Ցավով պետք է արձանագրել, որ օբյեկտիվ՝
- հին, միջնադարյան, նոր ու նորագույն շրջանների գրականության գոնե համառոտ ներկայացման անհրաժեշտություն,
- նյութի մատուցման եղանակների` դպրոցականների տարիքային առանձնահատկություններով պայմանավորված սահմանափակություն,
- ընդհանուր անտարբերություն գրական ընթացքի նկատմամբ,
նաև սուբյեկտիվ՝
- դասագրքերի հեղինակների աշխարհայացք և մեթոդաբանություն,
- ուսուցիչների սահմանափակ մոտեցումներ
- ավանդական գործիքակազմ,
պատճառներով հայ գրականությունը դպրոցական դասագրքերում ներկայացվում է բավական մակերեսային, նոր սերնդին անհասկանալի լեզվով ու ձևերով: Բացի այս, գրականության կենդանի ընթացքի հետ կապը նվազագույն է:
Նաև ստիպված ենք նշել, որ ինչպես դպրոցներում, այնպես էլ նույնիսկ բուհերում` որոշ մասնագետների շրջանում արհամարհական վերաբերմունք կա ժամանակակից գրականության նկատմամբ, ինչը ոչ այնքան պայմանավորված է գրականության փաստացի որակով, որքան գրականության բնույթի, նշանակության ու գործառույթների վերաբերյալ հնացած պատկերացումներով, հաճախ ուղղակի անծանոթությամբ, զուտ անձնական խնդիրներով ու մեծամտությամբ:
Այս իրավիճակը շտկելու համար, իմ խորին համոզմամբ, ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների ընդգրկումը դպրոցական ծրագրերում և դասագրքերում բավարար չի կարող լինել: Անհրաժեշտ են ավելի ընդգրկուն ու հետևողական քայլեր գրականության ընդհանրապես, ի մասնավորի ժամանակակից գրականության նկատմամբ վերաբերմունքը փոխելու ուղղությամբ.
- Անհրաժեշտ է ընդհանրապես վերանայել դասագրքերում գրականության մատուցման կերպն ու լեզուն: Աշակերտներին հնարավորինս մատչելի ներկայացնել ժամանակակից տեսական պատկերացումները գրականության բնույթի ու նշանակության մասին՝ կարևորելով ոչ միայն գրականության ընկալման ավանդական ձևերը, այլև ընդգծելով գրականության բազմազանությունն ու արժևորման տարբերությունները:
- Ցույց տալ գրականության դերի ու նշանակության հասկացությունների պատմական զարգացումը և գրականության գործառույթների փոփոխությունը ժամանակակից իրականության մեջ: Հնարավորինս նրբորեն և հիմնավոր օգտագործել «ազգային», «համաշխարհային գրականություն», «գրականություն» և «ոչ գրականություն», «բարձր», «ցածր», «լավ ու վատ» բնութագրումները: Ներկայացնել գրականությունը որպես զարգացող, հարստացող, հասարակական ընկալումների փոփոխության հետ փոփոխվող երևույթ: Աշակերտը նախ և առաջ պետք է հասկանա, որ գրականությունը շատ բազմազան է ու տարբեր: Այն որ գրական այս կամ այն ստեղծագործությունը չի հուզում դեռ չի նշանակում, որ այն գրական չէ, կամ եթե խոսում է ոչ թե պատմական կարևոր իրադարձությունների մասին, այլ մարդու ապրումների ու զգացմունքների: Այսինքն թեման կամ ներկայացման ձևը դեռևս գրականության գնահատման պայման չեն:
- Հնարավորության դեպքում թեման մատուցել հիմնվելով գրական տեքստի վերլուծության, այլ ոչ թե դրա ստեղծման միայն արտաքին հանգամանքների` գրողի կենսագրություն, հոգեբանություն, պատմական ու հասարակական հանգամանքներ, ներկայացման վրա:
- Հարցերի միջոցով ձևավորել քննադատական վերաբերմունք ստեղծագործության նկատմամբ: Ճշտել, թե ինչ չափանիշներով պետք է արժևորվի այս կամ այն հեղինակի ստեղծագործությունը: Վերլուծությունը կատարել խուսափելով վերջնական ճշմարտություններ ու պատրաստի բանաձևեր տալուց, հնարավորություն թողնելով աշակերտի ինքնուրույն աշխատանքի համար:
- Եվ ամենակարևորը` հնարավորության դեպքում դասական հեղինակի ստեղծագործությունը կապել արդի գրական ընթացքի հետ: Ներկայացնել գրողի ու նրա ստեղծագործության հնարավոր արձագանքները ժամանակակից գրականության մեջ: Ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների ներկայացմամբ ցույց տալ գրական ավանդույթի շարունակականությունը:
- Մյուս կողմից պակաս կարևոր չէ նաև ժամանակակից հեղինակների ակտիվությունը: Անհրաժեշտ է սերտացնել կապերը դպրոցների հետ, կազմակերպել հանդիպում-զրույց-քննարկումներ:
Այս և մի շարք այլ քայլերով, կարծում եմ, հնարավոր կլինի դպրոցականների մեջ հետաքրրքություն առաջացնել կենդանի գրական ընթացքի նկատմամբ, դաստիարակել մեր օրերում ստեղծվող գրականության նոր ընթերցողներ: