Այս հոդվածով առանձնացրել ենք Գեղարդ վանքի մասին առասպել։
Մի եղբայր ու քույր խոստում են տալիս վանք կառուցել, որպեսզի իրենց հիշատակը դարեր շարունակ վառ մնա: Նրանք ճանապարհորդում են Հայաստանով, հասնում մինչև Գառնիի ձորը․ նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան էր բացվում: Նրանք որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը:
Սակայն երկար ժամանակ եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար։
Կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում էր.
- Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ…
Մի օր քույրը ձեռքերը վեր պարզելով՝ խնդրում է Աստծուն օգնել իրենց, որ կարողանան գտնել վանքի կառուցման ճիշտ տեղը:
Հենց հաջորդ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացում են իրենց աչքերը և լույսի մի վառ ճառագայթ տեսնում, որը իջել ու առավել պայծառացրել էր ժայռերից մեկի գագաթը:
Ուրախացած երիտասարդները բարձրանում են ժայռի վրա, և տղան իր ձեռքն առնելով սուրսայր բրիչը՝ սկսում է փորել ժայռը, օրեցօր ավելի ու ավելի խորանալով դրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը՝ կապելով մազերի ծայրերից զամբյուղը, ու վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները:
Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ անտրտունջ աշխատելով, նրանք կարողանում են այդ շատ ամուր ժայռի մեջ փորելով՝ կերտել մի աննման տաճար:
Եղբայրն ու քույրը ապրեցին այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը:
Ժամանակին առաքյալներ Սուրբ Բարդուղիմեոսը և Սուրբ Թադևոսը Հայաստան էին բերել կտոր այն գեղարդից, որով խոցել էին խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից: