Ասում են, եղավ այնպես, որ աշխարհով մեկ տարածվեց հոյաշեն քաղաքամայր Անիի հռչակը` Չինումաչինից մինչև ֆրանկների ու հոռոմների երկրները, ճերմակաքար Կինգրադից մինչև Կոստանդնուպոլիս…
Հրաշքներ էին պատմում քաղաքի հզոր ու բարձրիկ պարիսպների, մեծ-մեծ տների, հազար ու մեկ եկեղեցիների մասին:
Բարիներն ու թույլերը երազում էին տեսնել այդ հարուստ ու գեղեցիկ քաղաքը, ապրել այնտեղ, չարերը ու ուժեղները տենչում էին գրավել, տիրանալ նրա անբավ հարստությանը ու գանձերին:
Անիում իշխում էր Գագիկ թագավորը` զորեղ, իմաստուն: Հայոց աշխարհը, ոտնակոխ ու ավեր, նրա օրով մի պահ հանգիստ էր առել, ազատվել իրար հաջորդող վաչկատուն ու վայրի ցեղերի արշավանքներից, ավերից, թալանից:
Բայց այնպես եղավ, որ եկավ ժամանակը, և անագորույն մահը տարավ Գագիկ թագավորին, երկիրը թողնելով սգի մեջ:
Եվ ապա, հենց այդ ծանր վշտի օրերին, անդադրում ոսոխը, երբ իմացավ Գագիկ թագավորի մահը, գլուխ բարձրացրեց նորեն: Հայոց աշխարհին իջավ դաժան ու դժվարին 1125 թվականը:
Փաթլուն ամիրան դաժան ու արյունկզակ, հավաքեց իր խաժամուժ բանակը և այդ խուժանի գլուխն անցած, վիշապ օձի պես եկավ, յոթ փաթ տվեց, շրջապատեց գեղեցիկ Անին: Շրջապատեց ու մնաց, քանզի ինչ կարող էր անել թշնամին, որքան էլ ագահ ու դաժան լիներ, ամրակուռ ու քարակոփ Անիի ամրությունների դեմ:
Իրար էին հաջորդում Փաթլուն ամիրայի զորքի կատաղի, դաժան գրոհները, բայց կանգուն էր քաղաքը, ինչպես ժայռը` ահարկու մրրիկների դիմաց: Մի կողմից Ախուրյանի ձորն էր, լցված Արփաչայի կարկաչով, մյուս կողմից` Ծաղկոցաձորը, Անի վտակի անվերջանալի ավաչով, իսկ երրորդ կողմից, որտեղից միշտ էլ վտանգ կար ու սպառնում էր թշնամին, քաղաքը ամրացված էր Աշոտ Շինարար և Սմբատ թագավորների կրկնակի հոյաշեն պարիսպներով, կլոր, անմատույց բուրգերով, որոնք իրար կողք շարված, հսկա ու անսասան պահակների պես, պաշտպանում էին քաղաքամայր Անիի դռներն ու դարպասները:
Կռվի մեկ տարին եկավ ու անց կացավ դաժան, մղձավանջային երազի պես: Եվ Անին դիմանում էր, դիմանում էին պարիսպների ու բուրգերի քարն ու կիրը, դիմանում էին դռների ու դարպասների երկաթագամ փեղկերը:
Բայց մարդիկ չէին դիմանում: Եվ ամեն մի գրոհից հետո նոսրանում էին քաղաքի պաշտպանները, թուլանում էին շարքերը, ինչպես նոսրանում ու փչանում է արտը` զազրելի մորեխների սպանիչ հարձակումից հետո: Քչացավ ուտեստի պաշարը: Եվ ապա եկավ մի օր, վայրի խուժանը գտավ քաղաքի ջրերի ակունքները և հեքիաթի դևի պես փակեց: Գիշերային անվախ ու մահաբեր արշավները, ձորում խոխոջող Ախուրյանից կամ Անի վտակից ջուր բերելու համար, անհնար էին, չէին հաջողվում: Զոհ էին գնում մարդիկ, քաջերը և անվախները: Ու թե հաջողվում էր, ջուր էին բերում, ինչ էր մեկ-երկու կուժ ջուրը հարյուրավոր մարդկանց համար:
Եվ ապա եղավ մի պահ, մի դաժան պահ, երբ հայ քաջերը սրտդողեցին, ընկճվեցին: Թշնամին գիտեր այդ պահը: Եվ հարձակվեց:
Փաթլուն ամիրայի խաժամուժը սկզբում նետերի տարափ տեղաց բուրգերին ու պարսպի ատամնաշարի ետևում թաքնված հայ ռազմիկների նոսրացած ու ընկճված շարքերի վրա: Հետո գրոհի անցավ: Մեծ բաբանները սկսեցին ահարկու թափով հարվածներ իջեցնել երկաթակուռ դռներին ու դարպասներին: Ելարանները ձեռքներին փորձեցին մագլցել պարիսպներն ի վեր:
Եվ կռվում էին հայ քաջերը, քանզի կռիվն էր փրկության ճանապարհը: Եվ ընկնում էին հայ քաջերը, քանզի փրկության այլ ճանապարհ չկար:
Թշնամին կարողացավ տիրել առաջին պարսպին: Հայերը ետ-ետ գնացին: Ավելի սաստկացավ նետերի վնգստյունը, սրերի շաչյունը անտանելի դարձավ: Եվ երբ թվում էր, թե վերջ, այլևս դիմադրել չեն կարող, անսպասելի, երկրորդ պարսպի վրա մի աղջիկ երևաց: Մի աղջիկ, որ ասես երկնային զվարթուն լիներ:
Նրա երկար, սև հյուսքերը ծածանվում էին Ծաղկոցաձորից փչող թեթև սյուքից, հուզումից ու լարումից այտերը կարմիր էին, աչքերը կայծկլտում էին, քուրայից նոր հանած երկաթի պես: Ուսին գցած երկար, սև պարեգոտը հասնում էր մինչև գետին: Եվ ձեռքին մի աղեղ կար: Եվ մեջքին` նետերով լի կապարճ:
Աղջիկը դանդաղ, զուսպ մի լարումով մոտեցավ պարսպի քարակոփ շրթին: Ձեռքը կապարճին տարավ, հանեց նետը: Քաշեց աղեղի լարը, սլաքը մահաբեր սուլոցով թռավ դեպի թշնամին, դեպի այն զինվորը, որ սուրը վեր պարզած, ելարանի վերջին աստիճանին, ուզում էր իջնել երկրորդ պարսպի վրա: Նետը խրվեց նրա կոկորդը: Եվ գայլային խռպոտ մի ոռնոցով թշնամին ցած գլորվեց պարսպից: Երկրորդն էլ արժանացավ նույն բախտին, երրորդն էլ:
Աղջկա հայտնությունը անսպասելի էր, հարվածը` դիպուկ: Թշնամին վախեցավ:
- Շեյթա՜նը, շեյթա՜նը,- գոռգոռացին նրանք և ահաբեկ, հուսակտուր ցած թափվեցին ելարանից:
- Հրեշտա՜կը, հրեշտա՜կը,- աղմկեցին, ուրախացան հայ զորականները և այդ վերահաս օգնությունից զարմացած, խաչակնքեցին դեմքները:- Աստված մեզ փրկեց…
Հայ մարտիկները, երբ առաջ նետվեցին, կարկամեցին մի պահ: Իհարկե, այդ աղջիկը Այծեմնիկն էր:
Դարբնոց թաղում ո՞վ չէր ճանաչում Այծեմնիկին` դարբին Խոսրովի միակ աղջկան: Ջահել նոճի ասես լիներ, ճապուկ ու դյուրաթեք: Երբ վազում էր, իսկ նա հանգիստ քայլել չգիտեր, սև, երկեն հյուսքերը ծածանվում, ծափ էին տալիս նրա մեջքին: Բուն փողոցում գիտեին նրան, գիտեին Ավագ դռան պահակները, զի նա հաճախ էր պարսպից դուրս զբոսանքի գնում, գիտեին նրան և Ծաղկոցաձորում, և Իգաձորում, ուր նա այծյամի պես քարից քար թռչելով, առանց վախի, գետափ էր իջնում ծաղիկ քաղելու:Այծեմնիկ աղջկան սիրում էին բոլորը, բայց ամենից շատ` Գոռը, Սամվելը, Արտակը:
- Դու մեզանից ու՞մ ես սիրում, Այծեմնիկ,- հարցնում էին նրանք, երբ հանդիպում էին Բուն փողոցում, Մայր տաճարի բակում, Հովվի եկեղեցու մոտ:
Ծիծաղում էր Այծեմնիկը, և ձայնը նրա իջնում էր խառնվում կամրջի տակ ալիքվող Ախուրյանի ուրախ քրքիջին:
- Քե՛զ եմ սիրում, Գոռ, քե՛զ եմ սիրում, Սամվել, քե՛զ եմ սիրում, Արտակ: Սիրում եմ բոլորիդ: Հո՜րս եմ սիրում, մո՜րս, մեծ մո՜րս եմ սիրում, Մայր տաճարն եմ սիրում, Ավագ դուռն եմ սիրում, Ախուրյանի ու Անի վտակի ավաչը, մեր քաղաքն եմ սիրում, մեր քաղաքը…
Ջահել էր Այծեմնիկ աղջիկը, այծյամի պես չարաճճի:
Բայց երբ վտանգվեց Անին, երբ դաժան օրեր եկան, կորավ Այծեմնիկի ծիծաղը, մարեց: Փոխվեց աղջիկը, մեծացավ ասես, լրջացավ: Եվ այն բանից հետո, երբ թշնամին նեղեց, երբ մեկը մյուսի ետևից ընկան քաղաքի պաշտպանները, երբ պարսպի վրա թշնամու նետից խոցվեցին Գոռը, Սամվելը…
Այծեմնիկն այլևս Բուն փողոց չէր ելնում, չէր իջնում մինչև Հովվի եկեղեցին, Մայր տաճար չէր գնում: Հիմա ամեն առավոտ ծեգին վազում էր հոր դարբնոցը, որ օգնի նրան: Հայրը նետերի սլաքներ էր կռում, նիզակի ծայրեր, սրեր էր կոփում, տապարներ: Այծեմնիկը փուքս էր փչում կռան զարկում, զի Խոսրովի օգնականները, ջահել տղաներ, կռվելու էին գնացել: Հետո նա հոր պատրաստած զենքը կռվողներին էր տանում:
Եվ պատահեց այնպես, որ այդօր, երբ նա զենքերը կռվողներին հասցրեց, տեսավ, որ պահն է օրհասական: Ելարաններ դրած, թշնամին մի քանի տեղով արդեն իջել էր պարիսպներին:Հայերը թուլացել էին և կռվելով ետ էին քաշվում:
- Այծեմնի՜կը, Այծեմնի՜կը,- ոգևորվեցին հայ զինվորները և նետերի տարափ տեղացին անագորույն թշնամու վրա, նիզակներ նետեցին, քարեր գլորեցին, ջարդելով պարիսպն ի վեր սողացող մարդկանց:
Բայց և թշնամին, որ կարկամել էր մի պահ, սթափվեց, լարվեց, տեսնելով, որ իրենց նետահարողը մանկամարդ մի աղջիկ է միայն:
Թշնամին կատաղեց, ձգվեց առաջ: Մի քանի նետեր սլացան դեպի Այծեմնիկը: Նա ձեռքը կապարճին տարավ: Այլևս նետ չուներ: Սկսեց քարեր գցել: Եվ հենց այդ պահին մի նետ ցցվեց ուսին: Այծեմնիկը պոկեց նետը և դնելով աղեղին, սպանեց իրեն նետահարողին:
Հայերը քայլ առ քայլ, ոտ առ ոտ առաջ գնացին:
- Մի՛ վախեցիր, Այծեմնիկ,- ձայնեց Արտակը: - Գալի՜ս ենք…
Եվ հայերի գրոհը ուժգին եղավ: Գրավեցին կորցրած առաջին պարիսպը, հասան բուրգի գագաթը, և թշնամին, խելակորույս ու հուսաբեկ, գլորվեց դեպի առապարը, դեպի բլուրները: Եվ արեգակը դեռ մայր չմտած`քաղաքի պաշտպանները ողջունեցին հաղթանակը:
Ղողանջեցին Մայր տաճարի զանգերը, սկզբում հատ-հատ, ասես վախվորած, հետո քանի գնաց դարձավ ավելի վստահ, ավելի ուժգին: Իջնող խավարում այդ ղողանջը օրհնանքի պես տարածվեց քաղաքի բազում տների ու եկեղեցիների վրա, բարձրացավ վեր, մինչև միջնաբերդ հասավ:
Մարդիկ, հյուծված ու հոգնաբեկ, բայց լցված հաղթանակի ուրախությամբ, վառ ջահերը ձեռքներին, ողողեցին Բուն փողոցը, նրա շրջակայքը, հոսեցին դեպի Մայր տաճար, ուր այդ պահին Զավեն սրբազանը պատարագ էր տալիս հանուն նրանց, ովքեր ընկան թշնամու սրից, նետից, ընկան որպես մարտիրոսներ:
Եվ այդ պահին էր, հուսկ այդ պահին, որ մարդիկ հիշեցին քաջասիրտ աղջկան: Ու՞ր է Այծեմնիկը:
- Այծեմնի՜կ,- ձայնեց հուսահատ Արտակը, չտեսնելով նրան,- Այծեմնի՜կ:
Արտակը նայեց իր շուրջը, երկրորդ պարիսպը, առաջինը: Բազում դիակներ` հայ քաջերի և թշնամու: Վիրավորների խուլ տնքոց:
- Այծեմնի՜կ,- նորից կանչեց Արտակը և անսպասելի տեսավ նրան:
Առջևի պարսպի շուրթին, առաջ թեքված, ասես դեպի թշնամին մղվելիս, ընկած էր նա: Սև պարեգոտը ծածկել էր դեմքը և թրթռում էր Ծաղկոցաձորից փչող հովից: Ասես նա թեքվել, նայում էր ձորին, ասես նա ձորում ծաղիկներ էր փնտրում:
- Այծեմնի՜կ,- շնչակտուր ձայնեց Արտակը, մտածելով, թե նա վիրավոր է:
Եվ Արտակը խելակորույս առաջ նետվեց: Երբ մոտեցավ, երբ ետ տարավ պարեգոտի ծայրը, տեսավ, որ նետը դիպել է գլխին: Պարսպի շրթին, աչքերը բաց, ձեռքում ամուր սեղմած աղեղը, նա մահացել էր:
Մահացել էր` աչքը իր սիրած Ծաղկոցաձորին հառած, որտեղ լալիս էին ալ կակաչները…
Աղբյուրը՝ Հայկական ավանդապատումներ,
կազմ․ ՝ Ն․ Վիրաբյան, Երևան, Զանգակ, 2017: