Նոր տարին ու Սուրբ Ծնունդը մարդկության ամենասիրելի ու լուսավոր տոներն են: Պատմականորեն միահյուսվելով միմյանց, այս տոները բոլոր մարդկանց ու հատկապես քրիստոնյաների համար լավ փոփոխությունների, նորոգության, երազների ու ցանկությունների կատարման սկիզբն են: Նաև այս պատճառով այս տոներն արտացոլող և դրանց շուրջ աշխարհում մեծ գրականություն է ստեղծվել, կան հազարավոր ֆիլմեր ու մուլտֆիլմեր, երգեր: Տարեմուտին, երբ Արևմտյան աշխարհը մեծ խանդավառությամբ ու շուքով նշում է Սուրբ Ծնունդը, ընթերցում համապատասխան ստեղծագործություններ, երգում երգեր, մենք սովորաբար պատրաստվում ենք Նոր տարվա հյուրասիրությանը, գրեթե մոռանում տոնի իրական խորհուրդների մասին, գիրք կարդալու ժամանակ չենք գտնում: Իսկ այս թեմայով ստեղծագործությունների ընթերցումը կարող է տոնական տրամադրություն, լավատեսություն ու ներշնչանք պարգևել։ Art365-ը ներկայացնում է «տոնական» գրականության իր ընտրանին:
1843 թվականին է լույս տեսել Սուրբծննդյան ամենահայտնի պատմվածքը՝ Չարլզ Դիկկենսի «Սուրբծննդյան Ավետիսը»: Այն մինչ օրս իր արդիականությունը չի կորցրել Սա մի հուզիչ պատմություն է ագահ ու գործունյա Սկրուջի մասին, որն իր գործընկերոջ` 7 տարի առաջ վախճանված Մարլիի ոգու և երեք ուրվականների հետ հանդիպելով` տեսնում է իր տխուր անցյալը, ձանձրալի ներկան և ողբերգական ապագան ու որոշում է փոխվել: Դառնալ բարի ու կամեցող, քանի որ տոնի լուսավոր խորհուրդը միահյուսվում է նաև ընծայաբերման, զոհաբերության, սոցիալական արդարության ու մարդասիրության գաղափարներին:
Ավելի տխուր, լուսավոր, կարևոր բաների մասին մտածել տվող գործեր են՝ Հ.Ք.Անդերսենի, Է․ Հոֆմանի, Գրիմ եղբայրների, Օ Հենրրի սուրբծննդյան հեքիաթները: Օրինակ Անդերսենի «Եղևնին»․
«Այո, այո, ով գիտի: Կարող է լինել և ես էլ կարող եմ ընկնել աստիճանից ու վերածվել արքայադստեր»: Եվ եղևնին ուրախությամբ մտածում էր վաղվա օրվա մասին. իրեն նորից կզարդարեն մոմերով ու խաղալիքներով, ոսկով ու մրգերով. «Այ վաղը ես էլ չեմ դողա»-մտածում էր նա: Ես ուզում եմ ինչպես պետք է վայելել իմ գեղեցկությունը: Եվ վաղը ես նորից կլսեմ Կլումպե-Դումպեի մասին հեքիաթը և նույնիսկ Իվեդե-Ավեդեի մասին»: Եվ ծառը զգաստ կանգնեց այդպես ամբողջ գիշեր` երազելով վաղվա մասին»։
Եղևնին վայելում է իր փառքի չափազանց կարճ երեկոն: Մասնակցում է Սուրբծննդյան ուրախ տոնին, սակայն նրա երազանք փշուր-փշուր է լինում:
Օ՛Հենրիի հանրահայտ` «Մոգերի ընծաները» պատմվածքում ամուսնական զույգը ` ամուսինն ու կինը ծննդյան տոների նախօրյակին ցանկանում են միմյանց ուրախացնել նվերներով և յուրաքանչյուրը նվեր գնելու համար զոհաբերում է իր ամենասիրելի բանը: Կինը ամուսնու ժամացույցի համար շղթա է գնում` վաճառելով իր երկար հյուսքերը, իսկ ամուսինը կնոջ համար վարսակալ է գնում` վաճառելով ժամացույցը: Պատմվածքը զույգի նվիրվածության, միմյանց նկատմամբ մեծ սիրո ու զոհաբերության մասին է․
«Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ նորաձև դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են», -ամփոփում է հեղինակը։
Փոքր-ինչ սարսափելի, սակայն անչափ հուզիչ է Էրնստ Հոֆմանի «Մարդուկ ջարդուկը»․
«Արդեն լրիվ մթնել էր և Ֆրանցն ու Մարին սարսափում էին, քանի որ լամպերը դեռևս սենյակ չէին բերվել, ինչպես նախատեսվում էր ճրագալույցին: Բայց միևնույն ժամանակ նրանք չէին կասկածում, որ նորածին բարի Քրիստոսը լուսավորել է ամեն ինչ իր հեզ ու քնքույշ աչքերով և որ ծննդյան նվերները կարծես նրա բարեբեր ձեռքի հպումից ավելի մեծ ուրախություն են բերում, քան մնացած բոլոր նվերները: Անվերջ փսփսացող երեխաներին սպասվող նվերների մասին հիշեցրեց ավագ քույրը` Լուիզան, ավելացնելով, որ նորածին Քրիստոսը միշտ ուղղորդում է ծնողների ձեռքերը և երեխաներին տալիս է այն, ինչ նրանց իրական հաճույք ու ուրախություն է պարգևում, իսկ այդ մասին նա բոլոր երեխաներից ավելի լավ գիտի: Այդ պատճառով երեխաները պետք է ոչնչի մասին չմտածեն, չգուշակեն, այլ հանգիստ սպասեն, թե ինչ նվեր կստանան: Քույրիկ Մարին մտքերի մեջ ընկավ, իսկ Ֆրիցը քթի տակ մրթմրթաց. «Բայց ամեն դեպքում ես կուզենայի աշխետ ձի ու հուսարներ»:
Ամանորի և Սուրբծննդյան հեքիաթների գլխավոր մոտիվներն ամբողջ աշխարհում կապված են կորստի ու հրաշքով փրկության, չար ուժերի լարած որոգայթների ու բարու հաղթանակի հետ: Սուրբծննդյան ավանդական հեքիաթը միշտ ունենում է երջանիկ ավարտ և բարի հերոսները հաղթում են: Սակայն մինչ այդ նրանք հայտնվում են հոգևոր կամ նյութական ճգնաժամի մեջ, որը հաղթահարել կարող է միայն հրաշքը:
Հրաշքն այս հեքիաթներում արտահայտվում է ինչպես վերերկրային ուժերի ու ոգիների մասնակացությամբ, այնպես էլ՝ հրաշալի պատահականությամբ, իրադարձությունների երջանիկ զուգադիպումով, որոնք էլ ի վերջո կապվում են Սուրբ Ծննդի հետ: Այդպիսին է Պաոլո Կոելիոյի սուրբ ծննդյան սրտառուչ հեքիաթը փոքրիկ Խոսեի բարի սրտի, մարդկանց անտարբերության և Քրիստոսի հայտնության մասին(հեքիաթը տե՛ս այստեղ):
Գրականության այս տեսակը մեծ ծաղկման է հասել 19-րդ դարում: Հոգևոր գեղեցկության, բարեգործության, հիշողությունների ու մոռացության թեմաները հուզում էին մարդկանց, մաքրում նրանց` մոռացած զգացումներ արթնացնելով.
«Սուրբ Ծնունդ, Նոր տարի: Տոներ, որ հուզում են բոլորին, խոստանում հրաշալի ու անմեղ ուրախություններ: Ինձ ամեն անգամ դուրս են հանում իմ խաղաղ խցից և գցում փոթորկոտ ծով: Սուրբ Ծնունդ․․․ տոնն այս արդեն մինչ իր գալուստը հմայում է ինձ իր բարի ողջունող լույսով: Այդ օրվան սպասելիս ես հալվում եմ անհամբերությունից, դառնում ավելի լավը, մաքուրը, քան կայի ամբողջ տարվա ընթացքում: Նույնիկ մեկ վատ միտք չի պահում իմ սիրտը, լայն բացվելով իսկապես երկնային տոնին ընդառաջ: Ես կարծես նորից փոքրիկ տղա եմ դառնում, որն ուր որ է` կլցվի զրնգուն ծիծաղով: Տոնավաճառում, ուժեղ լուսավորված վրաններում, գունավոր ու փայլուն թղթերի արանքից ինձ մեղմ ժպտում են հրաշալի հրեշտակային դեմքեր, իսկ փողոցային աղմուկի մեջ ես լսում եմ երգեհոնի աստվածային երաժշտությունը, որը հոսում է երկնքից. «Քանի որ այժմ ծնվեց Մանուկ»։ Է. Հոֆման, «Ամանորյա գիշերվա արկածները»:
Հայ գրականության մեջ Սուրբ Ծննդի հոգևոր խորհուրդներն արտացոլող, մանուկ Փրկչին ու Տիրամորը փառաբանող բազմաթիվ հոգևոր երգեր են ստեղծվել 5-րդ դարից սկսյալ․
Ի Հօրե ծագեցար՝ լուսաւորել զարարածըս,
արդարութեան Արեգակըն,
Տէր, փառք Քեզ:
Ծընար ի յայրին, ընծայեցաւ Բեթղեհէմ,
արդարութեան Արեգակըն,
Տէր, փառք Քեզ:
Հովուաց յայտնեցար,
Երկըրպագեալդ ի մոգուց,
արդարութեան Արեգակըն,
Տէր, փառք Քեզ:
Եւ մեք երգեսցուք, որ ի Կուսէն մարմնացար,
արդարութեան Արեգակըն,
Տէր,փառք Քեզ:
Մովսես Խորենացի
Հետագա շրջանի՝ հատկապես հայ նոր գրականության մեջ տոնի լուսավոր խորհուրդներին միախառնվում են սոցիալական, քաղաքական հարցադրումները։ Այդպիսի գաղափարական ուղղվածություն ունեն հատկապես Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները․
Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցի, գընա,Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթիՍառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վըրից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալիցԱչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին։—
Ես էլ էնպես,Նորեկ տարի,—
Մի խոտ, մի բույս,
Ո՛չ ավելի։
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,Կամ թե մի մարդ...
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտեսԿորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի։
Այս շրջանի ամենից հայտնի գործն, իհարկե, Ռափայել Պատկանյանի բանաստեղծությունն է և ավելի հայտնի երգը՝ Ռ. Հախվերդյանի կատարմամբ․
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։
Սուրբ Ծննդյան կամ «կաղանդային» պատմվածքները 19-րդ դարի 80-ական թվականներից մինչև 20-րդ դարի 10-ական թվականները սիրված ու տարածված էին արմտահայ իրականության մեջ: Արևմտահայ նորավիպագրությունը, յուրաքանչյուր նոր տարի սկսում էր «կաղանդային» նովելներով: Տարվա առաջին գեղարվեստական ստեղծագործությունները, որ տպագրում էին ժամանակի արևմտահայ մամուլում, Ամանորի, Սուրբ Ծնունդի թեմաներով փոքր արձակ գործեր էին` բարեգթության, կարեկցանքի, եղբայրասիրության, գթասրտության խեղճերի և ճնշվածների, զղջումի և դարձի, նոր սկզբի ու կյանքի նորոգության մասին: Ըստ ուսումնասիրող Գրիգոր Հակոբյանի Սուրբ Ծննդի խորհուրդը պատմվածքներում խարսխված է դեպի Տերը դարձի, քրիստոնյային հարիր ընթացքի, հոգևոր-բարոյական մաքրագործման, ինքնակատարելագործման մոտիվների վրա․
«Մեծ դադարն է ասիկա, անհետացնելով հոգնություններն ու զրկանքները, գալիք օրերուն համար նոր ուժեր պատրաստելով, ամրապնդելով արի հավատքը որ դարերե ի վեր այդ հողին կը կապե զիրենքª վհատիլ չգիտցող վստահությամբ մը, տկարանալ չգիտցող կորովով մը»։ Լևոն Բաշալյան, «Կաղանդ»:
Մինչխորհրդային և խորհրդահայ գրականությունը թեմային անդրադարձել է միայն Նոր տարվա տոնի թեմատիկ շրջանակներում, սակայն հանդիպում են նաև գեղեցիկ բացառություններ: Օրինակ, Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը» վիպակը։ Ամանորյա տրամադրությունները Խորհրդային կայսրության անբողջ տարածքում կապված էին Կրեմլյան մեծ տոնածառի, ապա հեռուստատեսության զարգացմամբ` թեմատիկ մուլտֆիլմերի ու գեղարվեստական ֆիլմերի հետ: Տոնական էին հատկապես մուլտֆիլմերը, որոնց մի մասը Սուրբծննդյան դասական հեքիաթների հիման վրա էր ստեղծվել:
Ավելի նոր շրջանի գրականությունից անհրաժեշտ է անպայման ընթերցել արևմտահայ բանաստեղծ Զահրատի Կաղանդին նվիրված բանաստեղծությունները, հատկապես «Կաղանդի գիշերը»․
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…
Բերված օրինակները բավական են տոների խորհուրդների գրական արձագանքները տեսնելու համար։ Սակայն սրանք հայ ու համաշխարհային գրականության մեջ այս տոներին նվիրված հսկայական գրականության մի փոքրիկ մասն են ներկայացնում: Սակայն այստեղ էլ արտացոլվել են տոների հիմնական տրամադրություններն ու ուղերձները․ գոհունակություն և շնորհակալություն Տիրոջն ու մարդկանց, բարեգործություն անելու հրավեր, ապագայի նկատմամբ լավատեսություն և իհարկե սեր, առանց որի այս ամենն ուղղակի դատարկ բառեր են։ Ընթերցենք լավ գրականություն, մեր օրը, շաբաթն ու տարին լցնելով ներշնչումով, գեղեցիկ ապրումներով ու սիրով, որ պարգևում է գրականությունը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան