Վարդանանց պատերազմի առաջնորդ, Ավարայրի ճակատամարտի հերոս, 5-րդ դարի Հայոց պատմության ամենանշանավոր գործիչներից մեկի՝ Վարդան Մամիկոնյանի կերպարը դարեր շարունակ ուղեկցել ու ոգեշնչել է մեր ժողովրդին։ Սկսած 5-րդ դարի պատմիչ Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկից, Վարդան Զորավարը, Վարդանանք ներկայացվել ու գովերգվել են հայ գրականության ու բանահյուսության մեջ։ Պատմագրության մեջ ու տաղերում, ժողովրդական ավանդություններում, զրույցներում և երգերում Վարդան Սպարապետը ներկայացվում է իր քաջությամբ, հայրենասիրությամբ, անկոտրում կամքով ու նվիրումով առ հավատն ու հայրենին։ Քաջ Վարդանին նվիրված ամենագեղեցիկ ու հուզիչ երգերից մեկը՝ «Իմ հայրենյաց հոգի' Վարդան» գործն է, որ մինչ օրս երգվում։ Այն Կոմիտասի՝ ստեղծագործության վաղ շրջանում՝ 1890-ականներին դաշնակած գործերից է։
Երգի խոսքերի հեղինակը բանաստեղծ, մանկավարժ Սիմոն Ֆելեկյանն(1831 - 1904)։ Սկզբնապես երգը եղել է Մշո բարբառով և կոչվել «Մշեցու երգ առ քաջն Վարդան», տարածվել է նաև բերանացի ու փոփոխվել։ Ընդգրկվելով տարբեր երգարաններում` այն աստիճանաբար որոշակի գրական խմբագրման է ենթարկվել։ Տարբեր գրքերում երգի խոսքերը որոշակի փոփոխություններով ու նրբերանգներով են ներկայացվում։ Կոմիտասյան տարբերակում այսպես է։
Իմ հայրենյաց հոգի՛ Վարդան,
Հոգիս հոգվուդ եղնի ղուրբան,
Որ Տըղմուտի ափերի քով,
Վաթսուն հազար կըտրիճներով,
Զարկիր, զարկվար, ինկար քաջ-քաջ,
Պարսիկ սըփռած ի ձախ, ի աջ:
Իմ հայրենյաց հոգի՛ Վարդան,
անուշ, Վարդան,
Արևս արվուդ եղնի ղուրբան։
Ավետարան ու խաչ առեր,
Աստղեր տարեր բարձրացուցեր,
Ետ դու, ով Հա՛յ, թողեր գացեր,
Անուշ արևդ հողին տըվեր,
Որ հայրենյաց շողա արև
Շավարշանի դաշտին վերև։
Իմ հայրենյաց արև՛ Վարդան,
անուշ, Վարդան,
Արևս արվուդ եղնի ղուրբան։
Արյունդ կարմիր, կարմիր, թափվավ,
Դաշտ ու ծաղիկ կարմիր ներկվավ
Լուսնակն ելավ ամպի միջից,
Պաղ-պաղ թափեց ցողիկն աչից,
Որ հայրենյաց վարդեր բացվին,
Պըլպուլն երգե դրախտի սարին։
Իմ հայրենյաց կարմի'ր Վարդան,
անուշ, Վարդան,
Արևս արվուդ եղնի ղուրբան։
Երգը՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ
Այս երգն ավելի հայտնի է ժողովրդական ու ազգագրական երգերի անզուգական կատարող Հայրիկ Մուրադյանի մատուցմամբ։ Հ․ Մուրադյանի տարբերակում նույնպես խոսքերը որոշակի փոփոխության են ենթարկվել։Հայրիկ Մուրադյանն այն կատարում է իր երգարվեստին բնորոշ առնականության ու հուզականության նուրբ համադրությամբ, որով ընդգծվում է երգի ու հերոսի նկատմամբ նրա սերը, գորովն ու ակնածանքը։ Վայելե՛նք։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրներ՝ Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատոր 4, Երևան, 1976
Հայրենի երգեր, Հայրիկ Մուրադյաի ձայնից վերծանեց Ալինա Փահլևանյանը, Երևան, 2018։