Հայտնի է, որ -ային և -ական ածանցներով հատկանիշ ցույց տվող բառեր են կազմվում, օրինակ՝ ամառային, գործարանային, գյուղական, արաբական: Հայախոս մարդիկ որոշակի դժվարություններ են ունենում այն ժամանակ, երբ –ային և -ական ածանցները միացած են լինում նույնարմատ բառերի: Ինչպե՞ս կողմնորոշվել: Նախ պետք է իմանալ բառերի իմաստները, ապա՝ նրանց կապակցելիությունը, այսինքն, թե դրանք ի՛նչ բառերի են գործածվում: Ոմանք հարցը լուծում են օտար համարժեքների միջոցով: ՔԱՂԱՔԱՅԻՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ բառերը, օրինակ, շփոթող չի լինում, գործածության դժվարություններ չեն ծագում: Բայց կան ուշադրության արժանի բառազույգեր: Ներկայացնենք դրանցից հինգը:
- ՏԵՂԱԿԱՆ – ՏԵՂԱՅԻՆ
Տեղական-ը ամենքին հայտնի բառ է, ունի տարբեր իմաստներ՝ «որոշակի տեղի վերաբերող, տվյալ տեղի», «տվյալ վայրում գործող՝ արտադրվող» և այլն: Տեղական լինում են իշխանությունները, սովորույթները, արտադրանքը, ապրանքը և այլն:
Տեղային-ը վերջին ժամանակներս գործածվում է որպես օտար լոկալ-ի (ռուսերեն локальный) համարժեք՝ «մի տարածքով սահմանափակված» իմաստով: Տեղային լինում են անզգայացումը, թմրեցումը, նաև զինված ընդհարումները (Սահմանամերձ գոտում տեղային մարտեր էին սկսվել):
Մի ժամանակ տեղական և տեղային բառերի իմաստներն ու կիրառությունները այսպես սահմանազատված չէին, ուստի պատահական չէ, որ բացատրական բառարանում տեղային-ի դիմաց գրված է «Նույնն է տեղական»:
- ՑԵՂԱԿԱՆ – ՑԵՂԱՅԻՆ
Ցեղական բառը հիմնականում «ազնվացեղ՝ ընտիր ցեղից սերած» իմաստն ունի: Ցեղական ցլիկ ու նժույգ, շներ են լինում: Ժողովրդական խոսքում ցեղական բառը գործածվում է նաև «տոհմին՝ գերդաստանին բնորոշ՝ ժառանգական» իմաստով: Օրինակ՝ Իմ մրսկան լինելը ցեղական է:
Ցեղային-ը նշանակում է «ցեղին վերաբերող», «ցեղերի միջև տեղի ունեցող՝ գոյություն ունեցող»: Ցեղային միություն է լինում, ցեղային հակամարտություն:
- ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
Առևտրական բառը նշանակում է «առևտրին բնորոշ, առևտրին վերաբերող» (առևտրական կենտրոն, առևտրական կազմակերպություն), իհարկե, նաև «մարդ, որն առևտրով է զբաղվում»:
Առևտրային նշանակում է «առևտրի ձևով արտահայտվող»: Սա օտար կոմերցիոն-ի համարժեքն է (առևտրային գաղտնիք, առևտրային բանկ):
- ՏՆԱՅԻՆ – ՏՆԱԿԱՆ
Տնային-ը անգամ երեխաներին քաջածանոթ բառ է (տնային աշխատանքները վկա): Տնային հոգսեր են լինում, տնային շորեր ունենք, կան տնային կենդանիներ, բույսեր և այլն:
Երբ ուզում ենք արտահայտել «տանը պատրաստված» իմաստը, դիմում ենք տնական բառին և ասում տնական մածուն, տնական պանիր, տնական օղի:
- ՍԵՌԱԿԱՆ – ՍԵՌԱՅԻՆ
Արդի հայերենի բացատրական բառարանում սեռական բառի դիմաց գրված է «Նույնն է սեռային»: Սեռային-ն էլ բացատրվում է այսպես՝ «սեռին հատուկ, երկու սեռերին հատուկ», «սեռի հետ կապված, սեռական հատկանիշ ունեցող», «ըստ սեռերի կատարվող՝ տեղի ունեցող», «սեռ ցույց տվող» և այլն:
Ներկայումս այս բառերի գործածության մեջ տարբերակում է մտել:
Համեմատենք. մի կողմից ունենք սեռական դաստիարակություն, սեռական հասունացում, սեռական ցանկություն, սեռական կյանք, մյուս կողմից՝ սեռային պատկանելություն, սեռային տարբերություն, սեռային տարբերակում, բնակչության սեռային կազմ:
Արդի հայերենի գրական երկու տարբերակներում սեռական / սեռային-ի պատկերը տարբեր է. արևելահայերենի սեռական-ի դիմաց արևմտահայերենում սեռային է: Այսպես, օրինակ, արևմտահայերենում սեռային գործարաններ, սեռային յարաբերութիւն, արևելահայերենում՝ սեռական օրգաններ, սեռական հարաբերություն:
Չմոռանանք ասել, որ սեռական հոլով-ի սեռական-ն այլ է. ձևով նույնն է, իմաստով՝ տարբեր:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ