Ագաթանգեղոս ու Մովսես Խորենացի պատմիչները ներկայացնում են Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Տրդատ Մեծի մինչ թագավոր հռչակման շրջանի վիպական պատմությունը։ Այս վիպասքում Տրդատը ֆիզիկական մեծ ուժ ունեցող մի իսկական էպիկական հերոս է, որը տարբեր քաջագործություններ է գործում, օտար միջավայրում աչքի ընկնում իր խիզախությամբ, ուժով ու հնարամտությամբ։ Իր այս արարքներով Տրդատը վաստակում է հռոմեացիների հարգանքն ու սերը և, ի վերջո, որպես թագավոր վերադառնում Մեծ Հայք։ Art365-ը ներկայացնում է Տրդատ Մեծի` գոթերի առաջնորդի նկատմամբ հաղթանակի ավանդությունը, ըստ Ագաթանգեղոսի պատմության և Ս․ Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը» գրքի․
Այդ օրերին գոթերի թագավորը զորաժողով է անում և բազում զորք հավաքելով պատերազմի է ելնում Հռոմի դեմ։ Նա Հոոմի թագավորին հղում է հետևյալ պատգամը. «Ինչո՞ւ ենք զուր իրար դեմ զորքով ելնում պատերազմի, զորք սպանում, երկրին ու ժողովրդին վտանգ ու տագնապ պատճառում։ Ես իմ զորքի միջից դուրս կգամ իբրև ախոյան այս կողմից, դու էլ հունական զորքից դուրս արի՝ այդ կողմից, գնանք հասնենք մարտի վայրը, եթե ես քեզ հաղթեմ, հույները կհնազանդվեն ինձ, եթե դու ինձ հաղթես՝ մեր կյանքը քեզ կպատկանի և կհնազանդվենք քեզ։ Երկու կողմերի համար էլ ամեն ինչ կավարտվի խաղաղությամբ, առանց արյան ու կոտորածի»։
Երբ Հռոմի թագավորին հաղորդում են այս պատգամը, ահը սիրտն է ընկնում, որովհետև անգամ օրինավոր ոազմական պատրաստության դեպքում նա չէր կարող թշնամու դեմ ճակատել, ուր մնաց թե համաձայներ այդ պատգամի պահանջին, մանավանդ որ մարմնով տկար էր և անզոր։ Ուստի նա սարսափած ու մոլորած չի իմանում ինչ պատասխան տա գոթաց թագավորին։ Վերջապես նա վճռում է դիմել իր զորականներին ու զորքին։ Նա հրովարտակներ ու պատվիրակներ է ուղարկում իր տերության բոլոր իշխաններին, նախարարներին ու զորքին, որպեսզի նրանք շուտափույթ իր մոտ հավաքվեն։ Բոլորը շտապում են ներկայանալ թագավորին։ Թագավորին է շտապում ներկայանալ նաև Լիկիանեսը՝ Տրդատի հետ միասին, իր ձեռքի տակ եղած զորագնդով։
Այնպես է պատահում, որ բոլոր զորագնդերը արքայանիստ քաղաքին են մոտենում կեսգիշերին, երբ քաղաքի դարպասները արդեն փակ էին։ Զորքերը գալիս խռնվում են դարպասների մոտ գտնվող շտեմարանի հրապարակում՝ այգեստանի առուների մեջ։ Հոգնած ու քաղցած ձիերին կերակրելու համար հրապարակում խոտ չի գտնվում, մինչդեռ քաղաքի պարսպից ներս՝ անասունների բակում, խոտի մեծ-մեծ դեզեր կային կիտված։ Պարիսպն այնքան բարձր էր, որ ոչ ոք չէր կարող բարձրանալ և քաղաքից խոտ բերել ձիերին։ Այնժամ Տրդատը մագլցելով բարձրանում է պարիսպը, իջնում քաղաք և սկսում դեզ-դեզ խոտերը պարսպի վրայով նետել զորքերի մեջ, լիուլի բավարարելով ձիերին։ Ապա նա բռնում է խոտերի վերակացուներից և պահապան շներից շատերին, դարձյալ նետում զորքի մեջ, իսկ ինքը բարձրանալով պարիսպը, իջնում, գալիս է իր գունդը։
Լիկիանեսը Տրդատի այս վիթխարի ուժից ու արարմունքից մնում է ապշած։ Առավոտյան քաղաքի դռները բացվում են, և ամբողջ զորքը մտնում է քաղաք։ Լիկիանեսը բոլոր մեծամեծների և զորապետների հետ ներկայանում է թագավորին։
Թագավորը իշխաններին ու զորապետներին է ներկայացնում գոթաց թագավորի պատգամները։ Լիկիանեսը անմիջապես խոսք է վերցնում և դիմում թագավորին.
— Թող իմ տիրոջ սիրտը բնավ չտագնապի, քանզի այստեղ՝ քո պալատում, կա մի տղամարղ, որի միջոցով կարող ես գոթաց թագավորի պայմանը կատարել։ Նրա անունը Տրդատ է, ինքը՝ Հայոց աշխարհի արքայական տոհմից։
Եվ Լիկիանեսը թագավորին պատմում է Տրդատի գիշերվա քաջագործությունը։ Թագավորի հրամանով Տրդատին բերում, ներկայացնում են թագավորին։ Թագավորն ամեն ինչ կարգով պատմում է Տրդատին, ստանում գոթաց թագավորի հետ մենամարտելու նրա համաձայնությունը, որոշում նաև մենամարտի ժամը։
Հաջորդ օրն առավոտյան կայսեր հրամանով՝ ծիրանի արքայական պատմուճան են գցում Տրդատի վրա, զարդարում կայսերական նշանով ու զարդով և հրաման արձակում, որ նա՝ ինքը կայսրն է։
Կայսերակերպ Տրդատը վերցնելով զորքի համակ բազմությունը մարտական փողերի ազդանշանով արագ մոտենում է գոթական զորքին և կանգնում թշնամիներին դեմ հանդիման։ Զորքերից անջատվում են կայսերակերպ Տրդատն ու գոթերի թագավորը և գալիս կանգնում են իրար դիմաց։ Ապա նրանք մտրակում են երիվարներին և հասնում իրար։ Կայսերակերպ Տրդատը հաղթում է գոթաց թագավորին բռնում նրան և բերում կանգնեցնում է կայսրի առջև։
Կայսրը մեծամեծ պատիվներ ու պարգևներ է շնորհում Տրդատին, գլխին թագ դնում, արքայական ծիրանիով ու զարդով զարդարում, մեծարում և բազում օգնական զորք հանձնելով նրան, ուղարկում իր հայրենի Հայոց աշխարհը։
Հաղթական մարտում քաջություններ գործելուց հետո Մեծ Հայքի Տրդատ արքան վերադարձավ Հունաց կողմերից: Թագավորը շարժվեց եկավ Հայոց կողմերը և հասնելով գտավ այնտեղ Պարսից մեծաքանակ զորք, որ երկիրը գրավել էր, հպատակեցրել: Շատերին կոտորեց և շատերին փախստական դարձնելով՝ Պարսից կողմերը քշեց, իսկ հայրենի տերությունը նվաճեց ու զորացավ նրա սահմանների վրա:
Հովնաթանյան Մկրտում, Տրդատ թագավոր, 1836
Աղբյուրը՝ Ս․ Հարությունյան, Հայ հին վիպաշխարհը, Երևան, 1987:
Ագաթանգեղոս, Հայոց Պատմություն, թարգմ․՝ Ա․Տեր-Ղևոնդյան, Երևան, 1983: