Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է մեր ազգային-եկեղեցական կարևոր տոներից մեկը՝ Սուրբ Թարգմանչաց տոնը։ Տոնը հիշատակությունն է հայոց գրերի գյուտի, Աստվածաշնչի հայերեն թարգմանության և մշակութային այս մեծ շարժման կազմակերպիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև հետագա շրջանի երկու գործիչների՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու և Սուրբ Ներսես Շնորհալու։
Գրերի գյուտից հետո առաջին մեծ ու կարևորագույն նշանակություն ունեցած ձեռնարկի՝ Սուրբ Գրքի հայերեն թարգմանության կազմակերպման հարցերը ներկայացնում են հայ պատմիչներ Կորյունը, Մովսես Խորենացին և Ղազար Փարպեցին: Ըստ Մովսես Խորենացու, հայոց եկեղեցում գոյություն է ունեցել թարգմանիչների հատուկ դաս, որը բանավոր կերպով թարգմանել է Սուրբ Գրքի օտարալեզու ընթերցումները մինչև գրերի գյուտը։ Սակայն, ամեն դեպքում, Աստվածաշունչը մնում էր անհասանելի, առանց գրավոր թարգմանության։ Սա էլ ստիպում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին ձեռնամուխ լինելու հայոց գրերի ստեղծմանը։ Ըստ պատմիչների, Աստվածաշնչի հայերեն թարգմանությունն իրականացվել է երկու փուլով: Ըստ Մեսրոպ Մաշտոցի վարքագիր Կորյունի, գրերի գյուտից և Սամոսատում հույն գեղագիր Հռոփանոսի ձեռքով դրանք գծագրելուց հետո, Սուրբ Մեսրոպը այդ քաղաքում իր երկու աշակերտների` Հովհանի և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկում է Աստվածաշնչի հայերեն թարգմանության գործը` այն սկսելով Առակաց գրքից: Հայաստան վերադառնալուց հետո նրանք ավարտում են թարգմանությունը: Մովսես Խորենացու վկայությամբ ամբողջ Սուրբ Գիրքը նրանք թարգմանում են Սամոսատում։ Աստվածաշնչի այս առաջին թարգմանությունից հետո նրանք սկսում են թարգմանել եկեղեցու հայրերի աշխատությունները և տարբեր մեկնություններ։ Թարգմանական գործի մեջ հմտանալու համար նրանք արտասահման են ուղարկում Եզնիկ Կողբացուն, Հովսեփ Պաղնացուն, Կորյունին, Ղևոնդին, Հովհանին և Արձանին, որոնք էլ վերադառանալով նոր թափ են հաղորդում թարգմանական շարժմանը։ Բացի Կորյունից ու Մովսես Խորենացուց, պատմական այս կարևոր իրադարձությունների մասին պատմում է նաև Ղազար Փարպեցին։ Ներկայացնում ենք նրա պատմության այդ ներշնչող հատվածը։
«․․․Եվ այսպես, ամենախնամ մարդասեր Աստվածն ընդունեց երանելի այր Մաշտոցի բազմաժամանակյա մտածությունը և իր ողորմության հոգով զորացրեց նրան: Որովհետև երանելի Մաշտոցն անվերջ հոգալով տրտմում էր՝ տեսնելով Հայաստան աշխարհիս մանկանց ջանքերը, առավել ևս՝ ծախսերը, երբ նրանք անպատմելի ծախսերով, հեռագնաց ճանապարհներով և բազմաժամանակյա դեգերումներով իրենց օրերն էին մաշում ասորական գիտության դպրոցներում: Եկեղեցական արարողությունները և Սուրբ Գրքի ընթերցանությունները Հայաստանի ժողովրդի վանքերում ու եկեղեցիներում կատարվում էին ասորերեն, որից էլ ոչինչ չէին հասկանում կամ օգտվում այսպիսի մեծ երկրի բնակիչները: Եվ ասորերեն լեզուն չհասկանալուց եկեղեցական պաշտոնյաների աշխատանքն ու ժողովրդի ջանքերն ապարդյուն էին դառնում:
Եվ երանելի այր Մաշտոցն այս մասին երկար ժամանակ խորհում էր ու լալիս իր ներսում. չէ՞ որ կային հայերեն լեզվի նշանագրեր, որոնցով հնարավոր էր սեփական ձայնով և ոչ թե մուրացածո լեզվով, եկեղեցիներում` շահել տղամարդկանց կանանց և առհասարակ ամբողջ բազմության սրտերը: Սուրբ հոգու հորդորանքով զորացած գալով Հայոց սուրբ կաթողիկոս Սահակի մոտ, Մաշտոցը նրան զեկուցեց իր բազմաժամանակյա մտածության խնդիրը և նրանից ստացավ քաջալերանքի ավետիս, թե՝
«Զորացի՛ր և պի՛նդ կաց: Ա՛ռ քեզ հետ և ուրիշ օգնականներ քահանաներից, որոնց ես ինքս կընտրեմ: Եվ ուր որ կդժվարանաք վանկերը կարգավորելիս, բերեք ես ուղղեմ, քանի որ շատ է դյուրին այդ փնտրածդ խնդրի լուծումը: Սակայն նախ անհրաժեշտ է, որ մենք թագավորին հայտնենք այսպիսի մեծ խնդրի կարևորությունը: Քանի որ ոչ այնքան շատ օրեր առաջ եկեղեցում խոսք եղավ այդպիսի նշանագրերի պահանջի մասին, մեկը թագավորին ասաց, թե հայերեն նշանագրեր տեսել մի գյուղում, ինչ որ եպիսկոպոսի մոտ: Եվ թագավորը հիշեց այս ասածը, քանզի ինձ էլ նա է պատմել»:
Եվ Հայոց սուրբ կաթողիկոսը, երանելի Մաշտոցի հետ միասին, մտնելով Վռամշապուհ թագավորի մոտ, նրան բացատրեց գործի կարևորությունը: Թագավորն ինքն էլ հիշեց այդ խնդրի մասին վանականի խոսածն իր հետ և պատմելով ուրախացրեց: Եվ նրանք այս լսելով թագավորից՝ նրան փութացրին, ասելով. «Շտապի՞ր, որ քո ժամանակում լինի Հայոց աշխարհի համար մեծ և օգտաբեր այս գյուտը, որն ապագայում պիտի քեզ բերի առավել մեծ շահ, անմոռաց հիշատակ և երկնային վայելքների օգուտ, քան քո թագավորական իշխանությունն է կամ քեզնից առաջ եղած քո Արշակունյաց տոհմակից նախնիներինը»:
Եվ թագավորը լսելով այս՝ ուրախացավ, փառք տվեց Աստծուն, որ իր թագավորության ժամանակ նա հոգևոր կյանքի այսպիսի ցանկություն պարգևեց Հայոց աշխարհին: Ապա շտապով մեկին, որ իր ծնողների կողմից Վահրիճ անուն էր ստացել, դեսպան ուղարկեց Հաբել անունով մի քահանայի մոտ, որն առաջներում արքային ասել էր, թե Դանիել եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան ու ինքն էլ բարեպաշտ այդ Դանիելի մերձավոր մարդն էր: Իսկ երանելի Հաբելը Վահրիճից ընդունելով հրովարտակը և իմանալով իրողությունը, ճանապարհվեց և շատ շուտով հասավ սքանչելի եպիսկոպոս Դանիելի մոտ: Եվ այնտեղ նա ինքը Դանիելից տեղեկացավ նշանագրերի կարգի մասին, ապա նշանագրերն առնելով նրանից՝ հասցրեց Հայոց թագավորին, սուրբ հայրապետ Սահակին և երանելի Մաշտոցին: Իսկ արքան, սուրբ կաթողիկոս Սահակի և երանելի Մաշտոցի հետ, նշանագրերն ընդունելով Հաբելից, ուրախացավ։
Սակայն տեղեկանալով նրանք իմացան, որ այն նշանագրերը իրենց մուրացածո գծագրությամբ բավական չեն հայերեն բոլոր վանկերը հնչյունաբանական ամբողջ ճշգրտությամբ փոփոխելու համար։
Դրանից հետո Մեսրոբն ինքն իր աշակերտների հետ գնաց Միջագետք, նույն Դանիելի մոտ և, առաջինից ավելի տառեր չգտնելով, անցավ Եդեսիա, այնտեղի դիվանի իշխան Պղատոս անունով մի հեթանոս ճարտասանի մոտ: Նա ուրախությամբ ընդունեց Մեսրոբին, իր իմացած հայերեն խոսքի վրա շատ ջանաց, բայց ապարդյուն։ Իր տգիտությունը խոստովանեց հռետորը, հայտնեց, որ կա մեկը, Եպիփանոս անունով՝ հույժ հմուտ, որ իր ուսուցիչն է եղել առաջուց և Եդեսիայի նույն դիվանից վերցնելով գիտնականների գրքերը, գնացել, քրիստոնեական հավատին է դարձել: Որ փնտրես ու գտնես, ասաց, քո ցանկությունը կկատարի:
Այն ժամանակ Մեսրոբը, Բաբելոս եպիսկոպոսից օգնություն ստանալով և Փյունիկեից անցնելով, գնաց Սամոս: Այնտեղ էլ Եպիփանոսը վախճանվել էր՝ թողնելով Հռուփանոս անունով իր մի աշակերտին, որը հելլենական գրչության հրաշալի իր արվեստով առանձնացել էր Սամոսում: Գնալով սրա մոտ և դարձյալ ոչ մի օգուտ չստանալով՝ Մեսրոբը հույսը դրեց աղոթքի վրա:
Եվ տեսավ,—ոչ այն է երազ էր քնի մեջ, ոչ տեսիլք էր արթմնի,— այլ սրտի խորքերում երևութացյալ հոգին աջ ձեռքի մի թաթով գրում էր ժայռի վրա։ Եվ ինչպես ձյան վրա՝ ժայռը պահպանում էր թաթի գրածի հետքը: Եվ այսքանը ոչ միայն մնաց իբրև երևույթ, այլև բոլոր մանրամասները հավաքվեցին նրա մտքի մեջ՝ որպես մի ամանում։
Եվ աղոթքից վեր կենալով՝ Մեսրոբն ստեղծեց մեր նշանագրերը, Հոուփանոսի հետ միասին կերպ ու ձև տվեց հայերեն այբուբենին ըստ հունարեն տառերի անսայթաքության: Եվ, այսպես, հայոց նշանագրերը գտնելով՝ երանելի Մաշտոցը գործի ձեռնարկեց: Հայոց սուրբ հայրապետ Սահակն էլ գործը հարմարեցնելով, տառերի դասավորության և հնչյունային ուղղաձայնության դյուրին ճանապարհ ցույց տալով, ինչպես նաև հայոց քահանաներից նրան օգնականներ կարգելով ճարտարաբան ու խելամիտ մարդկանց, որոնք, երանելի Մաշտոցի պես, մի քիչ գիտեին հունարեն վանկ-վանկ ընթերցելը: Դրանցից առաջինի անունն էր Հոհան՝ Եկեղյաց գավառից, երկրորդինը՝ Հովսեփ, Պաղանական տնից, երրորդինը՝ Տեր, Խորձյանքից, չորրորդինը՝ Մուշե, Տարոնից: Նրանց օգնությամբ երանելի Մաշտոցը կարողացավ հայերեն այբուբենը կարգավորել- դասավորել ըստ հունարենի հնչյունային վանկական անսայթաք դասավորության՝ հաճախ հարցնելով ու սուրբ Սահակ կաթողիկոսից իմանալով հունարեն տառերի օրինակները։ Պարզ է, որ նրանք ուղղակի չէին կարող անսխալ կատարել գործը, առանց առաջնորդվելու սուրբ Հայրապետ Սահակի կողմից, որը վարժվածությամբ առլեցուն՝ բարձր էր հունաց շատ գիտնականներից՝ լինելով կատարելապես հմուտ հունարեն տառերի հնչյունաբանությանը և հռետորական հորդասաց մեկնաբանություններին, առավել ևս՝ ցույց էր տալիս իր տեղյակությունը փիլիսոփայական արվեստին:
Այնուհետև, Փրկչի առաջնորդությամբ դասավորելով հայերեն նշանագիր տառերը և հելլենական կարգին հարմարեցնելով, ցանկացան դպրոցներ բացել և ուսուցանել մանկանց բազմություններ, քանզի ամեն մարդ սրտագին փափագում էր հայերեն գիտության ուսումը և ուրախ էր, որ փրկվում էր ասորերենի պատճառած տանջանքներից, որպես խավարից դեպի լույս ելներ: Սակայն տարակուսանքի մեջ էին սուրբ գիրքը չունենալու պատճառով, քանի որ հայերեն լեզվով դեռևս չկային եկեղեցու սուրբ կտակարանները:
Եվ երանելի Մաշտոցն ու նրա հետ եղած պատվական քահանաները չէին կարող համարձակվել ձեռնարկելու մի այսպիսի խիստ կարևոր գործի, ինչպես հունարենից հայերեն լեզվով թարգմանելը, որովհետև դեռ լրիվ տեղյակ չէին հունարենի ուսման գիտական հրահանգին:
Ապա Հայոց աշխարհի բոլոր ավագ քահանաները, երանելի Մաշտոցով և Հայոց աշխարհի բոլոր նախարարներով ու մեծամեծ տանուտերներով հանդերձ, հավաքվեցին Հայոց թագավոր Վռամշապուհի մոտ և թագավորի հետ միասին սկսեցին աղաչել Սահակ սուրբ կաթողիկոսին, որպեսզի նա իր անձը նվիրի հոգևոր աշխատանքի և աստվածաշունչ կտակարանները հունարեն լեզվից թարգմանի հայերեն լեզվի: Եվ ավագ դասերի քահանաները սուրբ քահանայապետին ասում էին. «Մենք, որ քո առաջ կանգնած ենք երանելի Մաշտոցի հետ միասին, որի մեջ աստվածային շնորհը ցանկություն արթնացրեց կարգավորել վաղնջուց գրված նշանագրերը, որոնք ոչ մեկի կողմից չէին կիրառվել, այլ ասորերեն մեծաջան ու անօգուտ ուսմամբ էինք տանջվում ապարդյուն: Ժողովրդական բազմությունները դատարկ ու անմխիթար հեռանում, գնում էին եկեղեցուց, և ուսուցիչները հոգոց հանելով ու հառաչելով ափսոսում էին իրենց զուր ջանքերի համար: Ուսումնասեր հա վաքվածներից ո՛չ մեկն օգուտ չէր տեսնում հոգևոր խրատների վարդապետությունից, որն իմաստասեր մարդկանց սնունդն է ու զորացնողը, մինչև գտնվեց գիրը և աճելով դեռևս զորանում է Քրիստոսի օգնականությամբ: Այս բոլոր աշխատանքների կարգավորությունը պիտի լինի և կատարվի քո առաքինությանդ գիտությամբ:
Արդ, ինչպես որ Քրիստոսի սուրբ նահատակ Գրիգորիսը խոշտանգումների մեջ անվնաս պահվեց Աստծո աջով, որպեսզի նվիրվի Հայոց աշխարհի գիտության լուսավորությանը, այնպես էլ այս սուրբ գործի պայծառ ժառանգությունն է պահել քեզ՝ նրա շառավղին, որպեսզի սկզբնավորես այս մշակութային գործը և լինես նմանվող քո սուրբ նախնուն, որը Հայոց աշխարհին անգիտությունից առաջնորդեց դեպի ճշմարիտ աստվածագիտությունը:
Այժմ մեր մեծ աշխարհի ամբողջ ժողովրդին այն անօգուտ մուրացկանությունից առաջնորդիր դեպի ճշմարիտ հոգեշահ և եկեղեցին զարդարող գիտությունը՝ լրացնելով քո սուրբ նախնիներից մնացած այն պարապը, որի համար քեզ էր պահել Աստված, և Հայաստան աշխարհում էլ չկա ուրիշ մի մարդ, որ հնարավորություն ունենա ձեռնարկելու այդպիսի մի մեծ գործի: Չէ՞ որ մենք չկարողացանք հմտանալ և լինել տեղյակ այնքան արվեստական գիտելիքներին, ինչպես վերին օգնականությամբ քեզ էր շնորհվել ճարտարության զորությունը՝ հանուն քո առաքինասեր և պարկեշտ հոգու, որպեսզի ճշգրտապես նմանվելով ընդօրինակես երանելի քո հայր Ներսեսի վարքը»:
Եվ Հայոց բարեպաշտ կաթողիկոս սուրբ Սահակն այս ամենը լսելով Վռամշապուհ թագավորից, Հայոց երանելի Մաշտոցից և քահանաների ամբողջ միաբանությունից, առավելապես՝ Հայոց ավագ տանուտերներից և բոլոր նախարարներից, հոգով զվարճացավ, փառավորելով ամենքի փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Եվ կամավոր հոժարությամբ իր անձը տվեց գործին, պանծացրեց Աստծո գործակցությունը, որը նրան տվել էր առավելապես գիտության այնպիսի՜ շնորհներ: Եվ անվեհեր կերպով տքնելով գիշեր ու ցերեկ, թարգմանեց բոլոր կտակարանները, սուրբ Հոգու ճշմարիտ մարգարեների խոսածները և հաստատելով կնքեց Նոր կտակարանի լուսավոր ու կենսատու քարոզությունները երջանիկ առաքյալներով ու նույն Հոգով։
Եվ երբ Հայոց սուրբ հայրապետ Սահակն ավարտեց հոգևոր մեծ վաստակի գործը, նրանից հետո շուտով դպրոցներ բացեցին ուսումնական խմբերի համար: Բազմացան գրիչների դասերը, որոնք գերազանցում էին միմյանց: Սուրբ եկեղեցիների արարողությունները զարդարվեցին: Կանանց ու տղամարդկանց բազմությունները ճոխացան Փրկչի տոների ժամանակ․․․»։
Աղբյուրը՝ Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն/թարգմ․ Բ․ Ուլուբաբյան/, Երևան, 1982