• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԿԱՄ ԵՎ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  [10  դեպք]

ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԿԱՄ ԵՎ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [10 դեպք]

Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայերենի այբուբենի երեսունվեց տառերը՝ ա-ից մինչև ք (այբից մինչև քե): Միջին դարերում հայերենի այբուբենին ավելացել են օ, ֆ  տառերը: Հավելված տառերը մաշտոցյան այբուբենին միանում էին և  շաղկապի միջոցով: Այդ գրանշանը յուրահատուկ է. առաջացել է ե-ի և ւ-ի (վյունի) կցման հետևանքով: Դասական ուղղագրությամբ՝ եւ, այժմ՝ և:

Անդրադառնանք և-ի գրության, և կամ եվ ունեցող բառերի ուղղագրության դժվարություններին: Ներկայացնում ենք 10 դեպք:

  1. Եվ

Մեծատառ և-ն արտահայտվում է երկու տառով՝ Եվ (Ե-ն մեծատառ, երկրորդ տառը՝ վ-ն՝ փոքրատառ, ավանդական ուղղագրությամբ՝ Եւ): Օրինակ՝ Եվրոպա, Եվրասիա, Եվա, Եվպատորիա  և այլն:

Սա էլ նախադասության սկզբում. «Եվս երկու աջակից ունեցանք»:

 

  1. Եվրոպա – եվրոպացի, արևմտաեվրոպական

Եվրոպա անունից կազմված բառերի (ոչ հատուկ անունների) սկզբում և բառամիջում գրվում է եվ՝ եվրոպացի, եվրոպական, արևմտաեվրոպական, հնդեվրոպական (լեզվաընտանիք) (ոչ թե «հնդևրոպական», ինչպես անցյալում էին գրում):

  1. տևական, անձրև, ևս

Բառամիջում և բառավերջում և-ը գրվում է մեկ տառով: Օրինակ՝ արևային, երևույթ, տերև: Բառասկզբում հազվադեպ է ՝ ևս, ևեթ (վաղը ևեթ):

  1. ԵՐԵՎԱՆ

Երբ որևէ բառ, արտահայտություն կամ նախադասություն գրում ենք մեծատառերով, ապա գրվում է ԵՎ: Այսպես, օրինակ, Հայաստանի մայրաքաղաք Երևանի անունը՝ ԵՐԵՎԱՆ, ոչ թե ԵՐևԱՆ, ԵՐեւԱՆ կամ ԵՐեվԱՆ, ինչպես երբեմն տեսնում ենք տարբեր տեղերում: Կրկնում ենք՝ այս դեպքում բոլոր տառերը մեծատառ:

Նույն կերպ սխալ է, երբ ազդագրում գրված է լինում, օրինակ, «ՍԵՐ և ԽԱՐԴԱՎԱՆՔ». պիտի լինի «ՍԵՐ ԵՎ ԽԱՐԴԱՎԱՆՔ»՝ բոլորը մեծատառ:

  1. հոգեվարք

Բառեր  կան, որոնցում եվ ենք գրում, քանի որ վ-ով սկսվող բաղադրիչ ունենք: Ահա այսպես՝ գերեվարել   (< վարել): Գերի բառի ի-ն դարձել է ե և «հանդիպել» վարել բայի վ-ին, դրա համար էլ գրվում է եվ: Այդպես էլ հոգեվարք, որ «հոգու վարքն» է, տարեվերջ (տարվա վերջը), ոսկեվարս (ոսկե վարսեր՝ մազեր): Սխալվում են հատկապես գերեվարել և հոգեվարք գրելիս:

  1. ոսկևորել

Երբ ի-ով վերջացող բառին հաջորդում են ա հոդակապը և -վոր ածանցը (կամ պարզապես –ավոր-ը), տեղի է ունենում հնչյունափոխություն և գրվում է և: Այսպես՝ հոգևոր (< հոգի+ա+վոր), ոսկևորել (< ոսկի+ա+վորել) «ոսկեզօծել, ոսկեջրել», գոտևորել (< գոտի+ա+վորել) «գոտի կապել մեկին», «գոտի անցկացնել», «չորսբոլորը եզերել, շրջապատել»: Պարզ երևում է, որ վ-ով սկսվող  բառամաս չունենք, ուստի գրում ենք և: Այդպես էլ՝ արժևորել «արժեքավորել»:

Հավելենք, որ վերջերս գործածվում է նաև գոտիավորել բառը, որ նշանակում է «գոտիների բաժանել» (այստեղ, իհարկե, և-ի խնդիր չի առաջանում, հիշատակում ենք, քանի որ գոտևորել բայի չհնչյունափոխված բաղադրիչներն են):

  1. սերկևիլ

Այս և համանման բառերը (օրինակ՝ առևանգել) գրում ենք և-ով, քանի որ եվ գրելու հիմքեր չկան:

  1. այսուհետև

Այս բառն առաջացել է այս և հետ բառերի գրաբարյան գործիական հոլովի ձևերից: Այսու բաղադրիչի համար կարող ենք համեմատել այսուամենայնիվ բառի հետ, հետև բաղադրիչի համար՝ որովհետև-ի: Շատերը գիտական խոսքում, պաշտոնական գրություններում այսուհետև-ի փոխարեն գրում են այսուհետ: Ավելին, ոմանք այսուհետև գրողներին նույնիսկ ուղղում են, թե իբր ճիշտ ձևը այսուհետ-ն է: Բայց բառը մկրատողները հաշվի չեն առնում, որ լեզվում համակարգային կապեր կան, որոնք անթույլատրելի են դարձնում այդ կարգի միջամտությունները: Այսպես, եթե ընդունելի համարենք այսուհետ-ը, այդ դեպքում ի՞նչ անենք նույն կառուցվածքն ունեցող այնուհետև-ի հետ: Սա այնուհետ դարձնելն ուղղակի արտառոց կլինի: Ուստի այսուհետև և այնուհետև, երկուսն էլ բառավերջի                                           և-ով:

  1. Անդրեև

Ռուսական ազգանունների վերջում գրում ենք և, ինչպես՝ Ալեքսեև, Պրոկոֆև, Սերգեև: Այդպես էլ այլալեզու անձնանունների դեպքում, ինչպես՝ Զբիգնև և այլն (հայկական Պարգև-ի նման):

  1. գուցեև / գուցե և

Գուցե «թերևս, հավանաբար» բառը ունենք, որը հաճախ գործածում ենք և-ի հետ՝ գուցե և «կարող է պատահել, հնարավոր է»: Գուցե-ն և և-ը այնքան են միասին ու սերտ գործածվել, որ կցվել են ու ավելի շատ անանջատ են գրվում՝ գուցեև: Եվ մարդիկ երբեմն չեն կողմնորոշվում՝ միասի՞ն գրեն, թե՞ անջատ: Հիմա անցման շրջան է, և երկու ձևն էլ ընդունելի պիտի համարել՝ գուցեև կամ գուցե և: Նկատելի է, որ ի վերջո հաղթելու է անանջատ գրությունը, քանի որ երկու բաղադրիչների միջև արտասանական դադար գրեթե չկա:

Այդպես էլ ունենք ուստի - ուստիև / ուստի և, թեպետ -  թեպետև / թեպետ և:

Այնինչ բայց և այնպես  / բայցևայնպես: Կրկին հավասարարժեք են, բայց բաղադրիչներն ավելի շատ առանձին են գրվում:

 

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

shushan karapetyan

06.05.2024

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.