• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հոգնակին կազմելու դժվարությունների 12 դեպք

Հոգնակին կազմելու դժվարությունների 12 դեպք

 

Հայախոս և հայակիրթ (հայկական կրթություն ստացած) մարդը երբեմն դժվարությունների է հանդիպում անգամ գոյականի և դերանվան հոգնակին կազմելիս։ Ներկայացնում ենք այդպիսի դժվարությունների տասներկու դեպք։

 

1. ՄԱՐԴԻԿ

 

ՄԱՐԴ բառի հոգնակին կազմվում է –իկ մասնիկով՝ ՄԱՐԴԻԿ, այդպես էլ՝ ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՆԱԽԱՄԱՐԴԻԿ։ ՄԱՐԴԻԿ ձևը բացառություն է, ինչպես որ բացառություն է ԿԻՆ բառի հոգնակին՝ ԿԱՆԱՅՔ։ Շատերը սխալմամբ ՄԱՐԴԻԿ-ը գրում են -ք-ով՝ «մարդիք»՝ կարծելով, թե գրաբարյան -ք հոգնակիակերտ մասնիկն է, ինչպես՝ որդի – որդիք կամ ժողովրդական խոսքում պահպանված այդ նույն -ք-ն՝ գյուղացի – գյուղացիք։

 

 

2. ԱՆՁԻՆՔ

 

ԱՆՁՆ բառի գրաբարյան հոգնակին է ԱՆՁԻՆՔ, որն այդպես փոխանցվել է նոր հայերենին (անշուշտ ճիշտ է նաև ԱՆՁԵՐ ձևը): Ն-ի անկումով առաջացած «անձիք» սխալ տարբերակը որևէ կերպ չի հիմնավորվում:

 

 

3. ՆՌՆԵՐ

 

ՆՈՒՌ բառի հոգնակին կազմվում է –ներ մասնիկով, ու ձայնավորի հնչյունափոխությամբ՝ ՆՌՆԵՐ։ Միավանկ մի շարք բառեր գրաբարում ն են ունեցել, որը հոգնակին կազմելիս վերականգնվում է՝ բեռ – բեռներ, գառ – գառներ, դուռ – դռներ, եզ – եզներ, թոռ – թոռներ, լեռ – լեռներ, ծոռ – ծոռներ, ծունկ – ծնկներ, հարս – հարսներ, ձուկ – ձկներ, մատ – մատներ, մուկ – մկներ (ինչպես տեսնում ենք, սրանցից երեքում էլ ու-ի հնչյունափոխություն կա)։

 

 

4. ՌՈՒՍՆԵՐ

 

ՌՈՒՍ բառի հոգնակին կազմվում է –ներ մասնիկով՝ ՌՈՒՍՆԵՐ (գրաբարում այս բառը չկար, այսինքն՝ վերջում ն չուներ)։ Միավանկ բառերի մեջ այդ առումով միակն է, որը –ներ է ստանում։ «Ռսներ» ձևը բարբառային է։ Որոշ մարդիկ այդ ձևը միտումնավոր են գործածում՝ որպես որոշակի վերաբերմունքի դրսևորում։

 

 
5. ԴՈՒՍՏՐԵՐ

 

ԴՈՒՍՏՐ բառի հոգնակին կազմվում է –եր մասնիկի հավելումով, առանց բառի ու ձայնավորի հնչյունափոխության։ «Դստրեր» ձևը մերժելի է։ Թերևս ազդել է սեռականի դստեր ճիշտ ձևը։

 

 

6. ԾԱՌԵՐ

 

Կանոնի համաձայն, քանի որ միավանկ բառ է, ԾԱՌ բառին ավելանում է –եր մասնիկը՝ ԾԱՌԵՐ։ Գրական խոսքում արտառոց է հնչում «ծառներ» սխալ կազմությունը։

 

 

7. ՍՊԱՆԵՐ

 

Քանի որ սպ-ից առաջ հստակ ը էր արտասանվում (այժմ այդ ը-ն շատ թույլ է կամ պարզապես չի արտասանվում), բառը փաստացի երկվանկ էր ՝ ըս-պա, ուստի հոգնակին կազմելիս ավելացել է –ներ մասնիկը՝ ՍՊԱՆԵՐ։ Հատկապես ռուսական կրթություն ստացած  շատ մարդիկ բառն ընկալում են միավանկ և հոգնակին կազմում «սպաեր» ձևով, որն անշուշտ սխալ է։

 

 

8. ԱՅԼՔ

 

ԱՅԼ դերանվան հոգնակին կազմվում է –ք մասնիկով՝ ԱՅԼՔ։ Մի քանի հազար տարի այդպես է։ Բայց այսօր մարդիկ այլք-ի սեռական հոլովի այլոց ճիշտ ձևի ո-ն  «բերել տեղավորել են» ԱՅԼՔ-ի –ք-ից առաջ՝ ստանալով մի նոր, բայց սխալ ձև՝ «այլոք»։ Այսպիսով՝ ԱՅԼՔ, ԱՅԼՈՑ ձևերը ճիշտ են, «այլոք»-ը՝ լիովին մերժելի։

 

 

9. ՈՄԱՆՔ

 

ՈՄՆ դերանվան հոգնակին՝ ՈՄԱՆՔ, որը անորոշ մարդիկ է ցույց տալիս։ Սխալ է այս ձևը գործածել իրերի առնչությամբ (օրինակ՝ «կազմակերպություններից ոմանք»), ինչպես որ սխալ է ՈՐՈՇ դերանվան «որոշներ» անհանձնարարելի ձևը գործածել անձերի վերաբերմամբ՝ ՈՄԱՆՔ-ի փոխարեն (օրինակ՝ «պատգամավորներից որոշները»)։

 

 

10. ԱՅՍՊԻՍԻՆԵՐ(Ը) / ԱՅՍՊԻՍԻՔ

 

Գրական հայերենում ԱՅՍՊԻՍԻ դերանվան հոգնակին երկու ձևով է կազմվում՝ -ներ մասնիկով՝  ԱՅՍՊԻՍԻՆԵՐ(Ը),  և -ք մասնիկով՝ ԱՅՍՊԻՍԻՔ։ Երկուսն էլ ընդունելի են։ Ոմանք ԱՅՍՊԻՍԻՆԵՐ(Ը)  ճիշտ ձևին անհիմն ավելացնում են ևս մեկ ն՝ «այնպիսինները», որը սխալ է։

 

 

11. ՇՏԱԲՆԵՐ

 

ՇՏԱԲ փոխառյալ բառը ոմանք ընկալում են միավանկ և կազմում հոգնակիի անընդունելի «շտաբեր» ձևը։ Այս բառը հայերենում երկվանկ է (ըշ-տաբ), ուստի հոգնակին –ներ մասնիկով է կազմվում, հայերեն երկվանկ բառերի պես՝ շտաբներ։

 

 

12. ԹԻՄԵՐ

 

Փոխառյալ բառերի ի-ն հոգնակին կազմելիս (և առհասարակ) չի հնչյունափոխվում, ուստի ԹԻՄ բառի կանոնական հոգնակին է ԹԻՄԵՐ։ Ականջ է սղոցում «թմեր» ձևը, որ լսվում է հայաստանյան բանավոր խոսքում։

 

Դավիթ Գյուրջինյան

Լեզվի կոմիտեի նախագահ

 

 

 







shushan karapetyan

03.09.2021

Դավիթ Գյուրջինյան, Լեզվի կոմիտե, Լեզվի կոմիտեի նախագահ, հայոց լեզու, ճիշտ հայերեն, տարածված սխալներ, հոգնակի թիվ, Հոգնակին կազմելու դժվարություններ

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.