Լավաշի և առհասարակ հացի հետ կապված շատ ավանդազրույցներ և սովորույթներ կան: Դրանցից մի քանիսը կներկայացնենք այս հոդվածով:
Աշորան ու գրտնակը
Հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ծամերը ցորենի ոսկե ցողունի հյուսքեր էին: Արորը եղել է աստվածուհու ոտքը, գրտնակն ի սկզբանե եղել է հացահատիկի աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Եթե հայոց աշխարհում ինչ-որ մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս: Ըստ ավանդության գրտնակն իր կլորիկ ձևն է ստացել տարբեր ճակատների հարվածելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց:
Լավաշն ու Արամազդի անեծքը
Ըստ հին հայոց դիացաբանության, աստվածների հայր Արամազդը Աստղիկի և Վահագնի հարսանիքին մի լավաշ է դնում հարսի ուսին: Փեսայի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է Աստղիկի ուսից: Արամազդը բարկանում է և անիծում Աստղիկին` ասելով. «Հացը գետնին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»: Այդ օրվանից հայերի հարսանեկան ծիսակարգի կարևոր մաս է դառնում նորահարսի ուսին լավաշ գցելը: Այս սովորույթը այն հավատի արտահայտությունն է, թե աղջիկը հացառատ կդարձնի այն օջախն, ուր հարս է գնում: Բացի այս, հարսանեկան լավաշը պաշտպանում է «չար աչքից» ու նորապսակների հաջողության երաշխավորն է համարվում: Նորածիններին «չար աչքից» պաշպանելու համար մեր նախնիները նրանց կրծքին հաց կամ լավաշ էին դնում:
Սրբազան թոնիրը
Թոնիրը խորհրդանշում է արեգակի ջերմությունը և հնում այն կառուցվել է տան կենտրոնում: Մեր նախնիները թոնրի վրա դնում էին «քուրսին», ծածկում կարպետով, և ցուրտ եղանակին ոտքերը դնում էին քուրսու տակ: Թոնիրը մշտապես վառ պահելը նշանակել է ընտանիքի, օջախի բարեկեցությունը ապահովելը: Այս առումով, նաև մաքրագործող նշանակությամբ կրակը ամփոփելը, թոնիրը դարձրել են սրբազան: Մեր ազգային էպոսում և այլ աղբյուրներում հիշատակություններ կան, որ երեխաներին քահանան կնքում էր թոնրի վրա:
Սովորություններ, անեծքներ ու օրհնանքներ
Թոնրից հանած առաջին հացն ուղարկում էին հիվանդին, որպեսզի նա ուտելով ապաքինվեր և ուժ ստանար:
Հացը դանակով կտրել չէր կարելի, միայն ձեռքով։ Հացը կտրել նշանակում է, մարդուն բարեկեցությունից զրկել։
Նախքան հացն ուտելը ծերերը այն մոտեցրել են ճակատներին:
Հացի պաշտամունքի հետ կապված կան օրհնանքներ, անեծքներ, մաղթանքներ, երդումներ: Հացով երդվել են`
«Էս հացը վկա», «Էս հացը ինձ կուրացնի»:
Օրհնել են`«Կերածդ հացը հալալ լինի»:
Անիծելիս ասել են` «Տվածս հացը աչքերդ բռնի», «Կերած հացդ հարամ լինի», «Հացը գետին մի գցի, Աստված աչքերդ կհանի»,
«Թե ում էի մի կտոր հաց տվել», և այլն։
«Սասնա ծռեր» էպոսի հերոսների հանրահայտ աղոթք-երդումում նույնպես հացն է հիշատակվում՝ «Հացն ու գինին, Տեր կենդանի»