Ապրում ենք հապավումների դարաշրջանում։ Աշխարհի բոլոր զարգացած լեզուներին, այդ թվում և հայերենին բնորոշ է տառային հապավումների առատությունը։ Անընդհատ նորերն են ստեղծվում և գործածվում մամուլում, փաստաթղթերում, այլուր։ Տառային հապավումները հասկանալու համար նույնիսկ բառարաններ են կազմվել։
Տառային հապավումների գործածության ժամանակ տարատեսակ դժվարություններ են առաջանում։ Անդրադառնանք դրանց։
1. Տառային հապավումների կազմիչ տառերը սովորաբար գրվում են մեծատառ, ինչպես՝ ՄԱԿ (Միավորված ազգերի կազմակերպություն), ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ԱԺ (Ազգային ժողով), ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ)։ Բայց կան բացառություններ։ Ամենատարածվածը բուհ (բարձրագույն ուսումնական հաստատություն) հապավումն է։ Եվ քանի որ սովորական բառի ձև է ստացել, պիտի գրել բուհը, բուհի, բուհում, բուհեր, բուհական... Թերթերից մեկի մի հրապարակման մեջ վերջերս բազմիցս տպվել էր բուհ-երի, բուհ-երը և այլն, որ անշուշտ սխալ է։
Գծիկով գրելու դեպքում տառերը մեծատառ պիտի լինեն՝ ԲՈՒՀ-ի, ԲՈՒՀ-ում և այլն։
2. Լավ կլինի ոչ հանրահայտ հապավումները հոդվածում կամ հեռուստատեսային հաղորդման մեջ նախ բացված տալ (ասել), որ ընթերցողը (կամ լսողը) հասկանա, թե ինչի՛ մասին է խոսքը։ Թե չէ մարդ որտեղի՛ց իմանա, օրինակ, ի՛նչ է ՇՄԱԳ-ը (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում)։
3. Հաճախ տառային հապավումները բացված տալն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ տառային նույն կազմով ստեղծված հապավումները թյուրիմացությունների տեղիք կարող են տալ։ Օրինակ՝ ունենք մի քանի ԱՀԿ։ Մեկը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է, մյուսը Առևտրի համաշխարհային կազմակերպությունն է, երրորդը՝ ավտոմատ հեռախոսային կայանը (հեռախոսակայան), հաջորդը՝ Ամերիկայի հրեական կոմիտեն և այլն։
4. Շատերը դժվարություն են ունենում տառային հապավումը կապակցությունների մեջ հատկացուցչի պաշտոնով գործածելիս։ Ո՞րն ընտրել՝ ԳԴՀ (Գերմանիայի Դաշնային Հանրապետության) կանցլե՞ր, թե՞ ԳԴՀ-ի կանցլեր։ Խառնաշփոթը վերացնելու նպատակով ժամանակին կանոնակարգող որոշում է ընդունվել. այն տառային հապավումները, որոնց բաղադրիչ տառերն արտասանվում են առանձին-առանձին (յուրաքանչյուր բաղաձայնից հետո արտասանվող, բայց չգրվող ը-ով), հատկացուցչի պաշտոնում գործածել ուղի՛ղ ձևով, առանց վերջավորության։ Ուստի ԳԴՀ կանցլեր, ՀՀ Վճռաբեկ դատարան, ՌԴ (Ռուսաստանի Դաշնության) նախագահ և այլն, բայց ՄԱԿ-ի ներկայացուցիչ, ՄՕԿ-ի նախագահ, քանի որ իրենց կազմում ձայնավոր ունեն և բառի նման են։
5. Իսկ ի՞նչ անել ձայնավորով վերջացող տառային հապավումների սեռական հոլովաձևը կազմելիս, յ գրե՞լ, թե՞ ոչ։ Ո՛չ, չեն գրում, գծիկը թույլ չի տալիս։ Օրինակ՝ ՈՄԱ (Ողջ մնալու արվեստ) – ՈՄԱ-ի դասընթաց։
6. Դժվարություն է առաջանում տառային հապավման կողքին ը կամ ն հոդը դնելիս։ Ինչպե՞ս կողմնորոշվել։ Օրինակ՝ ՌՀՄ (Ռուսաստանի հայերի միություն). ՌՀՄ-ն, թե՞ ՌՀՄ-ը։ Հոդն ընտրելիս պիտի հետևենք արտասանությանը՝ ՌըՀըՄը. ձայնավորից հետո ն է դրվում՝ ՌՀՄ-ն ։ Սա է ճիշտ գրությունը (կարդացվում է ռըհըմըն)։ Ոմանք հապավումը մտովի բացում են և գրում ՌՀՄ-ը (իբր միությունը), որ հապավման դեպքում ճիշտ չէ (կլինի ռըհըմըԸ)։
7. Փոխառյալ հապավումների բառավերջում օտարալեզու Օ-ի դիմաց հայերեն գրվում է Օ (ոչ թե Ո), ինչպես՝ ՆԱՏՕ «Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն» (NATO – անգլ. North Atlantic Treaty Organization), ՅՈՒՆԵՍԿՕ «ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն» (UNESCO – անգլ. United Nations Educational Scientific Organization):
Այդպես էլ Է-ն, ինչպես՝ ՄԱԳԱՏԷ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն» (ռուս. МАГАТЭ – Международное агенство по атомной энергии)։
8. Այժմ տառային հապավումների կազմիչ տառերից հետո կետ չի դրվում, ինչպես՝ ՀԲԸՄ – Հայ բարեգործական ընդհանուր միություն, ՀՎՀՀ – հարկ վճարողի հաշվառման համար։ Արևմտահայերենում ավանդույթի ուժով հաճախ գրվում է այսպես՝ Հ.Յ.Դ. – Հայ յեղափոխական դաշնակցութիւն։
9. Տառային հապավումը չպիտի գրել կոտորակի գծով, ինչպես՝ Հ/Ձ։ Ճիշտը սա է՝ ՀՁ (համատեղ ձեռնարկություն)։
10. Տառային հապավումները չեն տողադարձվում։ Անգամ եռավանկ ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ)։
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ