Սրբալույս Մյուռոնն ու Մյուռոնի պատրաստման կարգն ու ծեսը Հայ առաքելական սուրբ եկեղեցու կարևոր խորհուրդներից են: Դարեր շարունակ Մյուռոնօրհնեքի խորհրդավոր արարողության իրականացման կարգը, Մյուռոնի պատրաստման եղանակն ու բաղադրությունը գաղտնի են պահվել: Մյուռոնի օրհնությունը վերապահված է միայն Ամենայն հայոց կաթողիկոսին, իսկ այս արարողության գրավոր նկարագրությունը ավանդաբար պահպանվել է Կաթողիկոսական կամ Հայրապետական կոչված Մաշտոց ծիսական ժողովածուներում: Այս կարևորագույն ձեռագրերը, կապված իրենց կիրառության սահմանափակության հետ, ի տարբերություն մյուս Մաշտոցների, միջնադարում շատ քիչ են ընդօրինակվել: Մեզ շատ քիչ ձեռագրեր են հասել, որտեղ ամբողջությամբ կա այս արարողության նկարագրությունը:
Այս ծիսակարգի գաղտնի պահվելու մյուս պատճառը պայմանավորված էր քաղաքական հանգամանքներով. միջնադարում մշտապես կար կաթողիկոսական հակաթոռներ ստեղծելու, այսինքն ոչ օրինական կաթողիկոսություններ հիմնելու ու անցանկալի մարդկանց կաթողիկոսներ ձեռնադրելու վտանգը, ըստ այդմ էլ՝ եկեղեցու կարևորագույն խորհուրդների ծիսակարգի տարածումը կարող էր օգնել այդպիսի ձգտումներ ունեցող կրոնական ու քաղաքական ուժերին: Այդպես էր հատկապես 14-15-րդ դարերում, հետագայում այս կանոնների գաղտնիությունը այլևս այդքան չի պահպանվում:
Մյուռոնօրհնեքի ծիսակարգի նկարագրությունը պարունակող բացառիկ ձեռագրերից մեկը պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Զաքարիա Աղթամարցի կաթողիկոսի անունը կրող Մաշտոցը ընդօրինակվել է Վաղարշապատում 1461 թ. Ստեփանոս Գրչի կողմից: Նկարազարդվել Վասպուրականում, ենթադրաբար Մինաս ծաղկողի կողմից: Ինչպես կարելի է հասկանալ ձեռագրի անվանումից, պատվիրատուն՝ այդ ժամանակ Էջմիածնի ու Աղթամարի հայրապետական աթոռները զբաղեցնող Զաքարիա Աղթամարցի(1434–1464 թթ․) կաթողիկոսն էր: Զաքարիա Աղթամարցու ջանքերով է 1441 թ. Սսից Էջմիածին տեղափոխվել հայրապետական աթոռը, և նա կարողացել է միավորել երկու կաթողիկոսությունները:
Այս ձեռագիրը բացառիկ է նաև նրանով, որ նկարազարդ է: Կան մանրանկարներ նվիրված թագավորի օծմանը, Կաթողիկոսի օծմանը և, իհարկե, Մյուռոնօրհնությանը:
Ուշագրավ է, որ այս մանրանկարի հակառակ կողմում ներկայացվում է Սուրբ Մյուռոնի բաղադրիչ բույսերի ամբողջական ցանկը:
Աղբյուրը՝ Լուսինե Թումանյան, Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները, Երևան, Մատենադարան, 2020:
Մանրանկարի աղբյուրը՝ Հայկական մանրանկարչություն.Մատենադարան(ֆրանս.), Երևան, 2018: