Գրաբարում ց նախդիր ունենք, որ միշտ բառին միացած է գրվում, հիմնականում նշանակում է «մինչև»՝ «մինչև մի տեղ, մինչև մի ժամանակ, մինչև մի աստիճան»։
Հազարամյակների պատմություն ունեցող հայերեն բառեր կան, որոնցում ց մասնիկը կարող ենք մատնանշել։ Անզեն աչքով կռահելն անգամ դժվար է, որ, օրինակ, ՑԵՐԵԿ բառում «մինչև» նշանակող ց կա։ Բառի կազմությունն այսպիսին է՝ ց+երեկոյ, այսինքն՝ «մինչև երեկո». ցերեկը մինչև երեկո ընկած ժամանակն է։
Կամ էլ դիտարկենք ՑԱՅԳ բառը, որ նշանակում է «գիշեր». ցայգը մինչև այգ՝ լուսաբաց ընկած ժամանակն է։ Մի ուշագրավ տող հիշենք սփյուռքահայ բանաստեղծ Վահե Վահյանից. «Ու ցայգիս այգ աւետող եղիր սիրո՜յ դուն համբոյր»:
Ց մասնիկով բառերն առհասարակ շատ չեն: Դրանցից մի քանիսին առանձին անդրադառնանք։
ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ (ց+տեսություն). հրաժեշտի ամենատարածված բառն է։
Շատերը ցտեսություն ասելու փոխարեն ասում են «ստեսցյուն», որ ամբողջովին աղավաղում է բառը, կորսվում են ց-ն և նրա հաղորդած «մինչև» իմաստը։ Մի փոքր ուշադրություն, և ց-ն հստակ կարտասանվի:
Լսել եմ, որ որոշ պաշտոնավորներ նեղվում են, երբ իրենց պարզ ցտեսություն են ասում։ Դա ընկալում են որպես անհարգալից մի ձև, իբր առանց հարգական Ձեզ-ի հրաժեշտ տալը տնավարություն է (ակնկալում են «ցտեսություն Ձեզ» լսել)։ Բոլորովին այդպես չէ։ Տարիքով փոքրը մեծին, ենթական իր ղեկավարին հանգիստ պետք է ասի ուղղակի ցտեսություն (առանց Ձեզ-ի), քանի որ դա է գրական կանոնական ընդունելի ձևը։ Ձեզ / ձեզ-ը լրիվ ավելորդ է, ուստի ցտեսություն, այսինքն՝ «մինչ նոր տեսություն»։ Էլ ի՞նչ ձեզ։
Սակայն «ցտեսություն Ձեզ (ձեզ)» սխալ արտահայտությունը բավական տարածվել է։ Պարզ է, որ այդպես են ասում ողջույնի բարև Ձեզ / ձեզ արտահայտության նմանությամբ։ Բարևելիս Ձեզ / ձեզ-ը ճիշտ է, քանի որ ողջունողը բարին է մաղթում հանդիպած մարդուն կամ մարդկանց։
Ի դեպ, Հայաստանի որոշ տարածքներում և սփյուռքում երբեմն գործածում են ցտեսություն բառի կրճատ ձևը՝ ցը (այսինքն՝ «մինչև»)։ Խոսակցական է, իրար ասում են միայն մտերիմները, հասակակիցները։
ՑՄԱՀ նշանակում է «մինչև մահ, մինչև մեռնելը»: Գործածական է տարբեր կապակցությունների մեջ, ինչպես՝ ցմահ բանտարկություն, ցմահ նախագահ։ Բայց այս վերջին կապակցության մեջ մահվան գաղափարի ընդգծումը խոսողների մեջ երբեմն մտային տհաճ զուգորդումներ է առաջացնում։ Թերևս մահվան գաղափարը չշեշտադրելու նպատակով արևմտահայերենում ստեղծվել է ցմահ-ի հոմանիշը՝ ՑԿՅԱՆՍ: Ցկյանս նախագահ. այստեղ արդեն կյանքի գաղափարն է առաջ մղված և ոչ թե մահվան, այսինքն՝ մեկը նախագահ է ամբողջ կյանքի ընթացքում, մինչև իր կյանքի վերջը։ Ցմահ և ցկյանս կազմություններում մահ և կյանք բառերի հականշությունը չեզոքացել է:
ՑԿՅԱՆՍ բառի դիմաց տասնամյակներ առաջ լույս տեսած բառարաններում նշվում է «հնացած», «գրքային»: Սակայն վերջերս բառի «կյանքը փոխվել է»: Հիմա կրթության ոլորտում սովորական են ցկյանս կրթություն, ցկյանս ուսումնառություն կապակցությունները՝ «կրթություն` ուսումնառություն ամբողջ կյանքի ընթացքում»:
ՑՊԱՀԱՆՋ բառը տասնամյակներ առաջ փոստատներում գործածվում էր փոստային այն առաքումների վերաբերմամբ, որոնք տրվում էին հասցեատիրոջ պահանջով (ռուսերեն ասում էին до востребования): Հիմա բառը գործածական է հատկապես բանկային գործում. կան ցպահանջ անժամկետ ավանդներ և այլն:
ՑՄՐՈՒՐ «մինչև մրուրը (մրուրը որևէ հեղուկի տակի նստվածքն է), մինչև տակը, մինչև վերջ» բառի համար էլ է ասվում, որ հնացած ու գրքային է: Այո՛, հանդիպում է գեղարվեստական խոսքում. ցմրուր խմում են դառնության բաժակը, վայելքի գինին...
Մի շարքում ենք դնում ՑԱՐԴ, ՑԱՅԺՄ և ՑԱՅՍՕՐ հոմանիշ բառերը, որոնք նշանակում են «մինչև հիմա՝ այժմ, մինչև այսօր»: Հաճախ կարճ ձևեր ենք փնտրում: Ահավասիկ. ցարդ – մինչև հիմա: Չթողնենք, որ այս կարճ ու պատվական հնություն ունեցող բառերը «հնացած» պիտակավորվեն:
Հրաժեշտ տամ ցավոք արդեն հնացած մի ձևով՝ ցնոր գրություն (մինչև նոր գրություն):
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ