Հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրելով լեռներով շրջապատված ու լեռնային երկրում՝ դարեր շարունակ ծով է երազում: Կարելի է ասել նույնիսկ, որ մեր երազանքը ծովով է չափվում՝ «ծովից ծով Հայաստանով»: Ըստ այսմ էլ, նավի և, առավել ևս, նավատորմի մասին երազանքը ոչ այլ ինչ է, քան երազանքի երազանք, «միֆ, ֆիկցիա, ուղեղի մորմոք», ինչպես բնութագրում է երազային «Երկիր Նաիրին» Չարենցը:
Այդպիսի մի երազ էր 1918-ին իրականություն դարձած Հայաստանի առաջին հանրապետությունը: Այն ծնվեց հրաշքով ու մաքառումով, կարճ կյանք ունեցավ և կրկին երազ դարձավ: Հայոց առաջին հանրապետության կյանքն է 20-րդ դարի հայ գրականության ուշագրավ երևույթներից մեկի` Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպի հիմնական թեման, իսկ նավը՝ գլխավոր խորհրդանիշը:
Խորհրդանիշը, խորհրդանիշ, սակայն Հայաստանի Հանրապետությունը նաև բանակ ու նավատորմ ուներ։
Թիֆլիսում գտնվող Հայաստանի կառավարությունը` Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ առաջին նախարարությունների թվում ստեղծեց նաև զինվորական նախարարությունը` ռուսական բանակի գեներալ-մայոր Հովհաննես Հախվերդյանի գլխավորությամբ:
1918 թվական. հունիսի 5: Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 20 որոշմամբ կազմավորվում են առանձին զորաջոկատներ, որոնց թվում էր Տիգրան Բաղդասարյանի հրամանատարությամբ ստեղծված Դիլիջանի զորաջոկատը: Այս ջոկատին էր վստահված Հայաստանի այդ ուղղության և Սևանի ավազանի պաշտպանությունը: Ավելի ուշ 1919 թվականի մայիսին այս զորաջոկատի ենթակայության տակ էլ ստեղծվում է Սևանի լճային նավատորմիղը: Անմիջապես էլ նավակայան է հիմնվում Ելենովկայում, այժմ՝ Սևան քաղաքում:
Սևանում է սկսվում է դեռևս երազային նավատորմի առաջին նավի` «Աշոտ Երկաթի» շինարարությունը: Նավի անվանումը պատահական չէր: Հայոց թագավոր Աշոտ Բագրատունին շնորհիվ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպի, սերունդների հիշողության մեջ մնացել էր որպես մեր պատմության թերևս միակ ծովամարտում հաղթանակած, միակ հայ թագավորը: Ըստ նախագծի «Աշոտ Երկաթ» նավը պետք է ունենար 100 փութ տարողություն, 1 թնդանոթ և 2 գնդացիր:
Սակայն ուշագրավ է, որ բացի «Աշոտ Երկաթը» կար ևս մեկ նավ: Ըստ ժամանակակիցների հուշերի դեռևս Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսները երկաթուղով մի նավ են բերում՝ Վանա կամ Ուրմիա լիճ տանելու համար: Սակայն տարբեր պատճառներով նավը տեղ չի հասնում և մնում է ճանապարհին, ապա անգործության մատնվելով՝ նետվում մի փոսի մեջ: Այս նավի Սևան հասցնելու առաքելությունը ստանձնում է 1920 թ․ Հայաստան եկած փորձառու նավապետ Երվանդ Գասպարյանը, որը մինչ այդ Ա․ Մանթաշյանի «Բորժոմի» շոգենավի նավապետն էր։
Նավապետ Երվանդ Գասպարյան
Նա էլ հետագայում կազմակերպում է «Գեղանուշ», ապա «Լուկաշին» վերանվանված նավի վերանորոգումն ու նավարկությունը։ Ենթադրվում է, որ նաև այդ նավի տեղափոխման պատմությունն է ընկած Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպի հիմքում:
Վերա Վարդ-Պատրիկյան, Լուկաշին նավը Սևանում, 1930
Վեպում գլխավոր հերոսը՝ նավապետ Արա Հերյանը, օտար ափերից հայրենիք է վերադառնում նորաստեղծ երկրին ծառայելու համար: Նա Ռուսաստանից մի նավ է գնում և այն գնացքով մինչ Երևան հասցնում:
Հեղինակը նկարագրում է, թե ինչպես նավապետը սովի և պատերազմի օրերին գյուղերից եզներ է գտնում, դրանց լծում նավն ու Երևանցիների ծաղր ու ծանակի ներքո նախկին Աստաֆյան փողոցով, սանտիմետր առ սանտիմետր առաջ տանում դեպի Սևան:
Սակայն վեպում նավն այդպես էլ Սևան չի հասնում և կանգնում-մնում է Քանաքեռի բարձունքում: «Լաստոչկա» նավը կանգնում է քաղաքի վրա և տխուր նայում ներքև` խորհրդանշելով չիրականացված երազը:
Եղիշե Թադևոսյան, Նավահանգիստ, Սևան, 1934
Մինչ վեպը նավի մասին Կոստան Զարյանը պատմում է նաև ինքնակենսագրական «Անցորդը և իր ճամբան» գործում: Հեղինակը հիշում է, որ նորաստեղծ կառավարության անդամների հետ գնացել է Ելենովկա և այնտեղից՝ Նոր Բայազետ: Այստեղ էլ մի անանուն հերոս պատմում է նավի պատմությունը: Այդ պատմությունը սակայն իրականի և գեղարվեստականի մի յուրօրնակ խառնուրդ է:
«...Ես զարմանում եմ ինչպես են կարողացել այս նեղլիկ զառիվարների և զառիվերների վրայով հրել նավը...Դաշնակցականները մեկնել էին և Երևանի կայարանում, վագոնի վրա ցցված թողել էին մի նավ...Բավական մեծ երկաթե այդ նավը ամիսներով մնացել էր թառած շոգեմեքենաների մոտ, ափը ընկած տարօրինակ ծովային մի ձուկի նման: Մելամաղձոտ բան է ցամաքի վրա նավ տեսնելը....»:
Այստեղ հեղինակը պատմում է նաև «Աշոտ Երկաթ» նավի պատմությունը: Բեսարաբիայից մի հայ էր եկել և որդու` ծովային սպայի հետ հաստատվել Երևանում: Հենց այս մարդն էլ հեղինակին պատմում կառուցվող նավի մասին. «Զավակս անմիջապես լծվեց գործի: Հայաստանը դեռ ծով չունի, ուստի` զավակս բարձրացավ և գնաց լիճը փնտրելու: ՄԵծ լիճ է կարելի է նավարկել»:
Տղան ըստ Զարյանի ծանր պայմաններում գնում է Սևան և սկսում «Աշոտ Երկաթ» նավի շինարարությունը: Շուտով նավը պատրաստ էր, սակայն արդեն չկար Առաջին հանրապետությունը, իսկ նավապետը սպանվել էր բոլշևիկների ձեռքով:
Դեպքերի մեկ այլ ժամանակակից` Գաբրիել Լազյանը, պատմում է գրեթե նույն պատմությունը, սակայն մեկ հավելումով: Ականատեսը նշում է, որ մարդիկ հեգնանքով «Աշոտ Երկաթին» «Աշոտ տախտակ» էին անվանում:
Գաբրիել Լազյան
Վիպական նավի իրական լինելու մասին վկայում է նաև Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն իր «Կյանքի ուղիներ» գրքում:
«Դիտում էինք նավաշինարանը և նորաստեղծ «Աշոտ Երկաթ» «ռազմանավի» թերավատ կմախքը: Երիտասարդ սպան հպարտությամբ բացատրում է. Հայաստանի նավատորմի առաջին միավորն է, որի կառուցման բախտն իրեն է վիճակված: Ռազմանավն ունենալու է երկու թեթև թնդանոթ և հիսուն նավաստի: Այսքանը բավական էր Սևանի եզերքներում խաղաղություն պահելու համար: Առաջին ծիծեռնակն էր այս երիտասարդ սպան, ով հոր հետ միասին Բեսարաբիայից եկել էր նորազատ Հայաստան` ծառայելու: Հայրը` մաթեմատիկի ուսուցիչ, մնացել էր Երևանում պետական փողերանոցի վարիչի պաշտոնով, իսկ իրեն վստահված էր նավագնացության կազմակերպումը Սևանի վրա: Իր շինած առաջին նավը` «Աշոտ Երկաթը», շուտով պիտի սկսեր բանել»-գրում է Սիմոն Վրացյանը:
Ս․Վրացյանն այս պատմությունը մի փոքր Այլ կերպ պատմում է նաև իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում և վերջնականապես իրական է դառնում վիպականը և կենդանանում է նավատորմի առասպելը:
Այդուհանդերձ մի կարճ ժամանակ «նավատորմը» գործում է և պաշտպանում Սևանի ափերը: Այնուհետև Առաջին հանրապետության վերացումից հետո պատմությունը լռում է: Մի քանի աղբյուրներում նշվում է, որ նավը 60-ական թվականների դեռևս նավարկել է:
Առաջին հանրապետությունը այդպես էլ մնաց որպես լեռներում քարացած նավ ու հավերժական երազ` իր ճակատագրով կրկնելով առաջին նավի պատմությունը: Սակայն փոքրիկ Սևանում նավարկության պատմությունը ցույց է տալիս, որ հզոր կամքով ու նվիրումով հնարավոր է նավերը ծով հասցնել՝ հաղթահարելով նույնիսկ լեռները։