Մտքերս կը ցաւին
Քրիստիան Բատիկյանի «Մետաղէ երազներ» վեպի գործողությունները տեղի են ունենում Փարիզում, վեպի գլխավոր հերոսները երեք տարբեր մարդիկ են, որոնց միավորում են ցավը, դեպրեսիան, սուիցիդալ մտքերը, մոլի ծխող լինելու հանգամանքը և իհարկե մետաղե երազները։ Մետաղե երազները մարմին են առնում շենքի տանիքում, երեկոյան ժամերին, երբ մայրամուտ է, ու արևը հավասարվում է Էյֆելյան աշտարակի գագաթին։ Սա պահն է, միակ միջոցը, երբ «քիչ քիչ ձեւ ու բովանդակութիւն կ’առնենք, կ’ ըլլանք մենք, ինչ որ կ’ուզենք ըլլալ, ինչ որ ուզած ենք ըլլալ ու չենք յաջողած»։
Ու յուրաքանչյուրը պատմում է իր պատմությունը՝ հորինելով, երևակայությանը տրվելով, երազելով կամ պարզապես կարդացած գիրքը կամ տեսած ֆիլմը վերարտադրելով։ Լսելով մեկի պատմությունը՝ մյուս երկուսը ձևացնում են, թե հավատում են պատմության իսկական լինելուն, թե չեն նկատում հորինողի բացթողումները։ Նրանք թույլ են տալիս իրար իսկապես կտրվել իրականությունից, հավատալ պատրանքներին․ միևնույն է, պատրանքներն այդպես չեն մնա․ դրանք ի վերջո ցնդում են, ու յուրաքանչյուրը մենակ է մնում սեփական մտքերի հետ։
Իսկ երբ մտքերը սկսում են իրենց սովորական շրջապտույտը, այլևս կարիք չկա հարցնելու՝ «մտքերը ի՞նչպես կրնան ցաւիլ», որովհետև գիտեն՝ «անանկ զգացում մըն է, կը մտածես ու միայն ցավ կը զգաս, կարծես ներսէն կը մխաս, եւ աշխարհը գլխուդ հիմա կը փլչի, եւ ամեն բան անիմաստ է․․․․»։
Կեանքը որչա՜փ ծանր բան է․․․․
Վեպում հանդիպող գրեթե բոլոր կերպարների կապում են ապրելու անկարողությունը, մետաղե «ամրակուռ» երազներն ու ինչ-որ մի տեղ դրանք վերջապես գտնելու հուսահատ փորձերը։ Այդպես էլ չգտնված սիրո ցավը հաղթահարել սեքսում, ինքնությունը գտնելու, ազգակիցների կողմից ընդունվելու, նրանց շարքերում ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ լինելու համար սեր խաղալ, ապաքինում փնտրել քեզնից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող էակի սիրո մեջ․ ինքնախաբեությունների շղթան շարունակվում է երկար, բայց ի վերջո պիտի փսխել, գոռալ, կտրել երակները, որ դուրս գան ներսիցդ ու հոսեն․․․
Ու այլևս «օրիժինալ» ոչինչ ասել չես կարող, քան միայն՝ «օհ, կեանքը որչա՜փ ծանր բան է»։
Ի՞նչու ձեռնոց չես գործածեր․․․
Հեղինակը հետաքրքիր զուգահեռ է անցկացնում իր մոր ու Եոզէֆի սրճարանի լվացարարուհու՝ տիկ․ Քսիաօլիի միջև։
Մենությունը, սեփական ճակատագրին համակերպվածությունը միավորում են այս երկու կանանց, ու նրանք շարունակում են կանգնած մնալ լվացարանի առջև՝ սպունգով մաքրելով կեղտոտ ափսեները, որոնք երբեք չեն վերջանում։
Այս կանանց վիճակված չէ խոսել սեփական ցավի մասին ու գոնե տրտնջալ․ նախ որովհետև ժամանակ չկա տրտնջալու․ թաքուն ու աննկատ իրենց լվացարանում են հայտնվում նաև այն կեղտոտ ափսեները,որոնք իրենք չէ, որ պիտի լվանային։
Եվ երկրորդ․ անիմաստ է. ոչ ոք չի հասկանալու իրենց։
Տիկին Քսիաօլին չինուհի է, որը երկար տարիներ ապրելով Ֆրանսիայում, այդպես էլ չի սովորել ֆրանսերեն։ Նա խոսում է չինարեն, իսկ սրճարանում ոչ ոք չինարեն չի հասկանում։ Ու թե՛ տիկ․ Քսիաօլիի, թե հեղինակի մոր դեպքում որպես ցավի ցուցիչ մնում են միայն ձեռքերի ճաքերը։ Եվ հեղինակի ընկալմամբ՝ «ինչու՞ ձեռնոց չես գործածեր» հարցի երկուսի պատասխանն էլ նույնն է, նույն համակերպվածությամբ ու անհուսությամբ՝ «ատ ձեռնոցներն ալ եանի կը պաշպտանե՞ն կոր»։
Միայն մեկ անգամ երջանկության մի փոքր կայծ նշմարվում է մոր կյանքում, բայց այն էլ՝շուտով զոհաբերվում է սեփական զավակի «կոմֆորտին», իսկ հետո «եվ անձրեւը կու գայ ու կու գայ, եւ մաման հակած է աղտոտ պնակներու վրայ, եւ հոն պիտի մնայ միշտ․․․ եւ աղտոտ պնակներու հոսքը չի վերջանար, եւ եթե յանկարծ վերջանայ, ամէն բան կը վերջանայ։ Բայց այս քաղաքներուն մեջ ոչինչ կը վերջանայ, ու հոն էք միշտ․ լուացարանին մօտ, աղտոտ պնակներու յաւերժական լերան գլխուն»։
Հումորը
Չնայած ամբողջ ողբերգականությանը, ժամանակ առ ժամանակ կարողանում ես ծիծաղել։ Հումորի, սարկազմի առարկա են դառնում ինչպես սեփական,այնպես էլ ընկերների խնդիրներն ու թերությունները, երկակի ստանդարտները, սեփական «ես»-ից մեծ երևալու ցանկություններն ու փորձերը։ Օրինակ՝ նոր վարձած բնակարանում տղաները միակ ննջասենյակը զբաղեցնելու մասին չէին էլ մտածում, քանի որ վստահ էին՝ Մարին պիտի զբաղեցներ այն։ Սկզբում աղջիկն ասես վիրավորվում է էդ մտքից ու պատասխանում՝ «Ուրեմն եթե աղջիկ եմ, ըսել է փափկասուն ըլլալու եմ, հա՞․․․»։ Բայց շուտով գիտակցելով, որ կարող է կորցնել ննջասենյակում քնելու իր հնարավորությունը, հանկարծ հասկանում է, որ իրականում այս միտքն «այնքան ալ սեքսիստ չէ»։
Երբ բախտի բերմամբ հաջողությունը ժպտում է քեզ, ու դու սկսում ես ձևը գերադասել բովանդակությունից, սա ևս վատ առիթ չէ հումորի համար․ «Կ’ընդունիմ, կան մարդիկ որոնց համար չափազանց ծանր պիտի ըլլայ գիտակցիլ, թէ իրենց անձին հանդէպ օրէ օր մեծցող ուշադրութիւնը հետեւանք է ո՛չ սեփական արժանիքներու, այլ, ըսենք՝ համալսարանի թիւ մէկ տղոցմէ մեկուն հետ ծանոթութեան, եւ անշուշտ իրաւունք կու տամ այդ մարդոց, քանի իսկապէս ատիկա կրնայ մէծապես խոցել հպարտութիւնդ, բայց ես անանկ մէկը չեմ։ Ինծի համար ամէն բան պարզ է․ ուշադրիւթիւնը կայ, կը բաւէ ․ ի՞նչ կարեւոր է, թե ինչու՞ յանկարծ սըչափ փոփիւլար դարձայ, կարեւորը՝ դարձայ, չէ՞»։
Մի կողմից վեպում առկա հումորը սկզբնական շրջանում ասես հավասարակշռության մեջ է պահում ընթերցողի զգացողությունները․ տխրել, ցավել, բայց նժարի մյուս կողմում հնարավորության կա նաև ծիծաղելու։
Մյուս կողմից էլ, (երգիծաբանները հո ավելի լավ կիմանան) հումորով ասվածը շատ հաճախ շատ ավելի դիպուկ է։
Կառուցվածքը
Վեպի կառուցվածքի հիմքում ընկած է կրկնությունը։ Եթե ուշադրություն դարձնեք, վեպի գրեթե բոլոր հատվածները եզրափակվում են նույն մտքերով, որով սկսվել էին։ Եվ հենց այդ կրկնվող մտքերն ամենակարևորն են, որովհետև ընդհանրական են, և նույնիսկ կարելի է չնկատել, թե ինչպես պատմության ընթացքում այդ միտքը, որ ի սկզբանե ասվել էր հերոսներից միայն մեկի վերաբերմամբ, դառնում է բոլորինը և բնորոշում է բոլորին։ Ու էստեղ է, որ առավել ընգծվում է, որ վեպում էականը հենց կերպարները չեն, այլ այն ամենն, ինչը միավորում է նրանց։ Իսկ ամենավերջում արդեն դիտակետում են բոլորը, ամենաընդհանուրը, կյանքը, ու իմ ընկալմամբ՝ սա վեպի ավարտը միացնում է վեպի երկու բնաբաններին՝
«Ծաղիկներուն ու խոտերուն, ծառերուն ու եղնիկներուն,
Արևներուն ու աչքերուդ ու համբոյրիդ երիտասարդութիւնը,-
Կեանքին երիտասարդութիւնը։
Սուտ է մնացածը․․․» ( Փայլակ Միքայէլեան, «Արև, Արև»)
«Ու դեպի տուն
Միշտ կը դիմեն
Շեշտերն ամեն
Ծիծաղներուն» (Միսաք Մեծարենց, «Գարունը կ’ապրեցնե»)
Այստեղ ավարտը միշտ սկիզբ է և հակառակը։
Քանի մայրուղին չէ վերջացած
Այնուամենայնիվ գալիս է փախուստի պահը, երբ պետք է այլևս չբարձրանալ տանիք, չառերեսվել մետաղե անիրականանալի երազներին, թողնել Փարիզն ու սլանալ մայրուղիով։ Եվ այլևս կարևոր չէ ուղղությունը, այլ կարևոր է պահը, երբ բոլորն այնպիսին են, ինչպիսին կան: Կարիք չկա ձևացնելու, երբ ծնվել է նոր մարդ, ում մասին պետք է հոգ տանել։ Ու երեք ընկերները խաղաղվել են մի պահ, հոգատարությամբ լցվել իրար հանդեպ։ Ճօնաթանի բանաձևն ասես մարմնավորվում է այս պահի մեջ․
Ամեն ինչ օքէյ պիտի ըլլայ․․․
Կը յաղթահարենք ասիկա․․․
Դուն միայն վստահէ ինծի․․․․
Ու արդեն կարող ես վերացարկվել անհատական խնդիրներից, բարձրանալ վեր ու «ամբողջ աշխարհը կրնաս տեսնել», ժամանակի մեջ կանգ առած, խաղաղված աշխարհը․․․ու շարունակել սլանալ «քանի մայրուղին չէ վերջացած»։
Լուսանկարը՝ Բաբկեն Ղազարյանի
Հեղինակ՝ Մարուսյա Ղարախանյան