«Ֆարենհայթ 451»-ը(1953) ամերիկացի ֆանտաստ հեղինակ Ռեյ Բրեդբըրիի (1920-2012) ամենահայտնի վեպն։ Հակաուտոպիստական այս վեպը ներկայացնում է ապագայի մի սարսափելի աշխարհ, որտեղ տեխնոլոգիաները գրավել են հասարակական կյանքի բոլոր ոլորտները, ժամանցը փոխարինել է մշակույթին, բանական աշխարհը ընկրկել սպառողական հասարակության օրենքների առջև։ Եվ այդ վիճակը պահպանելու համար արգելվել են գրքերը։ Դրանք ուղղակի հայտնաբերվում ու այրվում են, մինչ այն պահը երբ հրկիզողներից մեկը՝ Գայ Մոնթագը ընդդիմանում է այդ իրավիճակին։ Հընթացս պարզվում է, որ նա մենակ չէ, և անտառներում թաքնվում են իր պես մարդիկ, որոնք պահում են բանականի ու մշակութայինի հիշողությունը, ուղղակի պահպանում են մարդու ստեղծած հոգևոր արժեքներն ու գաղափարները՝ անգիր անելով գրքերը։ Ըստ այդմ էլ՝ «Ֆարենհայթ 451»-ը ևս մեկ անգամ փաստում է, որ նույնիսկ ամենառոբոտացված աշխարհում մարդն իր գոյությունը պայմանավորում է գրականության ու մշակույթի հետ առնչությամբ և հոգևոր արժեքների պահպանության գործում առաջնակարգ տեղ է տալիս գրքին ու գրականությանը։ Ռեյ Բրեդբըրին փաստորեն ուղիղ կապ է սահմանում մարդու գոյության և գրքի նկատմամբ վերաբերմունքի միջև։ Ըստ հեղինակի կփրկվեն այն մարդիկ ու հասարակությունները, որոնք կարդում են, գիտեն գրքի արժեքն ու հիշողություն ունեն։
Քիչ անց ձայներ լսվեցին. նրանք խոսում էին, իսկ Մոնթագը ոչինչ չէր կարողանում տարորոշել. լոկ հնչյուններ էին, որ ուժգնանում, ապա կրկին նվաղում էին, հնչյուններ, որ շուռ էին տալիս աշխարհը, ապա՝ նայում դրան: Ձայներին ծանոթ էին ցամաքը, ծառերը և քաղաքը, որոնք ընկած էին երկաթգծերից այն կողմ՝ գետի մյուս ափին: Ձայները խոսում էին ամեն ինչի մասին. ոչինչ չկար, որի մասին նրանք չէին կարող խոսել, նա դա զգում էր ձայների ռիթմից և հնչերանգից և դրանցում եղած հետաքրքրասիրության շարունակական ելևէջներից և զարմանքից: Շուտով տղամարդկանցից մեկը բարձրացրեց հայացքն ու տեսավ նրան առաջին կամ հավանաբար յոթերորդ անգամ, և մի ձայն դիմեց նրան հեռվից.
— Ամեն բան կարգին է, կարող եք դուրս գալ Ձեր թաքստոցից հիմա:
Մոնթագը հետ–հետ գնաց դեպի ստվերները:
— Ամեն բան կարգին է,— ասաց ձայնը,— բարո՛վ եք եկել:
Մոնթագը դանդաղ քայլեց դեպի կրակը և դեպի այնտեղ նստած հինգ ծեր տղամարդիկ՝ մուգ կապույտ ջինսեր, շապիկներ և մուգ կապույտ կոստյումներ հագած: Նա չգիտեր
ինչ ասել նրանց:
— Նստե՛ք,— ասաց տղամարդը, ով, թվում էր, փոքր խմբի առաջնորդն էր,— սուրճ խմեք:
Նա տեսավ, թե ինչպես մուգ, գոլորշի արձակող խառնուրդը լցվեց թիթեղյա ծալվող բաժակի մեջ, որն անմիջապես տվեցին նրան: Զգուշորեն փոքր կում արեց և զգաց, թե
ինչպես էին նրանք հետաքրքրասիրությամբ իրեն նայում: Շուրթերն այրվում էին, սակայն դա հաճելի էր: Նրան շրջապատող դեմքերը մորուքավոր էին, սակայն մորուքները կոկիկ ու խնամված էին, նրանց ձեռքերը մաքուր էին: Նրանք կանգնել էին ի նշան այն բանի, որ հյուրի էին դիմավորում, և միայն այժմ նստեցին: Մոնթագը փոքր կում արեց:
— Շնորհակալ եմ,— ասաց նա,— անչափ շնորհակալ եմ:
— Բարո՛վ եք եկել, Մո՛նթագ: Իմ անունը Գրեյնջեր է:
Գրեյնջերը Մոնթագին մեկնեց անգույն հեղուկով լի մի փոքր շիշ:
— Սա՛ էլ խմեք: Այն կփոխի Ձեր քրտինքի քիմիական ցուցիչը: Կես ժամ անց Ձեր մարմինը երկու այլ մարդկանց բույր կարձակի: Հիմա, երբ մեխանիկական շունն ընկած է
Ձեր հետևից, խելամիտ կլինի մինչև հատակը դատարկել այն:
Մոնթագը խմեց դառնահամ հեղուկը:
— Ձեզնից կատվի գարշահոտ կփչի, բայց հոգ չէ,— ասաց Գրեյնջերը:
— Դուք գիտեք իմ անունը,— ասաց Մոնթագը:
Գրեյնջերը գլխով նշան արեց դեպի մարտկոցներով աշխատող շարժական հեռուստացույցը, որը դրված էր խարույկի մոտ:
— Մենք դիտում էինք, թե ինչպես էին հետապնդում Ձեզ: Գլխի էինք ընկել, որ գետի երկայնքով հարավ կիջնեք: Երբ հայտարարեցին, որ Դուք հարբած հյուսիսային եղջերուի նման թափառում եք անտառում, չթաքնվեցինք, ինչպես սովորաբար անում ենք: Երբ ուղղաթիռների տեսախցիկները փոխեցին իրենց ուղղությունը դեպի քաղաք, գլխի ընկանք, որ գետն եք մտել: Զավեշտալին գիտե՞ք՝ որն է: Հետապնդումները դեռ շարունակվում են, թեև ճիշտ հակառակ ուղղությամբ:
— Հակառակ ուղղությա՞մբ:
— Եկե՛ք նայենք:
Գրեյնջերը միացրեց շարժական հեռուստացույցը: Այն, ինչ էկրանին էր կատարվում, իսկական մղձավանջ էր: Այս փոքրիկ արկղի մեջ, որ այժմ կարող էր հեշտությամբ ձեռքից ձեռք անցնել, անտառի անդորրը խաթարող ձայներ ու գույներ էին: Մի ձայն բղավում էր.
— Հետապնդումը շարունակվում է քաղաքի հյուսիսային հատվածում: Ոստիկանության ուղղաթիռները հանդիպել են 87–րդ պողոտայի և Էլմ Գրով Փարքի խաչմերուկում:
Գրեյնջերը գլխով նշան արեց դեպի էկրանը:
— Կեղծում են փաստերը: Դուք նրանցից փախաք գետի մոտ: Նրանք չեն կարող ընդունել այդ փաստը: Միայն այդ դեպքում նրանք կկարողանան պահել իրենց հանդիսատեսի ուշադրությունն իրենց վրա: Շոուն պետք է անսպասելի ավարտ ունենա, հանկարծակի: Եթե նրանք սկսեին որոնումները շարունակել այդ հսկա անիծյալ գետում, ստիպված կլինեին ողջ գիշերը ծախսել դրա վրա: Ուստի հոտոտում են, որ քավության նոխազ գտնեն, և այս ամենն ավարտին հասցնեն կտրուկ լուծումով: Հետևե՛ք: Հաջորդ հինգ րոպեների ընթացքում նրանք կբռնեն Մոնթագին:
— Բայց ինչպե՞ս…
— Հետևե՛ք:
Ուղղաթիռի ստամոքսում հանգրվանած տեսախցիկն այժմ ճոճվելով կախվեց մի դատարկ փողոցի վրա:
— Տեսնո՞ւմ եք,— շշնջաց Գրեյնջերը,— դա կլինեք Դուք. այնտեղ՝ փողոցի վերևի հատվածում, երևում է մեր զոհը: Տեսե՛ք, թե ինչպես է տեսախցիկը մոտենում թիրախին: Նախ
ամրակայում է տարածքի համայնապատկերը: Անորոշություն: Երկարատև անդրադարձ համայնապատկերին: Հենց այս պահին մի խեղճ մարդ զբոսնում է դրսում: Հազվադեպ հանդիպող բան: Գրեթե արտասովոր: Չկարծեք, թե ոստիկանությանը հայտնի չեն այսօրինակ արտասովոր քաղաքաբնակների սովորույթները. մարդիկ, ովքեր առավոտներն աննպատակ քայլելու սովորություն ունեն կամ անքնությամբ են տառապում: Ինչևէ, ոստիկանությունը այս մարդուն ամիսներ, տարիներ շարունակ հաշվառման մեջ է պահել: Չգիտես՝ երբ այդպիսի տեղեկությունը պետք կգա: Եվ այսօր, պարզվում է, դրա կարիքն իրոք շատ է զգացվում: Այն իրենց պարզերես անելու միջոց է: Ա՜հ, Աստվա՛ծ իմ, հապա նայե՛ք:
Կրակի շուրջը խմբված տղամարդիկ հակվեցին առաջ:Էկրանին մի տղամարդ թեքվեց փողոցի անկյունում: Մեխանիկական շունը մեկեն նետվեց… ասես հեռուստադիտողի վրա: Ուղղաթիռը շողարձակ երևութական սյուների տարափ թափեց մարդու վրա, որոնք ասես վանդակեցին նրան:
Մի ձայն ճչալով ազդարարեց. «Ահա՛ Մոնթագը: Հետապնդումներն ավարտված են»: Անմեղ մարդը շփոթված կանգնել էր, մատների արանքում այրվում էր ծխախոտը: Ակնապիշ նայում էր մեխանիկական շանը՝ չիմանալով՝ ինչ է: Երբեք էլ, հավանաբար, չէր իմացել: Հայացքը վեր բարձրացրեց դեպի երկինք՝ դեպի ոռնացող ազդանշանները: Տեսախցիկները սուրացին ներքև: Մեխանիկական շունը ծառս եղավ օդում կշռույթի և ժամանակի փոքրիկ մասնիկի այնպիսի զգացողությամբ, որ անհավատալիորեն գեղեցիկ թվաց: Միլիոնավոր հեռուստադիտողներին մանրամասները գնահատելու ժամանակ տալու միտումով ասեղը դուրս ցցվեց, մի պահ անշարժացավ նրանց հայացքի մեջ, և նրանք տեսան զոհի հարցական դեմքը, դատարկ փողոցը, մետաղյա կենդանուն, որ ասես թիրախը հոտոտող
վաղուց արձակած փամփուշտ լիներ:
— Չշարժվե՛ք, Մո՛նթագ,— բղավեց ինչ–որ ձայն երկնքից:
Տեսախցիկն անշարժացավ զոհի վրա: Նույնիսկ մեխանիկական շունը, թվաց՝ հապաղեց: Երկուսն էլ միաժամանակ հասան նրան: Հսկա հոդվածոտանու ճանկեր հիշեցնող վերջույթներով շունը տեղում գամեց զոհին. տեսախցիկն ամրակայեց պահը: Մարդը ճչում էր: Նա ճչում էր: Ճչում էր:
Կադրի լուսաքողարկում:
Լռություն:
Մթություն:
Մոնթագը ճչաց լռության մեջ և շրջեց հայացքը:
Լռություն:
Իսկ հետո, երբ կրակի շուրջ նստած մարդկանց դեմքերին անկարելի էր որևէ արտահայտություն որսալ, լուսաքողարկված կադրից այն կողմ հաղորդավարը հայտարարեց.
«Հետապնդումն ավարտված է, Մոնթագը մեռած է, հասարակության դեմ գործած հանցանքը՝ պատժված»:
Մթություն:
«Այժմ առաջարկում ենք ձեզ տեղափոխվել մեզ հետ Հոթել լյուքսի վերնահարկ, որտեղ դուք կարող եք կես ժամ միանալ մեզ՝ «Լուսաբացից քիչ առաջ» հաղորդման շրջանակներում…»:
Գրեյնջերն անջատեց հեռուստացույցը:
— Տեսախցիկը չամրակայեց մարդու դեմքը: Նկատեցի՞ք: Նույնիսկ Ձեր մտերիմ ընկերները չէին կասկածի, որ Դուք եք: Տեսախցիկը հպանցիկ մոտեցրին միայն այնքան, որ
բորբոքեին մարդկանց երևակայությունը: Գրո՛ղը տանի,— շշնջաց նա,— գրո՛ղը տանի:
Մոնթագը ոչինչ չասաց: Այժմ, կրկին դեպի հեռուստացույցը շրջված, նստել էր, աչքերը հառած դատարկ էկրանին՝
դողում էր:
Գրեյնջերը ձեռքը դրեց Մոնթագի ուսին:
— Բարի՛ վերադարձ մեռյալների աշխարհից:
Մոնթագը գլխով արեց:
Գրեյնջերը շարունակեց.
— Ձեզ մնում է միայն ծանոթանալ մեզ հետ: Սա Ֆրեդ Քլեմենթն է` նախկին պաշտոնակատար Քեմբրիջի համալսարանի Թոմաս Հարդիի ամբիոնի նախքան այն կվերածվեր
ատոմային ճարտարագիտության ինստիտուտի: Մյուսը դոկտոր Սիմոնսն է Յու Սի էլ Էյ համալսարանից, գասեթագետ է, պրոֆեսոր Ուեսթը Քոլումբիայի համալսարանում բավականին մեծ աշխատանք է կատարել բարոյագիտության ոլորտում՝ հնացած ասպարեզ մեր օրերում: Վերապատվելի Փադովերը, ահա նա, երեսուն տարի առաջ մի քանի դասախոսություններ է կարդացել ու մեկ շաբաթվա մեջ կորցրել իր հոտը իր հայացքների պատճառով: Բավականին երկար ժամանակ է, ինչ մեզ հետ է: Եվ վերջապես ես: Ես մի գիրք եմ գրել՝ «Մատները ձեռնոցների մեջ. հասարակության և անհատի հարաբերության ճշգրիտ սահմանումը», և ահա այստեղ եմ: Բարի գալո՛ւստ, Մո՛նթագ:
— Ես ձեր խմբին չեմ պատկանում: Ես մինչ այժմ տխմար եմ եղել:
— Մենք սովոր ենք դրան: Մենք բոլորս էլ սխալվել ենք, երբ ճշմարտությունն ենք փորձել բարձրաձայնել, այլապես այստեղ չէինք լինի: Երբ մենք առանձին մարդիկ էինք, մեր ունեցածը զայրույթն էր: Ես մի հրկիզողի եմ խփել, երբ նա տարիներ առաջ եկել էր իմ գրադարանն այրելու: Այդ ժամանակից ի վեր փախչում եմ: Ուզո՞ւմ եք միանալ մեզ, Մո՛նթագ:
— Այո՛:
— Ի՞նչ ունեք մեզ առաջարկելու:
— Ոչինչ: Կարծում էի՝ «Ժողովողի գիրքն» ունեմ և մի հատված էլ «Հայտնությունից», սակայն հիմա այդ էլ չունեմ:
— Հրաշալի կլիներ ունենալ «Ժողովողի գիրքը»:
Որտե՞ղ էր:
— Այստեղ,— Մոնթագը ցույց տվեց իր գլուխը:
— Ա՜խ, հա՜,— Գրեյնջերը ժպտաց և գլխով արեց:
— Ի՞նչ է: Լավ չէ՞,— հարցրեց Մոնթագը:
— Ավելի քան լավ է, կատարյալ է:— Գրեյնջերը շրջվեց դեպի վերապատվելին:— Մենք «Ժողովողի գիրքն» ունե՞նք:
— Մեկը կա: Հարիսը Յանգսթաունից:
— Մո՛նթագ,— Գրեյնջերն ամուր գրկեց Մոնթագի ուսը:— Զգո՛ւյշ քայլեք: Հետևե՛ք Ձեր առողջությանը: Եթե Հարիսին մի բան պատահի, Դուք «Ժողովողի գիրքն» եք: Տեսե՛ք,
թե վերջին պահին որքան կարևոր դարձաք մեզ համար:
— Բայց ախր մոռացել եմ:
— Ո՛չ: Ոչինչ իսպառ մոռացված չէ: Մենք միջոցներ ունենք քո մեջ եղած կրակն անթեղելու:
— Ես ախր փորձել եմ հիշել: Չի ստացվում:
— Մի՛ փորձեք: Կստացվի, երբ մենք դրա կարիքն ունենանք: Մենք բոլորս լուսանկարչական հիշողություն ունենք, սակայն մի ամբողջ կյանք պահանջվեց կոդազերծելու համար այն, ինչ իրականում կա մեր հիշողության մեջ: Սիմոնսը քսան տարի տրամադրեց դրան, և այժմ մենք ունենք այն մեթոդը, որով կարող ենք մեր հիշողությունից վերծանել այն, ինչ արդեն մեկ անգամ կարդացել ենք: Կուզե՞ք մի օր Պլատոնի «Պետությունը» կարդալ, Մո՛նթագ:
— Իհա՛րկե:
— Պլատոնի «Պետությունը» ես եմ: Կուզե՞ք Մարկոս Ավրելիոսին կարդալ: Մարկոսը պարոն Սիմոնսն է:
— Բարև՛ Ձեզ,— ասաց պարոն Սիմոնսը:
— Ողջո՛ւյն,— պատասխանեց Մոնթագը:
Ուզում եմ Ձեզ ծանոթացնել Ջոնըթըն Սվիֆթի չարագույժ քաղաքական գրքի՝ «Գուլիվերի ճանապարհորդությունների» հեղինակի հետ: Իսկ այս երիտասարդը Չարլզ Դարվինն է, այս մեկը Շոպենհաուերն է, սա Այնշտայնն է, այս մյուսը՝ իմ հետևում, պարոն Ալբերտ Շվայցերն է՝ իրականում շատ բարի մի փիլիսոփա: Խնդրեմ, ծանոթացե՛ք նաև մյուսների հետ՝ Արիստոֆանես, Մահաթմա Գանդի, Գաութամա Բուդդա, Կոնֆուցիոս, Թոմաս Լավ Փիքոք, Թոմաս Ջեֆերսոն, պարոն Լինքոլն. ահա նրանք բոլորը: Մեր մեջ են նաև Մաթևոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը:
Բոլորը կամացուկ ծիծաղում էին:
— Անհնար է,— ասաց Մոնթագը:
— Հնարավոր է,— ժպտալով պատասխանեց Գրեյնջերը:— Մենք ինչ–որ իմաստով նաև հրկիզողներ ենք: Կարդում ենք գրքերը, այնուհետև այրում՝ վախենալով, որ դրանք
կգտնեն: Միկրո տեսահոլովակները արդյունավետ չեղան: Մենք չէինք ուզում թաղել ֆիլմերը, այնուհետև գալ դրանց հետևից: Այդ կերպ միշտ բացահայտվելու վտանգ կար: Որոշեցինք, որ ավելի լավ է գրքերը պահենք մեր հին գլուխներում, որտեղ ոչ ոք չի կարող տեսնել դրանք կամ կասկածներ ունենալ: Մենք բոլորս պատմության, գրականության, միջազգային իրավունքի, Բայրոնի, Թոմ Փեյնի, Մաքիավելիի կամ Քրիստոսի կրողներն ենք: Ամեն բան այստեղ է: Եվ մոտ է ժամը: Պատերազմն արդեն սկսված է: Ահա մենք այստեղ ենք, իսկ քաղաքը՝ այնտեղ՝ փաթաթված հազար ու մի գույների իր վերարկուի մեջ: Ի՞նչ եք կարծում, Մո՛նթագ:
— Կարծում եմ՝ կույր էի, երբ փորձում էի իմ մոգոնած ճանապարհով լուծել խնդիրները՝ գրքեր թաքցնել հրկիզողների տներում և կեղծ ահազանգեր անել:
— Դուք արել եք այն, ինչ պետք է անեիք: Եթե Ձեր մտահղացումը հնարավոր լիներ իրականացնել ողջ երկրի տարածքում, հրաշալի լուծում կլիներ: Սակայն մեր եղանակն
ավելի պարզ է, և կարծում ենք՝ ավելի լավը: Այն ամենը, ինչ մենք ուզում ենք անել, անվնաս ու ապահով ամբարելն է այն գիտելիքը, որի կարիքը, կարծում ենք, կունենանք: Մենք դեռևս չենք ուզում դուրս գալ ընդհատակից, հրահրել կամ զայրացնել որևէ մեկին: Քանզի, եթե մեզ ոչնչացնեն, գիտելիքը կմեռնի, գուցե առհավետ: Մենք քաղաքացիների օրինակ ենք ծառայում մեր յուրահատուկ եղանակով. քայլում ենք երկաթգծերի երկայնքով, գիշերում բլուրների լանջերին, և քաղաքի մարդիկ թույլ են տալիս, որ մենք լինենք: Մեզ ժամանակ առ ժամանակ կանգնեցնում և խուզարկում են, սակայն ոչինչ չեն գտնում մեզ մեղադրելու համար: Մեր համայնքի կառուցվածքը ճկուն է, չամրագրված և հատվածական: Մեզնից ոմանք պլաստիկ վիրահատության են դիմում՝ փոխելով իրենց դեմքը և մատնահետքերը: Այս պահին մեր վիճակը
սարսափելի է. սպասում ենք, որ պատերազմը սկսվի և, որքան հնարավոր է, արագ ավարտվի: Թանկ է գինը, այո՛, սակայն այսպես էլ մի բան չէ: Պատերազմից հետո մեզ վրա այլևս որևէ վերահսկողություն չի լինի, մենք ստիպված չենք լինի կրել անտառներում թափառող խեղճուկրակ փոքրամասնության պիտակը: Երբ պատերազմն ավարտվի, հավանաբար կկարողանանք որևէ կերպ օգտակար լինել աշխարհին:
— Դուք իսկապես կարծում եք, որ նրանք այդ ժամանակ կլսե՞ն ձեզ:
— Եթե ոչ, ապա ստիպված կլինենք սպասել: Մենք մեր զավակներին կփոխանցենք գրքերը՝ դրանք պատմելով, նրանց էլ, իրենց հերթին, կսովորեցնենք սպասել՝ ուրիշներին
պատմելով: Շատ բան կկորչի այդ եղանակով, չեմ վիճում: Սակայն չես կարող մարդկանց ստիպել լսել: Նրանք էլ իրենց ժամանակին պետք է ուշքի գան ու մտածեն, թե ինչ է պատահել, և ինչու է հողը փախչում նրանց ոտքերի տակից: Սա երկար չի կարող տևել:
— Դուք շա՞տ եք:
— Հազարներ: Բոլորս էլ ճանապարհներին, լքված երկաթգծերի հարևանությամբ, արտաքուստ անբան թափառաշրջիկներ ենք, ներքուստ՝ գրադարաններ: Սկզբում ոչինչ
ծրագրված չէր: Ամեն մարդ ուներ ինչ–որ գիրք, որը կամենում էր հիշել, և այդպես էլ անում էր: Այնուհետև, մոտ քսան տարիների ընթացքում թափառելով, մենք գտանք միմյանց, կապ հաստատեցինք, ծրագիր կազմեցինք: Ամենակարևոր բանը, որ պետք է սերմանեինք մեր մեջ, այն էր, որ մենք որևէ կարևորություն չէինք ներկայացնում, մենք չպետք է մանրախնդիր լինեինք, չպետք է գերադասեինք մեզ այս աշխարհում ապրող որևէ մեկից: Մենք ավելին չենք, քան գրքերի շապիկներ, այլապես որևէ կարևորություն չունենք: Մեզնից ոմանք ապրում են փոքր քաղաքներում: Թորոյի «Ուոլդենի» առաջին գլուխն ապրում է Գրին Ռիվերում, երկրորդը՝ Մեյն նահանգի Ուիլոու ագարակում: Մերիլենդ նահանգում մի քաղաք կա, ընդամենը քսանյոթ բնակիչ ունի, և ոչ մի ռումբ երբևէ չի ընկնի այդ քաղաքի վրա: Այն Բերթրան Ռասել անունով մի մարդու էսսեների ժողովածուն է: Ընտրե՛ք այդ քաղաքը, թերթե՛ք էջերը և կտեսնեք, թե որքան շատ էջեր են բաժին ընկնում մեկ մարդու: Եվ երբ մի օր պատերազմն ավարտվի՝ ինչ–որ մի օր գալիք տարիների ընթացքում, այդ գիրքը վերստին կարող է գրվել: Մարդկանց կկանչեն մեկ առ մեկ՝ արտասանելու այն, ինչ իրենք գիտեն, և այդ ամենը կհանձնվի տպագրության մինչև մեկ այլ Մութ դարաշրջան, երբ մենք գուցե ստիպված լինենք ողջ այս գրողի տարած գործն անել նորից: Սակայն դա էլ հենց մարդու հրաշալի կողմերից մեկն է. նա երբեք այնքան չի հուսալքվում կամ խորշում, որ հրաժարվի կրկին նույնն անելուց, քանզի շատ լավ գիտի, որ այդ ամենը կարևոր է, և ջանքերն արդարացված են:
Աղբյուրը՝ Ռեյ Բրեդբըրի, Ֆարենհայթ 451: Թարգմ․ անգլ․՝ Լուսինե Հարոյանի, Երևան, «Զանգակ» , 2016: