․․․Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…
Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքի այս տողերը մեր տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի ժողովրդական տոնախմբության ուշագրավ նկարագրություն են։ Երիտասարդ աղջիկները կժերում ջուր են հավաքել, ծաղիկ քաղել։ Հավաքված ծաղիկները կամ տարբեր առարկաներ լցրել կժի մեջ ու վիճակ գցել, գուշակություն արել։ Այս արարողությունները ուղեկցվել են ժողովրդական գողտրիկ երգերով, որոնք կոչվել են Ջանգյուլում։ Այդ երգերը գրառել է Կոմիտասը։ Այստեղ գեղջուկ աղջիկներն ու պատանիները՝ երգերի քնարական հերոսները, ներկայացնում են իրենց զգացմունքներն ու ապրումները՝ սեր, կարոտ, բարի բախտի ու սիրելիի կողքին լինելու սպասումներ։ Նաև բնության գարնանային զարթոնքի նկատմամբ հիացում ու Համբարձման հրաշալի գիշերը իրենց երջանկությունը գտնելու իղձ։ Art365-ը ներկայացնում է Համբարձման տոնի ժողովրդական երգերի մի փունջ։
Աղջի, դու հուր ես
Աղջի դու հուր ես - մուր ես,
Ես ծարավ եմ, դու ջուր ես.
Էս Համբարձման գիշերը
Քե՛զ ման կըգամ, դու ո՞ւր ես։
Խընձորը գըլորել եմ,
Ճամբիցը մոլորել եմ.
Երեք տարի միալար
Քեզ վըրայ սովորել եմ։
Ամպաշող լուսնի նըման
Խաղ ասելով կըգաս ման.
Իմ պայմանը քեզ հետ է,
Դու ե՞րբ կըտաս քու պայման։
Սազն առնեմ ձեռըս՝ քոքեմ,
Գամ ձեր դըռանը չոքեմ.
Ըլնի թէ էս հընարքով,
Քեզ էնտեղից ես պոկեմ։
Մանի ասեմ
Մանի ասեմ ու շարեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Լըցնեմ տոպրակ ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Առնեմ գյուղե գյուղ ընկնեմ,
Ջան, ծաղիկ...
Սըրտիս սիրածին ճարեմ,
Ջան, վիճակ...
Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ...
Տըղա վեր արի փընջի,
Ջան, վիճակ...
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ...
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ...
Ծաղիկ ունեմ՝ ալա յա,
Ջան, ծաղիկ...
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ...
Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ...
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ...
Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ...
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ...
Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ...
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ...
Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Ա՛յ տղա, վեր արի փընջի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն,
Իմ մերը քեզ աղջիկ չի տա,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Քանի ման գաս դու յավընջի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Ոսկին էլ ծալեծալ կուզեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն,
Երբ որ իմ յարի տուն երթամ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Գոտկըս էլ քիրման շալ կուզեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Անձրևն եկավ շաղալեն,
Ջա՛ն, ծաղիկ, ջա՛ն,
Ուռու տերև դողալեն,
Ջա՛ն, վիճակ, ջա՛ն, ջա՛ն,
Ուռի տերև չի մընաց,
Ջա՛ն, ծաղիկ, ջա՛ն,
Դարդիս դարման անելեն,
Ջա՛ն, վիճակ, ջա՛ն, ջա՛ն:
Ես աղջիկ եմ նարընջի,
Ջա՛ն...
Այ տղա, վեր արի փընջի,
Ջա՛ն...
Մերըս քեզ աղջիկ չի տա,
Ջա՛ն...
Քանի ման գաս յավընջի,
Ջա՛ն...
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջա՛ն...
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջա՛ն...
Երբ որ յարիս տուն երթամ,
Ջա՛ն...
Գոտկիս քիրման շալ կուզեմ,
Ջա՛ն
Աղբյուրը՝ Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատ. 3, 1969:
Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատ. 10, 2000:
Երգերի աղբյուրը՝ www.armenianmusic.am