Ս, դ, ն, ը հոդերը կարևոր մասնիկներ են. մեր գրավոր կամ բանավոր խոսքն անհնար է պատկերացնել առանց սրանց։
Դերանունների և հոդերի իմաստային ու ծագումնաբանական առնչությունները ակներև են դառնում հետևյալ հանդիպադրումների միջոցով.
ես, սա, այս – գիրքս (= իմ գիրքը), ինքս (ես ինքս), վերջերս (այս վերջերը).
դու, դա, այդ – գիրքդ (= քո գիրքը), ինքդ (դու ինքդ), վրացիներդ (դուք՝ վրացիներդ).
նա, այն – առուն, տունն (տունն այրվեց)։
Հոդերին վերաբերող ամենապարզ կանոնը սա է՝ բաղաձայնով վերջացող բառերին ավելանում է ը, ձայնավորով վերջացողներին՝ ն հոդը։ Բայց կան հոդերի գործածության մի շարք յուրահատկություններ և դժվարություններ, որոնք արժանի են ուշադրության։
Անդրադառնանք դրանց՝ ներկայացնելով 12 դեպք։
1. Ասում ենք գիրքս և հասկանում «իմ գիրքը»։ Հայերենի ուսուցիչները հետևողականորեն ուղղում են արևելահայ աշակերտների իմ գիրքս կապակցությունը՝ բացատրելով, որ իմ-ը պատկանելության և մյուս իմաստները հստակ արտահայտում է, ուստի իմ դերանվան և ս հոդի համատեղ գործածությունը ճիշտ չէ։
Բայց և պիտի իմանալ, որ արևմտահայերենում իմ գիրքս, իմ սիրտս և նման կապակցությունները կանոնական են, ընդունելի։
2. Փաստ է, որ տևական ժամանակի ընթացքում դ հոդը հնչյունափոխվել է և գրեթե համատարած արտասանվում է տ։ Սակայն հոդի գրությունը չի փոխվել, և արտառոց սխալ է «տունտ», «տետրտ» գրելը։ Հայաստանի բնակավայրերի և ճանապարհների ավտոլվացման կետերում հաճախ կարող ենք տեսնել «Լվա ինքդ» գրությունը, գրախանութներում՝ երեխաների համար տպագրված «Ներկի՛ր ինքդ» գրքույկները՝ դ-ի ճիշտ գործածությամբ։ Բայց ահա սոցցանցերում անգիտաբար հաճախ գրում են «Ծնունդտ շնորհավոր»՝ թերևս մտածելով, որ երկու դ կողք կողքի դժվար թե գրվեն։ Թյուրիմացություն է։ Հարկ եղած դեպքում պիտի գրել ծնունդդ, զարդդ, կոկորդդ, վարդդ և այլն։ Այդպես է նաև տ-ով վերջացող բառի վերջում՝ հետդ, մատդ, մոտդ։ Ուստի՝ «Ծնունդդ շնորհավոր»։
3. Երբ բաղաձայնով վերջացող բառին հաջորդում է ձայնավորով սկսվող միավոր, սովորաբար գործածվում է ն հոդը։ Այսպես՝ «Գեղամն անտարբեր կանգնած էր»։ Բայց սա քարացած կանոն չէ, և հազարավոր դեպքեր կարող ենք ցույց տալ, թե ինչպես գրողները, գիտնականները, ուրիշներ նման դեպքերում գործածում են ը հոդը։ Օրինակ՝ «Գոյականը այս դեպքում չի ձևափոխվում»։
Այս հարցի շուրջ վիճելն անիմաստ է, քանի որ լեզուն խնդիրը կարգավորել է։ Եթե մեկն ասի կամ գրի վիճելը անիմաստ է, ապա դա նրա ընտրությունն է և սխալ չէ։
4. Բառասկզբում ե և ո ունեցող բառերը մարդիկ երբեմն համարում են ձայնավորով սկսվող և գրում են. «Արտակն երազում էր» կամ «Նվարդն որոշեց»։ Այնինչ երազել բայի սկզբում յէ է արտասանվում, որոշել բայի սկզբում՝ վօ։ Այնպես որ սրանք ձայնավորով չեն սկսվում, ուստի՝ «Արտակը երազում էր» կամ «Նվարդը որոշեց»։
Որոշ բարբառներում այս գործածությունը սովորական է։ Գրական լեզվում սրանք կոպիտ սխալներ են։
5. Պիտի խուսափել ն հոդով վերջացող բառը նախադասության մյուս միավորներից ստորակետով կամ բութով տրոհելուց։ Ասենք այսպես՝ «Արամն, իհարկե, ազնիվ տղա է»։ Արամն ձևը կարծես օդից կախված լինի։ Ճիշտ է այսպես՝ «Արամը, իհարկե, ազնիվ տղա է»։
6. Տասնամյակներ շարունակ կրթական հաստատություններում սովորեցնում էին զբ, զգ, շտ, սթ, սկ, սպ, սփ հնչյունակապակցություններով սկսվող բառերից առաջ ն հոդը գործածել, քանի որ դրանցով կազմված բառերի սկզբում ը էր արտասանվում։ Այսպես՝ «Աստղիկն [ը]զբաղված էր տան գործերով», «Մայրն [ը]շտապեցնում էր աղջկան»։
Հիմա այս բառերի սկզբի ը-ն այնքան թույլ է արտասանվում (կամ ուղղակի չկա), որ հիշյալ կանոնը չի գործում։ Հանգիստ կարող ենք ասել ու գրել՝ «Աստղիկը զբաղված էր», «Մայրը շտապեցնում էր»։
7. Գեղարվեստական (հատկապես չափածո) խոսքում հա հնչյունակապակցությամբ սկսվող որոշ բառերից առաջ գրողներն ու թարգմանիչները բաղաձայնով վերջացող բառերին երբեմն ն հոդն են ավելացնում։ Հ-ն շունչ է, և ձայնավորը ն-ին միաձուլված է արտասանվում։ Այսպես։
Գիշերի դեմ խավարամած, աչքերն հառած կարմիր կետին՝
Ամբոխները խելագարված սպասում են առավոտին: (Ե. Չարենց)
Ձեռները հենած գավաթի եզրին՝ աչքերն հառել էր առաստաղին։ (Շիրվանզադե)
Դոն Ֆեդերիկոն կանգ առավ, աչքերն հառեց վերև, ձեռքերը բարձրացրեց, կարծես երկնքից փրկություն էր սպասում: (Է. Հեմինգուեյ)
Չպիտի կարծել, թե միայն այս կապակցությունն է։ Ահավասիկ ուրիշ օրինակներ ևս։
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։ (Հ. Շիրազ)
Ասում են՝ հին վերքն հաճախ է ցավում,
Երբ եղանակը ամպոտ է ու վատ... (Վ. Դավթյան)
Չափածոյում սա պայմանավորված է բանաստեղծական տողի վանկերի քանակը չխախտելու հանգամանքով։ Եթե ը գործածվեր, մեկ վանկ կավելանար, և չափը կխախտվեր։ Ուստի ն-ն հա-ի հետ ձույլ պիտի արտասանել՝ «աչքերնհառած» (4 վանկ), ոչ թե «աչքերըն հառած» (5 վանկ)։
8. Աչք – աչքեր, սիրտ – սրտեր զույգերը եզակի – հոգնակի հակադրություն են ներկայացնում։ Բայց երբ ուզում ենք ասել «մեր աչքերը», համապատասխան ձևը յուրահատուկ է կազմվում՝ աչքներս, «մեր սրտերը»՝ սրտներս / սիրտներս։
9. Երկնային Հոր՝ Տիրոջ՝ Բարձրյալի անունն ընդունված է գործածել առանց ը կամ ն հոդի։ Այսպես՝ «Աստված արարեց տիեզերքը»։
Այլ աստվածների դեպքում հոդի գործածությունը սովորական է։ Օրինակ՝ «Հայոց դպրության աստվածը Տիրն էր»։
10. Գրաբարի և արևմտահայերենի ազդեցությամբ շատ հոգևորականներ և պարզ հավատացյալներ արևելահայերեն խոսքում Հիսուս անունը գործածում են առանց հոդի (որոշակի դեր ունի նաև Աստված բառի օրինակը)։ Արևելահայերեն տարբեր գրքերում, այլուր Հիսուս անունը հոդ ստացել է, և դա բնական ու սովորական է։ Օրինակ՝ «Հիսուսը գնաց Երուսաղեմ»։
11. Ոմանք բառիս բուն իմաստով արտահայտությունը ճիշտ չեն հասկանում (նշանակում է «այս բառի բուն իմաստով», «իսկական, լիակատար առումով») և սխալմամբ ասում են բառից բուն իմաստով՝ կապելով բացառական հոլովին։
12. Օրերս, վերջերս ասելիս վերջնավանկում ը-ն հստակ պիտի ասել՝ օրեր[ը]ս, վերջեր[ը]ս, մի բան, որ հատկապես օտարները, օտարախոս կամ հայերեն նոր սովորող հայերը դժվարանում են անել։
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ