Ինչո՞ւ ենք մենք սիրում ու պարբերաբար ընթերցում Համո Սահյանի բանաստեղծությունները: Ո՞րն է նրա ստեղծագործության նկատմամբ չմարող հետաքրքրության գաղտնիքը: Ինչպե՞ս գրել պոեզիայի հավերժական անփոփոխ թեմաների՝ մարդ, բնության, հոգեկան ներդաշնակություն, հայրենիք, սեր, մասին այնպես, որ ընթերցողն անընդհատ վերադառնա, ընթերցի ու նեշնչվի:
Ինչպե՞ս ապրել 20-րդ դարի մշակութային մեծ շարժումների, քաղաքական վայրիվերումների, հրապարակախոսական-քարոզչական պոեզիայի ժամանակաշրջանում մնալ բանաստեղծական էությանդ ու ընթերցողիդ հավատարիմ:
Սա Սահյան-բանաստեղծի գլխավոր առեղծվածն է: Ո՞վ էր Սահյանը.
«Նա գյուղացի էր, բնապաշտ, պահպանողական, արևելքցի, աշուղ - նա քմայքոտ մտավորական էր, արևմուտքցի, հույժ արդիական։ Բայց ո՜չ հույժ արդիական էր, ո՜չ արևմուտքցի, ո՜չ մտավորական, ո՜չ աշուղ, ո՜չ արևելքցի, ո՜չ էլ գյուղացի։ Բնությունից գիր-գրից բնություն, ալտրուիզմից ազգայնականություն և ազգայնականությունից այլասիրություն, այսօրից անցյալ և անցյալից այսօր, բանաստեղծից գյուղացի և գյուղացուց բանաստեղծ երթուդարձն էր Սահյանը, հարատև, անվերջ երթուդարձը։ Կառանումը որպես թե վերջապես գտնված որևէ հանգրվանի մահ է, պոետի մահն է», -գրում է Հրանտ Մաթևոսյանը:
Սա ավելի խորն ու ընդգրկուն բնութագրում, սակայն ընթերցողը Համո Սահյանի բանաստեղծությունն առաջին հերթին սիրում ու գնահատում է անմիջականության, ծանոթ ու հարազատ, անչափ կենդանի ու գունեղ պատկերաշարի, ապրումների ու զգացմունքների ներկայացման պարզության ու հոգեբանական խորության համար.
Մուտքը
Նազում ես ու շորորում զմրուխտյա քո շորերում,
Շուք արած ճամփի վրա մանկության կանաչ արտի,
Քո կանչը զնգում է զիլ իմ սրտի խոր ձորերում,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:
«Որոտանի եզերքին» առաջին ժողովածուն կազմված էր ռազմաճակատում գրված գործերով, սակայն պատերազմի հերքումն էր՝ խաղաղ իրականության պատկերներով: Հայ պոեզիայի համար ավանդական՝ հայրենիքի կարոտի թեման, ներկայացվում էր ժողովրդական բանաստեղծությունից սնվող խորհրդանշային նոր համակարգով, որը լրացվելով ու զարգանալով հանդերձ՝ հիմնական նշաններով շարունակվում էր նաև հետագա ժողովածուներում: Իհարկե, հետագա տասնամյակներում Սահյանը ակամա մի փոքր հեռանում է բանաստեղծական իր սիրելի ու ընթերցողին ծանոթ ձեռագրից՝ տուրք տալով սովետական պոեզիայի պահանջներին, սակայն վերադարձը սպասեցնել չի տալիս:
Վերադարձը ակունքներին
Հարազատ գեղարվեստական տարածություններին նախնական վերադարձը նշանավորվում է 1958-ին լույս տեսած «Նաիրյան դալար բարդի» ժողովածուով, իսկ վերջնականը, որից բանաստեղծի խոստովանությամբ հիմնականում սկսվում է իր բանաստեղծական կենսագրությունը, «Մայրամուտից առաջ» Ժողովածուն էր (1964 թ.): «Նաիրյան դալար բարդի» Ժողովածուի խորագիրը` բանաստեղծի համար հաջողակ «Նաիրյան բարդու» մետաֆորը, նշան էր՝ ուղղված ընթերցողներին ու քննադատներին և յուրահատուկ հավատարմության խոստում հարազատ գեղարվեստական աշխարհին:
Անտառում ամպի ծվեններ կային
Կապույտ մշուշներ կային անտառում
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում:
Շշուկներ կային անտառում այնքա՛ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային…
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՛ր, հետքե՛ր մարդկային…:
Վերադառնալով բնությանը՝ Սահյանը վերադառնում էր իրեն, միաժամանակ կրկին գտնում էր պոեզիայի քնարական հերոսին՝ բնական մարդուն: Արարչագործ բնության պատկերման ու անմիջապես ծնվող հակադրության միջոցով բանաստեղծը հասնում էր այդ բնությունից կտրված, տիեզերական հավասարակշռությունը խախտած մարդու մոտիվին:
Գնամ մխրճվեմ խորքերն անտառի,
Մոլորվեմ մեռնող տերևների մեջ,
Գլուխս դնեմ մամռած մի քարի,
Մի պահ մոռանամ աղաղակ ու վեճ:
Բույն տամ սրտիս մեջ բույն փնտրող հավքին,
Ննջած անտառի ականջը դառնամ,
Շնչառությունը լսեմ մեղմագին
Տերևների տակ խոր քնած գարնան:
Բնությունը
1960-1970-ականների գրքերում՝ «Քարափների երգը» (1968 թ.), «Տարիներս» (1970 թ.), «Սեզամ, բացվիր» (1972 թ.), «Իրիկնահաց» (1977 թ.), «Ժայռից մասուր է կաթում» (1979 թ.), «Կանաչ-կարմիր աշուն» (1980 թ.), հիմնավորվում է Սահյանի ինքնահատուկ գեղագիտությունը: Այն նման է բնապաշտությանը, սակայն բնապաշտություն չէ, գյուղի մասին է, բայց գյուղագրություն չէ, ազգագրական-բանահյուսական հղումներ ունի, սակայն նմանակում չէ.
Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,-
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը...
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու
Կարողությունը..:
Իրական տարածությունները` սարերն ու քարափները, ծառերն ու անտառը, ժայռեր, քերծեր, հովիտներ, աղբյուրներ ու գետեր. սակայն գեղարվեստական աշխարհի մաս դառնալով, հայտնվելով բանաստեղծության գեղարվեստական ժամանակի մեջ սկսում են ապրել, ինքնուրույն խորհդանշական կյանքով, իրացվում նոր իմաստներով: Ավանդական ու երբեմն էլ կրկնվող պատկերներն ու մետաֆորները ամեն անգամ նորովի են ներկայանում՝ շնորհիվ ոճական հետաքրքիր լուծումների, կիրառական իրադրության փոփոխության.
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Բանաստեղծը փնտրում է ու ստեղծում աննշան թվացող բնության տարրերի կենսագրությունը, նշանները դնում շարժման ու դրամատիկ հարաբերությունների մեջ: Անձնավորումների ու շնչավորման միջոցով հասնում է պատկերաստեղծման առասպելական սկզբունքներին: Բառերի նոր ու յուրահատուկ ստուգաբանությունների միջոցով մոտենում ժողովրդական ավանդական մտածողությանն ու առասպելաստեղծ աշխարհայացքին.
Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր վեցկու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։
Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան...:
Այստեղ էլ թերևս թաքնված է Համո Սահյանի պոեզիայի չխամրող հմայքի գաղտնիքը: Նախաստեղծ բառուբանի միջոցները` լեզվամտածողության ու պատկերաստեղծման յուրահատկությունները, բանահյուսական մոտիվները, ժողովրդական իմաստության խտացումները, բանաստեղծական խոսքը դարձնում են դիպուկ ու ապաժամանակային:
Հորոտ-մորոտ ծաղիկները
Կարոտել են իմ ձեռքերին,
Կարոտել են իմ ոտքերին
Հորոտ, մորոտ կածանները։
Վայրի, բարի այս հավքերը
Կարոտել են իմ երգերին,
Կարոտել են իմ ականջին
Այս շշուկներն ու ձայները...:
Հայրենիքը
Բնության խորն ու բազմակողմանի ընկալումը մի կողմից տանում է դեպի կյանքի փիլիսոփայություն, մյուս կողմից առնչվում գոյության ազգային հիմքերի՝ հայրենիքի թեմայի հետ: Իրական ու շնչավորված բնության ու հայրենիքի բանաստեղծական մոտիվները կապվում են հայրենի հողի ընդգրկուն թեմայով: Հողն էլ իր իմաստային դաշտի մեջ ընդգրկում է այլ միավորներ՝ գյուղական-հողագործական աշխատանք, ընտանի կենդանիներ («Եթե բախտը կար, եզը միջուկն էր,//Օջախի ծուխն էր, նախիրի շուքն էր…»), աշխատանքն ուղեկցող ժողովրդական երգեր («Վանքդ գլխիվայր թաղեցին հողում,//Բայց հորովելդ հողոտ, մղեղոտ//Եվ այնպես շողոտ, այնպես խնկահոտ// Տաղիկդ խլել չկարողացան։») և իհարկե աշխատավոր, հողածին, հողագործ ու հող դարձող մարդ.
Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
…Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:
Հայրենի հողի, ժողովրդի, անցողիկ կյանքի խորհրդանիշ պապի կերպարն հանդիպում է Սահյանի մի շարք բանաստեղծություններում («Ու ես եկա», «Երդիկն ի վար», «Օգնականը ես եմ», «Օրը մթնեց» և այլն)՝ յուրաքանչյուր դեպքում հարստանալով իմաստային նոր նրբերանգներով՝ աշխատանք, իմաստություն, հայրենիք, բարոյական բարձր արժեքներ, նահապետական ընտանիք ու անցողիկ կյանք.
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին:
Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով-
Կրտսեր ու ավագ:
Նստում էին և սպասում
Մինչև պապը գար,
Մինչև բակում
Ծաղիկ եզան
Զանգը ծլնգար:
Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցվում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով...
Ու երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:
…Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա...
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա…:
Պապի կերպարը, աղերսվում է հայրենի հողի խորհրդին, ապա նոր իմաստներով հարստանալով՝ աճում է մինչև մեծ ու հավերժական հայրենիքի՝ Հայաստանի խորհուրդը: Սահյանական Հայաստանն ուղղակի և անուղղակի արտահայտությամբ ամբողջանում, վերակերտվում է այն բոլոր սիմվոլներով ու տարրերով, որոնք բանաստեղծի ստեղծագործության հիմքն են կազմում՝ նաիրյան դալար բարդուց մինչև քարափ ու մասրենի, «Հորովելից» մինչ «Սասնա ծռեր».
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Մայրամուտը
Ետանկախության շրջանում Համո Սահյանի պոեզիան հուսահատական երանգներ է ստանում: Սպասված անկախությունը եկավ, սակայն չբերեց ո՜չ պետականության զգացողություն, ո՜չ ներշնչում և ո՜չ էլ ապագայի հեռանկարներ («Անցյալը թողել ենք անցյալում,//Եվ փակ են գալիքի դռները»): Վերջին՝ ետմահու լուս տեսած «Ինձ բացակա չդնեք» ժողովածուում, նախորդ գրքերում հորդացող հայրենիքի ու բնության նկատմամբ անկեղծ հիացմունքին ու ջերմ զգացումներին փոխարինելու են գալիս երկրի մայրամուտին զուգահեռված՝ սեփական կյանքի մայրամուտը խորհրդանշող դեղին աշնան մահաբեր մոտիվներն ու ողբասացական հնչերանգը.
Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:
Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:
Անհաստատ իրականության մեջ սակայն, հետևելով իր մեծ նախորդներին, Սահյանն ապավինում է «նաիրյան հոգևոր ամուր բերդին»՝ հոգևոր Հայաստանին: Խառնիճաղանջ ու ծանծաղ ժամանակին հակադրում է երկրի հավերժական գոյության կռվանը` հոգևոր հայրենին:
Առաքելու է, ինչ էլ որ լինի,
Իր ծուխն առ երկինք երդը նաիրյան
Եվ ոչ մի օրով աշխարհի երթից
Հետ չի մնալու երթը նաիրյան:
Ինչ հողմ ու հրդեհ, հրթիռ ու հյուլե,
Ամուր է հոգու բերդը նաիրյան:
Գաղտնիքը
Սահյանական պատկերաստեղծման հիմնական գաղտնիքը պայմանավորված է բառայինն ու ոճական կառույցների ինքնահատուկ, երբեմն արտասովոր համադրումներով, այստեղից էլ հնչերանգային յուրահատկությունն ու պատկերի հոգեբանական խորությունը: Բանաստեղծական արտահայտչական ավանդական հնարանքները՝ հնչյունական ու բառային կրկնությունները, առձայնույթն ու բաղաձայնույթը, հանգը, Սահյանի նախասիրած` պատկերի գունային ու բույրային ձևավորման հետ միասին ապահովում են նրա ստեղծագործության անկրկնելի հմայքն ու ազդեցությունը: Մեծ նշանակություն ունեն նաև բանաստեղծի կողմից հաճախ կիրառվող անկեղծ զրույցի, խոստովանության, պատգամի տարրերը, որոնք խոսքը դարձնում են անմիջական ու նպատակային, սիրելի ընթերցողական տարբեր սերունդների կողմից.
Մի փոքրիկ գիշեր,
Մի մեծ լուսին…
Աստղեր են իջել
Լեռան ուսին:
Տե՜ր, թույլ տուր մի քիչ՝
Ինձ փափագեմ,
Սե՛ր, թույլ տուր մի քիչ՝
Աչքս փակեմ…
Մի փոքրիկ լուսին,
Մի մեծ գիշեր…
Ա՜խ, լեռան ուսին
Ձյուն է իջել:
Փառքդ շատ, որ ես
Դեռ կամ, Աստված,
Ամեն ինչի հետ
Այսպես հաշտված:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Համո Սահյան, Ընտրանի, Զանգակ, 2017: