Նոր տարին կամ Ամանորը հայոց ամենասիրելի տոներից է։ Եթե հին հայերի կյանքում տարեսկիզբը համարվում էր օգոստոսի 11-ը, այն օրը երբ Հայկ Նահապետը հաղթեց բռնակալ Բելին և տոնը կապվում էր բերքի հասունացման, բերքահավաքի, առատության ու պտղաբերության հետ, ապա նոր ժամանակներում՝ 17-րդ դարի կեսերից, հունվարի 1-ին հաստատված տարեսկիզբը այլ ծեսեր ու սովորություններ է բերում։ Ազգագրագետների վկայությունները ներկայացնում են պատմական Հայաստանի տարբեր վայրերում նորացման խորհուրդն ունեցող այս սիրելի տոնի հետ կապված տարբեր սովորություններ ու ծեսեր։ Մարդիկ հավատում էին և այսօր էլ հավատում են, որ ինչպես դիմավորես նոր տարին, այնպես էլ կանցնի ամբողջ տարին։ Հետևաբար աշխատում էին տարին դիմավորել հնարավոր ճոխությամբ, բարձր տրամադրությամբ, շնորհավորական-հմայական մաղթանքներով և հնավանդ տարբեր սովորություններով ու ծեսերով։ Art365-ը հավաքել է նոր տարին ճիշտ դիմավորելու 10-ը խորհուրդ, որոնք արդիական են միշտ․
1․Մաղթանքներ անել և նվերներ բաժանել
Տարեմուտին երեխաները խմբերով տնետուն էին շրջում, երգեր ու խաղիկներ ասում։ Հնչում էին շնորհավորական մաղթանքներ, որոնց ի պատասխան երեխաները տարբեր նվերներ էին ստանում։
2. Մաղթանքներն անել կարգով
Նահապետական ընտանիքում և միջավայրում կանոնակարգված էր նաև շնորհավորանքներ հղելու հերթականությունը։ Բնականաբար, կրտսերից՝ ավագ, սոցիալական ավելի ցածր դիրքում գտնվողից՝ ավելի բարձր հաջորդականությամբ։ Այսպես, երեխաները' ծնողներին, արհեստավորները՝ վարպետներին, աշակերտները՝ ուսուցիչներին, տան մեծը՝ տանուտերին, հետո՝ քահանային և այլն: Եկեղեցուց վերադառնալով, ընտանիքի նահապետը զավակներից աջը համբուրելու ձևով ընդունում էր շնորհավորանքները: Առաջին շնորհավորողը ավագից ստանում էր առաջին նվերը:
3. Առաջինի խորհուրդը
Տարվա առաջին օրվա սովորություններում իհարկե մեծ նշանակություն ուներ ինչ որ բանի առաջինը լինելու, ինչ-որ բան առաջինն անելու խորհուրդը: Հավատում էին, որ եթե տան դուռն առաջինը բացի բարի ու ուրախ մարդ, ապա տարին ըստ այդմ կանցնի։ Տարվա առաջին առավոտյան տան դուռն առաջինը բացում էր ընտանիքի ամենատարեց անդամը, որպեսզի ամբողջ տարի անպակաս լիներ ընտանիքի գլխից։
4. Բերքի առատություն և կարկուտից պաշտպանություն
Գերդաստանի նահապետը մի մեծ գերան էր դնում գլխատան մեջ։ Գերանի ծայրը դուրս էր գալիս տնից։ Այն պետք է վառվեր տարեմուտի երեկոյից մինչև Սուրբ Ծննդյան ճրագալույց։Այդ օրը վերցնում էին գերանի այրված մնացորդները և թաղում հանդերում, որպեսզի նոր տարվա բերքն առատ լիներ և կարկուտից պաշտպանված։ Երբեմն վառված փայտերի կտորները պահում էին և տարվա ընթացքում կարկուտ գալու պահին շաղ տալիս։
5.Ոսկեբեր գետերի սպասումով
Հավատալիք կար, որ Նոր տարվա նախորդ գիշերը բոլոր հոսող ջրերը մեկ վայրկյան ոսկեբեր էին դառնում, ուստի երիտասարդները այդ երեկո գնում էին իրենց ավանդական ուխտավայրեր կամ սրբազան աղբյուրների մոտ և սպասում այդ ոսկեբեր վայրկյանին, որպեսզի հենց այդ պահին կժով ջուր տանեն տուն։ Բարիք ստանալու ցանկությամբ աղբյուրների գուռերի մեջ նետում էին նաև ցորեն, գարի կամ հաց ու բլիթ և ասում․
«Քեզի կուտամ ցորեն, գարի,
Դուն ա ինձի տու բարի,
Շնորհավոր Նոր Տարի»:
Լոռիում հավատում էին, որ տարեմուտի գիշերը, եթե կժով ջուր վերցնեն գետից կամ աղբյուրից, այն անմիջապես ոսկի կդառնա:Թերևս այս սովորության հետ է կապված այն հավատալիքը, որ տարեմուտի գիշեր տանից ջուր թափելն արգելվում էր:
6. Բախտագուշակություն ձվով
Տարեվերջի գիշերն աղջիկները ձու էին դնում թոնրի վրա գտնվող ամանի մեջ' տեղավորելով ածուխի և հինայի միջև: Առավոտյան, եթե ձուն սևանար, ուրեմն այդ տարի անհաջողություն էր սպասվում, եթե կարմրեր բարի բախտ կունենային։
7.Ծիսական ուտեստներ
Տոնական տարածված ուտեստներ էին անուշապուրն ու հարիսան: Ամենատարածված խմորեղենը՝ «տարին» կամ «տարեհացն» էր։ Այն ցորենի ալյուրով և ջրով կամ կաթով շաղախված մեծ հաց էր և ուներ մասնաբաժանման գծեր: Այն բաժանում էին կամ 12 մասի՝ տարվա ամիսների համապատասխանությամբ կամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով։ Հացի մեջ դրվում էր արծաթե դրամ, հուլունք կամ որևէ այլ իր: Հացը կտրում էին Նոր տարվա օրը կամ նախորդ երեկոյան, ինչպես նաև Ծննդյան տնօրհնեքին: Բախտավոր էր համարվում նա, ում բաժին էր ընկնում իր նշանը: Իսկ երբ դանակը դրամին էր կպչում՝ դժբախտություն էր սպասվում:
8.Ջուրը թող տանի
Թիֆլիսահայերը երկու տիպի հաց էին թխում: Մեկը կոչվում էր չիք, իսկ մյուսը' էգ: Վերջինս պահում էին ամբարում, որպեսզի եկող տարին առատ լինի, իսկ չիքը գցում էին հոսող ջրի մեջ, որ բոլոր անհաջողությունները հին տարվա հետ միասին ջուրը տանի:
9. Մեղրի պես քաղցր
Տանտիկինը մի կարմիր շոր առած, դուրս էր գալիս տանից, մի քիչ մեղր էր քսում դռանը և այդ շորը փռում որևէ տեղ' տարին քաղցր ու կարմիր անցնելու ցանկությամբ: Այնուհետև, նա մի գիրկ փայտ էր բերում և լցնում օջախն ու շնորհավորում որդիների ու հարսների Նոր տարին: Նրանց բերաններին տանտիրուհին մեղր էր քսում, իսկ երեխաներին մրգեր ու ասիլ-բասիլներ(փոքրիկ մարդակերպ հացեր) բաժանում: Ընտանիքի հայրը, կլկալներն(կլոր, մեջտեղում անցք ունեցող բլիթ) առած, գնում էր գոմ, և դռան վրա մեղրով խաչի նշաններ գծում: Կենդանիների բերաններին ևս մեղր էր քսում, որից հետո գոմեշների աջ եղջյուրների մեջտեղով մեկական կլկալ էր անցկացնում:
10.Գուշակություն ձիու միջոցով
Գերդաստանի նահապետը ձին կանգնեցնում էր գոմի մեջտեղում և տնեցիների հետ միասին ուշադիր
հետևում էին, թե ձին ո՞ր ոտքը կբարձրացնի: Եթե աջն էր բարձրացնում, նշանակում էր, որ տարին հաջող կլինի, իսկ եթե
ձախը' փորձություններ են սպասվում։
Աղբյուրը՝ Ս․Մկրտչյան, Տոներ, Երևան, 2010։