Մեր հայրենիքն՝ իր նյութական ու ոչ նյութական մշակութային արժեքներով՝ պատմական հուշարձաններով, բնությամբ, ժողովրդական սովորություններով, այդ սովորություններն պահպանող ու փոխանցող մարդկանցով, տարբեր տիպի ուսումնասիրությունների ու կրթական ծրագրերի անսպառ աղբյուր է: Մարզերում հայրենաճանաչությանը խթանող, հատկապես դպրոցական երեխաներին ուղղված նախագծերը կարող են նպաստել սեփական միջավայրի մշակութային արժեքների ճանաչմանն ու ուսումնասիրությանը, խրախուսել դրանց պահպանությանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրերը: Այդպիսի մի ծրագիր 2022 թ. մեկնարկել է Վայոց Ձորի մարզում: «Հովհաննիսյան ինստիտուտը» Ավետիս Դավիթեանի ֆինանսական աջակցությամբ և Վայոց ձորի գրադարանի ու Եղեգնաձորի պատկերասրահի հետ համագործակցությամբ, Եղեգնաձոր քաղաքում իրականացրել է «Ինչ է պատմում լուսանկարը» կրթամշակութային նախագիծը:
Նախագծի նպատակներն են՝ հումանիտար և արվեստի կրթության Երևանից դեպի մարզեր ապակենտրոնացումը, մարզերի մշակութային կենտրոնների և գրադարանների հետ համագործակցության զարգացումը, տեղական մշակութային արժեքների ու պատմության ճանաչումը, ներկայի պատմական ընկալման ձևավորումը և այլն:
«Ինչ է պատմում լուսանկարը» նախագծի շահառու 9 դպրոցականներ մասնակցել են մշակութային ու հետազոտական թեմաներով կրթական միջոցառումներին՝ աշխատարաններին ու դասախոսություններին, որոնք վարել են լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը, ազգագրագետ, մշակութաբան Գայանե Շագոյանը, արվեստագետներ Արմենակ Գրիգորյանն ու Գոռ Ենգոյանը, արվեստաբաններ Սոնա Հովհաննիսյանն ու Վարդան Ազատյանը և պարի մասնագետ Հասմիկ Թանգյանը։ Նախագծի ղեկավարը Հերմինե Ստեփանյանն է։
Ծրագրի ընթացքում երեխաներն իրականացրել են սեփական հետազոտությունները։ Հետազոտական աշխատանքների մեկնարկային նյութը տատիկների և պապիկների անձնական և ընտանեկան լուսանկարներն էին։ Լուսանկարների միջոցով կապ է ստեղծվում անձնական փորձառությունների, միջսերնդային հիշողությունների և պատմական անցյալի միջև։ Ծրագրի մասնակից արվեստագետների կարծիքով, լուսանկարչությունը պետք է ընկալվի ոչ միայն որպես իրականության փաստագրման և ամրագրման տեխնիկական գործիք, այլև՝ որպես անցյալի հետ կապը պահպանող լավագույն միջոց։ Լուսանկարները հիշողություններ կերտելու հիմքն են: Միաժամանակ նախագծի հեղինակ «Հովհաննիսյան Ինստիտուտի» համար առանցքային է բացահայտել լուսանկարի մեջ թաքնված հիշողությունը՝ պատկերի բազմաշերտ հետազոտության և մեկնաբանություն միջոցով:
Նախագծի ավարտական փուլում դպրոցականները արվեստագետի ղեկավարությամբ ստեղծել են իրենց աշխատանքները, որոնք էլ ցուցադրվել են Եղեգնաձորի պատկերասրահում։
Նախատեսվում է, որ «Ինչ է պատմում լուսանկարը» նախագծի մասնակից աշակերտներն իրենց մասնակցությունը կունենան նախագծի հետագա՝ այլ մարզերում իրականացվող փուլերին։ Կհամագործակցեն հասակակիցների հետ՝ փոխանցելով իրենց փորձառությունը: