Հին Հունաստանի ամենաչքնաղ կինը, համաշխարհային արվեստի ամենից ներշնչող կերպարներից մեկը՝ Հեղինեն, հայտնի է իր գեղեցկությամբ, կռվախնձորի պատմությամբ և նրանով, որ դառնում է հին աշխարհի ամենամեծ ու էպիկական պատերազմի՝ Տրոյական պատերազմի պատճառ։ Տրոյայի կամ Իլիոնի արքայազն Պարիսը առևանգում է Հեղինեին, ինչի պատճառով էլ ծավալվում է առասպելներում, Հոմերոսի Իլիական պոեմում, գրական այլ ստեղծագործություններում ներկայացված մեծ պատերազմն իր ողբերգական հետևանքներով։ Ավելի քիչ են հայտնի Հեղինեի կյանքի մինչտրոյական շրջանի դրվագները, որոնք էլ պահպանվել են առասպելներում ու զրույցներում։ Art365-ը ներկայացնում է Հեղինեի կյանքի այդ դրվագներն ըստ Ապոլլոդորոսի Դիցաբանական գրադարան երկի։
Հեղինեի ծնունդը
․․․․Քանի որ Լեդայի հետ մերձեցավ Զևսը` կարապի կերպարանքով, և նույն գիշերը` նաև Տինդարեոսը, Զևսից ծնվեցին Պոլիդևկեսն ու Հեղինեն, իսկ Տինդարեոսից` Կաստորն ու Կլիտեմնեստրան:
Ոմանք ասում են, թե Հեղինեն Նեմեսիսի ու Զևսի դուստրն էր և որ Նեմեսիսը, Զևսի սիրահետումից խուսափելու համար, սագի տեսք ընդունեց: Բայց Զևսը նրա հետ կենակցեց կարապի կերպարանքով: Այդ մերձեցումից նա ձու ածեց, և մի հովիվ, այն գտնելով անտառակում, բերեց-տվեց Լեդային: Սա էլ ձուն պահեց մի արկղիկի մեջ և, երբ ժամանակը եկավ ու Հեղինեն ծնվեց, նրան խնամեց ինչպես իր դստերը:
Հեղինեն ու Հունաստանի թագավորները
Հեղինեն գեղեցկուհի դարձավ, և Թեսևսը նրան առևանգեց ու տարավ Ափիդնե: Պոլիդևկեսն ու Կաստորն արշավեցին քաղաքի դեմ և, մինչ Թեսևսը Հադեսում էր, գրավեցին այն, Հեղինեին հետ բերեցին, իսկ Թեսևսի մորը` Էթրային, գերեվարեցին:
Հունաստանի թագավորները եկան Սպարտա` Հեղինեի ձեռքը խնդրելու: Փեսացուները հետևյալն էին. Լաերտեսի որդի Ոդիսևսը, Տիդևսի որդի Դիոմեդեսը, Նեստորի որդի Անտիլոքոսը, Անկեոսի որդի Ագապենորը, Կապանևսի որդի Սթենելոսը, Կտեատոսի որդի Ամփիմաքոսը, Եվրիտոսի որդի Թալպիոսը, Փիլևսի որդի Մեգեսը, Ամփիարաոսի որդի Ամփիլոքոսը, Պետեոսի որդի Մենեսթևսը, Իփիտոսի որդիներ Սքեդիոսն ու Էպիստրոփոսը, Ագասթենեսի որդի Պոլիքսենոսը, Հիպպալկիմոսի որդի Պենելեոսը, Ալեկտորի որդի Լեիտոսը, Էլևսի որդի Այասը, Արեսի որդիներ Ասկալափոսն ու Իալմենոսը, Քալկոդոնի որդի Էլեփենորը, Ադմետոսի որդի Եվմելոսը, Պիրիթուսի որդի Պոլիպետեսը, Կորոնոսի որդի Լեոնտևսը, Ասկլեպիոսի որդիներ Պոդալիրիոսն ու Մաքաոնը, Պեասի որդի Փիլոկտետեսը, Եվեմոնի որդի Եվրիպիլոսը, Իփիկլոսի որդի Պրոտեսիլաոսը, Ատրևսի որդի Մենելաոսը, Տելամոնի որդիներ Այասն ու Տևկրոսը և Մենետիոսի որդի Պատրոկլոսը:
Ոդիսևսի խոստումն ու Հեղինեի ամուսնությունը
Տեսնելով սրանց բազմությունը` Տինդարեոսը վախեցավ, որ երբ մեկն ընտրվի, մյուսները կըմբոստանան: Ոդիսևսը խոստացավ, որ եթե նա իրեն օգնի ամուսնանալ Պենելոպեի հետ, ինքը կռիվը կանխելու մի հնար կգտնի: Եվ երբ Տինդարեոսը խոստացավ օգնել, Ոդիսևսը նրան հորդորեց բոլոր փեսացուներին երդվել տալ, որ սատար կլինեն ընտրյալին, եթե մեկն ամուսնության պատճառով նրա հանդեպ անիրավություն գործի: Դա լսելով` Տինդարեոսը փեսացուներին ստիպեց երդվել, իսկ ինքը փեսա ընտրեց Մենելաոսին: Ոդիսևսի համար էլ նա Իկարիոսից խնդրեց Պենելոպեի ձեռքը:
Հեղինեն Մենելաոսից ունեցավ Հերմիոնեին և, ըստ ոմանց, Նիկոստրատոսին: Իսկ ազգությամμ էտոլացի ստրկուհի Պիերիսը (կամ, ինչպես ասում է Ակուսիլաոսը, Տերեիսը), նրանից ունեցավ Մեգապենթեսին, Կնոսսիա անունով նիմֆան էլ, ըստ Եվմելոսի, Քսենոդամոսին:
Աղբյուրը՝ Ապոլլոդորոս, Դիցաբանական գրադարան, հին հունարենից թարգմանությունը,
առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, Սարգիս Խաչենց-Փրինթինֆո-Անտարես, 2017: