Տարվա 365 օրերը միանման չեն. աշխատողների համար դրանց մեծ մասն աշխատանքային է, փոքր մասը՝ ոչ աշխատանքային։ Երկրի քաղաքացիների համար դրանց մեծ մասը սովորական օրեր են, մի մասը՝ տոնական կամ հիշատակի։
Օրացույցներում տոնական և հիշատակի օրերն առանձնանում են գույներով, տարատեսակ նշումներով և հաստատուն անուններով։ Եվ քանի որ դրանք հատուկ անուններ են, ունեն գրության առանձնահատկություն. հատկապես բաղադրյալ անունները մեծատառ կամ փոքրատառ գրելու որոշ դժվարություններ կարող են լինել։ Անշուշտ մշակվել են ուղղագրական կանոններ, ձևավորվել է գրության որոշակի ավանդույթ, և պետք չէ դրանք անտեսել կամ էլ դեմ գնալ դրանց։
- Անկախության տոն
Պետական տոների և հիշատակի օրերի անունների առաջին բաղադրիչը գրվում է մեծատառ, ինչպես՝ Սահմանադրության օր, Գիտելիքի և դպրության տոն, Հաղթանակի և խաղաղության տոն, Մայրության և գեղեցկության տոն, Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Ոմանք օտար լեզուների ազդեցությամբ կամ չիմացության հետևանքով մեծատառ են գրում անվան բոլոր բաղադրիչները, որը դեմ է ավանդույթին։
- Սրբոց թարգմանչաց տոն
Եկեղեցական տոների և հիշատակի օրերի դեպքում ևս գործում է նույն կանոնը. առաջին բաղադրիչը գրվում է մեծատառ։ Եթե գրվում է առանց «Սրբոց» բաղադրիչի, ապա Թարգմանչաց տոն։ Ի դեպ, այդպես է Հայաստանի Հանրապետության տոների մասին օրենքում։
Միաժամանակ պիտի արձանագրենք, որ եկեղեցական շրջանակները հակված են եկեղեցուն առնչվող հասարակ անուններն անգամ մեծատառ գրել (ասենք այսպես՝ Սրբոց Թարգմանչաց Տոն կամ Սրբոց Թարգմանչաց տոն)։
- Սուրբ Ծնունդ
Բացառիկ լինելու պատճառով Սուրբ Ծնունդ անվան երկու բաղադրիչն էլ գրվում է մեծատառ. խոսքը Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծննդյան մասին է։
Այդպես է գրվում նաև թեքված ձևը՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության (ասվում է նաև Աստվածհայտնության / Աստվածահայտնության) տոն։
- Սուրբ Զատիկ
Հարության տոնը կոչվում է նաև Սուրբ Զատիկ, որտեղ երկրորդ բաղադրիչն էլ է մեծատառ գրվում։ Այդպես է, որովհետև մենաբառ անվանման դեպքում ևս մեծատառ է՝ Զատիկ։
- Մայիսի 9
Մեծատառ են գրվում պետական հանրահայտ տոների ամիս-ամսաթվի ամսանուն բաղադրիչները, քանի որ դրանք տոն են նշանակում և բառային ամբողջական անվան փոխարինիչն են։ Այսպես՝ Մայիսի 1 (Աշխատանքի օր), Մայիսի 28 (Հանրապետության տոն), Ապրիլի 24 (Ցեղասպանության զոհերի հիշատակի օր), Մարտի 8 (Կանանց տոն) և այլն։
- Ուսուցչի օր
Առաջին բաղադրիչը մեծատառով է գրվում նաև մասնագիտական օրերի, հիշարժան այլ օրերի ու տոների անվանումներում, ինչպես՝ Բանակի օր, Երկրապահի օր, Մայրենի լեզվի օր, Ընտանիքի օր, Երեխաների պաշտպանության օր, Ուսանողների և երիտասարդների օր և այլն։
Ուշադրություն. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր, բայց՝ Քաղաքացու օր։
- Ծիծաղի օր
Տարբեր երկրներում, հասարակության տարբեր խմբերում զանազան (երբեմն նույնիսկ տարօրինակ) օրեր կան հաստատված։ Ոչ պաշտոնական այդ օրերի անունները ևս ենթարկվում են ուղղագրական նույն կանոնին։ Օրինակ՝ ապրիլի 1-ն ընդունված է որպես Ծիծաղի օր (այդ օրը մարդիկ կատակում են իրար հետ, զվարճալի իրավիճակներ ստեղծում)։ Ի դեպ, ժողովրդի մեջ տարածված է այդ օրը կոչել այլ կերպ՝ «Խաբելու օր»։
Վերջին տարիներին Հայաստանում կայունացավ (և սիրվեց) Գիրք նվիրելու օրը փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը։
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ