Աշխենը (նաև՝ սուրբ Աշխեն) Տրդատ 3-րդ Մեծ Արշակունի թագավորի կինն էր, իսկ Տրդատ 3-րդն այն թագավորն էր, որի օրոք Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց պետական կրոն։
Աշխեն թագուհու մասին մեզ հայտնի է․․․
․․․որ նա Կովկասյան Ալանների թագավոր Աշխարադի դուստրն էր, նրա ձեռքը խնդրելու համար Տրդատը Հայոց Սմբատ Բագրատունի իշխանին որպես դեսպան ուղարկում է Ալանների թագավորի մոտ: Մի բարձրահասակ և գեղանի օրիորդ էր Աշխենը, ամեն ինչով համանման հսկայազուն Տրդատին: Տրդատը նախ ծիրանի հագցնելով և նրա գլխին թագ կապելով նրան հայտարարում է որպես Արշակունի իշխանուհի, ապա ամուսնանում է նրա հետ և Հայոց թագուհի հռչակում: Ունենում է մեկ արու զավակ:
Աշխենը արքայի քրոջ՝ Խոսրովիդուխտի հետ Գրիգոր Լուսավորչի քարոզչությամբ ընդունել է քրիստոնեություն՝ դառնալով առաջին քրիստոնյա հայ թագուհին։ Արքայի, մեծ օրիորդ Խոսրովիդուխտի, ամենանայն մեծամեծների և զորաբանակի հետ թագուհին էլ է մկրտվել Եփրատ գետում Գրիգոր Լուսավորչի ձեռքով։
Ըստ Ագաթանգեղոսի․․․
․․․Աշխեն թագուհին, լինելով հավատարիմ ու ամուսնուն նվիրված կին, մասնակցել է Հռիփսիմյանց կույսերի նշխարները հավաքելու և գերեզմաններում ամփոփելու գործին։ Երբ Գրիգոր Լուսավորիչը հրահանգում է, որ նահատակված կույսերի համար գերեզմաններ փորեն, Տրդատը խնդրում է, որ այդ ծանր գործը ինքն անձամբ կատարի, որպես մի փոքր ապաշխարություն իր չարագործությունների: Պատմությունը վկայում է, որ Աշխեն թագուհին, Խոսրովիդուխտի հետ միասին, իրենց իշխանական զգեստներով փորված հողը դուրս հանելով՝ սիրահոժար մասնակություն ունեցան ստրուկների, կամ ծառաների համար նախատեսված այս գործին:
Թագուհին և Խոսրովիդուխտը 302-303 թթ-ին օժանդակել են Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը
Թագուհին և թագավորի քույրն անշուշտ իրենց գործնական դերը պիտի ունեցած լինեն Գրիգորի հայոց քահանայապետության համար Կեսարիա ուղարկվելու գործում, քանզի Կեսարիայի արքեպիսկոպոսին ուղված նամակում Տրդատի անվան հետ նշվում են նաև «Աշխեն տիկին և օրիորդ Խոսրովիդուխտ»: Եվ երբ Գրիգորը վերադառնում է Կեսարիայից, Տրդատի և նրա բանակի հետ նաև Աշխենն և Խոսրովիդուխտն էլ են ընդառաջ գնում մինչև Բագավան, կամ Բագրեվանդ՝ Արածանի-Եփրատի ակունքներից ոչ շատ հեռու: Եվ բոլորը միասին այդ գետում էլ, Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով, 302թ.-ին, մկրտվում և դառնում են քրիստոնյա: Հետաքրքիր է Ագաթանգեղոսի հետմկրտության նկարագրությունը.
«Մեծ ուրախությամբ, սպիտակ հագուստներ հագած, սաղմոսներով և օրհնություններով, կանթեղներով, մոմերով և ջահերով, մեծ լրջմտությամբ և ոչ պակաս ուրախությամբ, լուսավորված, հրեշտակացած, Աստծո որդեգրության անունը առած և Ս. Ավետարանի ժառանգության մեջ մտած, Սրբերի դիրքին հասած, Քրիստոսի համար անուշաբույր ծաղկած, տերունական տուն (եկեղեցի) էին վերադառնում: Եվ այսպես գոհաբանական Ս. Պատարագ էր մատուցում և բոլորն էլ հաղորդվում էին սուրբ խորհրդին: Բոլորին բաշխվում էր, ամենափրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ մարմինը և պատվական արյունը, որը նոր կյանք է տալիս ամբողջ մարդկությանը»:
Մկրտությունից հետո սրբուհիներից որևէ մեկը այլևս չի հիշատակվում․․․
․․․որից էլ ենթադրում ենք, որ կատարյալ քրիստոնյայի պես իրենց կյանքը բարեպաշտությամբ և բարեգործությամբ անցկացրեցին: Հավահաբար Տրդատից առաջ են վախճանվել, որն ապրել է 90 տարի: Իրենց կյանքի վերջին տարիները Գառնու ամրոցի խաղաղության և մենության մեջ, հրաժարվելով արքունիքի աշխարհային կենցաղից, գրեթե ճգնողական կենցաղով պիտի անցկացրած լինեն և սրբությամբ կնքած իրենց կյանքը:
«Իսկ ի՞նչ ասենք առաքինազարդ Հայոց Աշխեն Տիկնոջ մասին, որը վաղուց հրաժարվել էր այս կյանքի վայելքներից և առանձնացած բնակվում էր Գառնի քաղաքում, որի ամրոցը Տրդատը վերանորոգել էր ընտիր քարերով, որտեղ, աստվածասեր թագուհին, մինչև երկրից երկինք գնալը, ճգնողական կյանքով ապրեց: Նմանապես նաև թագավորի սքանչելի քույրը, մեծ օրիորդը և սուրբ կույսը՝ Խոսրովիդուխտը, մաքրափայլ վարքով, առանձնացած և սրբությամբ ապրում էր Գառնիի այն տան մեջ, որը հատկապես իր համար կառուցել էր տվել եղբայրը, որտեղից էլ գնաց իր փափագելի Քրիստոսի մոտ»:
Աշխեն թագուհին Հայ եկեղեցու սրբերի շարքին է դասված։