Հայերիս սիրած հարցերից մեկն է սա: Տարբեր պատասխաններ են հնչում. ասվում են բառեր, որոնցում երևում են Հայոց աշխարհի հարազատ տեղանունները:
Որևէ տեղացի նշանակող բառերի զգալի մասը մարդիկ ճիշտ գիտեն կամ հեշտ են կազմում, ինչպես՝ երևանցի, արցախցի, կապանցի, գյումրեցի... Բայց կան տեղանուններ, որոնցից –ցի, –եցի կամ –ացի ածանցներով բառեր կազմելիս մարդիկ երբեմն դժվարանում են:
Ներկայացնենք 15 դեպք:
- Բաղաձայնով վերջացող բազմավանկ տեղանուններից (եթե հնչյունափոխվող ձայնավոր չունեն) տվյալ տեղացի նշանակող բառեր կազմելիս սովորաբար ավելանում է –ցի ածանցը, ինչպես՝ Արտաշատ – արտաշատցի, Սասուն – սասունցի, Համշեն – Համշենցի, Իջևան – իջևանցի, Եղեգնաձոր - եղեգնաձորցի:
Այդպես էլ՝ Շիրակ – շիրակցի, թեև բոլորը գիտեն, որ VII դարում երևելի մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ ենք ունեցել՝ Անանիա Շիրակացին:
Նույն կերպ՝ Տաթև - տաթևցի, բայց չմոռանանք հռչակավոր Գրիգոր Տաթևացուն (փիլիսոփա, աստվածաբան, ուսուցչապետ, 1346-1409 թթ.):
Աշտարակ – աշտարակցի, թեև ունենք Ներսես Աշտարակեցի (1770-1857 թթ., Ամենայն հայոց կաթողիկոս):
Սևան – սևանցի, թեև XV դարում ունեցել ենք Աբրահամ Սևանեցի անունով փորագրիչ և քանդակագործ:
Այսպիսի բազմաթիվ «հակադրությունների» օրինակներ կարող ենք բերել, քանի որ հազարամյակների պատմություն ունեցող մեր լեզուն ժամանակի ընթացքում որոշակի փոփոխությունների է ենթարկվել:
- Գորիս տեղանունից կազմվում են զուգահեռ ձևեր՝ գորիսցի և գորիսեցի: Կանոնը նախապատվություն է տալիս գորիսցի տարբերակին, իսկ գործածողները հաճախ նախընտրում են գորիսեցի տարբերակը:
- Գավառ քաղաքի անունից կազմվում է գավառցի բառը, բայց երբ գավառ հասարակ անվանն է ավելանում տեղաբնակ նշանակող ածանցը, ապա դա –ացի-ն է՝ գավառացի («որևէ կամ այսինչ գավառից» իմաստով):
- Տավուշ տեղանունից կազմվում է տավուշցի, զուգահեռաբար՝ նաև տավուշեցի: Այս ձևերը մրցում են իրար հետ: Հիշենք, որ պատմագիր, մատենագիր, մանկավարժ, եկեղեցական գործիչ Վանական Վարդապետը (1181–1251 թթ.) հայտնի է նաև Տավուշեցի անվամբ:
- Միավանկ տեղանուններից տվյալ տեղացի նշանակող բառեր կազմելիս հիմնականում ավելանում է –եցի ածանցը, ինչպես՝ Վան – վանեցի, Խոյ – խոյեցի, Կարս – կարսեցի, Մուշ – մշեցի, Կոշ – կոշեցի:
Այդպես էլ՝ Կողբ – կողբեցի, թեև հանրահայտ է Եզնիկ Կողբացին (V դարի մատենագիր):
- Տեղ գյուղանունից օրինաչափորեն կազմվում է տեղցի բառը, իսկ տեղ հասարակ անունից՝ տեղացի, որ նշանակում է «որոշակի տեղի բնակիչ, նույն տեղի բնակիչ», «տեղի, նույն տեղի»:
- Բառավերջում ի ունեցող տեղանուններից այդտեղացի նշանակող բառ կազմելիս ի-ն ընկնում է, ավելանում է –եցի ածանցը, ինչպես՝ Լոռի – լոռեցի, Անի – անեցի, Փարպի – փարպեցի, Մեղրի – մեղրեցի, Մարտունի – մարտունեցի, Շուշի - շուշեցի:
Այդպես էլ` Ալավերդի – ալավերդցի, թեև օտար անընդունելի անունը փոխե՛լը ճիշտ կլիներ:
- Էջմիածին տեղանունից կազմվում են էջմիածնեցի և էջմիածինցի բառերը, սակայն նախապատվությունը տրվում է առաջինին՝ էջմիածնեցի տարբերակին:
- Կարին տեղանունից անցյալում կազմվել է կարնեցի բառը (XVII դարում Հակոբ Կարնեցի անունով ժամանակագիր-պատմիչ ենք ունեցել): Բառն այսօր էլ գործածական է. նրա հետ մրցում է նոր՝ կարինցի անհնչյունափոխ տարբերակը:
- Ջուղա տեղանունից կազմվում է ջուղացի, բայց ավանդաբար ունենք ջուղայեցի տարբերակը. հայտնի Ջուղայեցիներից հիշենք Հովհաննես Ջուղայեցուն (XVII դարի տպագրիչ) և Սիմեոն Ջուղայեցուն (XVII դարի փիլիսոփա, քերական, մանկավարժ):
- Սյունիք տեղանունից ք-ի անկմամբ կազմվում է սյունեցի, բայց հանդիպում է նաև սյունիքցի (մարդիկ տեղանվանն ուղղակի ավելացնում են –ցի ածանցը, ինչպես մյուս դեպքերում): Նախընտրելին, անշուշտ, ավանդական սյունեցի-ն է:
- Ջավախք տեղանունից ք-ի անկմամբ կազմվում է ջավախեցի բառը: Վերջերս տարածվում է նաև ջավախքցի տարբերակը:
- Վայք և Սոթք տեղանունների ք-ն պահպանվում է, բաղաձայնների կուտակումից խուսափելու նպատակով ավելանում է –եցի ածանցը՝ վայքեցի և սոթքեցի:
- Գաղտնավանկ ունեցող Ակն, Գողթն և Հաճն տեղանուններից –եցի ածանցով կազմվում են ակնեցի, գողթնեցի և հաճնեցի բառերը: Հանդիպում են նաև ակնցի և հաճնցի տարբերակները:
- Վայոց ձոր տեղանունից անցյալում կազմել են վայոցձորեցի բառը, այժմ՝ վայոցձորցի:
Եվ այսպես հարյուրավոր, հազարավոր նման բառեր: Եվ այդ բոլորը մեկ բառով՝ հայաստանցի:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ