Արմեն Տիգրանյանի(1879-1950) «Անուշը» հայկական ամենահայտնի ու սիրված օպերան է։ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա ստեղծված օպերան գրվել է 1908-1912 թթ․, սակայն հետագայում կոմպոզիտորը բազմաթիվ ուղղումներ ու լրացումներ է կատարել։ Օպերայի պրեմիերան կայացել է 1908 թվականի օգոստոսի 4-ին Ալեքսանդրապոլում։ Սարոյի դերակատարը՝ Շարա Տալյանն էր, իսկ Անուշինը՝ Աստղիկ Մարիկյանը։ Հայ երաժշտարվեստի պատմության այս կարևոր իրադարձության մասին հետագայում՝ «Անուշ» օպերայի ստեղծման 50-ամյակի առթիվ, ռադիոհաղորդման ընթացքում պատմել է առաջին Սարոն՝ Շարա Տալյանը(1893-1965):
«Դժվար է հիշել տասնյակ տարիներ առաջ տեղի ունեցած անցուդարձը: Սակայն մարդկանց կյանքում լինում են և այնպիսի իրադարձություններ, որոնք հիշվում են մանրամասնությամբ: Իմ կյանքում նման դեպքերից մեկը եղել է «Անուշ» օպերայի առաջին բեմադրությանը մասնակցելը: Ես տասնինը տարեկան էի, Ներսիսյան դպրոցի վերջին դասարանի սան: Արդեն մի քանի տարի էր, որ ես իմ երգեցողության ուսուցիչ Սպիրիդոն Մելիքյանի երգեցիկ խմբի մենակատարն էի: Հունիս ամսի սկզբներին կանչեց իր մոտ հորաքրոջս որդին՝ Գարեգին Լևոնյանը՝ հայտնելով, որ Ալեքսանդրապոլում ապրող Արմեն Տիգրանյանն ավարտել է իր «Անուշ» օպերան և պատրաստում է բեմադրության: Նա խնդրել է Սարոյի դերակատար գտնել Թիֆլիսում: Իմ ուրախությունը չափազանց մեծ էր: Մի քանի օր անց ներկայացա Արմեն Տիգրանյանին, ասաց. «Շատ ուրախ եմ. բարձրահասակ ես: Սարոն, Մոսին և նույնիսկ Անուշը պետք է որ բարձրահասակ լինեն. լեռնեցի լոռեցիները այդպիսին են: Այժմ լսենք Ձեր ձայնը»: Տիգրանյանը մոտեցավ դաշնամուրին, լսեց ձայնս: Տեսնելով նրա դեմքի գոհունակությունը՝ հանգստացա:
Արմեն Տիգրանյանն առաջին իսկ հանդիպում-պարապմուքների ընթացքում իր մեղմ ու գրավիչ ժպիտով, հոգատար ու ջերմ վերաբերմունքով մտերմություն ստեղծեց մեր միջև, որը հետագայում վերածվեց մեծ բարեկամության մեր ամբողջ կյանքի ընթացքում: Պետք է նշել, որ բավականին վարժ տիրապետում էր դաշնամուրին, սահուն նվագակցում էր իր ամբողջ օպերան: Եվ ռեժիսորը, և՛ նկարիչը, և՛ պարերի բեմադրողն ինքն էր՝ օպերայի հեղինակը: Այս բոլորից զատ՝ դեկորներ, զգեստներ, բուտաֆորիա, ռեկվիզիտ, որոնց ղեկավարը նույնպես կոմպոզիտորն էր:
Ներկայացումը կայացավ քաղաքային ժողովրդական տանը: Դիրիժորն էր առևտրական դպրոցի դասատու Գուրկովիչը, որը նվագախումբ էր կազմել սիրող երաժիշտներից: Ճիշտ է ասել երաժշտագետ Ալ. Շահվերդյանը. «Հայկական դասական օպերան ծնվեց ցնցոտիների մեջ»: Մոտենում էր ներկայացման օրը. ժողովուրդը տոմսեր էր պահանջում, բայց նրանք վաղուց սպառված էին: Ներկայացմանը հրավիրված մեծ բանաստեղծ Հ.Թումանյանը չէր կարողացել գալ, ուղարկել էր իր զավակներից երկուսին և ողջույնի հեռագիր:
Սկսվեց ներկայացումը. «Անուշի» դյութիչ, քաղցրալուր մեղեդիները գերեցին դահլիճի հանդիսականներին: Առաջին ուժեղ ծափերը վիճակված էին «Աղջի, անաստված» արիային: Իհարկե, մենք դեռ լիովին չէինք գիտակցում, որ մեր մասնակցությամբ այդ երեկո տեղի էր ունենում հայկական երաժշտական պատմության մի պայծառ իրադարձություն: Զգացինք, երբ բեմահարթակ հանեցին Արմեն Տիգրանյանին, և ծափերի տարափի տակ։ Ատրպետը դրվատեց հեղինակին, շեշտեց օրվա նշանակությունը:
Հասարակությունը, որ ներկայացման ընթացքում վարձատրել էր հեղինակին և կատարողներիս աղմկոտ ծափերով, չէր հեռանում թատրոնից, ոգևորությանը չափ ու սահման չկար: Այդ օրվանից «Անուշի» սքանչելի մեղեդիները տարածվեցին, ժողովրդականացան: Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան ներկայացվել է ամենուր հայաբնակ վայրերում: Բայց նա իր լիարժեք մարմնավորումը ստացել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի պայմաններում»:
Աղբյուրը՝ Կ․ Թերզյան, Բույլ մեծաց, Երևան, 2001: