Նոր տարին ու Սուրբ Ծնունդը տոներ են, որոնց պատրաստվելիս թեև մեծ մասամբ հոգ ենք տանում մարմնի ցանկությունների համար, ձգտում ենք դիմավորել տոները ճոխ սեղանների շուրջ ու համեղ ուտեստներով, սակայն պետք չէ մոռանալ նաև հոգևոր պահանջների մասին: Դրանց բավարարումը մեզ կօգնի իրապես զգալու նորացման ու հոգևոր զարթոնքի խորհուրդները, որ ունեն Նոր տարին ու Սուրբ Ծնունդը: Եվ հոգու ու մարմնի ներդաշնակության ապահովման լավագույն միջոցներից է դասական երաժշտությունը և հատկապես համաշխարհային հայտնի կոմպոզիտորների սուրբծննդյան դասական ստեղծագործությունները: Art365-ն առաջարկում տոները դիմավորել համապատասխան տրամադրությունն ապահովող 5 դասական գործեր լսելով:
1. Յոհան Սեբաստիան Բախ, Սուրբծննդյան օրատորիա(1-3)
Այս նշանավոր ու ծավալուն ստեղծագործությունը կոմպոզիտորի կենդանությնա օրոք մաս առ մաս կատարվում էր Սուրբ Ծննդից մինչ Աստվածահայտության տոն: Ստեղծագործության 6 մասերից յուրաքանչյուրը նվիրված է Փրկչի Ծննդի կտակարանյան պատմության որևէ դրվագի:
2.Պյոտր Չայկովսկի, Մարդուկ-ջարդուկ
Աշխարհահռչակ ռուս կոմպոզիտորի հանրահայտ բալետը, հիմնված է սուրբծննդյան դասական պատմության՝ Է. Հոֆմանի համանուն հեքիաթի վրա: Այն պատմում է տոնի լուսավոր խորհրդի, բարության, խիզախության ու սիրո մասին: Կոմպոզիտորին հաջողվել է երաժշտական ամենաբազմազան հնարանքներով ապահովել տոնի յուրահատուկ մթնոլորտը, առաջին հերթին՝ հրաշքի սպասումը:
3.Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, Քրիստոսի ծննդյան մարգարեությունը (հատված «Մեսիա» օրատորիայից)
Այս օրատորիան ստեղծվել է հենց Սուրբ Ծննդին կատարվելու համար: Ստեղծագործության առաջին մասերը կատարվում են տոնին նախորդող օրերին, իսկ եզրափակիչ մասը հենց տոնի օրը: Այն Սուրբ Ծննդյան Ավետիս է՝ երգչախմբի կատարմամբ:
4. Մովսես Խորենացի, Խորհուրդ մեծ և սքանչելի
Քերթողահայր Մովսես Խորենացու այս հիանալի օրհներգը կամ շարականը կատարվում է եկեղեցում ու նաև համերգասրահներում Սուրբ Ծննդյան օրը: Այն ներկայացնում է Փրկչի ծննդյան խորհրդավոր դրվագն ու կոչ է ուղղված հավատացյալներին՝ հետևելով հրեշտակների ու հովիվների օրինակին գալ երկրպագության:
5. Ֆերենց Լիստ, Սուրբծննդյան եղևնին
Հունգարացի կոմպոզիտորն իր դաշնամուրային այս շարքը նվիրել է թոռնուհուն: Այս գործերը որոշակիորեն տարբերվում են Լիստի մյուս ստեղծագործություններից և նախատեսված են ջերմ ընտանեկան միջավայրում կատարման համար: