Հայ առաքելական սուրբ եկեղեցին սեպտեմբերի 11-ին նշում է Սուրբ Խաչի վերացման կամ Խաչվերացի տոնը։ Այս տոնը հիշատակությունն է մեր տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի պարսկական գերությունից վերադարձի և Երուսաղեմում վերացման կամ բարձրացման։ Խաչը Պարսկաստան էր տարել Խոսրով Բ թագավորը 614 թվականին։ Ըստ ավանդության Պարսկաստանում խաչի զորությամբ շատերը դարձի են գալիս ու դառնում քրիստոնյա։ Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի։628 թ. Բյուզանդիայի Հերակլիոս կայսրը հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը։ Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։
Եկեղեցու հայրերն ու աստվածաբաններ տարբեր առիթներով անդրադարձել են քրիստոնյաների համար կարևորագույն նշանակություն ունեցող խաչի խորհրդին։ Ո՞րն է խաչի նշանակությունը, ինչո՞ւ և ինչպե՞ս այն հին աշխարհի պատժի գործիքից՝ Աստվածորդու խաչելությամբ վերածվում փրկության ու պաշտպանության միջոցի։ Հարցեր, որոնք հետաքրքրում են հավատացյալներին նաև մեր օրերում։ Այս հարցերին անդրադարձել է նաև Սուրբ Գրիգոր Տաթևացին(1346-1409)։ Art365-ը ներկայացնում է հատվածներ խաչի նշանակությանը նվիրված նրա երկերից ու քարոզներից։
Գրիգոր Տաթևացի, Խաչի մասին
Ինչո՞ւ ենք ապավինում խաչին
Եվ այս մասին է ասում իմաստուն առակողի խոսքը, թե՝ «Այն կենաց ծառ է ամենքի համար, ովքեր պատսպարվում են նրանով և հաստատությամբ հենվում նրա վրա՝ իբրև Տիրոջ» (Առակ. 3.18)։
Արդ, երբ պատսպարվում ենք Խաչով, այսինքն թիկունքով ամրապնդվում նրանով, ինչպես պարսպով, և հենվում՝ այսինքն հաստատվում սրտով նրա վրա, ինչպես գավազանի, երեք տեսակ բարիքներ ենք ստանում՝ իմաստություն, զորություն և անմահություն, ինչպես ասվում է «Երեքսրբյան» աղոթքում. «Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ»։
Քանզի թեև Քրիստոս խաչվեց իբրև մարդ, սակայն Աստված է բնությամբ, թեև հրեաները խաչեցին իբրև մի տկար մարդու, սակայն Նա հզոր է զորությամբ ու թեև Նա մեզ համար մեռավ, սակայն անմահ է կենդանությամբ։ Ուստի երբ իմացությամբ և հավատով պատսպարվում ենք այս եռակի բարությամբ, իմաստանանում ենք ու հասկանում, որ նրա վրա Խաչվածը Աստված է և անմեղ, սակայն մեռնում է մեր փրկության համար, որպեսզի վճարի մեր պարտքերը և ազատի մահից։ Եվ հույսով ու սրտով հենվում ենք Խաչի վրա, որպեսզի այն, որ մեծ զորությամբ հաղթեց մեր թշնամուն, մեզ զորացնի՝ հաղթահարելու համար սատանայի զորությունը։
Այլև սիրով ու հավատով միանում ենք Քրիստոսին, որպեսզի Իր հավիտենական կյանքի անմահությանը տնկակից դարձնի մեզ։ Այսպես իմաստնանում ենք մտքով, զորանում՝ մարմնով և անմահանում՝ հոգով, քանզի պատսպարվում ենք Խաչով, այսինքն՝ հավատով, հույսով և սիրով։
Եվ որովհետև այս ամենը Տերը Խաչով հաստատեց մեր մեջ, ուստի նույն Խաչն էլ եղավ ու կոչվեց իմաստություն, արդարություն, փրկություն և սրբություն, համապատասխանաբար ունենալով զորություն, իր նյութը, ձևը և հանդիսանալով մահվան գործիք։ Խաչի զորությունը Քրիստոսն է, որ միացած և բևեռված է նրա վրա, նյութը փայտն է, ձևը քառակողմ, իսկ մահապատժի գործիք լինելը՝ մեզ համար կյանքի պատճառ եղավ։
Ինչո՞ւ ենք երկրպագում նյութից պատրաստված առարկային
Խաչը ունի նյութ և ձև, ու Աստծո զորությունը միացված է դրան։ Նյութն է քար, փայտ կամ երկաթ, կամ մի որևէ այլ բան։ Իսկ ձևն է քառակողմ, խաչյալ Քրիստոսի նմանությամբ։ Եվ նրանում բևեռված Քրիստոսի զորությունը անբաժանելի և անքակտելի է խաչից. (Ի հօրէ անպակաս եւ անմեկնելի է զօրութիւն նորա)։
Որովհետև ուր Խաչն է այնտեղ է Խաչյալը և խաչելությունը։
Միայն նյութին չենք երկրպագում և ոչ էլ ձևը առանձին (վերցրած)։ Եվ հայտնի է, որ բազում են կենդանիների և անկենդանների մեջ նկար ու քառակերպ ձև, սակայն դրանք երկրպագելի չեն մեզ։ Այլ երկրպագում ենք Աստծո զորությանը, որն է Քրիստոս, ձևի միջնորդությամբ, նյութին բևեռված, որ կոչվում է Խաչ։
Ի՞նչ խորհուրդ ունեն խաչի չորս թևերը
Առաջին՝ չորս բարօրությունները, որ արեց Տերը մեզ։ Վերևի մասը ցույց է տալիս երկնքի արքայության բացվելը, ներքևինը՝ դժոխքի ավերումը, աջը՝ շնորհների բաշխումը, ձախը՝ մեղքերի թողությունը։
Երկրորդ. նշանակում է չորս առաքինություններ, որոնք հարկ է տարածել մեր ներքին մարդու մեջ։ Վերևի մասը՝ սերը, ներքևինը՝ խոնարհությունը, աջը՝ հնազանդությունը, ձախը՝ համբերությունը։
Երրորդ. նշանակում է դրախտից զրկվելը, քանզի աջ էինք, ձախ դարձանք։
Չորրորդ. նշանակում է մեր չորս խորհուրդները. վերևի մասը՝ միշտ վերինը խորհել, ուր Քրիստոսն է նստած (Կողոս. 3։2), ներքևինը՝ մեր կյանքի վախճանն է։ Աջը և ձախը դատաստանի ընտրությունն է. փառքը՝ աջակողմյաններին, պատիժը՝ ձախակողմյաններին։
Ինչո՞ւ ենք խաչակնքվում և հիշում սուրբ Հոգուն
Քրիստոսին խաչեցին երրորդ ժամին, ինչպես գրված է. «Երրորդ ժամին Նրան Խաչը հանեցին»։ Եվ քանի որ Սուրբ Հոգին Խաչի պարգևն է, ինչպես Հովհաննես ավետարանիչն է ասում՝ Խաչը իբրև Հիսուսի փառք համարելով. «Դեռևս չկար Հոգին, քանզի Հիսուսը չէր փառավորվել» (Հովհ. 7։39), ապա այն ժամին, երբ կանգնեցվեց Խաչը՝ Քրիստոս փառավորվեց, նույն ժամին էլ պիտի տրվեր Խաչի պարգևը՝ Սուրբ Հոգին։ Մենք այս խորհրդով ենք խաչակնքում մեր դեմքերը՝ հիշելով Սուրբ Հոգին, քանզի այն մեզ Խաչով պարգևվեց և այժմ էլ Խաչով է իջնում մեր վրա։
Խաչը՝ հավատացյալների զենք
Խաչի գլուխն ու պատվանդանը նշանակում են Քրիստոսի Աստվածությունն ու մարդեղության միավորումը, որոնք խաչվել են Նրա մեջ։ Աջը՝ արդարների շնորհաբաշխումն է նշանակում, իսկ ձախը՝ դևերի սաստումը։
Իսկ թե ինչո՞ւ է միայն Խաչի ձևը պաշտելի, չէ՞ որ նաև գամվեց, գլխին փշե պսակ դրվեց, գեղարդով խոցվեց և այլն, սակայն դրանցից ոչ մի ձև չպաշտվեց, այլ միայն Խաչն է պաշտելի։ Դավիթ Անհաղթը ասում է, որ Խաչը Քրիստոսի ձևը ունի, Քրիստոս ամեն պահ նրա վրա է և երբեք չի զատվում նրանից։
Խաչը, որ անցյալում համարվում էր դատապարտության գործիք, այժմ պատճառ է փրկության, որովհետև մեր Տերը բևեռվելով նրան միացավ։
Խաչը՝ երկնքի բևեռներն են և երկրի հաստատությունը։
Խաչը՝ նահապետների ցանկությունն է և մարգարեների կանխասացությունը։
Խաչը՝ առաքյալների քարոզությունն է և հայրապետների դավանությունը։
Խաչը՝ մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը։
Խաչը՝ թագավորների թագն է և իշխանների իշխանությունը։
Խաչը՝ կույսերի սրբությունն է և ամուսնացածների ողջախոհությունը։
Խաչը՝ այրերի շնորհն է և կանանց բարեզարդությունը։
Խաչը՝ ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստությունը։
Խաչը՝ կենաց ծառն է և անմահության պտուղը։
Խաչը՝ անմեղների խրատն է և մեղավորների քավիչը։
Խաչը՝ մոլորվածների ճանապարհն է և խավարյալների ճառագայթը։
Խաչը՝ նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը։
Խաչը՝ սանդարամետականների սարսափն է և երկրայինների սաստողը։
Խաչը՝ Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը։
Խաչը՝ հոգևոր զենք է և չբթացող սուր։
Խաչը՝ դժոխքի ավերողն է և գերյալներին ազատողը։
Խաչը՝ գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը։
Խաչը՝ դրախտի դռներ բացողն է և արքայությունը՝ ժառանգություն տվողը։
Խաչը՝ Քրիստոսի կարապետն է և հարության հրավերը։
Խաչը՝ անհավատների կուրությունն է ու հավատացյալների զորությունը:
Խաչը իր երկրպագուներին պայծառեցնելով կկանգնեցնի Քրիստոս Աստծո աջ կողմում, որին փառք հավիտյանս. ամեն։
Աղբյուրը՝ Մեհրուժան Բաբաջանյան, Խաչապատում, Երևան, 2001: