Բարև-ը ծագում է բարի բառի գրաբարյան գործիական հոլովաձևից` բարեաւ-ից, որը հնչում է բարյավ: Բարեաւ-ը եթե «թարգմանենք» աշխարհաբար՝ նոր հայերեն, կլինի բարով (սա էլ ժողովրդական խոսքին բնորոշ բարևն է): Հնչյունափոխվելով բարեաւ-ը դարձել է բարեւ / բարև, որը ողջույնի հայերեն №1 բառն է:
Բարև-ը բարի արև բառակապակցությունից բխեցնելը հակագիտական է. դա ժողովրդական ստուգաբանություն է:
-
- Ո՞ւմ և ե՞րբ ենք բարև ասում
Հայերս ավանդաբար կարճ ասում ենք բարև, երբ հանդիպում ենք հասակակցի, բարեկամի, մտերիմի: Ասում ենք օրվա բոլոր ժամերին, տարբեր իրադրություններում: Բարև-ը գործածում ենք նաև ծանոթանալիս կամ էլ որպես խոսակցություն սկսելու միջոց:
-
- Ինչպե՞ս ենք պատասխանում բարևին
Բարևին որպես կանոն պատասխանում ենք բարևով:
-
- Բարև, տղերք:
- Բարև,- պատասխանում են կարճ ու շարունակում իրենց գործը (Ստեփան Զորյան):
Ոմանք բարևին պատասխանելիս երբեմն ուղղակի կրկնում են ողջույնի բառը՝ բարև, բարև.
-
- Բժիշկ Եսայա՞ն...: Ա՜ բարև, բարև:
Անընդհատ հին ծանոթներ էին հանդիպում (Զորայր Խալափյան):
Խոսակցական լեզվում շատերը բարևին «շռայլորեն» պատասխանում են հազար բարև կամ էլ բարև, հազար բարև:
-
- Հազար բարև, հարևա՛ն, ուստա Ղազարդ սկսել է խմե՛լ... («Գրական թերթ»):
Բարևի պատասխանի մեջ ժողովուրդը հաճախ Աստծու անունն է տալիս.
-
- Բարև, սպիտակմորուս փահլևաններ:
- Աստծո՛ւ բարին, կանա՛չ կտրիճ (Նաիրի Զարյան):
Կամ էլ այսպես՝ երկուսը միասին. Բարև, Աստծու բարին:
-
- Բարև Ձեզ
Երբ անծանոթ կամ պատկառելի մարդու ենք դիմում, հարգանքի հոգնակիով ասում ենք Բարև Ձեզ: Սա քաղաքավարական կամ հարգանքի հոգնակին է. այսպես բարևում ենք XIX դարից սկսած: Գրավոր խոսքում այս Ձեզ-ը մեծատառ է գրվում:
-
- Բարև Ձեզ, ես վանեցի եմ, ավելի շուտ վանեցիի թոռ եմ,- Բարեգործականի նախասրահում անվարժ հայերենով ինձ է ներկայանում մանկամարդ մի տիկին, չգիտես ինչու, վանեցի բառից հետո ինձ ավելի հայկական թվացող աչքունքով, դեմք ու ժպիտով (Սիլվա Կապուտիկյան):
Ծանոթներին, որոնց հետ ընդհանրապես քաղաքավարական հոգնակիով ենք հաղորդակցվում, բնականաբար, կրկին բարևում ենք Բարև Ձեզ ասելով:
Պարզապես պետք է ուշադիր լինել, եթե այն դառնում է հոգնակի, ապա փոքրատառ է: Օրինակ՝ «Բարև ձեզ, հարգելի՛ պարոն Հայկյան, տիկին Վարդուհի, ուրախ կլինենք մեր տանը հյուրընկալելու ձեզ»:
Հարգական Բարև Ձեզ-ն ասում են տարիքով կամ պաշտոնով բարձր ծանոթ մարդուն, որը հաճախ պատասխանում է բարև-ով (ու մարդիկ դրանից սովորաբար չեն նեղանում):
- Բարև Ձեզ, ընկեր Գարեգին,- ասաց ու պատիվ բռնեց.
- Բարև,- պատասխանեցի ես (Գարեգին Բես):
-
- Բարև ձեզ
Բարև ձեզ ասում ենք, երբ բարևում ենք մեկից ավելի մարդկանց: Այն գրվում է միայն փոքրատառ: Կրկնում ենք, փոքրատառ է գրվում, եթե անգամ պատվարժան և տարիք ունեցող մարդկանց է ուղղված:
-
- Բարև քեզ
Հայերենում ընդունված չէ բարև քեզ արտահայտությունը՝ որպես ողջունելու ձև: Թեպետ պատահում է: Օրինակ՝
-
- Այ բարև քեզ, Ալեքսե՛յ, ինչպե՞ս եղավ, որ մեզ էլ հիշեցիր... (Վրթանես Փափազյան):
Կամ էլ՝
Իշուկը գնաց, Փիսիկը եկավ.
Եկավ ու ասավ.
-Բարև քեզ, Ճռի՜կ,
Նազելի աղջիկ,
Եկ ընկերանանք: (Խնկո Ապեր)
Խոսակցական լեզվում որոշակի հնչերանգով ասված բարև քեզ-ն արտահայտում է անհամաձայնություն՝ շաղախված հեգնանքով:
-
- Էդ փողին հըլը չորս հատ էլ կոֆե պիտի բերի,- ասաց Շերենցը:
- Բարև քեզ,- ասաց Շողիկը:- Կոֆեի փողը ջոկ պիտի տաք («Առավոտ» օրաթերթ):
-
- Բարևին չպատասխանելը
Բարևին չպատասխանելն անբարեկրթություն է կամ էլ բարևողի նկատմամբ անուշադրության և արհամարհական վերաբերմունքի դրսևորում: Դա համարյա նույնն է, որ մարդը չի բռնում ողջունելու համար իրեն պարզված ձեռքը:
Բարևին մեկ էլ չեն պատասխանում գժտված սիրահարները.
Բարև տվի՝ բարևս չառավ,
Գուցե ինձնից խռոված էր (Գուսան Շահեն):
-
- Բարև-ը նամակներում և հաղորդագրություններում
Հաճախ հենց բարև-ով ենք սկսում մեր անձնական-մտերմիկ նամակները:
2016 թ. քառօրյայի և 2020 թ. քառասունչորսօրյայի ժամանակ ու դրանցից հետո Հայաստանի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի հազարավոր դպրոցականներ նամակներ էին գրում հայրենիքի սահմանները պահող հայ զինվորներին: Գրեթե բոլոր նամակներն սկսվում էին այսպես՝ անմիջական և մտերմիկ. «Բարև՛, զինվո՛ր», «Բարև՛, սիրելի՛ զինվոր» կամ «Բարև՛, հա՛յ զինվոր»:
Սովորաբար բարև-ով ենք սկսում հեռախոսային կամ ցանցային հաղորդագրությունները (հետևողական և հայերենասեր մարդիկ դա անում են մեսրոպյան տառերով):
Բարև, կյա՛նք: Ո՞նց ես:
Բարև, քա՜ղցրս: Հիանալի: Քո մասին էի մտածում:
-
- Բարևներ և շատ բարև
Բարև բառի հոգնակին` բարևներ, որը և շատ բարև-ը սովորաբար փոխանցում են ուրիշների միջոցով՝ գործածելով անել, ուղարկել, հաղորդել բայերի հետ (կամ առանց դրանց): Դա ուշադրության և ջերմ վերաբերմունքի դրսևորում է, բարեմաղթություն:
-
- Ձերոնք շատ բարև էին անում, ասում էին, որ քեզ լավ պահես (Ստեփան Զորյան):
- Շատ բարև կանես քույրիկ Ոսկեհատին (Խաչիկ Դաշտենց):
-
- Բարևում են ոչ միայն մարդկանց
Ուկրաինացի բանաստեղծ Վիկտոր Կոչևսկին «Բարև, իմ Հայաստան» վերնագրով բանաստեղծությունների շարք ունի:
Մանկական պիեսում ծովացուլը մարդկային լեզվով հայերեն ասում է. «Բարև, ճերմակ սառցասարերի չքնա՛ղ երկիր... Բարև, հյուսիսափա՛յլ...»: (Ռ. Մարուխյան):
Բարևը հարգալից վերաբերմունքի դրսևորում է, ջերմության հաղորդիչ, շփման անհրաժեշտ նախապայման: Հարկավոր է բարև ասելը չխնայել:
Բարև բոլորին:
ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ