Ավանդությունն ասում է.
«Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունաց իշխանի գեղեցիկ աղջկան: Աղջիկն էլ հավանում է Մոմիկին: Սյունաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում. «Աղջկաս կտամ քեզ, եթե երեք տարում մի նոր գեղեցիկ վանք շինես ինձ համար»: Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում: Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը: Իմանալով այդ, իշխանն ուղարկում է ծառային, որ տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը, այնտեղից ցած է հրում Մոմիկին: Մոմիկի տաշած վերջին քարը դառնում է նրա շիրմաքարը»:
Իսկ իրականում
Մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Մոմիկը սյունաց իշխանների պատվերով բազում հրաշալի գործեր է արել: Ծնվել է Վայոց ձորում, ամենայն հավանակությամբ` 13-րդ դարի 60-ական թվականներին: Սովորել է Գլաձորի համալսարանում: Մինչև կյանքի վերջը ապրել է Վայոց Ձորում, զավակներ ու թոռներ է ունեցել:
Մանրանկարիչը
Մոմիկի նկարազարդումների գլուխգործոցը 1302 թվականին Ստեփանոս Օրբելյանի պատվերով նկարազարդած «Պատերազմի Ավետարանն» է: 300 էջանոց, բայց փոքր չափերով այս Ավետարանը պատմիչ Ստ. Օրբելյանը միշտ իր մոտ է պահել: Մանրանկարչին հաջողվել է ձեռագրի անսովոր փոքր չափերի մեջ տեղավորել Տերունական պատկերաշարի 12 հիմնական տեսարանները, 3 պատկեր, 2 անվանաթերթ, փոքրիկ գլխազարդեր ու մի շարք լուսանցազարդեր: Տեսարանները հագեցած են կերպարներով: Օրինակ, «Համբարձում» մանրանկարում 17 կերպար է տեղավորվել, իսկ «Մուտք Երուսաղեմում»՝ 18:
Տեսողության կորուստ
1331 թվականի մի հիշատակարանում պահպանվել է Մոմիկի կենսագրության շրջադարձային մի դրվագ: Մանրանկարիչը խոստովանում է, որ կորցրել է տեսողությունը և չի կարողանում ավարտել 1307 թվականին Ստեփանոս Օրբելյանի պատվիրած ձեռագրի նկարազարդումը: Հայտնի է, որ տեսողության վերականգնումից հետո Մոմիկն այլևս մանրանկարչությամբ չի զբաղվել:
Նորավանքի ճարտարապետը
Մոմիկին վերագրվող ճարտարապետական ամենավաղ կառույցը Ստ. Օրբելյանի պատվերով 1295 թվականին կառուցված Տաթևի սբ. Գրիգոր թաղածածկ եկեղեցին է:
Հաջորդը՝ 1324թ կառուցված Արենիի եկեղեցին է: Արփա գետի ափին, բարձր բլրի վրա վեր խոյացող եկեղեցին կերտվել է դարչնագույն տուֆից: Այստեղ ճարտարապետը հրաժարվել է 13-14-րդ դարերի հայ եկեղեցական ճարտարապետության որոշ ավանդույթներից և եկեղեցու գմբեթը հենել է երկու առանձին մույթերի վրա:
Մոմիկի ճարտարապետության գլուխգործոցը Նորավանքի Սբ. Աստվածածին եկեղեցին է: Բուրթել իշխանի դամբարան-եկեղեցին երկհարկ է, սլացիկ ռոտոնդայով: Կառուցվել է 1339 թվականին: Գմբեթն ու սյուները սահուն, ներդաշնակ հորիվածք ունեն: Յուրօրինակ են երկրորդ հարկ ձգվող աստիճանները, որոնք եռանկյունաձև շրջան են կազմում` զուգակցվելով քանդակազարդ ճակատի դետալների հետ: Գմբեթի խորհրդանշական 12 սյուներից մեկին Բուրթել իշխանի պատկերաքանդակն է` եկեղեցու մանրակերտը ձեռքին: Մյուս սյուները զարդարում են Աստվածամոր ու Փրկչի, Բուրթել իշխանի որդիների պատկերաքանդակները:Ուշագրավ ու բացառիկ է Մոմիկի կերտած հայր Աստծո քանդակը՝ Ադամի գլուխը ձեռքին:
Խաչքարագործը
Մոմիկի խաչքարերը նուրբ են մանրահյուս: Քանդակագործը ընդգծել է դետալները, ելուստներն ու խորությունները: Ավանադական խաչքարը դարձել է բազմաձև ու տարողունակ: Խորանները ներդաշնակ են, պատկերքանդակները հստակ ու ճանաչելի, ծաղկյալ խաչը գեղեցիկ զարդանախշերով է երիզված: Ասեղնագործ մակերեսը աննյութական ու անկշիռ է դարձնում քարը…խաչքարը վերածվում է աղոթքի:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Հայ մշակույթի նշանավոր գործիչներ. V-XVIII դարեր, 1976:
Ա.Ղանալանյան, Ավանդապատում, 1969: