Խոսելիս և գրելիս երբեմն դժվարություն է առաջանում միավանկ վերջնաբաղադրիչ ունեցող բառերի հոգնակին կազմելիս. մարդիկ չեն կողմնորոշվում, թե ի՛նչ մասնիկ ավելացնեն՝ -ե՞ր, թե՞ -ներ: Հաճախ կազմվում են հոգնակիի սխալ ձևեր, որոնք տպավորություն են փչացնում, ականջ սղոցում, ակնահաճո չեն:
Միավանկ վերջնաբաղադրիչ ունեցող բառերի հոգնակին կազմելու հիմնական կանոնը սա է. եթե միավանկ վերջնաբաղադրիչը գոյական է (պատասխանում է ի՞նչ հարցին) և պահպանում է իր առարկայական նշանակությունը, ապա բառն ստանում է –եր մասնիկը, ինչպես՝ ցուցափեղկ (ցուցադրելու փեղկ) – ցուցափեղկեր, իսկ եթե գործողություն է ցույց տալիս և պատասխանում է ի՞նչ անող հարցին, ուրեմն –ներ, ինչպես՝ ականանետ (ական նետող) – ականանետներ: Հազվադեպ լինում է ի՞նչ արած հարցին պատասխանող միավոր, ինչպես՝ նորածին (նոր ծնված) - նորածիններ:
Ներկայացնենք «խնդրահարույց» վերջնաբաղադրիչների մի փունջ:
-
ԳԻՐ
Գիր նշանակում է «գրություն, գրվածք»: Երբ գիր-ը բառավերջում այս իմաստով է, ապա դրվում է –եր մասնիկը: Օրինակներ՝ վերնագիր – վերնագրեր, բացատրագիր – բացատրագրեր, խնդրագիր – խնդրագրեր, գծագիր – գծագրեր, լրագիր - լրագրեր:
Իսկ եթե գիր-ը նշանակում է «գրող», ապա ավելանում է –ներ մասնիկը: Օրինակներ՝ հեքիաթագիր – հեքիաթագիրներ, վիպագիր - վիպագիրներ, խմբագիր – խմբագիրներ, առակագիր – առակագիրներ, արձակագիր - արձակագիրներ:
Նկատենք, որ առաջին խմբի բառերի դեպքում գիր-ի ի-ն հնչյունափոխվում է, իսկ երկրորդ խմբի դեպքում՝ ոչ:
-
ՉԱՓ
Չափ բաղադրիչը նույնպես գործածվում է ինչպես գործողության, այնպես էլ գոյականի նշանակությամբ, դրա համար էլ բառին կարող է թե՛ -ներ և թե՛ -եր մասնիկն ավելանալ։ Այսպես՝ ջերմաչափ «ջերմությունը՝ ջերմաստիճանը չափելու կամ չափող սարք» – ջերմաչափներ, բայց դեղաչափ «դեղի այն չափը, որ նախատեսված է միանգամից ընդունելու համար», «տվյալ բաղադրության մեջ մտնող յուրաքանչյուր նյութի չափը»՝ դեղաչափեր: Ջերմաչափ-ի նման՝ ջրաչափ «ջրի ծախսը չափող գործիք՝ սարք» – ջրաչափներ, արագաչափ «շարժման արագությունը չափելու գործիք» – արագաչափներ, հարթաչափ «հարթ մակերեսների հավասարությունը, հարթությունը և այլն չափելու գործիք» – հարթաչափներ, հողաչափ «հողաբաժանման համար օգտագործելի հողերը չափող և սահմանագծող մասնագետ» իմաստով բառի հոգնակին լինում է հողաչափներ։
-
ԿԵՏ
Կետ-ը միավանկ գոյական է, ուստի այս վերջնաբաղադրիչն ունեցող բառերի հոգնակին կազմելիս դրվում է –եր մասնիկը՝ հենակետ – հենակետեր, սահմանակետ – սահմանակետեր, բարձրակետ – բարձրակետեր, բուժկետ - բուժկետեր:
Բայց ահա տեսակետ բառի դեպքում այդպես չէ. հոգնակին լինում է տեսակետներ: Ինչո՞ւ: Փորձեմ բացատրել: Երբ միավանկ վերջնաբաղադրիչի իմաստը հստակ չի գիտակցվում կամ այլ իմաստով է գործածվում, կամ էլ վերջնաբաղադրիչը սերտաճած է լինում նախորդ բաղադրիչին, բառը սովորաբար ստանում է –ներ մասնիկը: Օրինակ՝ ընձուղտ – ընձուղտներ (այնինչ ուղտ - ուղտեր):
-
ՑՈՒՅՑ
Ցույց բառը որպես վերջնաբադրիչ գործածվում է հիմնականում «ցույց տվող» իմաստով՝ ժամացույց – ժամացույցներ (ժամն է ցույց տալիս), կողմնացույց – կողմնացույցներ, հեռուստացույց – հեռուստացույցներ, օրացույց – օրացույցներ, խոշորացույց – խոշորացույցներ:
Բայց ահա նստացույց – նստացույցեր, քանի որ սա ցույցի մի տեսակ է (ցույց - ցույցեր):
-
ԱՆՑՔ
Անցք – անցքեր, ուստի հորատանցք – հորատանցքեր, դիտանցք – դիտանցքեր: Բայց բազմաթիվ բառերի պարագայում ավելանում է –ներ, քանի որ դրանցում անցք-ն արդեն վերաիմաստավորված է, ինչպես՝ միջանցք – միջանցքներ, նրբանցք – նրբանցքներ, լուսանցք – լուսանցքներ, քղանցք «զգեստի ներքևի ծայրը, փեշ» - քղանցքներ:
Այդպես էլ լեռնանցք – լեռնացքներ: Բայց եթե խոսքը լեռան մեջ բացված անցքերի մասին է, լինում է լեռնացքեր (սա հազվադեպ է):
Նույն կերպ՝ ջրանցք – ջրանցքներ: Օրինակ՝ «Վենետիկը ջրանցքների քաղաք է»: Բայց տեխնիկական գրականության մեջ կարող է պատահել ջրանցքեր ձևը. խոսքը «ջրի անցք՝ ծակ» իմաստի մասին է:
-
ՊԵՏ
Պետ-ը միավանկ գոյական է, բայց բազմաթիվ բառերի մեջ այն ընկալվում է որպես «բարձր ղեկավար», «զինվորական աստիճան»։ Քաղաքապետը քաղաքի պետը չէ, ոչ էլ գնդապետն է գնդի պետը, վարչապետն էլ վարչության կամ վարչական պետ չէ և այդպես շարունակ։ Ուստի քաղաքապետ – քաղաքապետներ, գնդապետ – գնդապետներ, վարչապետ – վարչապետներ, համայնքապետ – համայնքապետներ, նահանգապետ – նահանգապետներ։
Պահեստապետի համար կարող ենք ասել, որ նա հենց պետ է, բայց նույնական մոտեցում կիրառելու նպատակով սրա հոգնակին հանգիստ կարող ենք կազմել պահեստապետներ ձևով։
7․ ՆԻՇ
Նիշ վերջնաբաղադրիչի դեպքում գործ ունենք «նշող» իմաստի հետ։ Օրինակ՝ հատկանիշ «որևէ հատկություն՝ յուրահատկություն նշող» – հատկանիշներ, խորհրդանիշ – խորհրդանիշներ, չափանիշ – չափանիշներ, ախտանիշ «հիվանդության նշան» – ախտանիշներ, հայտանիշ – հայտանիշներ։
Նիշ-ով վերջացող բառերի հոգնակին կազմելիս պետք չէ տանջվել մասնիկի ընտրության հարցում՝ նամականիշե՞ր, թե՞ նամականիշներ։ Պետ-ով վերջացող բառերի նման այստեղ էլ անվարան –ներ մասնիկն ենք դնում և գործը փակում։
-
ՁԱՅՆ
Ձայն գոյականը տեսնում ենք ոտնաձայն բառի վերջում․ հոգնակին բնականաբար կլինի ոտնաձայներ։
Բաղաձայն բառի դեպքն ուրիշ է․ սա ածանցավոր կազմություն է (բաղ-ը նախածանց է), ուստի հոգնակին կազմելիս –ներ է ավելանում՝ բաղաձայններ։
-
ՍՅՈՒՆ
Սյուն – սյուներ, ըստ այդմ էլ՝ շարասյուն – շարասյուներ, հենասյուն – հենասյուներ, զորասյուն - զորասյուներ: Ոմանց խորհուրդ ենք տալիս հրաժարվել երկու ն գրելու գայթակղությունից․ դա սխալ է:
-
ՊԱՀ
Պահ բառավերջում առավելաբար նշանակում է «պահող», ըստ այդմ էլ՝ -ներ։ Այսպես․ հերթապահ(հերթով՝ հերթականությամբ որոշ պարտականություններ կատարող, այսինքն՝ հերթապահող) – հերթապահներ։ Նույն կերպ էլ՝ դարպասապահ – դարպասապահներ, հիվանդապահ – հիվանդապահներ, ավանդապահ – ավանդապահներ։
Մի երկու բառում պահ-ը ժամանակ նշանակող բաղադրիչ է։ Օրինակ՝ իրիկնապահ «երեկոյան պահ, երեկոյան ժամանակ», ուստի, բնականաբար, սրա հոգնակին լինում է –եր-ով՝ իրիկնապահեր։
-
ՇԱՐ
Շար վերջնաբաղադրիչը երկու իմաստով է գործածվում բարդ բառերում․
- «շարք», ուստի հոգնակին –եր-ով է՝ խողովակաշար – խողովակաշարեր, մատենաշար – մատենաշարեր, ակնարկաշար - ակնարկաշարեր․
- «շարող», ուստի հոգնակին –ներ-ով է՝ պատշար – պատշարներ։ Մի ժամանակ տպարանում աշխատում էին գրաշար բանվորներ, որոնք ձուլածո տառերով գրվածքն էին շարում․ գրաշար – գրաշարներ։ Այս բառն արդեն շատերը չգիտեն և հոգնակին կազմելու դժվարություն ինքնըստինքյան չեն ունենում։
12․ ՄՈՒՂ
Ունենք գազամուղ, նավթամուղ, ջրմուղ բառերը, որոնցում մուղ-ը նշանակում է «մղող»։ Քանի որ գործողության իմաստ է արտահայտում, հոգնակին լինում է գազամուղներ, նավթամուղներ, ջրմուղներ։ Ոմանք անշուշտ սխալվում են, երբ հոգնակին –եր-ով են կազմում։
Ավարտենք բանաստեղծությամբ.
Եվ աստղազարդ երկնքի վանքերի մեջ ողջ գիշեր
Վառվում էին մոմերի ցուցամատներ ցորնաթույր,
Որ զույգերը անհագուրդ ըմբոշխնեին կյանք ու սեր... (Մետաքսե)
Հիմա երկու հարց.
- Դուք է՞լ ցուցամատ բառի հոգնակին կկազմեիք ցուցամատներ ձևով:
- Ինչպե՞ս կկազմեք միջնամատ բառի հոգնակին:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ