Մեր տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը համաքրիստոնեական ու ազգային-եկեղեցական ամենասիրված տոներից։ Այն նշվում է Հարության տոնից 40 օր հետո։ Հարությունից հետո Քրիստոս 40 օր անցկացնում է երկրի վրա, հայտնվում աշակերտներին ու հավատացյալներին։ Հիսուս Քրիստոսի Համբարձմամբ հաստատվում նրա վարդապետությունը։ Քրիստոնյաները հավատում են, որ արդար հոգիները բարձրանում են երկինք։
Ըստ ժողովրդական հավատալիքների այդ օրը հրաշքներ են լինում, բացվում են երկնքի դռները, սիրահար հոգիները միանում են, և որոշվում են մարդկանց ճակատագրերը։ Հայ ու համաշխարհային գրականության մեջ ու արվեստում Համբարձումը գտել է իր գեղարվեստական արտացոլումը՝ Ռեմբրանդի հիանալի նկարներից՝ Բախի «Համբարձման» օրատորիա, հայկական հիասքանչ մանրանկարներից, մինչև ժողովրդական երգեր։
Տոնի խորհուրդը հետաքրքիր ձևով արտահայտվել է ժողովրդական բանահյուսական գողտրիկ երգերում ու ծեսերում։ Տոնն էլ ժողովուրդը կոչում է Ջանգյուլում
Ջանգյուլումները
Աղջիկները տոնի օրը յոթ աղբյուրներից հավաքած ջրով լիքը կժում տարբեր ծաղիկներ ու իրեր են գցում, ապա շրջում տնից-տուն, երգում ջանգյուլումներ կամ վիճակի երգեր, դրամ ու քաղցրավենիք հավաքում։ Ապա կժից հանում են իրերը․ առաջին հանված իրի տիրոջը ամուսնություն է սպասվում, իսկ մյուսներին տարբեր բարեմաղթանքներ են տրվում․
Մանի ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակ ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Անուշի բախտը
Համբարձման վիճակի գեղեցիկ տեսարանով է բացվում Հովհաննես Թումանյանի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Անուշ» պոեմը․
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։
— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։
Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…
Հենց այստեղ էլ կանխագուշակվում է Անուշի դաժան ճակատագիրը։ Իսկ Համբարձման հրաշալի գիշերվա պատկերով է փակվում պոեմը․
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։
Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում։
Մհերի դուռն ու Համբարձումը
Սասնա ծռեր էպոսի բանավոր շատ տարբերակներ ավարտվում են Համբարձման գիշերվա պատկերով։ Ինչպես երկնքի դռները, այդ օրը բացվում են նաև Մհերի քարայրի՝ Ագռավաքարի դռները։ Մհերը հանդիպում է քարայր մտած հարսին կամ հովիվին, զրուցում նրանց հետ ճշտում աշխարհի վիճակը: Որոշ տարբերակներում նա դուրս է գալիս քարայրից և շրջում աշխարում.
Համբարձման գիշեր Մհերի էրի դուռ կը բացուի, ու հրամանք չկայ, որ ելնայ. գետին զինք չվերու. ոտքեր ի գետին կը ճըկի։
Օր մ՚ լէ, նախրորդ մի, Համբարձման գիշեր կը տեսնայ, որ Մհերի դուռ կը բացուի, նախրորդ կը մտնէ ներս. Մհեր ըդուրից կը հարցու, թէ.
-Ի՞մալ դուք զաշխար կ՚ուտէք։
Էն լէ կ՚ասէ.
-Խելքով։
Կը վերու Մհեր ու կ՚ասէ.
-Ձըր խելքն ի՞մալ է. դէ զըդա ձիու տոպրակ վերու զար գլուխ։
Նախրորդ իմալ էրեց, չկռցաւ վերուց. բերեց զձին տոպրկին մօտ, բերան բացեց, զձիու գլուխ մտուց յինք ու զթել թալեց վըր ձիու վզին. ու ձին բանձրցուց զգլուխ. ու նախրորդ քաշեց տարաւ ուր տեղ կապեց ու ասեց.
-Մըր խելք հըմլա է. մենք հըմլա կ՚ուտենք զաշխար։
Ու նախրորդ հարցուց.
-Մհե՛ր, դու յե՞բ տ՚ելնես ըդ տեղէն։
Էն լէ ասեց.
-Յեբոր ցորեն եղաւ քընց ալուճ, ու գարին եղաւ քընց մասուր մի. հըպամ՚ լէ հրամանք կայ, որ էլնանք իդա տեղէն։
Մեր ազգային էպոսում, երգային-ծիսական բանահյուսության մեջ ու տարբեր հավատալիքներում Համբարձման տոնի առկայությունը վկայում է այս տոնի հնագույն ակունքների ու կարևոր խորհրդի մասին: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար տոնը նաև նշանավոր է նրանով, որ ըստ ավանդության Համբարձման օրն է` 1441 թվականին Կիլիկիայի Սիս քաղաքից Հայրապետական Աթոռը տեղափոխվել և հաստատվել Սուրբ Էջմիածնում։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան