Կարելի է իհարկե, գրքի դերի, գրականության նշանակության, ընթերցանության կարևորության մասին երկար ու սիրուն բաներ ասել: Ես էլ տարբեր լսարաններում, եթերներում, հոդվածներում և այլուր անընդհատ խոսել ու խոսում եմ այդ մասին: Կարելի է իհարկե խորհուրդ տալ մարդկանց կարդալ ժամանակակից հայ գրականություն, օրինակ Հ.Էդոյան, Հ.Գրիգորյան, Հ.Մովսես, Ա.Այվազյան, Լ.Խեչոյան կամ ավելի երիտասարդների, վերընթերցել դասականներին՝ Խ.Աբովյան, Ե.Չարենց, Հ.Սահյան, Պ.Սևակ, իհարկե հրաշալի Հ. Մաթևոսյան: Կարդալ թարգմանական զգայացունց ու տեղ-տեղ հիանալի վեպեր։ Կարելի է, բայց պե՞տք է արդյոք:
Շատ ու խելացի բաներ կարելի է ասել գրականության ու ընթերցանության մասին, դրանք համեմել տպավորիչ մեջբերումներով, բայց նախկինում ասվածն արդեն չկրկնելու ձգտումը, գուցե առավել չափով տարիներ շարունակ ասվածի արձագանքները չտեսնելու հիասթափությունն, ինձ ստիպում է ասել այլ բաներ.
անիմաստ է գրականություն կարդալը եթե դա անում ես նորաձևությանը տուրք տալու, լայք հավաքելու, քննություն հանձելու, գրագետ երևալու համար,
անիմաստ է գրականություն կարդալը, եթե այն փորձելու ես ձևել ու մեկնաբանել դպրոցական դասագրքի կաղապարներով ու պարզունակ մեթոդներով,
անիմաստ է հատկապես 20-21-րդ դարերի գրականության ընկալման ու մեկնաբանության մասին մտածել, եթե գաղափար չունես արվեստի այլ ձևերի մասին. չես դիտել ու դիտում լավ ֆիլմեր, գաղափար չունես գեղանկարչության ու երաժշտության մասին:
Ընդհանրապես ընթերցանությունը ոչինչ չի կարող տալ և ժամանակի իզուր վատնում է, եթե նպատակը քո հոգեմտավոր հասունացումը, ավելի ազնիվ, մտածող, իր նպատակներն ու առաքելությունը գիտակցող մարդ դառնալը չէ: Աշխարհի ու մարդկանց ավելի խորը ճանաչողությունը չէ։
Ավելին՝ ընթերցանությունը կարող է վտանգավոր լինել, եթե դու չես հասկանում ինչ, ինչու և ինչպես ես կարդում։ Եթե դա քեզ համար ժամանակավոր կեցվածք է, այլ ոչ թե կենսակերպ։