Հունական էպոսի և հետագա շրջանի եվրոպական գրականության սիրելի հերոս Ոդիսևսի կյանքը հայտնի է շատերին: Հոմերոսի «Ոդիսականի» հերոսը մեծ տառապանքներից հետո վերադարձավ տուն՝ սիրելի Պենելոպեի մոտ, հաղթեց փեսացուներին և վերականգնեց իր իշխանությունը Իթակեում: Սակայն քչերին է հայտնի, թե ինչ ճակատագիր ունեցավ Ոդիսևսը այս երկար սպասված ու հաղթական վերադարձից հետո: Նոր զավակներ, նոր ճանապարհորդություններ ու, ի վերջո էպիկական նմանատիպ հերոսներին բնորոշ անփառունակ ու ողբերգական վախճան...կամ խաղաղ կյանք, մինչև խոր ծերություն: Art365-ը ներկայացնում է այս փառապանծ հերոսի հետագա ճակատագիրն ու մահը ըստ Ապոլլոդորոսի «Դիցաբանական գրադարան» երկի և գեղանկարչության հայտնի վարպետների՝ այս կերպարին անդրադարձների ուղեկցությամբ:
Փեսացուների սպանդից հետո, զոհեր մատուցելով Հադեսին, Պերսեփոնեին և Տիրեսիասին` Ոդիսևսն Էպիրոսի միջով ոտքով գնաց թեսպրոտների մոտ: Նա հետևեց Տիրեսիասի գուշակություններին և սիրաշահեց Պոսեյդոնին: Իսկ թեսպրոտների թագուհի Կալլիդիկեն նրան խնդրում էր մնալ և առաջարկում էր իր թագավորությունը:
Ոդիսևսի հետ կենակցելով` նա ծնեց Պոլիպետես որդուն:
Ոդիսևսն ամուսնացավ Կալլիդիկեի հետ, թեսպրոտների թագավորը դարձավ և կռվում հաղթեց նրանց վրա հարձակված հարևան ժողովուրդներին: Երբ Կալլիդիկեն մեռավ, նա թագավորությունը հանձնեց որդուն, գնաց Իթակե և իմացավ, որ Պենելոպեն իրենից ունեցել է որդի` Պոլիպորթեսին:
Տելեգոնոսն էլ Կիրկեից տեղեկացավ, որ ինքը Ոդիսևսի որդին է, և ծով դուրս եկավ նրան փնտրելու: Գալով Իթակե կղզին` նա քշեց-տարավ նախիրների մի մասը: Երբ Ոդիսևսը եկավ դրանք պաշտպանելու, Տելեգոնոսը նրան խոցեց նիզակով, որի ծայրին կատվաձկան փուշ կար, և Ոդիսևսը մեռավ:
Իսկ երբ Տելեգոնոսը ճանաչեց նրան, սաստիկ ողբաց, դիակն ու Պենելոպեին տարավ Կիրկեի մոտ և այնտեղ ամուսնացավ Պենելոպեի հետ: Կիրկեն էլ նրանց երկուսին ուղարկեց Երանելիների կղզիները:
Ոմանք ասում են, թե Պենելոպեին, որին գայթակղել էր Անտինոոսը, Ոդիսևսն ուղարկեց հոր` Իկարիոսի մոտ: Երբ նա հասավ Արկադիայի Մանտինեյա քաղաքը, Հերմեսից ունեցավ Պան որդուն: Իսկ ըստ ուրիշների` Ոդիսևսն Ամփինոմոսի պատճառով սպանեց Պենելոպեին. քանզի, ասում են, Ամփինոմոսը գայթակղել էր նրան:
Ոմանք էլ ասում են, թե սպանվածների ազգականները մեղադրեցին Ոդիսևսին, և նա դատավոր ընտրեց Էպիրոսի մոտակա կղզիների թագավոր Նեոպտոլեմոսին: Սա էլ, կարծելով, որ եթե Ոդիսևսն ասպարեզից հեռանա, ինքը կտիրանա Կեփալլենիային, նրան վտարելու դատավճիռ կայացրեց: Ոդիսևսը գնաց Էտոլիա, Անդրեմոնի որդի Թոասի մոտ, կնության առավ նրա դստերը և մեռավ ծեր հասակում` թողնելով այդ ամուսնությունից ծնված որդի` Լեոնտոփոնոսին:
Աղբյուրը՝ Ապոլլոդորոս, Դիցաբանական գրադարան, հին հունարենից թարգմանությունը,
առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, Սարգիս Խաչենց-Փրինթինֆո-Անտարես, 2017: