Փոխազդեցական է կոչվում հնչյունափոխության այն տեսակը, որի դեպքում հնչյունի փոփոխությունը կատարվում է բառի մեջ հնչյունների միմյանց վրա ազդելու պատճառով: Հնչյունափոխության այս տիպին են պատկանում՝
- առնմանումը,
- տարնմանումը,
դրափոխությունը, - հնչյունի հավելումը,
- հնչյունի կորուստը,
- ամփոփումը,
- համաբանական հնչյունափոխությունը:
Սրանցից ժամանակակից հայերենում գործուն և կենսունակ են թերի առնմանումն ու թերի տարնմանումը:
1. Առնմանում
Առնմանման ժամանակ միևնույն բառի մեջ մի հնչյունն ազդում է մյուսի վրա և նույնացնում կամ նմանեցնում է իրեն: Առնմանումը լինում է ըստ նույնականացման աստիճանի՝ լիակատար և թերի, ըստ ազդեցության ուղղության՝ առաջընթաց և հետընթաց: Լիակատար առնմանման ժամանակ ազդող և ազդվող հնչյունները լիովին նույնանում են:
- Թերի առնմանման դեպքում ազդվող հնչյունը մասամբ՝ իր հատկանիշներից մեկով կամ մի քանիսով է նմանվում ազդող հնչյունին:
- Առաջընթաց առնմանման ժամանակ նախորդ հնչյունն է ազդում հաջորդի վրա, իսկ հետընթացի ժամանակ՝ հաջորդը նախորդի:
Առաջընթաց լիակատար առնմանում է առկա բոկիկ գրաբարյան բառից արդի հայերենում առաջացած բոբիկ բառում: Բառասկզբի բ-ն ազդել է իրեն առավել մոտ գտնվող առաջին կ-ի վրա և լրիվ, ամբողջությամբ նմանեցրել է իրեն, դարձրել բ: Երկրաշարժ բառի ժողովրդական-խոսակցական ժաժք հոմանիշում կա լիակատար հետընթաց առնմանում՝ շարժ>ժաժք (ր-ի անկումով). բառավերջի ժ-ն, ազդելով բառասկզբի շ-ի վրա, նույնացրել է իրեն:
Զքողել>սքողել բառում կատարվել է թերի հետընթաց առնմանում: Իրեն նախորդող ձայնեղ զ-ի վրա ազդելով՝ շնչեղ խուլ ք-ն
նրան դարձրել է խուլ ս: Առնմանումը թերի է, որովհետև փոխվել է զ-ի միայն մեկ՝ ձայնային հատկանիշը (ձայնեղ → խուլ), իսկ մյուս հատկանիշները՝ արտաբերման տեղը (առաջնալեզվային), եղանակը (շփական), կազմությունը (պարզ) մնացել են նույնը:
Թերի հետընթաց առնմանման գործուն օրինաչափությամբ է ժամանակակից հայերենում կազմվում բ հոլովակազմիչով գործիական հոլովը. ուղղ. արյուն → սեռ.-տր. արյան → գործ. Արյան+բ>արյամբ: Երկշրթնային բ-ն, հետընթաց ազդելով ռնգային(նաև լեզվի առաջամասով արտասանվող) ն-ի վրա, արտաբերման տեղով (միայն այս մեկ հատկանիշով) նույնացրել է իրեն՝ վերջինիս դարձնելով երկշրթնային մ:
2. Տարնմանում
Առնմաման հակառակ երևույթն է, երբ բառի մեջ մի հնչյուն ազդում է նույնական կամ նման մի այլ հնչյունի վրա և
պատճառ է դառնում նրա փոփոխության՝ հեռացնելով իրենից, երբեմն հասցնելով անկման: Ազդում և ազդվում են սովորաբար միատիպ հնչյունները (ձայնավոր – ձայնավոր, բաղաձայն – բաղաձայն): Տարնմանումը նույնպես կարող է լինել՝
ա. լիակատար, երբ տարնմանման ենթարկվող հնչյունը բացարձակապես փոխում է իր որակը, և թերի, երբ հնչյունը մասնակիորեն է տարբերակման ենթարկվում,
բ. առաջընթաց, երբ տարնմանման ենթարկող հնչյունն ազդում է իրենից առաջ գտնվող հնչյունի վրա, և հետընթաց, երբ հիշյալ հնչյունն ազդում է իրենից հետ գտնվող հնչյունի վրա:
Այսպես, կրկնավոր շատ բարդություններում նույնական հնչյունները փոխազդում են, և տեղի է ունենում հնչյունափոխություն: Բառ+բառ>բարբառ բառում, վերջին ռ-ն ազդել է առաջինի վրա և մեկ հատկանիշով (բազմաթրթիռություն → միաթրթիռություն) հեռացրել իրենից. թերի հետընթաց տարնմանում:
Գրավոր խոսքում ձայնավոր կամ ձայնորդ հնչյունին հաջորդող դիրքում, մանավանդ բառավերջում, բ, գ, դ ձայնեղները բանավոր լեզվում դրանց ազդեցությամբ ենթարկվում են թերի հետընթաց տարնմանման՝ դառնալով շնչեղ խուլ (ձայնաբանական հատկանիշի փոփոխություն). մարդ>մար[թ], դարբին>դար[փ]ին, միրգ>միր[ք]:
Արմատի կրկնությամբ կազմված կցական և կրկնավոր մի շարք բաղադրություններում տարանման են ենթարկվում կրկնվող ա և օ(ո) հնչյունները.
ա. ա-ն դառնում է գաղտնավանկի ը. վազվ/ը/զել, թափթ/ը/փել, ծամծ/ը/մել, մազմ/ը/զուկ.
բ. ա-ն դարձել է ու. խաժամուժ, խարխուլ, աղջամուղջ, մանրմունր, մազ-մուզ, ծակ-ծուկ, աղքատ-ուղքուտ, լակոտ-լուկուտ.
գ. ա-ն դարձել է օ (ո). հայհոյել.
դ. ա-ն դարձել է է (ե). մաղցր-մեղցր.
ե. օ (ո)-ն դ դարձել է ու. լակոտ-լուկուտ (առաջին ա>ու հնչյունափոխությունն այս դեպքում առնմանում է):
3. Դրափոխություն
Հնչյունափոխության այս տեսակի ժամանակ բառում հնչյունները, ազդելով միմյանց վրա, փոխում են իրենց տեղերը: Այս երևույթը առավելաբար տարածված է ոչ գրական՝ ժողովրդախոսակցական և բարբառային արտասանության դեպքերում:
Բայց կան նաև որոշ թվով բառեր, որոնք արդի գրական լեզվին են անցել հնչյունափոխված ձևով: Այս բառերում դրափոխությունը ստացել է օրինական, նորմատիվ բնույթ. խստոր>սխտոր, կապերտ> կարպետ, կրուկն>կրունկ, արմուկն>արմունկ, ձգել>գձել>գցել: Խոսակցականում (ոչ նորմատիվ, մերժելի են)՝ կամուրջ>կարմունջ, համբույր>համբյուր, զոքանչ>զոնքաչ, դատարկ>դարդակ, ականջ>անգաճ (վերջին երկուսում նաև առնմանում ու տարնմանում) և այլն:
4. Հնչյունի հավելում
Այս դեպքում, դիրքով պայմանավորված կամ փոխազդեցական պատճառներով, բառում ավելանում, ներմուծվում է նոր հնչյուն: Օրինակ՝ արբել – հարբել, ապա – հապա, գրաբարյան անդ (անդաստան), ագանել, մեք (անձնական դերանուն) բառերը արդի հայերենում դարձել են հանդ, հագնել, մենք: Այս երևույթը ավելի տարածված է խոսակցական լեզվում և բարբառներում. կանաչ – կանանչ, թմրել – թմբրել, մեծ – մենձ, կամաց – կամանց, թոնիր – թոնդիր, մի – մին, աշուն – աշունք:
Հնչյունի հավելում է կատարվում մի շարք կրկնավոր բարդություններում. աման – չաման, աղքատ – մաղքատ, ամբաղ – զամբաղ, առակ – պառակ, անուն – մանուն:
5. Հնչյունի կորուստ
Այսպես է կոչվում հնչյունափոխական այն երևույթը, երբ որևէ պառճառով բառից ընկնում, վերանում է մի հնչյուն: Օրինակ՝ քարշել – քաշել, խարշել – խաշել, խորհել – խոհ, արժան – էժան, տեսանել – տեսնել, պահս – պաս, Հակոբ - Ակոբ:
Հնչյունի կորուստ է հնարավոր՝
ա. կրկնավոր բարդություններում. այլուն-փայլուն (<փայլունփայլուն), առոք-փառոք, ակաս-պակաս, ավալ-թավալ:
բ. Արմատի կրկնությամբ կազմված կցական բարդություններում. հեղեղ (<հեղհեղ), հոպոպ, հայթայթել, հոտոտել, հագագ, փաթաթել, փոփոխել:
գ. Պատմական հնչյունափոխության արդյունքում հնչյունի կորուստ է տեղի ունեցել գրաբարյան յ-ով վերջացող բառերում, ինչպես նաև ն-ով վերջացող մի շարք բառերում. ծառայ – ծառա, քահանայ – քահանա, մուկն – մուկ, որոշումն – որոշում:
դ. Բանավոր խոսքում մի շարք բառերում (արմատներում) կատարվել է հ հնչյունի անկում, որը, սակայն, չի արտահայտվում
գրության մեջ. աշխարհ – աշխար[հ], ճանապարհ – ճանապար[հ], արհամարհել – արհամար[հ]ել, շնորհք – շնոր[հ]ք:
6. Հնչյունների ամփոփում և կրճատում
Այս դեպքում բառի կազմում եղած իրար հաջորդող միանման վանկերից կամ հնչյունախմբերից մեկը կրճատվում, համառոտվում է. հասարակակարգ>հասարակարգ, ճարտարասան>ճարտասան, երասանակակալ>երասանակալ, աշխարհահայացք>աշխարհայացք, տավարարած>տավարած, տեղանուններում՝ Մարմարաշեն>Մարմաշեն, Համամաշեն>Համշեն:
Հնարավոր է ոչ միայն վանկերի, այլև բառի առանձին ամբողջական մասերի կրճատում (հատկապես անձնանուններում): Սա կոչվում է արտակարգ (կարգից՝ օրենքից դուրս) հնչյունափախություն. Կարապետ – Կարո, Խաչատուր – Խաչո, Խեչո, Աստվածատուր – Ծատուր, Տատուր, Հովհաննես – Ավանես, Հանես, Օհան, Օնիկ և այլն:
7. Համաբանական հնչյունափոխություն
Համաբանական կամ նմանակային է կոչվում հնչյունափոխական այն երևույթը, երբ իմաստաբանորեն կամ ձևաբանորեն նման կամ նույն իրողությունները արտահայտող բառի (բառաձևի) ազդեցությամբ տվյալ բառը (բառաձևը) ձեռք է բերում նոր հնչում: Այսպես՝ հոկտեմբեր բառի մ-ն ներմուծված է սեպտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամսանունների նմանողությամբ: Նմանապես նաև սեպտեմբերի բարբառային սեկտեմբեր արտասանությունը հոկտեմբեր, դեկտեմբեր բառերի համաբանությամբ է: Ցած>ցածր (բարձր-ի նմանողությամբ), կանաց>կանանց (արանց բառաձևի ազդեցությամբ), քնքուշ բառի խոսակցական քնքույշ արտասանությունը (զգույշ-ի համաբանությամբ) և այլն:
Աղբյուր՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
(Հնչյունաբանություն, բառագիտություն)
Ա. Սուքիասյան, Ք. Սուքիասյան
Մ․ Ֆելեքյան