Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․
Հովհաննես Թումանյանի՝ 1915 թվականի, հայոց պատմության ամենադաժան շրջանում գրված «Հայրենիքիս հետ» բանաստեղծության վերջին տունը, ինձ միշտ մտածել է տվել, թե հայրենքի ապագայի լուսավոր տեսիլի մեջ ինչու է բանաստեղծը խոսում պոետների անեծքի ու պղծման մասին։ Ինչու է կարևորում բանաստեղծական խոսքի մաքրությունը, ինչու է անեծքը պղծություն համարում։
Գիտենք որ խոսքի զորության նկատմամբ հավատը հնագույն արմատներ ունի մեր բանահյուսությունն ու գրականությունը և աղոթք-մաղթանքների և անեծքների օրինակներ տալիս է։ Ամենահայտնի անիծվածը կամ բանադրվածը՝ Փոքր Մհերն է, որը հոր անեծքով փակված է Ագռավաքարում։ Բայց ժողովուրդն այդ էջը չի փակում, քանի որ սպասում է վերադարձին ու կա Մհերի վերադարձի տեսիլը:
Ի՞նչ արժեք ու զորություն ունի գեղարվեստական խոսքը, բանը։ Այն արտացոլում է իրականություն, սակայն նաև ստեղծում է։ Հիշենք Հրանտ Մաթևոսյանի հայտնի խոսքը՝ «երկրի վրա ինչ որ լինում է՝ լինում է նախ խոսքի մեջ»։ Մեկ այլ տեղում էլ ՝ Չարենցի «Գիրք ճանապարհի» գրքի առիթով խոսում է «Անխաթար բանի նորոգ աշխարհի մասին»։ Գեղարվեստական խոսքը փաստորեն մի զորավոր բան է, որի նշանակությունն ընկալում են գրողները։ Այս դեպքում հարց է առաջանում, ինչպե՞ս տեսնել չարիքը, պատերազմը և գրել լույսի ու լավ ապագայի մասին։ Ինչպես անխաթար ու զորավոր խոսք ստեղծել:
Նույն կերպ կարող ենք հիշել Վահան Տերյան ցնցող բանաստեղծությունը, որը կարծես Թումանյանի բանաստեղծության շարունակությունը կամ նախապատությունը լինի.
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...
Արքայական լեզուն ՝ որպես աղոթք ու այդ աղոթքով կոչ՝ ցոլա, ցնորք Նաիրի՛
1990-ականներին Համո Սահյանը հոռետեսության, կյանքի ու երկրի մայրամուտի միջից արձագանքում է Վահան Տերյանին՝ աղոթքի պես.
Առաքելու է, ինչ էլ որ լինի,
Իր ծուխն առ երկինք երդը նաիրյան
Եվ ոչ մի օրով աշխարհի երթից
Հետ չի մնալու երթը նաիրյան:
Ինչ հողմ ու հրդեհ, հրթիռ ու հյուլե,
Ամուր է հոգու բերդը նաիրյան:
Նկ. Ե.Թադևոսյան, Հովհ.Թումանյանի դիմանկարի էսքիզը, 1931, ՀԱՊ շտեմարան-www.gallery.am