Ժողովրդական սիրային խաղիկները գյուղական միջավայրում տարածված, փոքրածավալ, հիմնականում քառատող ստեղծագործություններ են։ Գեղջուկ տղաներն ու աղջիկները դրանց միջոցով ներկայացրել են իրենց ապրումներն ու զգացմունքնրը, պարզ, անպաճույճ ձևերով, սակայն հոգեբանական ու կենցաղային տարբեր իրավիճակներում ու նրբերանգների բազմազանությամբ։ Այս ստեղծագործությունները ասվել կամ երգվել են ինչպես առանձին, այնպես էլ խաղիկների շարքով։ Մի քանի խաղիկ երգվելու ընթացքում՝ հաշվի առնելով թեմատիկ կամ այլ ընդհանրությունները, միացվել են կրկնակներով և կազմել ավելի ծավալուն երգեր։
Կայնել եմ, գալ չեմ կարող
Լցվել եմ, լալ չեմ կարող
Քանի որ գնացել ես,
Անունդ տալ չեմ կարող։
***
Ձեր բաղի դուռը բաց ա,
Ոտներս շաղով թաց ա․
Ինձնից հեռացել ես,
Աչքերս լիքը լաց ա։
Տարածված են նաև տղաների ու աղջիկների երկխոսությունը ներկայացնող կատակային խաղիկներ․
Սարի տակին տուն ունեմ,
Մեջը ոսկե սուն ունեմ․
Քաշվի կորի շան տղա,
Քեզ պես տասը շուն ունեմ։
***
Այ տղա, էդ էս-մեդ էս
Խանչալը մեջքդ նետես
Դու գիտես՝ տղամա՞րդ էս,
Ծմակի փթուկ փետ էս։
***
Ես մորս մինուճար եմ,
Լավ տղերանց համար եմ․
Սև մազս սպիտակ կանեմ,
Քանց քեզ լավը կճարեմ։
Տղաներն էլ հակադարձում են․
Ժամի դուռը տաշ կանեմ
Մահուդ չուխես քաշ կանեմ
Շան աղջիկ շատ մի հաչի,
Քեզ հալ ու մաշ կանեմ։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Ոչ մի շաբաթ առանց սիրո, Երևան, Զանգակ, 2021
Նկարը՝ Փ․Թերլեմեզյան, Աշնան երգը, www.gallery.am