Ավանդությունները
Մռավ զորավարը
Պարսիկները գալիս են Ղարաբաղը գրավելու, Մռավ անունով մի հայ զորավար իր մարդկանցով ամրանում է այստեղ և դիմադրում է նրանց: Թեև թշնամին թվով շատ է լինում, բայց Մռավի զորքերը հաղթում են նրանց, ողջ մնացածներն էլ փախուստի են դիմում: Կռվի ժամանակ սպանվում է Մռավը, որի անունով էլ սարը կոչվում է Մռավ:
Դաղստանի լեռն ու Մռավը
Դաղաստանի լեռն ու Մռավը վիճում են իրար հետ: Դաղստանի լեռն ասում է. «Դու ինձ մոտ ինչ ես որ, ես քեզնից ավելի բարձր եմ»: Մռավն էլ ասում է. «Ոնց կարող ես դու ինձնից բարձր լինել, երբ իմ դիրքն այնքան բարձր է քեզնից»: Դաղստանի լեռն ասում է. «Ձայնդ կտրիր, թե չէ ձեռքս ափսեն կխփեմ երեսիդ»: Այս ասելով՝ նա ափսեն շպրտում է Մռավի վրա, բայց ափսեն չի հասնում Մռավի գագաթին, այլ ընկնում է մոտիկ մի հարթ տեղ: Մռավն էլ ասում է. «Որ դու ինձ վրա ափսե շպրտեցիր, անիծում եմ քեզ՝ թող գլխիդ ձյունը երբեք չհալչի»:
Աշխարհագրությունը
Մռավի լեռնաշղթան Սևանի լեռնաշղթայի արևելյան շարունակությունն է Արցախում: Երկարությունը՝ 70 կմ: Ամենաբարձր գագաթը՝ Գոմշասարն է(3724 մ) կամ Արիության լեռը: Գագաթներից են՝ Մեծ Հինալը(3367մ), Սպիտակասարը(3200մ), Օմարը(3395մ) և Մռավը(3343մ):
Աղբյուրը՝ Ա. Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969:
Նկ.՝ armgeo.am կայքից
Պատրաստեց՝ Շուշան Մարուքին