Աշխարհի յոթ հրաշալիքների մասին տեղեկություններ կարող ենք գտնել ամենատարբեր գրավոր արձանագրություններում, հիշատակություններում, սակայն միայն մոտավոր կարող ենք պատկերացնել - վերականգնել դրանց տեսքը։ Բայց նորագույն տեխնոլոգիաները և հին աշխարհի մասին մեզ հասած տեղեկությունները համադրելով՝ այսօր կարող ենք որոշակիորեն վերստեղծել յոթ հրաշալիքների մոտավոր պատկերը։
Հռոդոսի կոթող
Հռոդոսի կոթողը հունական արևի աստծո՝ Հելիոսի հաղթական արձանն էր՝ մոտ 32 մետր բարձրությամբ, որը կառուցվել է Հռոդոսի Մանդրակի նավահանգստում՝ 15 մետրանոց մարմարե սյուների վրա, որպեսզի նավերն անցնեն նրա ոտքերի միջով: Կոթողը կանգուն է մնացել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը, որպես մետաղի ջարդոն (բրոնզ)։ Նավահանգստում, ծովի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:
Եգիպտական բուրգեր
Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ․-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։
Ամենահետաքրքիրն այն է, որ սկզբում բուրգը երեսպատված է եղել սպիտակ կրաքարով: Բուրգի գագաթը երիզված է եղել ոսկեզօծ քարով։
Շամիրամի կախովի այգիներ
Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. 6-րդ դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6 հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։
Ալեքսանդրիայի փարոս
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)։
Հալիկառնասի դամբարան
Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։
Զևսի արձան
Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ 5-րդ դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։
Արտեմիսի տաճար
Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձանների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։