Հարիսան ազգային սիրված կերակրատեսակ է, որն ունեցել է և ունի նաև ծիսական նշանակություն։ Այսինքն՝ մեր նախնիները այն պատրաստել են, որոշակի հաճախականությամբ, հանգամանքներում ու խորհուրդներով։ Էպոսի բանավոր տարբերակներում բազմիցս հիշատակվում է հարիսան, այս ուտեստի պատրաստման ու օգտագործման կերպը։ Հարիսան էպոսում պատրաստվում է «Ցասման ժամին»՝ եկեղեցու բակում և նպատակը զոհաբերությունն է՝ մատաղը։ Գյուղացիները բնական աղետներից պաշտպանվելու համար ուխտի էին գնում սրբավայրեր, մատաղ անում, եկեղեցու բակում պատրաստում էին հարիսա, քեֆ ու ուրախություն անում, օղի խմում:
Գիտենք Հարիսան, որքան կարևոր նշանակություն ունի մուսալեռցիների համար։ Այն կապված է Մուսա լեռան հերոսական ինքնպաշտպանության հետ և մինչ օրս եփվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը։ Այն ըստ էության կրկին զոհաբերություն-մատաղի խորհուրդ ունի։
Հետաքրքիր է, որ ըստ ավանդության հարիսան առաջին անգամ պատրաստել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և տվել նաև այս կերակրատեսակի անվան ստուգաբանությունը՝ «Հարիսա-հարի՛ր սա»։ Գրիգոր Լուսավորչի վարքը ներկայացնող Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» մեջ, թեև այս ավանդությունը գտնել չենք կարող, սակայն այն մի գողտրիկ բանաստեղծության հետ միասին ներկայացնում է մեր մեկ այլ կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկն իր «Պապիկ և թոռնիկ» ստեղծագործության մեջ։ Այստեղ տեսնում ենք, որ Հարիսա էին պատրաստում նաև Վասպուրականում և հատկապես Վարագավանքում՝ Սուրբ Խաչի օրը, և այն ընկալվում էր որպես հոգեհաց՝ մատուցված մեռյալների հոգիների համար։
ՊԱՊԻԿ ԵՎ ԹՈՌՆԻԿ
ԺԳ. ՇՏԵՄԱՐԱՆ
Յանկարծ միտքս եկաւ Թոռնիկ, ինչ զուգադէպ մի օր է այսօր, վաղը մեր Վարագայ Խաչի տօնն է։ Ի նախնեաց անտի սովորութիւն եղած է, բայց Վասպուրական աշխարհ վաղը հարիսայ կը դնէ, գիւղական ժողովուրդին համար աւելի ցնծութեան օր է, մեք այս աւուր կալի կորկոտ կասենք, վասն զի կալեր կը վերջանան. կալի երախայրիքէն գիւղական տանտիկինները յատկապէս ճերմկահատ ցորեններէն կորկոտ կը պատրաստեն հարիսայի համար, բոլոր գիւղի տները ամէն մէկ իրենց չափով հարիսայ կը դնեն։ Էր մի ժամանակ որ գեղի մեծ մեծ համբաներ մէկ մէկ եզ կը մորթէին հարիսայի համար, իրենց մեռելները յիշելով հոգւոյ հաց կը պատրաստէին, բոլոր գեղի ժողովուրդ, աղքատներ կուտէին կուշտ կուշտ եւ կօրհնէին տանուտէր։
Գնա՜ց, Թոռնիկ, այն առատութեան ժամանակ, թող եզն, բաւ է թէ կարենան ուլ մի մորթել։ Ի հնուց հարիսայի համար շատ երգեր կան բայց ես նորէն մի երգ խօսիմ քեզ։
Էս օր, գիտէ՞ք թէ ի՞նչ օր է
Մեր Վարագայ Խաչի տօնն է,
Եւ մենք կասենք կալի կորկոտ,
Հարիսայի մեծ տօնն է։
Բոլոր աշխարհ Վասպուրական
Հերիսայի տօն կատարէ,
Է՜, տան տիկին, Թոնիր վառէ
Դիր մեծ պղինձ եւ պտուկներ,
Մեք մորթեցինք մեր պարարտ եզն,
Միսն ու կորկոտ պատրաստ է, տե՜ս։
Բոլորեցէք շուրջ պըղընձին
Բոլոր գեղի կըտրիճ լաճեր,
Հարէք ըզ սա ուժգին հարէք,
Կասէ մեր Հայր Լուսաւորիչն։
Էնպէս հարէք մինչեւ հալին
Ոսկորն ու միսն ի միասին,
Հալին խառնին հետ կորկոտին
Այն է նշան լաւ հարիսին։
Չոքէք, մանկտիք, թախսին վերայ
Սըփռոց չուզեր, շինական եմք,
Լից տան տիկին ըզ հարիսան
Լիճ լիճ արա եզն ի վերայ։
Տան հարսներ եւ աղջիկներ
Շուտ շուտ բերէք ըզ թափթափան
Թոնրէն ելած տաք տաք հացեր,
Ի՞նչ անուշ է հարիսի հետ։
Առէք այն կոպիտ անտաշ
Խոշոր խոշոր մեծ դըգալներ,
Կերէք կերէք անուշ էլնի
Վաստակաւոր մշակներ։
Օրհնեալ լինի մեր տանտիկին
Լաւ է եփեր ըզ հարիսան,
Օրհնեալ լինի Լուսաւորի՜չն
Որ տուաւ մեզ լոյս հաւատ,
Հետ հաւատին մեզ աւանդեց
Հարիսային այս յիշատակ։
Օրհնեալ լինի իւր յիշատակ
Պահենք պահենք այս յիշատակ,
Միշտ յիշենք ու չը մոռնանք
Մեր փրկութեան մեծ օրն էր այն։»
Պատմեմ քեզ, Թոռնիկ, հարիսային աւանդութեան եւ յիշատակ, որ մեր Լուսաւորչի օրէն եկեր է մեզ հասեր է։
Ես էլ իմ Պապկէս լսած եմ որ այսպէս կը պատմէր, թէ երբ սուրբ Գրիգոր Լուսաւորիչ խոր վիրապէն ելաւ եկաւ Վաղարշապատ, վաթսուն օրը ամբողջ քարոզ խօսեց հեթանոս Հայ ժողովուրդին. բիւրաւոր մարդիկ մտիկ կանէին։ Անշուշտ անոնց մէջ շատ աղքատներ կային, Լուսաւորիչն ուզեց աղքատներուն համար մի ճաշ պատրաստէ. բայց այս ճաշը Յիսուսի պէս հրաշքով չը պատրաստեց, հրաման արաց հազարաւոր գեղացիներուն որ շատ եզ ու ոչխար բերին, զանոնք մորթել տուաւ, մեծ մեծ կաթսաներ կրակի վերայ դրին. միսեր մէջ լեցուցին, կորկոտն եւս վրան. հրաման արաց հաստաբազուկ կտրիճ երիտասարդներուն եւ ասաց հարէք ըսա, որով այս կերակուրի անուն մնաց հարիսա։ Այս կերակուր հայկական մի պատուական կերակուր է, Հայրիկ շատ կը սիրէր հարիսան միշտ եփել կուտար Վարագայ վանքում։ Եւ երբ նա իւր պանդխտւթեան մէջ կարօտ կը քաշէր հարիսային, միանգամ նամակ գրած էր Վարագայ միաբանութեան էգ նամակին խօսքեր միտքս պահած եմ.
«Երջանի՜կ միաբանութիւն վարագայ, որ կը բնակիք Աւագ Սուրբ նշանի թեւին տակ, արդեօք կը յիշէ՞ք պանդուխտ Հայրիկ, ա՜խ, ես զձեզ կը յիշեմ, կը յիշեմ Վարագայ Խաչին տօն որ մօտ է. կը յիշեմ վանքին այն պատուական հարիսան, եւ դուք առանց Հայրիկին կ՚ուտէք հայրենաւանդ կերակուր։ Կերէ՛ք թող անուշ լինի, եւ կշտապինդ կերէք եւ խմեցէք Վարագայ սարի ծոցէն բղխած պաղուկ պաղուկ աղբիւրներուն ջուրը։ Իսկ Հայրիկ իւր պանդխտութեան մէջ ա՜խ կը քաշէ հարիսային դէմ։ Ի՞նչ կը լինի, որ յիշէք Հայրիկը եւ մի ճլօր հարիսայ Ամբակումայ հրեշտակին յանձնէք, որ բերի է Բաբիլօն, ուտեմ եւ օրհնեմ զձեզ։ Ողջ եղիք»։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Խրիմյան Հայրիկ, Պապիկ և թոռնիկ, Էջմիածին, 2009
Թվային տարբերակը՝ www.digilib.am