, համարվում էին մեծահասակներին ամեն ինչով կրկնող էություններ: Այս ընկալումն է թերևս պատճառներից մեկը, որ հին մշակույթներում, առասպելաբանության մեջ ու էպոսներում երեխաների մանկության պատկերներ շատ քիչ կան: Նրանք ծնվում են որևէ առաքելությամբ, և գրեթե անմիջապես ներգրավվում վիշապների, դևերի դեմ պայքարում, տարբեր պատերազմներում և այլն: Ըստ էության, առասպելներում այս երեխաները, որոնք աստվածներ կամ հերոսներ են մանկություն չունեն:
Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
Եղեգնի փողով բոց էր ելնում
Եվ բոցից դուրս էր վազում
Մի պատանեկիկ:
Նա հուր մազեր ուներ, (ապա թե)
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ: (Տե՛ս Հայերեն հնագույն բանաստեղծությունները)
Հայ առասպելաբանության մեջ ամպրոպի, պատերազմի կամ արեգակի աստված Վահագնը ծնվելուց անմիջապես հետո ներկայացվում է «բոց մորուքով» ու կռվում է վիշապների դեմ: Կամ «Վիպասանք» ավանդավեպի «Տիգրան և Աժդահակ» ճյուղում Աժդահակի երազի նորածին երեք դյուցազունները, որոնք տարբեր կենդանիներ են հեծնում՝ առյուծ, ընձառյուծ ու վիշապ, անմիջապես արշավում են տարբեր ուղղություններով:
«Վիպասանքի» մեկ այլ հերոս՝ Արտաշեսի որդի Արտավազդի մանկության ներկայացվող միակ դրվագը, այն է, որ նրան Աժդահակի սերնդի կանայք գողացել ու տեղը դև են դրել:
Առասպելախառն մեկ այլ պատմության մեջ Սանատրուկ թագավորը դայակի հետ միասին մոլորվում է սարերում, ապա նրան փրկում է աստվածների ուղարկած սպիտակ կենդանին: Մանկության այլ դրվագներ չեն հիշատակվում:
Ծռե՞ր, թե՞ երեխաներ
«Սասնա ծռեր» էպոսի հերոսների մանկության դրվագներն ավելի տպավորիչ ու շատ են, սակայն այստեղ նույնպես հերոսները կրկնում են մեծերին. նրանք մանկուց արդեն առաքելություն ու համապատասխան գաղափարական ծանրաբեռնվածություն ունեն:Նախ Էպոսի գլխավոր հերոսները որբ են և մեծանում են տնից հեռու՝ օտար միջավայրում: Կայանում են ինքնուրույն:
Էպոսում կա երեխաների ու մեծերի տարբերակման մի հետաքրքիր մոտիվ.երբ Դավիթը Մսըրում բռնում է Մելիքի գուրզն ու քաշում նրա մորուքը, Մելիքը դա վատ նշան համարելով՝ ցանկանում է սպանել նրան, սակայն մոր կամ կնոջ խորհրդով որոշում է փորձել՝ արդյո՞ք գիտակցված են Դավթի քայլերը, թե նա դեռ երեխա է.
«Մսրամելիք ասաց.
— Որ էն տղա է, խելք բան չը կտրի,
Բերենք, մեկ սենի ոսկի դնենք էռջեվ,
Մեկ սենի լե կրակ դնենք էռջեվ
Թը էն տղա է, խե՞լք բան չը կտրի,
Ձեռ կը տա տախ կրակը, չի՞ տա տախ ոսկին։
Մեկ սենի կրակ, մեկ սենի ոսկի,
Բերին, դրին հեռջեվ Դավթին։
Դավիթ ձեռ էտու, տը տաներ տախ ոսկին.
Ասծու հրամանքիվ՝ հրեշտակ ձեռ կանեց,
էտու կրակին էնու մատ էրիցավ,
կրակ կպավ մատին.
էտու լեզվին՝ լեզուն էլ էրիցավ.
Որ լեզուն էրիցավ՝ լալ էլավ քիչ,
— Անուն դրին Թլոր Դավիթ»։
Այստեղ Դավթին փրկում է հրեշտակը: Ապա Դավիթը չի անցնում Մելիքի թրի տակով, տարբեր մանկական չարություններ գործում ու վնասում Մըսրի կամ Սասունի երեխաներին: Նրա որդու՝ Փոքր Մհերի մանկությունը սկսվում է հոր հետ բախումով. նա կոտրում է շղթաները, վնասում երեխաներին՝ նրանց ցած նետելով բարդու ճկված ծառից: Ընդհանրապես, էպոսի այս դրվագները մեկնաբանվում են երեխաների էներգիայի ավելցուկով, ծռությամբ, ինչն էլ դառնում է նրանց ու միջավայրի բախման պատճառ:
Այստեղ նույնպես էպոսի հերոսները շատ արագ են մեծանում՝ «Եթե մյուս երեխաները տարիներով են մեծանում, ապա ծռերը օրերով», հատուկ շեշտվում է էպոսում:
Երեխաների նմանատիպ ընկալում ու կերպարներ հանդիպում են նաև ժողովրդական ու գրական հեքիաթներում:
Հին օրհնություն, թե զգոնության կոչ
Հայ գրականության մեջ նույնպես երեխաները մեծմասամբ մանկություն չունեն: Ավելի հաճախ ողբերգական ճակատագիր ունեն: Ի տարբերություն էպիկական հերոսների, չունեն առաքելություն և դառնում են սոցիալական ծանր պայմանների զոհեր: Նրանք իրենց ուսերին կրում են մեծահասակների դժվարությունները և հաճախ չեն հասցնում մեծանալ, քանի որ ուղղակի մահանում են, կամ նույնիսկ չեն հասցնում ծնվել, ու արդեն մահանում են, ինչպես Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» չափազանց մոդեռնիստական հեքիաթում է.
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․
19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի հայ գրականության մեջ մանկական անհոգ կյանքի պատկերներ մենք գրեթե չենք տեսնում, այլ տեսնում ենք ապագա դժվար կյանքի նախապատրաստություն ու զգուշացում մեծահասակների կողմից: Բավական է հիշել Հովհ. Թումանյանի «Հին օրհնություն» բանաստեղծությունը: Այստեղ երեխաների անհոգ ուրախության պատկերը միանգամից կտրվում է ծերերի ծանր խոսքով՝ «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Այն կարծես օրհնություն է, բայց իրականում հետագա կյանքի մասին նախազգուշացում, որով ավարտվում է երեխաների մանկությունը:
Ամենայն հայոց բանաստեղծի ամենահայտնի և ընդհանրապես հայ գրականության թերևս ամենահայտնի երեխան՝ Գիքորը, զավեշտի հասնող ողբերգական ճակատագիր ունի: Առանց հասկանալու ուղարկվում է «թշնամական» աշխարհ, չի հասցնում ուշքի գալ և անխուսափելիորեն կործանվում: Մեծահասակների երեխաների նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից բնութագրական է Գիքորի ու համագյուղացիների հանդիպման հատվածը.
«-Ուզում եմ՝ ես էլ գամ ձեզ հետ։ Համ մեր գեղին, համ մերոնց կարոտել եմ, համ էլ․․․
– Վա՜, վա՜յ, մենք հենց իմացանք մարդ ես դառել, խելոքացել ես․․․ Էդ տեսակ բան կասե՞ն։ Էստեղ քեզ համար աղավարի ապրում ես– շորերդ թազա, ոտն ու ձեռդ իստակ․․․ Մենք ասում ենք մեր երեխանցն էլ տեղ անես՝ բերենք, դու էդ ի՞նչ ես ասում։ Էն որ ասել են՝ «Խոզի գլուխը դրին խալիչին, գլորվեց ետ ցեխն ընկավ», հալալ քեզ համար են ասել։
Էսպես հանդիմանեցին գյուղացիները, խրատեցին, մնաս բարով ասին ու գնացին։
Նրանց գնալուց ետը Գիքորն իր անկյունը քաշվեց ու բաց արավ հոր նամակը։
«Իմ սիրելի որդի Գիքոր ջան։
Ի քաղաքն Թիֆլիս։
Մենք ողջ և առողջ ենք, միայն քու առողջութինն ենք ուզում, ամեն։ Քեզ շատ կարոտով բարով են անում ապին, նանը, Զանին, Մոսին, Միկիչը, Գալոն, ամեն։ Մեր սիրելի որդի Գիքոր․ ահա իմացած լինես, որ տեղներս շատ նեղ ա, և խարջը սաստիկ ուզում են, և փող չենք ճարում, և նանն ու Զանին տկլոր են, և տեղներս շատ նեղ ա։ Գիքոր ջան, մի քանի մանեթ փող ղարգի և մի գիր ղարգի քու որպիսութենիցը։ Եվ իմացած ըլես, որ Ծաղիկը սատկեց, և նանն ու Զանին տկլոր են»։
Նամակը կարդաց ու տեղը կանգնած միտք էր անում Գիքորը, դարդ էր անում իրանց տան համար։ Սիրտը էրում էին նամակի տողերը։
– Նանն ու Զանին տկլոր են․․․ Տեղներս նեղ ա․․․»
Ողբերգական ճակատագրով գիքորատիպ երեխաներ հայ գրականության մեջ շատ կան. Պ.Պռոշյանի վեպերի, Ղ. Աղայանի հեքիաթների հերոսները և այլն:
Բրիգադիրիկը, պիոներներն ու մյուսները
Խորհրդային առաջին շրջանի գրականության մեջ երեխաները կրկին մեծմասամբ ընկալվում են որպես մեծահասակներ: Նրանք գաղափարական հերոսներ են, հին կարգերի, երբեմն նույնիսկ ծնողների դեմ դուրս եկող: Աշոտ Շայբոնի «Բրիգադիրիկը» ստեղծագործության հերոս Պետիկը հագնում է հոր աշխատանքային հագուստները, գնում գործարան, ճառ ասում բանվորների առջև, որ պլանը կատարեն ժամանակին: Նույն հեղինակի մեկ այլ՝ «Փոքրիկ լեռնագործները» պոեմում, երեխաները կրկին աշխատանք են պահանջում.
Այս տասնամյակների մանկական գրականության մեջ այսպիսի «գաղափարական» հերոսների, տարբեր պիոներների, դասակարգային թշնամիների դեմ պայքարող հերոսների պակաս չկա:
Խեղճ, իմաստուն ծերունիներ
Խորհրդային ավելի ուշ շրջանում, մի փոքր ավելի անհոգ մանուկների կերպարներ ստեղծվում են, սակայն տպավորիչ են հատկապես Հրանտ Մաթևոսյանի «Մեր վազքը» մանկապատանեկան ժողովածուի պատմվածքների հերոսները, ինչպես նաև նրա մի քանի այլ պատմվածքներում հանդիպող երեխաները: Օրինակ, «Սկիզբը» պատմվածքի անչափ հմայիչ հերոս՝ Արայիկը: Նրան ոչ մի կերպ չես կարող երեխա անվանել, ինչպես նաև մաթևոսյանական մյուս երեխաներին: Ծանր գյուղական կյանքը, պատերազմը, աշխատանքը, այս երեխաներին հասունացնում են շատ շուտ, աշխարհ նետում անպատրաստ: Նրանք խեղճ են, ազգային ու ընտանեկան ճակատագրի ծանր բեռի տակ կքած, աշխարհի նկատմամբ մեղքի զգացումով: Նրանք երեխաներ չեն, այլ իմաստուն ու դժբախտ ծերունիներ:
«Մեղավորը նրանք չէին, որ մերկ էին ու խշշում էին, հղկված որձաքարը նրանց տակ պիտի այդպես շոյիչ լիներ, նրանք պիտի հենց այդպես լինեին, բայց տղան չպետք է տեսներ, տղան այստեղ չէր լինելու: Մեղավորը տղան էր: Տղան այստեղ էր, որովհետև
այստեղ էր դույլը, և կանաչ դույլը կեղտոտ էր: Տղայի ձեռքերը կեղտոտ էին, կոճերը բաց էին, մոռը ճմռված էր: Տղան մտքում
թե տեղում շարժվեց, և տղայի շարժումն անշնորհք էր, տղան անշարժացավ, և տղայի ցցվելն անշնորհք էր: Փորի վրա՝ գոտու տակ, դանակը սահեց: Ու անշարժացավ: Հաճարենու պես ինքը իր ներսում՝ մի ժամ տղան սպասում էր, թե դանակը չի ընկնի, բայց դանակն ընկավ ու գոտուց փոկով կախ օրորվեց տղայի ոտքերի արանքում: Տղան քարացավ ու ինքն իր ներսում կուլ տվեց թուքը: Ուրեմն տղան գրպան չուներ, տղայի հագի այդ կարմիր շալվարը գրպան չուներ, որովհետև փոքրի շալվար էր: Բայց լինելու էր, անպայման լինելու էր, երբևէ անպայման լինելու էր – տղան աղմուկով իջնելու էր զառիթափը, և աղջիկները պառկած էին լինելու գետի մրմունջի մեջ, և տղան սանրված էր լինելու, և տաբատը իրենը, կապույտ ու արդուկած էր լինելու, և մայրն այստեղ չէր լինելու, և դույլը մաքուր էր լինելու, և դա անպայման լինելու և լինելու էր անսպասելի, բայց տղայ ձեռքերը կարմիր չէին լինելու:(Տե՛ս Հրանտ Մաթևոսյան, Սկիզբը)
Վազող երեխաները
Խեղճ, ոտքերի տակ ամուր հող չզգացող երեխա ու պատանի հերոսներով առատ է նաև հետանկախության շրջանի արձակը: Արամ Պաչյանի, Համբարձում Համբարձումյանի, Հրաչյա Սարիբեկյանի պատմվածքներում երեխաները կռիվ ունեն հայրերի, երկրի, սոցիալական տարբեր ինստիտուտների դեմ: Նրանք ամբողջ խորությամբ զգում են երեխա լինելու ու միաժամանակ մանկություն չունենալու ողբերգությունը, սակայն, այդուհանդերձ, փորձում են պայքարել, փորձում են փրկել իրենց պես երեխաներին ու նույնիսկ ծնողներին.
Ես վազում եմ տուն:
Ես վազում եմ, որովհետեւ վախենում եմ:
Ես վազում եմ, որովհետեւ չեմ ուզում տեսնել թափանցիկ շշեր:
Ես վազում եմ, որովհետեւ ինձ հետ վազում են աշխարհի բոլոր երեխաները:
Ես վազում եմ, որովհետեւ չեմ ուզում այսպես լինի:
Ես վազում եմ, որովհետեւ հայրիկին տնեցիներից թաքուն մի բաժակ օղի պիտի տամ:
Ես վազում եմ, որովհետեւ նա սպասում է ինձ:
Թեև կյանքն ու գրականությունը ցույց են տալիս, որ երեխաները մեծերի ընկալմամբ ու իրենց կամքից անկախ, մեծահասակներից շատ չեն տարբերվում, սակայն հենց մեծահասակներն են պատասխանատու, որ երեխաները հնարավորինս երկար երեխա մնան, վայելեն մանկության կարճ ակնթարթները: Իմաստուն, խելացի, պարտաճանաչ, լավ քաղաքացի ու մարդ, ծնողների օգնական դառնալ դեռ կհասցնեն, իսկ մինչ այդ պետք է թողնել, որ նրանք երեխա մնան:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան