Հուլիսի 10-ին արդեն 19-րդ անգամ Երևանում կմեկնարկի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Մինչ հուլիսի 17-ը կինոսիրողները հնարավորություն կունենան դիտելու մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկված, հայ ու համաշխարհային ռեժիսորների շուրջ 100 ֆիլմ։
Մասնավորապես Ֆիլմեր են ընտրվել աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից, տարածաշրջանային տարբեր կինոծրագրերից։ Օրինակ, «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում կինոսիրողը հնարավորություն կունենա դիտել ֆիլմեր՝ Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից:
Ի՞նչ պետք է իմանալ մրցույթի մասին
Փառատոնի մրցութային ծրագրերը երեքն են՝ «Միջազգային մրցույթ», «Տարածաշրջանային համայնապատկեր», «Կորիզ»։
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ Թերի Ջորջը։ 2012 թվականին նա Օսկարի է արժանացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Նրա ֆիլմերից են՝ «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» և այլ։
Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի կազմում ընդգրկված են նաև Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնի (IDFA) տնօրեն Օրվա Նիրաբիան, օպերատոր, Կաննի կինոփառատոնի օպերատորական մրցանակի դափնեկիր՝ Վլադիսլավ Օպելյանցը, իսպանացի ռեժիսոր, Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր Իսակի Լակուեստան, Կաննի կինոփառատոնի մասնակից ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը։
«Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթի ժյուրիի կազմում են՝ լուսանկարիչ ու կինոպրոդյուսեր՝ Լյուկ Արդին, «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր (2019), եզդիների իրավունքների պաշտպան և հասարակական գործիչ՝ Միրզա Դինային, սցենարիստ ու ռեժիսոր՝ Մարինա Ռազբեժկինան։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին ղեկավարում է վրացի կինոգործիչ՝ Գագա Չխեիձեն։
Հատուկ հյուրեր
«Ոսկե ծիրանում» նույնիսկ ամենապասիվ տարիներին հյուրընկալվել են նաև աստղային հատուկ հյուրեր։ Այս տարի նրանց թվում են իսպանացի կինոռեժիսոր, Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր՝ Ալբերտ Սեռան, 35-ից ավելի փառատոնների մրցանակակիր, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր՝ Ֆիլիպ Բոբերը, DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ՝ Իլյա Խրժանովսկին և այլք։
Հարգանքի տուրք
Փառատոնի կարևոր բաղկացուցիչներից է անցյալի վարպետների ու հոբելյաների հիշատակությունն ու նրանց աշխատանքների հետահայաց ցուցադրությունները։ Այս տարի հարգանքի տուրք կմատուցվի Յուրի Երզնկյանին, Լաերտ Վաղարշյանին, Ալեն Ռենեին, Պիեռ Պաոլո Պազոլինիին։
Բացումն ու փակումը
19-րդ «Ոսկե ծիրանը» կմեկնարկի ամերիկահայ հայտնի կինոգործիչ Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։
Փառատոնը կփակվի Կարին Հովհաննիսյանի՝ արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով։
Փառատոնի ընթացքին կարող եք հետևել և ցուցադրությունների մասին տեղեկատվություն ստանալ կինոփառատոնի կայքում՝ www.gaiff.am և իհարկե, այցելելով կինոթատրոններ։