Սպարապետ, Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղը հայոց պատմության ամենահայտնի հերոսներից է: Նա աչքի է ընկել մարտի դաշտում իր քաջությամբ, անկոտրում կամքով, սակայն ավելի շատ հայտնի է իր վեհանձնությամբ: Փավստոս Բուզանդի պատմության մեջ պահպանվել է թշնամու կանանց նկատմամբ նրա ասպետական պահվածքի վկայությունը: Մարտերից մեկի ժամանակ հայ զինվորները գերում են Շապուհ թագավորի կանանոցը և Մուշեղը նրանց վերադարձնում: Այս արարքը այնպես է տպավորում պարսից թագավորին, որ նա գինու գավաթի վրա դրվագել է տալիս Մուշեղին՝ սպիտակ ձիու վրա և ամեն անգամ, ուրախության ժամին, ձեռքն առնելով գավաթը՝ ասում ՝ «ճերմակաձին գինի արբցէ»: Բացի այս հայտնի ավանդությունը, Մուշեղի կյանքից մեկ այլ ուշագրավ դրվագ նույնպես պահպանվել է, որտեղ զորավարն աչքի է ընկնում իր հնարամտությամբ.
Պարսիկները մեծ զորքով լցվում են Հայաստան, Մուշեղն իր փոքրաթիվ մարդկանցով, մի քանի գյուղերի նախիրների անասունների պոզերին բոցավառ ջահեր է ամրացնում և գիշերով հարձակվում է թշնամու վրա: Պարսիկներն անակնկալի են գալիս, խուճապի մատնվում ջահերի առատությունից ու հարձկման անհասկանալի ձևից: Մեծ կոտորած է լինում, թշնամին նահանջում է: Դրանից հետո Տարոնի գավառը Մուշեղի անունով կոչվում է Մուշ:
Ուշագրավ է, որ նմանատիպ ավանդություն պահպանվել է նաև Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմություն» երկում, սակայն այս անգամ հերոսը Մուշեղի թոռ Սմբատն է.
Պարսից Վախթանգ զորավարը 20.000 զորքով գալիս է Հայաստան։ Նա առաջարկում է Սմբատին հնազանդվել և հարկ վճարել իրեն։ Սմբատը հրաժարվում է ենթարկվել: Ապա փոքրաթիվ զորքով կռվի է դուրս գալիս Վախթանգի դեմ։ Պարսիկները շրջապատում են հայերին։ Սմբատը ծրագրում է գիշերով մարտի դուրս գալ նրանց դեմ, թեև բոլորն ընդդիմանում են, սակայն Սմբատն իրենն է պնդում: Նա բոցավառ ջահը ձեռքին հարձակվում է թշնամու վրա։ Լույսը կուրացնում է պարսից զինվորների աչքերը և նրանք նահանջում են:
Բոցավառ լույսով թշնամուն հաղթելու մոտիվն ամենայն հավանականությամբ արձագանքն է մեկ այլ ընդհանուր աստվածաշնչային մոտիվի. հրեշտակները կամ Աստծու ուղարկած լուսեղեն սրերը հաշվեհարդար են տեսնում թշնամու նկատմամբ: Այդպիսի մի դրվագ պահպանվել է նաև «Սասնա ծռեր» էպոսի առաջին ճյուղում.
Աստված էլ հրեղեն սուր իջեցրեց
յընգավ էդ զորքի մեչ.
Հըմա՜լ մի կըդրում յնգավ զորքի մեչ,
Որ զորք զորքին չճա՛նչներ,
Զիրար կը սպանին, կը ջարդին(ՍԾ, հատոր Բ, պատում Ը)։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրներ՝ Ա.Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969:
Սասնա ծռեր, հատոր Բ, Երևան, մաս Ա, Երևան, 1944: