Աշխարհի ժողովուրդների շատ էպոսներ երգվում են կամ ունեն երգային հատվածներ: Հայկական «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգությունը եղած տվյալներով մեծ մասամբ չի երգվել և չկան տվյալներ էպոսի ամբողջական երգային տարբերակների ինչ- որ ժամանակ գոյության մասին, կան միայն երգվող հատվածներ.
«Արդյոք մեր վեպը սկզբում ամբողջապես, այսինքն՝ պատմված մասն ևս, երգվե՞լ է, թե ոչ: Նույնիսկ Խորենացու մեջ գտնում ենք, որ մեր հին Վիպասանքը պատմվել ու երգվել են. ուստի դժվար է կարծել, որ մեր նոր ժողովրդական վեպը մի ժամանակ ամբողջապես երգված լինի: Մի բան միայն հավաստյավ կարող ենք ասել, որ առաջ երգված մասերն ավելի մեծ թվով եղած պիտի պիտի լինին» (Աբեղյան Մ., հատ. Ա, էջ 483), -գրում է Մ. Աբեղյանը:
Երգվող հատվածներ են՝ «Ողորմիները», էպոսի երրորդ ճյուղից՝ Սարկավագի, Մըսրա Մելիքի, Ձենով Հովանի, Կոզբադինի, Դավթի խոսքերը, ապա շարունակության մեջ` գուսանների գովքը, Խանդութի խոսքը, չորրորդ ճյուղում` Գոհարի խոսքը, Փոքր Մհերի խոսքը ծնողներին գերեզմանին և այլն:
Ընդհանրապես երգերը հիմնականում կատարվում է են գործող անձերի անունից, հազվադեպ հենց ասացողի կողմից: Ասացողը, եթե գիտի, միշտ հիշեցնում է, որ այս կամ այն հատվածը երգվել է: Պատումներում մեծաթիվ են հատկապես Դավթի անունից կատարվող երգերը, ինչը հնարավորություն է տվել Դավթին զուգահեռել հին կտակարանյան սաղմոսերգու Դավիթ թագավորին, կամ գուցե այդ զուգորդման արտահայտություն է:
«Սասնա ծռերի» երգվող հատվածներ գրառել է Կոմիտասը 1892 թվականից սկսած: Կոմիտասի ճեմարանական դասընկեր, հետագայում հայտնի հայագետ, ապա նաև Կիլիկիո հայոց կաթողիկոս Գարեգին Հովսեփյանը էպոսի իր գրառած Մոկաց և Ապարանի բարբառներով պատումների ծանոթագրություններից մեկում՝ նկատի ունենալով Դավթի՝ հորեղբորը դիմումի հայտնի՝ «Խէրախութ խրօխպեր» երգը՝ գրում է. «Այս երգը մեր խնդիրքով ձայնագրել է շնորհունակ Սողոմոն սարկաւագը»:[1] Մոկաց տարբերակում գրառողը նշել է կամ հասկացվում է, որ 20-ից ավելի երգվող հատվածներ կան:
Թեև Կոմիտասի գրառած այս երգի ձայնագրությունը կամ նոտաները այդպես էլ լույս չտեսան[2], սակայն հետագայում այլ ձայնագրություններ ևս կատարվեցին: Մասնավորապես Բ.Խալաթյանցի գրառած Մոկաց տարբերակում, որի ասացողը Խապոյենց Զատիկն էր, նշվում են այդպիսի 22 հատվածներ: Ենթադրվում է, որ այս հատվածների ձայնագրումը ևս Կոմիտասն է կատարել, ինչպես նաև Մ. Աբեղյանի պատումի երգային հատվածներինը: Կոմիտասի գրի է առել նաև բանահավաք Տիգրան Չիթունուց մի երգ: Նրա ձայնագրությունները հաշվվում են 18 կտոր:
Էպոսի երգային հատվածների մոտ մեկ և կես տասնյակ գրառումների քննությունը երաժշտագետներին թույլ է տալիս էպոսը բնութագրել որպես խոսքային-երաժշտական վեպ կամ վիպերգություն, որտեղ երգատեսակները կապված են եղել բովանդակության հետ, ինչը վկայում է այս երգերի գեղարվեստական ինքնատիպության մասին.
«Հավաքված նմուշների համադրությունից երևում է, որ երաժշտական առումով վեպն անցել է զարգացման որոշակի ընթացք, «չոր» ասերգից մինչև զարգացած-զարդարուն մեղեդին:.. Ինչ-որ ժամանակ այդ զարգացումը հասել է բարձրակետի, ինչ-որ ժամանակ էլ վեպի երաժշտական կողմը անկում է ապրել, երբ երգային հատվածները խառնվել, մոռացվել կամ սքեմացվել են»[4]:
Պատումների համեմատական քննությունը ցույց է տալիս, որ երգային հատվածներ կան առավելապես Մոկաց խմբի պատումներում: Այս կայուն երգային հատվածների առկայությունն էլ այս տարբերակներում պահպանում և գրեթե անփոփոխ փոխանցում է առանձին մոտիվներ: Միաժամանակ այս երգային հատվածներն էլ Մոկաց, մյուս տիպաբանական խմբերից տարբերակման գլխավոր հատկանիշներից են:
Ներկայացնում ենք մեր էպոսի ամենահայտնի պատումներից մեկի՝ Մոկացի Հովանի պատմած ու Գարեգին Հովսեփյանի գրառած տարբերակի երգային հատվածները, որտեղ կարող ենք տեսնել ժողովրդական բառ ու բանի գեղեցկությունը, մոկաց բարբառի ինքնատիպությունը.
Ողորմի
«Դառնամ զողորմին կը տամ էն սուրբ Մըլքսեթ քհանին.
Ալա տգո քահանին.
Դառնամ զողորմին կը տամ էն Սանասարին, Բադդասարին,
Սանասարին, Բադդասարին.
Դառնամ զողորմին կը տամ էն Ձենով Հովանին.
Դառնամ զողորմին կը տամ էն Մհերին.
Դառնամ զողորմին կը տամ ընու հիշատակ Դավթին»։
Հորթարած Դավիթը կենդանիներին քաղաք է բերում
«Բաց էրեք ձիր տռնիր, բա՜ց էրեք.
Վիր մեկ էր, էրիր իմ էրկուս.
Վիր էրկուս էր, էրիր իմ ութ.
Վիր տաս էր, էրիր իմ քսան.
Վիր քսան էր, էրիր իմ քառսուն.
Վիր քառսուն էր, էրիր իմ հիսուն.
Վիր հիսուն էր, էրիր իմ խարիր»։
Սասունից ձեռնունայն ու վիրավոր վերադարձող Կոզբադինն ու նրա ծաղրող կանայք
«Կուզբադին ...աբերան,
Ի՞նչ իս իկի լերան-լերան.
Տու կասիր՝ կերթամ Սասմա քաղաք,
Քառսուն աղջիկ բիրիմ արմաղան,
Քառսուն կոլոտ կնիկ բիրիմ՝ Էրկանք աղան,
Քառսուն հերկեն կնիկ բիրիմ՝ ուղտ բառնան»։
Կուզբադին էսաց.
«Իս չէր գիտը, էնունց նիտիրն ին գերան,
էնունց խուտիրն ին կծան.
Ինչ կը զարկին մարդու ջան,
Լեշ կէնին պատուխան»։
Կնքտիր կասին.
— Աբա միր իրկնիր որտեղն ին։
էսաց. «Չիր իրկնիր ինկած ին Լոռա դաշտ, կը խեծան.
Գարուն որ ջրխեղեղ կըլնը՛,
էնունց ճուճ ու պուլուր կը բիրը՜,
էրեք ձե խամար եղ, չուրթան»:
Կոզբադինը Մսրաս Մելիքի մոտ, բողոքը Սասունից
«Իս չէր գիտը՝ քար էր կապան,
Իս գիտեր՝ դաշտ էր դուրան,
Էնունց խուտիրն ին կծան.
Էնունց նիտիրն ին գերան.
Էզար, իրիք խարիր մարդ էրավ պատուխան»:
Դավիթը հորեղբայր Հովանից պահանջում է հոր ռազմի պարագաները
«Խերախուտ խրոխպեր,
Քենե կուզիմ Քուռկիկ Ջալալին,
Ալա տգո՜, Քուռկիկ Ջալալին.
Քենե կուզիմ Գուտին ը Գլխին.
Քենե կուզիմ Քամարն ը Ոսկին.
Քենե կուզիմ Թուրն ը Կեծակին.
Քենե կուզիմ Կապեն Կադըֆին.
Քենե կուզիմ Ջզմեն Իզան Կաշին՝
Պողվըտե նալն ի տըկին.
Քենե կուզիմ Զին ը Սադաֆին՝
Ռըքեբնիր մոտեն կախուկ ոսկին.
Քենե կուզիմ Գամն ի Պողվըտիե՝
Քուռկիկ Ջալալու բերնին դնիմ»
Ձենով Հովանի ափսոսանքը
«Ափսո՜ւս, խազա՜ր հեֆ ափսուս Քուռկիկ Ջալալին,
Ա՜խ, հալա Քուռկիկ Ջալալին.
Ափսո՜ւս, խազա՜ր հեֆ ափսուս Գլխու Գուտին,
Ա՜խ, հալա Գլխու Գուտին.
Ափսո՜ւս, խազա՜ր հեֆ ափսուս Թուրն ը Կեծակին,
Ա՜խ, հալա Թուրն ը Կեծակին.
Ափսո՜ւս, խազա՜ր հեֆ ափսուս Քամարն ի Ոսկին,
Ա՜խ, հաա Քամարն ի Ոսկին.
Ափսո՜ւս, խազա՜ր հեֆ ափսուս Կապեն Կադըֆին.
Ա՜խ, հալա Կապեն Կադըֆին.
Ափսո՜ւս, խազա՜ր հեֆ ափսուս Ջզմեն Իզան Կաշին,
Ա՜խ, հալա Ջզմեն Իզան Կաշին.
Ափսո՜ւս, խազա՜ր հեֆ ափսուս Նալն ի Պոդվըտին,
Զարկած ի ջզմի տըկին.
Ափսո՜ւս, խազա՜ր հեֆ ափսուս Զին էր Սադաֆին,
Կախուկ մոտեն Ռըքեբն էր Ոսկին.
Ափսո՜ւս, խազա՜ր հեֆ ափսուս Գամն էր Պողվըտին.
Ա՜խ, հալա Գամն էր Պողվըտին»։
Դավիթ ըռըկավ, ձեռ իտի վար թրին,
Տը քաշեր, զարկեր խրոխպոր,
Ձենով Հովան կանչից.
«Ափսո՜ւս, խազա՜ր հեֆ ափսուս մի Թռլան Դավիթ,
Ա՜խ, հալա Թռլան Դավիթ»։
— Խրո խպեր, քու բերան կուտրեր էն մեկ խոսք չտեր.
Որ չտեր՝ իս քու վիզ տը կտրեր:
Դավիթ էլաց, էկավ,
Խրոխպոր գլոխ պագնից.
Խրոխպերն էլ էտու գլոխ պագնից։
Դավթի հրաժեշտը
«Ո՜վ քուրիր, կացե ք բարով,
Ընձի քուրիթին եք էրի.
Ո՜վ մերիր, կացե՛ք բարով,
Ձի մերութին եք էրի.
Բարի՛ տիրկիցնիր, կացե՛ք բարով,
Կացե՜ք բարով միծ ու պստկով»:
Էպոսի երգային հատվածները հայտնի են Հայրիկ Մուրադյանի ու Արթուր Շահնազարյանի կատարումներով.
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրներ՝ Սասնա ծռեր, հատոր Ա, Երևան, 1936:
Հ. Համբարձումյան, Պատում, մոտիվ, գրքային ավանդույթ, Երևան, 2018:
[1] Սասմայ Ծռեր. Սասունցի Դավիթ. Ժողովրդական վէպի երկու նոր վարիանտներ (Աբարանի և Մոկաց բարբառներով), գրի առավ Գարեգին սարկաւագ, Թիֆլիս, 1892, էջ 96, ծնթ.:
[2] Այս մասին տե՛ս Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատոր 10, Հայ ժողովրդական երգեր, գիրք Բ, Երևան 2000, էջ 19-20:
[3] Կոմիտաս, նշվ. հրատարակություն, էջ 24: Այս մասին տե՛ս նաև Սահակյան Ա., Փահլևանյան Ա., Սասնայ ծռեր դիւցազնավէպ: Առասպելական ընդերք, վիպական կառոյց, վիպասանական եղանակ / Փասատենա, 1996: