Հայ պոեզիան «Սասնա ծռեր» էպոսի գրական-բանաստեղծական մշակումների ու անդրադարձների մեծ փորձառություն ունի։ Էպոսի առաջին պատումի գրառումից ի վեր տասնյակ պոետիկ մշակումներ են եղել՝ ստեղծված տարբեր նպատակներով, նախատեսված ընթերցողական տարբեր շրջանակների համար, գաղափարական տարբեր ուղղվածությամբ։ Յուրաքանչյուր ժամանակ իր հետքն է թողել էպոսի մշակումների վրա: Բանավոր էպոսի այդ գրական մշակումները մեծապես նպաստել են «Սասնա ծռերի» հանրային ճանաչմանը։Սիրված ու հայտնի են հատկապես Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» (1903), Եղիշե Չարենցի «Սասունցի Դավիթ» (1933), Ավետիք Իսահակյանի «Սասմա Մհեր» (1938) պոեմների և Նաիրի Զարյանի «Սասնա Դավիթ» վիպակը(1966): Անկախության շրջանի գրականության մեջ ևս էպոսի մի շարք մշակումներ կան: Վերջին հրատարակվածը՝ Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր և Դավիթ Տարեգիր» պոեմն է(2016): Ձեզ ենք ներկայացնում էպոսի առաջին ճյուղի բոլորովին նոր, դեռևս չհրատարակված մի մշակումից հատված: Բանաստեղծ Հուսիկ Արան «Երբ արև էին արքաները» պոեմը ստեղծել է Արցախյան վերջին պատերազմից հետո և մեր օրերի իրադարձությունները տարբեր կերպ անդրադարձել են այս ստեղծագործության մեջ: Պահպանելով էպոսի առաջին ճյուղի հիմնական մոտիվաշարը՝ բանաստեղծը նոր մոտիվներով ու պատկերներով արդիական հնչեղություն է հաղորդել էպոսի իր տարբերակին, գաղափարական նոր շեշտադրումներ կատարել:
Հուսիկ Արա
Երբ արև էին արքաները
Սանասարը և Բաղդասարը հաղթում են խալիֆին
և ազատում Ծովինարին
Սասունում իշխան էր Սանասարը,
արքա էր մեծ և տեր բովանդակ,
Բաղդասարը կառավարում էր բերդն ու քաղաքը,
աջակից էր, մի քիչ պակաս հավասար:
Ծովինարը մնում էր Բաղդադում՝
խալիֆայի ապարանքում մեկուսի.
տիրուհի էր արքունական, մեծ տիկին,
հայրենի երկրից հեռու և օտար:
-Ի՞նչ է անում մեր մայրը հիմա,
սրտի մեջ` կարոտ, հոգում սպասում է.
ոչ լուր ունի ինքը մեզնից,
ոչ լուր ունենք մենք իրենից:
Գնանք, փակենք հին հաշիվը խալիֆայի հետ,
որ բացել է ինքը մեր ծնվելու պահին,
և տուն բերենք մեր մորը ծովածին,
որ դուստրն է մեր արքա պապի,
թագուհի է մեր քաղաքին
և մայրը մեր ժողովրդի:
Որոշեցին ու վեր կացան,
զենքեր կապեցին, հագան զրահ,
հեծեցին թամբած ձիերը
ու քշեցին թեթև, արագ, սրասմբակ.
թե քամի կար, չեր հասնի նրանց:
Իրիկուն էր, երբ դուրս եկան Սասուն քաղաքից,
առավոտյան հասել էին քաղաք Բաղդադ.
մի գիշերում անցան չորս օրվա ճամփան:
Երկու հեծյալ, երկու իգիթ հրածին,
ողջ հասակով՝ պարթև ու գեղակուռ,
խալիֆայի պալատների դիմաց կանգնեցին,
ուր դղյակ կար Ծովինարին առանձին.
լույս ցերեկով, ոչ թաքուն ու գողունի,
մտան արքունիք, իրենց մորը գրկեցին:
Լուրը տարան թռչնի թևով սրընթաց,
Տիրակալին հասցրեցին:
Հանգստի ժամն էր. թմրած, պառկած էր
վարդաջրով լոգանքի մեջ.
շուրջը տասնյակ հարճ ու աղախին,
շերբեթի գավաթ ու նարգիլե:
Վեր թռավ տեղից խուճապի մեջ, անակնկալ`
երազում մահը տեսածի պես.
-Կապկպե՛ք, բերե՛ք` ոտքերս գցե՛ք.
իմ կուռքերի մատաղն են,
իրենց ոտքով են եկել:
Խոստացել եմ իմ մեծ կուռքին,
երբ զորք ու բանակ կորցրած`
փախչում էի հայ զինվորից,
թե որ փրկվեմ.
հիմա այդ օրն է՝ խոստումս կատարեմ:
-Մենք չենք կարող նրանց վրա,
թագավորն ապրած կենա,
սարսռում ենք, հեռվից դողում ահեղ տեսքից,
էլ ուր մնաց, թե մոտ գնանք,
հետն էլ կապենք ու կապկպենք.
մեր մեջ չկա գել ու գազան էդ տեսակ,
թե սիրտ անի ու վար տա:
-Ուրեմն ինձ մոտ բերեք
քաղցր խոսքով, խաբխբելով.
թե չեք կարող ուժով, հասեք խարդավանքով:
Եկան, կանգնեցին խոնարհ,
հրամանն էր թագավորի,
չամիչ ու նաբաթով, շերբեթով թանձր,
պատվիրակ ու բանախոս` նազիր-վեզիրով:
-Գնանք, ախպեր, տեսնենք,
էդ վախկոտը ո՞նց է մատաղելու մեզ իր կուռքերին,
որ սիրտ չի արել գա` մեր հետ խոսի:
Կանգնեցին երկու եղբայր
դիվանատան մեջտեղում` բռնակալի առաջ,
որ սմքել, կուչ էր եկել ոսկե գահին
ահեղ տեսքից տղաների.
-Մի՛ վախեցիր, առաջ արի,
թագավոր մարդ ես, քեզ վայել չի.
վնաս չենք տա, անհոգ եղիր:
-Որ եկել եք, ծնկի իջեք, ձեզ մատաղեմ,
խոստացել եմ իմ մեծ կուռքին, պիտի կատարեմ,-
սիրտ առավ, խոսեց խալիֆան չորացած տեղից:
-Դիվանատա՞նն ես ուզում մատաղ անել
առանց ծեսի ու նամազի.
մեզ կռատո՛ւն տար,
թե խոստացել ես քո կուռքերին:
-Թող ձեր խոսքը լինի,-
տեղի տվեց ու ընկրկեց բռնակալը սրտնեղած,
որ փորձում էր թակարդ լարել,
խաբել, ստել, եղբայրներից շուտ ազատվել:
Բայց խորամիտ էր Սանասարը, միտքը ճկուն
և չէր կարող հիմարացնել, խելքից հանել
ոչ նենգ աճպարար, ոչ էլ սատանի ճուտ:
Հավաքվել էր ողջ քաղաքը Բաղդադ,
որ տեսներ և փառք տար ալահին,
թե ինչպես է մատաղ անում խալիֆան
տղաներին` ծովից ծնված ու հրային:
-Մենք փոքր էինք, երբ գնացինք քո պալատից,
լավ չենք հիշում կարգը, որ երկրպագենք քո կուռքերին.
նախ մեզ ցույց տուր` ինչպես ծնկենք, նամազ անենք,
որ մատաղդ լինի ընդունելի:
-Լավ եք ասում, որդիներ,-
համաձայնեց բռնակալը նենգ, բայց կարճմիտ:
Ծնկի եկավ գորգին նրբահյուս,
ձեռքերը քսեց երեսին
և խոնարհվեց մինչև հատակ:
Մի աքացի տվեց Սանասարը
կուզ ու կոր խալիֆայի հետույքին.
թռավ տեղից՝ թսկած գնդակ,
ու թավալվեց զոհասեղանի տակ:
Վզից բռնեց Բաղդասարը,
հանեց դրեց սեղանին,
կապկպեց հաստ պարանով մի քանի,
որ գեր էր այնքան,
և դուրս բերեց կռատնից
ահից տակը թրջած, ուշագնաց խալիֆային:
Մի քիչ շատ էր ծուռ մեր Բաղդասարը,
հենց իր նման ծուռ-ծուռ էլ կապել էր,
ոտ ու գլուխ իրար բերել, երկտակել.
և' ոտքի էր, և' կորված`գլուխը մինչև գետին
ու հետույքը վեր ցցած խալիֆան:
Այդ որ տեսավ թամաշա եկած ամբոխը զվարճասեր,
ահ ու դողով, ճիչ-աղմուկով՝ փախավ, կորավ աղաղակով.
թողեց` ինչ բերել էր կերուխումի համար,
որ այդպես էլ մնաց գետնին թափված:
Պարկի նման երկու ճոթից բռնեցին,
տարան խալիֆային արքունիք`
Ծովինարի հարկաբաժին,
սրահի սյանը կապեցին.
փաթաթեցին ուղիղ ու ձիգ
ինչպես գերանը գերանին:
Գլխին դրեցին տախտակ,
վրան ճրագ` վառվող աշտանակ,
ու նստեցին քեֆի սեղան` խնջույքի.
կենաց կենացի մաղթեցին երկու եղբայր,
որ խմում էին սափորներով ու կժերով հենց կարասից,
ուտում խորոված գառ ամեն խումից հետո կամ մի այծյամ:
Նոր էին նստել հացի,
բայց կիսադատարկ էին արդեն կուժ ու կարաս.
երբ խմեցին, կերան մի քիչ,
Բաղդասարը ասաց Սանասարին,-
-Մեղկ է այս մարդը,
ինչքա՞ն քաղցած նայի մեր կերուխումին,
բացենք կապերը, թող գա սեղան,
մի թաս խմի մեզ հետ,
որքան թշնամի` նույնքան էլ մարդ,
և արժանի է հարգանքի:
Մենք չենք լինի անմարդկային,
իր բնույթն է, թող ինքն էլ մնա հավատարիմ.
ուտի ու խմի մեզ հետ հիմա,
հետո դատենք՝ ինչ պատժի է արժանի:
Լցրեցին գավաթը,
ափսեի մեջ դրեցին նուրբ ու համեղ խորտիկներ,
և կերան, խմեցին հետը
ինչպես հավասարը հավասարի:
Նենգ էր միտքը խալիֆայի, ու խորհեց.
«Խմեցնեմ սրանց, թող հարբեն,
գնամ զորքը բերեմ` անեմ շանսատակ.
սպանեմ, պրծնեմ. բախտը իմ կողմն է»:
Մինչ գինի էր լցնում եղբայրը
եղբոր սափորը կարասից,
արանք գտավ ու ծլկեց խալիֆան քեֆի սեղանից:
-Հացը թողնենք, անուշ գինին,
էս տաք սեղանը խնջույքի,
ի՞նչ է, թե բռնենք տակը թրջած խալիֆա:
Մեր քեֆն անենք մինչև լուսաբաց,
վայելենք այս գիշերը` մենք մեզ նվեր արած,
առավոտյան կբռնենք` ուր էլ լինի փախած,-
ասացին երկու եղբայր զվարթ
ու խփեցին սափոր սափորի
և կիսատ խումը լրեցին:
Առավոտ ծեգին,
երբ հարբած էին մեր արքաները
և շատ էին գինով,
որ քնել էին բազմոցին մետաքս ու բեհեզ`
ուսը ուսին ու գլուխը գլխին հենած.
պաղ ջուր ցողեց Ծովինարը դեմքներին.
-Ելեք, տեսեք, խալիֆան զորքը բերել,
պալատի բակն ու այգին է լցրել,
ձեզ կանչում է կռվի.
թշնամուն չեն վստահում
և չեն քնում, երբ արթուն է թշնամին:
Ելավ Սանասարը մեկեն,
թռավ հեծավ նժույգ ձին`
իր սիրասուն Ջալալին,
հանեց զենքը` Թուր Կեծակին.
Խաչ Պատերազմին էր աջ բազուկին:
Նայեց զորքին անքանակ,
նայեց իրեն` եղբոր հետ մենակ:
Տեսավ` պալատի բակը լցվել,
քաղաքն ու այգիներն են փակել
զորք ու զորական.
-Այ-վայ, այ-վայ,
սրանք լինեն բամբակ, ես լինեմ կրակ,
չեմ կարող վառել սրանց,
սրանք լինեն կրակ, ես լինեմ ջուր,
չեմ կարող մարել սրանց:
Խոսեց Քուռկիկ Ջալալին.
-Ինչի՞ց վախեցար, Սանասար,
ինչքան Թուր կեծակին կտրի աջ ու ձախ,
այնքան ես իմ պոչով կսրբեմ վեր ու վար,
ինչքան դու քո գուրզով խփես,
այնքան ես իմ շնչով կխեղդեմ սրանց,
ինչքան քո նիզակը խոցի հեռու,
այնքան իմ սմբակները կճզմեն մոտիկ,
ինչքան Խաչ Պատերազմին պաշտպանի քեզ,
այնքան իմ թռիչքով վեր կհանեմ ես:
-Հացն ու Գինին, Տեր կենդանին,-
կանչեց Սանասարը ու մխրճվեց,
հոծ զորքի մեջ՝ պատրաստ կռվին:
-Հացն ու Գինին, Տեր կենդանին,-
կանչեց Բաղդասարը,
կռիվ մտավ իր հերթին:
Երկու թրեր, երկու ձի՝ կրակ շնչող,
երկու եղբայր, երկու ահեղ՝ կրակ թափող,
թինդ-որոտով մտան մարտի:
Գնացին եկան շարքերի միջով մեկ-երկու անգամ,
մարտակարգերի արանքով ու քարանետ սայլերի.
փոշին բարձրացավ
սմբակներից ու քամուց սուրացող ձիերի
և դեմը փակեց արևի:
Ցրվել էին դաշտում ու ճամփի եզրերին
հետևակ ու այրուձի՝
ինչպես գերանդին է խոտը փռում գետնին,
ջարդված՝ ինչպես ձին է խժռում գարին:
Զորքին զարկեց Սանասարը աջ թևից,
ձախ թևից Բաղդասարը զարկեց զորքին.
եկան, հանդիպեցին մեջտեղում
պարտված, ջարդված ու ցիրուցան բանակի:
Ու քշեց Քուռկիկ Ջալալին Սանասարը,
կտրեց դիմացը ահից փախչող խալիֆայի.
փայլեց գլխից վերև Թուր Կեծակին,
իջավ՝ կիսեց զրահ ու մարմին:
Ազնիվ մարտում խոցեց Սանասարը,
հերոսի պես շիտակ, որ վայել է արքային.
և թավալվեց բռնակալը նենգ ու բիրտ
տաք փոշու մեջ մարտադաշտի՝
անշունչ, անսիրտ ու անհոգի:
Էլ սուր չքաշեցին ոչ մեկի վրա
ոչ Սանասարը, ոչ էլ Բաղդասարը.
զոռով էր բերել խալիֆան էդ մարդկանց,
որ չէին ուզում կռվել:
Ներում շնորհեցին մեր արքաները
և ազատություն
զինվորին ու զորավարին թշնամի՝
սպիտակ դրոշ պարզած.
-Ձեր տները գնացեք,
ապրեք խաղաղ և անկռիվ.
պատերազմ չի ուզում ոչ մի ժողովուրդ,
ձեր տերն էր գազան ու հիմա չկա:
Որպես երաշխիք,
որ չեն խախտի տված խոսք ու երդում,
զենք չեն առնի ու չեն կռվի նորից,
եկան` մեկ-մեկ անցան
թրի տակով Սանասարի,
ետ դարձան ու նորից անցան
թրի տակով Բաղդասարի`
ինչ մնացել էր զորքից
ու քաղաքից Բաղդադի:
Ծնկի իջավ,
երկրպագեց Ծովինարը մեր Փրկչին,
որ ազատեց էդ բռնակալ գազանից
մեր երկիրն ու ժողովրդին:
Մի ժամանակ դեռ մնացին Բաղդադում
արքաները Սասունի.
բանակցեցին խելոք խոսքով
և լուծեցին հարց ու խնդիր
տերերի հետ արքունի:
Դաշինք կնքեցին խաղաղության.
չդարձրեցին հպատակ ու հարկատու
արևի երկիր Բաղդադը
լեռների երկիր Սասունին:
Հավաքվեցին ու վեր կացան,
ինչ ունեին` զենք ու զրահ ու ձիերն իրենց,
ոչ մի ավել բան.
երկու եղբայր թամբի վրա,
Ծովինարը` կառքի մեջ,
ճամփա ընկան Հայաստան:
Լուր տարան Գագիկ արքային,
թե թոռներդ խալիֆային տապալել
ու գալիս են
շուքով, փառքով հաղթական,
և Ծովինարն է իրենց հետ:
Կանգնեց արքան ցնծության մեջ
իշխանների հետ ու Քեռի Թորոսի,
գնաց ընդառաջ իր մարդկանցով`
շքախմբով տոնական,
դիմավորեց սահմանի մոտ մեր երկրի
հաղթական դափնի, խաղաղություն ու սեր բերող
Սանասարին ու Բաղդասարին և Ծովինարին լուսերես:
Սուփրա-սեղան փռեցին
բաց դաշտի մեջ
ու պալատում Գագիկ արքայի.
հաղթանակը տոնեցին`
խաղաղությունը նվաճած,
յոթ ցերեկ ու յոթ գիշեր:
Ցնծում էին իշխան ու շինական,
ռանչպար մարդիկ` շիտակ, արդար,
և' կին, և' ծեր, և' երեխա,
ժողովուրդն ամբողջ:
Գինի հոսեց կարասներից ու տիկերից գավաթները բաց,
սեղան քաշեցին խոյ ու այծյամ շամփուր հանած:
Հնչում էին քնար ու ծնծղա և փողեր
երգում էին գուսանները վեհաձայն.
պարում էր երկիրը` սրահ տոնական,
ինչպես հարսի առաջ ու փեսայի:
-Չունեմ որդի, գահաժառանգ.
արքունիքում մնացեք,
տեր ու արքա դարձեք ինձնից հետո,-
հորդորում էր Գագիկ թագավորը թոռներին:
-Մենք քաղաք ունենք, մեր ձեռքով ենք կառուցել,
և ժողովուրդ` մեզ սպասող.
քո պալատը շքեղ է, մեր թագավոր պապ,
բայց պիտի գնանք տունն ու ամրոցը մեր:
Համբուրեցին ու գրկեցին մեկմեկու.
-Մնաս բարով, Գագիկ արքա,- ասացին
և ճամփա ընկան մեծ քաղաք Սասուն.
Սանասարը, Բաղդասրը, Ծովինարը լուսեղեն
և Քեռի Թորոսը նրանց հետ`
միտք ու խորհուրդ, կառավարիչ քաղաքին:
Մարդիկ տեսան,
ով էլ չէր տեսել, հեռվից լսեց փառքը Սասունի,
և անունը Սանասարի ու Բաղդասարի.
եկան, լցվեցին չորս կողմերից աշխարհի
և շատացան:
Խղճի, սիրո, խաղաղության քաղաք,
օրենքների և արդարության.
նոր Արշակավան ազատ ժողովրդի`
ինչպես քաղաքն էր Արշակ արքայի:
Եվ մեծացավ Սասունը,
թե քաղաք էր, դարձավ քաղաքամայր,
պետություն ու
Մայր Հայրենիք,
երկրի խարիսխը
և առանցքը երկնքի.
լույս դարձավ և լուսավորեց,
երբ արև էին արքաները: