Գաղտնիք չէ, որ դպրոցականներն այսօր դժվարությամբ են կարդում-հաղթահարում դասական գրականությունը, իսկ նրանց ծնողներն էլ, եթե նույնիսկ ժամանակին կարդացել են դասականներին, այսօր նորից չեն վերընթերցի, թեև հենց հասուն տարիքում ես շատ բաներ հասկանում: Այս խնդիրը ոչ միայն մեր իրականությանն է բնորոշ, այլ ընդհանրապես ամբողջ աշխարհին: Կյանքի ու իրականության փոփոխությունը բացասաբար է անդրադառնում դասական գրականության նկատմամբ վերաբերմունքի վրա:
Դասական գրականություն ասելով հասկանում ենք գրականություն, որտեղ արծարծվող գաղափարները բոլոր ժամանակների համար են: Բայց ընթերցանության հետ կապված հարցումները փաստում են, որ մարդիկ դժվարությամբ և ձանձրույթով են կարդում դասական հեղինակերի գործերը՝ նույնիսկ ամենաընթերցվող հեղինակներին՝ Ֆ.Դոստոևսկի, Է. Հեմինգուեյ, Լ. Տոլստոյ, Թ. Դրայզեր, Րաֆֆի և այլն: Ի՞նչն է լայն ընթերցողին խանգարում: Գուցե հնացե՞լ են հավերժական գաղափարները:
Գաղափարները չեն հնացել, բայց շատ բան այլ է: Փոխվել է կյանքի ռիթմը, մարդիկ ավելի արագ ու տեղակատվության տեսանկյուից գերհագեցած կյանքով են ապրում: Օրինակ, դասական վեպերն իրենց մեծ ծավալներով վախեցնում են մարդկանց, ձանձրացնում նկարագրություններով, որոնք նախկինում հետաքրքիր էին, այսօր անտեղի են թվում: Ինչպե՞ս հաղթահարել նկարագրությունները, կան ի՞նչ են տալիս դրանք մեզ այսօր: Մյուս կողմից տեսնում ենք, որ ժամանակակից շատ ու շատ բեսթսելլերներ մեծ ծավալներ ունեն, բայց ընթերցում ու վաճառվում են, այսինքն խնդիրը ծավալը չէ:Խնդիրը մեր կյանքի մասին լինելն է ու գրի վարպետությունը:
Դասականների ընթերցանությունը դժվարանում է նաև դրանց տեղեկատվական մեծ ծանրաբեռնվածության պատճառով: Դրանք պատմական այլ իրականություն ու բարքեր են ներկայացնում, որոնք այսօրվա ընթերցողին անհասկանալի են:
Օրինակ, հիշենք Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի այս հատվածը.
«Քեդխուդեքը գալիս են, տո՛, տե՛ղ արեք, ղրա՛ղ կացեք, ճա՛մփա բաց արեք,— ձեն տվեց գզիր Կոտանը՝ մեկ աչքը քոռ, դունչը ծուռը, էնպես որ միրքի կես փայը մնացել էր երեսի վրա ցից էլած, խճճված, կես փայն էլ բողազին, չանին կպել, չորացել, էնքան խոսացել էր ու հարայ տվել: Թագավորն էլ էնպես ուռած-ուռած իր քոշք ու սարեն (պալատը) չէ՛ր մտնիլ, ինչպես մեր գեղի իշխանքը՝ իրանց տաք գոմը, թեև շատի հաքին էնքան շոր չկար, որ էրկու մանեթի գին ունենա: Որը մեկ տասը տարվան կտրատված, քրքրված հին յափունջում կոլոլված, որը մեկ հազար տեղ կարկատած, մաշված քրդի աբա էնպես էր ուսերին քաշել, որ, ղորդ ա, բերանն ու միրուքը ծածկած ուներ, բայց գոտկի տակիցը դենը, գլուխդ ապրի՛, պատռտված քոբաչի չուխի ծլանկները (կտորները) հազար տեղից էնպես էին ճոլոլակ էլած ու քամու ձեռին եսիր մնացել, որ փչելիս՝ ուզում էր, թե իրանց էլ հետը տանի: Գլխըներին հո, էնպես գիտես, թե ամեն մեկը մեկ սաղ ոչխար ըլեր դրած: Էն որ մի քիչ չաղ էր ու եղալի (հարուստ), ոտն ու գլուխը էլի մի քիչ քոք էր ու, աստծու տվածիցը, շորի հոտ էր գալիս վրըներիցը»:
Որքան բառ ու հասկացություն պետք է ծանոթագրել այստեղ, որ ժամանակակից ընթերցողը տեքստը հասկանա:
Կամ Րաֆֆու «Սամվել» վեպը բացող հիասքանչ հատվածը.
«Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան ետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ: Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երևում: Երկինքը պատած էր մոխրագույն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դեպի Կրկուռ և Նեմրութ լեռների կողմերը և, այնտեղ կուտակվելով, թանձրանալով, միգային-սև կերպարանք էին ստանում: Այդ կողմից երբեմն փայլատակում էր, կայծակը, և լսելի էր լինում որոտման խուլ դղրդյուն, որ գուշակում էր հորդ անձրև:
Գիշերային այդ տագնապալի պահուն երկու ձիավորներ անցնում էին Մուշի դաշտով: Նրանք գալիս էին հեռվից, շատ հեռվից: Մի ամիս առաջ դուրս եկան Տիզբոնի երկաթյա քաղաքադռնից, անցան Խուժիստանի անապատները, անցան արևակեզ Ասորեստանը, անցան հայկական Միջա գետը և մի օր առաջ ոտք դրեցին Մուշի դաշտի վրա: Դրանք երկու սուրհանդակներ էին:
Երկու սուրհանդակներից մեկի ձին սևագույն էր, մյուսինը` կապուտակ: Կապուտակ ձիավորը առաջինի ուղևորության մասին տեղեկություն ուներ, ամենայն զգուշությամբ հետևում էր նրան և երբեք յուր նկատողությունից բաց չէր թողնում: Իսկ առաջինը չգիտեր, որ իրան հետևում են: Այդ էր պատճառը, որ նրանք, երկու մոլորակների նման, թեև գնում էին միևնույն ուղղությամբ, բայց այնպիսի զուգահեռական գծերով, որ բնավ միմյանց չէին հանդիպում: Երկուսն էլ ճանաչում էին միմյանց:
Նրանք արդեն հասել էին Արածանիի ափերին»:
Գեղեցիկ է,բայց մասնակի հասկանալի, ցավոք:
Անկախ ամեն ինչից, ընթերցելու համար սեր ու ցանկություն է պետք: Ես օրինակ մեծ սիրով վերընթերցում եմ հայ դասականներին: Օրինակ, երջերս վերընթերցում եմ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը և ամեն անգամ ներշնչվում նրա հայրենասիրությամբ, հիանում ու հաճույք ստանում մեր լեզվի հնարավորություներից, վայելում հեղինակի հումորը: Այս ամենը ես չէի կարող զգալ ոչ դպրոցում և ոչ էլ համալսարանում:
Այնպես, որ դասականներին ընթերցելը փոքր-ինչ դժվար, սակայն մշտապես հաճելի ու օգտակար գործ է:
Նկ.Ջ. Լոուրենս, Գրադարանը, 1960